Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էլի ռուսնե՞րն են մեղավոր դուրս գալու

Էլի ռուսնե՞րն են մեղավոր դուրս գալու
17.03.2017 | 01:19

Առաջին ընթերցմամբ Ռուսաստանի խորհրդարան՝ Պետդումա է մտցվել օրենսդրական նախագիծ, որի նպատակն է հեշտացնել ու արագացնել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը: Հիմնական չափանիշները կլինեն անձի` ռուսաց լեզվի իմացությունը (для носителей русского языка), այն տարածքում ծնված լինելու փաստը, որը երբևէ մտել է Խորհրդային Միության և նույնիսկ Ռուսական կայսրության կազմի մեջ: Այս մասին Պետդումայի փոխնախագահի արած հայտարարությունից հետո անմիջապես նախագիծը բուռն քննարկումների առարկա դարձավ: Գումարվեց նաև այն պարագան, որ նախագահ Վլադիմիր Պուտինը «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու հանձնարարություն էր տվել դեռևս 2012 թվականին: Թե ինչու էր հայերիս քաջ ծանոթ Կոնստանտին Զատուլինի գլխավորած պատգամավորական խումբը հենց այս օրերին հիշել նախագահի ցուցման մասին, կարելի է միայն ենթադրել:


Վերջին ժամանակներս Ռուսաստանում շատ է խոսվում այն թեմայի շուրջ, որ երկրի հատկապես սիբիրյան ու հեռավորարևելյան ահռելի տարածաշրջաններ կամ խիստ սակավ են բնակեցված, կամ էլ պարզապես անմարդաբնակ են: Քիչ չեն նաև, այսպես կոչված, դեպրեսիվ տարածքները, որտեղ աշխատուժի ու տարբեր մասնագետների սուր պահանջ է զգացվում: Նորերս նույնիսկ օրենք ընդունվեց Ռուսաստանի ցանկացած, այո, ցանկացած, քաղաքացու Հեռավոր Արևելքում հողատարածք տրամադրելու մասին: Ակնհայտ է, որ առաջադրված օրենսդրական փոփոխությունները ևս առնչվում են այդ խնդիրներին:


Ներկա նախաձեռնությունը հակասական տրամադրություններ առաջացրեց ռուսաստանյան հասարակության շրջանում: Մի կողմից` ողջունվում է, որ առանց ներկա բազմաթիվ բյուրոկրատական քաշքշուկների հայրենի քաղաքացիություն կստանան նախկին խորհրդային հանրապետություններում բնակվող միլիոնավոր ռուս մարդիկ: Եվ ոչ միայն ռուս: Ռուսաստանում հերթի են կանգնել մոտ 4 միլիոն ուկրաինացիներ: Բայց և, մյուս կողմից, կասկած չի կարող հարուցել, որ այս օրենսդրական «դյուրացումներից» անմիջապես կօգտվեն Ռուսաստանը հեղեղած միջինասիացի միլիոնավոր գաստարբայտերները, ինչը, ռուս փորձագետներից մեկի պատկերավոր արտահայտությամբ, Ռուսաստանում զարկ կհաղորդի… մզկիթաշինությանը: Այս վերջինները, անշուշտ, չեն էլ հրաժարվի իրենց ազգային քաղաքացիությունից, քանզի ռուսաստանյան օրենսդրությամբ թույլատրված է երկքաղաքացիությունը:


Իհարկե, խորհրդարանական ընթերցումների ընթացքում շատ հարցեր կառաջանան, ու կպահանջվեն շտկումներ, սակայն, ընդհանուր առմամբ, կպահպանվեն քաղաքացիության ստացման «հեշտացման ու արագացման» միտումները: Ռուսաստանն իրոք կարիք ունի աշխատուժի:


Սակայն եկեք խոսենք մեր «ոչխարների» մասին: Ցավոք, կարելի է կանխատեսել, որ քաղաքացիության ստացման այս կամ այն դյուրացված տարբերակը Հայաստանում կխթանի արտագաղթը: Նախ, հազարավոր հայաստանցիներ ժամանակավորապես արդեն ապրում և աշխատում են Ռուսաստանում, և այդ երկրի լիարժեք քաղաքացի դառնալու պարագան նրանց լրիվ կկտրի հայրենիքից: Երկնքից իջած հրաշք կլինի դա նաև հազարավոր «խոպանչիների» համար: Երևույթը կսնուցի նաև ներհայաստանյան համատարած դժգոհության մթնոլորտը: Պարադոքսալ բան. ինչքան Հայաստանում իշխանությունները խթանում են հակառուսական տրամադրությունները` իրենց վրայից հասարակության ուշադրությունը շեղելու համար, այնքան ավելանում է արագաղթը հենց դեպի Ռուսաստան՝ այդ մերժելի երկիր:


Ընդդիմադիր քաղաքական գործիչ Արամ Մանուկյանը, նկատի ունենալով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որոնց համաձայն միայն Սերժ Սարգսյանի նախագահության ինը տարիներին մոտ 300 հազար հայաստանցի է արտագաղթել, և որ 1916 թվականի ցուցանիշը՝ մոտ 50 հազար մարդ, ամենամեծն է 2001 թվականից ի վեր, միտինգներից մեկում հայտարարեց, որ եթե այս կործանիչ միտումը շարունակվի, ապա Հայաստանը աշխարհի երեսից կվերանա 20 տարի հետո: Իսկ Հայաստանում որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ հանրապետական կուսակցության 20-ամյա «հաղթարշավը» կշարունակվի:
Պետք չէ միայն կրկնել այն տխմար շաբլոնը, թե Ռուսաստանը կանխամտածված ու նենգաբարո դատարկում է Հայաստանը, որ իր հերթական քայլով էապես կնպաստի այդ գործընթացի զարգացմանը և այլն: Ամեն ինչի պատճառը փնտրենք մեր, ոչ թե ուրիշների մեջ: Եթե ռուսները գերազանցապես մտածում են իրենց ազգային շահերի մասին, ապա դա նրանց միայն պատիվ է բերում:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ