Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հացը՝ վրեժ

Հացը՝ վրեժ
16.03.2017 | 23:59

Երեկ «Արմենիա» հիվանդանոցի վերակենդանացման բաժնում վախճանվեց Արթուր Սարգսյանը՝ միջին վիճակագրական հայ, որ կյանքի վերջին տարին դարձել էր խորհրդանիշ: Հաց բերելու: Պատմությունը սկսվեց անցյալ տարվա հուլիսին՝ գուցե նաև իր համար անակնկալ ու ավարտվեց երեկ: Արթուր Սարգսյանը «Սասնա ծռերի» գործով մեղադրվում էր պատանդներ պահելուն, զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանն ուներ զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն, որ ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում, նա տարել էր նաև ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոթեզավորմամբ, ուներ որովայնային գծային մեծ չափի ճողվածք: 2-րդ խմբի հաշմանդամ էր. արցախյան պատերազմի ժամանակ սնունդ էր մատակարարել ազատամարտիկներին ու վիրավորվել, ուներ ֆիզիկական գործունեության սահմանափակումներ, հատուկ պայմանների կարիք: Նա ՊՊԾ գունդը գրավողների հետ ձերբակալվել էր հուլիսի 31-ին, ապա կալանավորվել: 6 ամիս անց՝ դեկտեմբերի 31-ին դատախազի որոշմամբ փոխվել էր նրա խափանման միջոցը, ստորագրություն էր տվել չհեռանալու մասին: 40 օր անց՝ փետրվարի 9-ին, նրան կրկին ձերբակալել ու կալանավորել էին՝ նախաքննության մարմնի կանչով չներկայանալու հիմքով ու տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»:


Գուցե այս պատմությունը օրենքի տառի տեսակետից իրավական է, բայց այդ դեպքում ոչ թե օրենքներն են ծառայում մարդուն, այլ՝ մարդը օրենքին: Ինչո՞ւ են Հայաստանում օրենքները մարդկանց դեմ դուրս գալիս: Որովհետև կիրառողները կառչում են օրենքի տառից ու շրջանցում են օրենքի իմաստն ու նպատակը: Կոնկրետ այս դեպքում Արթուր Սարգսյանը մեծ ցանկության դեպքում էլ հեռանալ չէր կարող: Ֆիզիկապես չէր կարող: Նախաքննական մարմնի կանչով չներկայանալը ուներ բացատրություն, բայց չունի բացատրություն հետևած պատիժը՝ նորից ձերբակալությունը, որի դեմ նա ըմբոստացավ հացադուլով ու ի վերջո հատուցեց մահով: Նրա մահը օրենքի պատճառով չէ, այլ օրենքը կիրառողների: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ասում է, որ Արթուր Սարգսյանի քրեական գործով Հայաստանի Հանրապետությունը խախտել է մարդու հիմնարար իրավունքները՝ նրա կյանքի իրավունքը, նախ ազատազրկումով, որ անհամատեղելի էր առողջակլան վիճակի հետ և հանգեցնում էր կյանքի իրավունքի խախտման: Խախտվել է նրա անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքը: Արտակ Զեյնալյանը կարծում է, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը հերթականն է լինելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Գուցե, բայց ինչ վճիռ էլ լինի, մարդն այլևս չկա:


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեին Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն կատարել։ Հետո ի՞նչ: Քննեցին ու պարզեցին, ի՞նչ է փոխվելու:


«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան պատճառը եղել է սրտանոթային անբավարարությունը՝ ասել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ Սուրեն Մակարյանը: Գիշերը նրան վիրահատել էին, բայց շնչառությունը չկարգավորվեց, ու սիրտը կանգ առավ: Պարզապես մարդու սիրտը կանգնեց ու այլևս ոչ մի նախաքննություն, հետաքննություն, դատաքննություն ոչինչ չի փոխի: Ոչինչ չի փոխի, եթե նույնիսկ քննիչները ինչ-որ պատասխան տան, թե երկրորդ ձերբակալությունից հետո ինչո՞ւ նրան ազատ չէին արձակում՝ տեսնելով ինչ վիճակում է: Այդքան մեծ սպառնալի՞ք էր հաց բերողը արդարադատությանը ու անվտանգությանը, ո՞վ պետք է պատասխան տա նրա մահվան համար: Եթե Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի, մյուս պատգամավորների դիմումով ի վերջո բաց էին թողնելու գրավի դիմաց, ինչո՞ւ այդքան ձգեցին: Ընդամենը մարդու կամքը կոտրելո՞ւ համար: Ի՞նչ ապացուցելու, որ ամբողջ մի պետություն իր արդարադատության համակարգով ընկել է մի վիրավոր, հիվանդ, հաշմանդամ ու համառ մարդու հետևից ու ուզո՞ւմ է նրա կամքը կոտրել, որ իրեն հաղթո՞ղ զգա՝ դա՞ է արդարադատությունը: Եվ ո՞ւմ է պետք այդ անմարդկային, անուղեղ ու անսիրտ արդարադատությունը, ո՞ւմ է ծառայում ու ի՞նչ է սովորեցնում:


Որևէ նորմալ երկրում այս պատմությունից հետո արդարադատության նախարարը հրաժարական կտար: Բայց որևէ նորմալ երկրում նման պատմություն հնարավոր չէր: Իսկ Հայաստանում արդարադատության նախարարը ոչ միայն հրաժարական չի տա, այլև կշարունակի անկապ բառակույտեր շարել ի պատասխան իրեն ուղղված որևէ հարցի: Նա այդպես է հասկանում իր պաշտոնը և իր առաքելությունը: Դրա համար են նրան գնահատում: Եվ իրականում նա ճիշտ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգում ամեն ինչ կա, բացի գիտակցությունից, որ մարդը չի ստեղծվել իբրև իրենց «մասնագիտական գործունեության» փորձադաշտ: Արթուր Սարգսյանի կյանքն ու մահը ինչ-որ քննության առարկա կդառնան, թե չեն դառնա, արդեն կարևոր չէ, կարևորը, որ փոխվի վերաբերմունքը այդ համակարգի աղորիքներում հայտնված մարդու նկատմամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր՝ դատաքննության ընթացքում վրեժխնդրություն չի լինելու: Իսկապես մեռած մարդուց ի՞նչ վրեժ: Բայց լինում են դեպքեր, երբ մահն է դառնում վրեժ՝ չեղած արդարության, խղճի ու մարդկայնության դեմ հանդիման:

Դիտվել է՝ 2655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ