Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստան-Ռուսաստան. դեռ ավելի հետաքրքիր բաներ են լինելու

Հայաստան-Ռուսաստան. դեռ ավելի հետաքրքիր բաներ են լինելու
17.03.2017 | 01:01

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստան կայացավ, սակայն այցի արդյունքների ավելի խոր ու ընդգրկուն գնահատականները ապագայի գործ են, թեկուզ և ոչ այնքան հեռու:


Հայաստանի նախագահի վարած տարբեր մակարդակի երկօրյա բանակցությունները ռուսական կողմի պաշտոնական հրավերի արդյունք են և ոչ թե հետխորհրդային Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի «նշում»: Մի նրբերանգ է, բայց շատ խոսուն: Ինչպես և այն հանգամանքը, որ մարտն առհասարակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար է լարված հանդիպումների ու բանակցությունների ամիս, ոչ թե Հայաստանի ղեկավարի: Ես հասկանում եմ, որ Սարգսյանի Մոսկվա գնալուց առաջ՝ մարտի 9-ին և 10-ին, Պուտինը հերթով հանդիպումներ էր ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Մոտ ժամանակներս կաշխատենք վերլուծել նաև այդ բանակցությունների արդյունքները: Իսկ առայժմ միայն նշենք՝ հրեան ու թուրքը զարմանալիորեն միաբան էին, փորձելով Ռուսաստանի նախագահին «շեղել» նոր հակաիրանական դաշինքի ստեղծման կողմը: Ասեմ միանգամից՝ չստացվեց: Եվ չէր էլ կարող ստացվել: Բայց այդ կարևոր նրբերանգը մենք պետք է միշտ նկատի ունենանք նույնիսկ հայ-ռուսական բանակցությունների նյութերն ուսումնասիրելիս և քննարկելիս: Հենց դա է, որ աննախադեպ նշանակություն ունի մեր տարածաշրջանի իրադրության համար, ոչ թե նախագահ Պուտինին Հայաստանի կամ Թուրքիայի նախագահների առանձին «խնդրանքները»:


Պուտինի և Սարգսյանի ամփոփիչ ասուլիսի նյութերին ազատորեն կարելի է ծանոթանալ համացանցում, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս ցանկացողներին մուտք գործել ու անձամբ լսել: Դա հնարավորություն կտա, որ ամեն ընթերցող իր սեփական մոտեցումներն ստեղծի 2017 թ. մարտի 15-ին կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների գնահատման համար և որևէ մեկին չմեղադրի իրավիճակի գուներանգման ու հնարման մեջ: Նայեք, լսեք և ամեն մեկդ որոշեք ձեզ համար: Բայց, հաշվի առնելով ընթացիկ ժամանակահատվածի կոնկրետ առանձնահատկությունները, օրինակ, այն, որ նախագահ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի օրերին հենց Ռուսաստանն ու Իրանը Աստանայում Թուրքիային «ականջից բռնած» ստիպեցին ապահովել, այսպես կոչված, «սիրիական ընդդիմության» մասնակցությունը տխրահռչակ «Աստանայի ձևաչափի» երրորդ հանդիպմանը: Կամ, ինչպես արդեն վերը նշվեց, այն, որ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ Ռուսաստանի առաջնորդը ստիպված էր հակահարված տալ Նեթանյահուի և Էրդողանի հակաիրանյան վարմունքին: Ինչպես նաև նկատի ունենալ և ոչ մի րոպե չմոռանալ, որ մինչև մարտի վերջը պաշտոնական այցով անպայման Մոսկվա կայցելի նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Սա այն է, ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի Ռուսաստան կատարած այցի արտքաղաքական, տարածաշրջանային և վերտարածաշրջանային կողմերին:


Արդյոք Արցախի մասին խոսե՞լ են Պուտինն ու Սարգսյանը: Անպայման: Իսկ Թուրքիայի, նաև Սիրիայի ու Իրանի մասին խոսե՞լ են: Անպայման: Այդ մասին կիսաքողարկված տեղեկատվություն կա այնպիսի դիվանագիտական արտահայտություններում, ինչպիսիք են. «Կողմերը քննության առան երկկողմ համագործակցության առանցքային հարցերը, եվրասիական տարածությունում ինտեգրացիոն գործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանային խնդիրներ»: Ապա հետևում է ճշգրտումը. «Առանձնակի ուշադրություն է նվիրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»: Դե, քանի որ բացի նախագահական «թիմից» Մոսկվայում էր նաև Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցչական պատվիրակությունը՝ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ, ապա թե այդ ինչ «տարածաշրջանային խնդիրներ» են հետաքրքրել և հետաքրքրում Հայաստանին և Ռուսաստանին, շատ թե քիչ լիարժեքորեն արտացոլված է գեներալ-լեյտենանտ Հակոբյանի և նրա ռուս պաշտոնակից, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի բանակցությունների մասին հրապարակված հաղորդագրություններում: Առհասարակ, անհնար է չնկատել. և՛ հիշատակված երկու այցերի ¥այսինքն, Հայաստանի նախագահի և Հայաստանի գլխավոր շտաբի պատվիրակության¤, և՛ Երևանի ու Մոսկվայի համար ընդհանուր օրակարգի հենց հույժ ռազմական բաղադրիչն է եղել 2017 թ. մարտին Մոսկվայում հայ-ռուսական բոլոր ձևաչափերի բանակցությունների գերակա իմաստը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հենց այդպես էլ ասել է. «Քննարկվել են ռուս-հայկական ռազմական համագործակցության ընթացիկ վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներն ու Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության հարցերը»:


Իսկ էլ ի՞նչ «տարածաշրջանային անվտանգության հարցեր» առանց Արցախի, առանց նույն Իրանի և Սիրիայի: Մի հետաքրքիր նրբերանգ. Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին խոսք է եղել նաև «Իզվեստիա» թերթում հրապարակված նախագահ Սարգսյանի հոդվածում, որը տպագրվել էր բառացիորեն նրա Մոսկվա կատարած պաշտոնական այցի օրը: Համաձայնենք, սա պատահական բան չէ, սա Հայաստանի և Ռուսաստանի, այսպես ասած, «երկուստեք տնային աշխատանքն» է, և հասկանալի է, որ նախագահ Սարգսյանի հենց պաշտոնական այցի օրը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակության Մոսկվա ժամանելը սոսկ մասնակցելու նպատակ չէր հետապնդում, ինչպես գրեցին լրատվամիջոցները, «անվտանգության խորհրդաժողովին»: Խորհրդաժողովը՝ խորհրդաժողով, բայց «տարածաշրջանային անվտանգության խնդիրները» Հայաստան-Ռուսաստան ձևաչափով քննարկման մեջ, ինչպես կարելի է հասկանալ, արդեն ոչ միայն երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների, այլև անմիջականորեն Հայաստանի ու Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարների հարցն է, եթե նախագահ Սարգսյանը Պուտինի հետ իր այցին ու բանակցություններին զուգորդել էր մոսկովյան բավական «ակնառու» թերթում հատուկ հրապարակումը: Այդ հոդվածից որոշ բաներ, կարծում եմ, կարելի է մեջբերել: Դա ընթերցողներին հնարավորություն կտա հասկանալու, թե ինչին էին նպատակամիտված թե՛ Սարգսյանը, թե՛ Պուտինը բանակցությունների այն մասում, որի մանրամասների մասին մենք հաստատ ոչինչ չենք իմանա նույնիսկ 2018-ին և հետագա տարիներին:


«Հայաստանը հետևողականորեն բարձրացնում ու ամրապնդում է իր պաշտպանունակությունը, այդ թվում՝ իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում: Մենք ստեղծել ենք միացյալ զորամիավորում, կազմակերպել ենք հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ: Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմական բազան»,- գրում է Սերժ Սարգսյանը մարտի 14-ին հրապարակված «Անվտանգությունն ու կայուն ժողովրդավարական զարգացումը» հոդվածում: Նրա կարծիքով, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նշանակալի իրադարձություն եղավ 2013 թվականին Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազա կատարած համատեղ այցելությունը, որտեղ քննարկվեցին նրա ռազմատեխնիկական արդիականացման և սպասարկման արդյունավետության բարձրացման խնդիրներ: «Դրանց լուծման համար նպատակահարմար է, որ հայկական և ռուսական կողմերը շահագրգիռ կերպով քննարկեն Գյումրիում համատեղ պաշտպանական արդյունաբերական համալիրի ստեղծման նախագիծը: Ընդ որում, համալիրի բազմապրոֆիլ ընդգրկումն անհրաժեշտ է հաշվարկել այնպես, որ այն, 102-րդ բազայի արդիականացման խնդիրների լուծմանը զուգընթաց, կարողանա դառնալ Ռուսաստանի և Հայաստանին սահմանակից պետությունների գործարար ռազմատեխնիկական համագործակցության կարգավորման հարթակ՝ դուրս գալով ՌԴ-ի համար ավանդական զինաշուկաներ: Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը կծառայեր նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման քաղաքի սոցիալ-տնտեսական դրության բարելավման գործոն»,- ասվում է հոդվածում:


Այ, այսպես: Հիշում եմ, անցած տարվա աշնանը Երևանում Պուտինի և ռուսական պատվիրակության բարձրաստիճան անդամների հետ հանդիպումների ժամանակ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ համապատասխանում են այն պլանին, որ Սարգսյանը նկարագրել է «Իզվեստիայի» իր հոդվածում: Է՛լ ինչ աչքի զարնեց: Ռուսաստանի նախագահը տեղեկացվեց, որ Սարգսյանն ու նրա կառավարող ՀՀԿ-ն բանը տանում են դեպի, ըստ էության, Հայաստանի պետական կարգի փոփոխման՝ նախագահականից խորհրդարանական հանրապետության: Պուտինը, իհարկե, հայտարարություններում ցույց չի տալիս, թե ինքն առհասարակ ինչպես է վերաբերվում այդ գործին՝ դրակա՞ն, թե՞ բացասական: Բայց այն, որ անդրադարձավ այդ թեմային, մեկ անգամ ևս գալիս է Հայաստանի քաղաքացիներին ասելու, որ երկրում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն գտնվում է Կրեմլի, այսպես ասած, հետաքրքրությունների ու հանգամանալի հսկողության գոտում: Իր հերթին, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ելույթ ունենալիս, նախագահ Սարգսյանը պարզորոշ հասկանալ տվեց, որ այնպիսի մի հարթակի օգտագործումը, ինչպիսին ԱՊՀ ՀԱՊԿ դաշինքն է, այլևս անարդյունավետ է Հայաստանի և Ռուսաստանի համար: Նա հիշեցրեց՝ դեռ 2000 թվականին ԱՊՀ ՀԱՊԿ շրջանակներում ընդունվել էր մի հայտարարություն, որտեղ հստակորեն արձանագրված է. «Պայմանագրի մասնակից պետությունների ռազմաքաղաքական հարաբերությունները գերակա բնույթ են կրում Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ չմտնող երրորդ երկրների հետ ռազմական կապերի ու հարաբերությունների համեմատ»: Եվ, որպես հետևություն ու, միաժամանակ, հանդիմանություն Մոսկվայի հասցեին. «Վերոհիշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում Կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Պայմանագրերը պետք է պահպանվեն ու կատարվեն լիովին, ոչ թե ընտրովի, կոնյունկտուրայից կախված»:

Շատ բացահայտ ակնարկ Բելառուսի ու Ղազախստանի ամոթալի վարքագծի, ինչպես նաև այն բանի ուղղությամբ, որ Ռուսաստանը ոչնչով չարձագանքեց ԱՊՀ ՀԱՊԿ շրջանակներում «Ադրբեջանի շահերը պաշտպանելու» Մինսկի և Աստանայի խայտառակ գործողություններին:
Իհարկե, առայժմ կոնկրետ Արցախի վերաբերյալ Սարգսյան-Պուտին բանակցություններից շատ բան հնարավոր չէ ասել: Այնպես որ, կողմնորոշվենք Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի թեզիսներով, որ նա այս տարվա մարտին ավելի վաղ բարձրաձայնել էր իր ապշերոնցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների ժամանակ: Հիշեցնենք դրանք. 1) արցախյան հակամարտությունը կարգավորելի է, ինչի մասին վկայում են բազմամյա շփումների արդյունքները, որոնց շնորհիվ հաջողվել է մշակել կարգավորման ենթակա առանցքային հարցերի ընդհանուր ըմբռնում, 2) մարդասիրական հարցերի ու անվտանգության խնդիրների լուծում, 3) Արցախի շրջակա և Ադրբեջանի վերահսկողության տակ չգտնվող շրջանների վերադարձ. դա Արցախի կարգավիճակի որոշման հետ փոխկապակցված գործընթաց է, անշուշտ, հաշվի առնելով այնտեղ ապրող մարդկանց կարծիքը, 4) վերջապես, միջազգային խաղաղապահ ուժերի դերակատարության չափանիշների համաձայնեցում: Հակիրճ ներկայացնեմ թեզիսների իմաստը: Ռուսաստանի պատկերացմամբ, կարգավորման գործում առաջընթացը հնարավոր է միայն այն դեպքում, եթե անվտանգության խնդիրների լուծումից, այսինքն, պատերազմական գործողությունները չվերսկսելու և պատերազմական գործողությունների վարումից հրաժարվելու մասին Ադրբեջանի կողմից պայմանագրային կոշտ պարտավորությունների ստորագրումից հետո կողմերը անցնեն «հողերի մասին» հարցի լուծմանը՝ Արցախ-ԼՂՀ-ի կարգավիճակի որոշման հետ փոխկապակցված: Իսկ դա, Ռուսաստանի նախարարի խոսքերով, միայն «այնտեղ ապրող մարդկանց կարծիքը հաշվի առնելով»: Այսինքն, խոսքը կա՛մ 1991 թ. դեկտեմբերին Արցախում անցկացված հանրաքվեի արդյունքների ճանաչման մասին է, կա՛մ նոր հանրաքվեի (կամ հանրային հարցման) անցկացման, բայց միայն Արցախի ժողովրդի շրջանում, և բոլորի, այդ թվում Ադրբեջանի կողմից դրա արդյունքների ճանաչման մասին:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ