Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Հստակ բիզնես ծրագրով շենքեր խոյացան մեր տների տեղերում, որտեղ այդպես էլ հնաբնակներից և ոչ մեկը տուն չունեցավ»

«Հստակ բիզնես ծրագրով շենքեր խոյացան մեր տների տեղերում, որտեղ այդպես էլ  հնաբնակներից և ոչ մեկը տուն չունեցավ»
17.03.2017 | 01:24

«Իրատեսի» հյուրը բանաստեղծ, արձակագիր ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆՆ է: Մեր զրույցը հիմնականում ծավալվում է նրա վերջին՝ «Նավամատույց» ժողովածուի շուրջ:

«ԱՄԵՆ ՎԱՐԿԱԾ ՆՈՒՅՆՔԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ, ՈՐՔԱՆ ՈՐ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է ՈՒ ԱՆՀՆԱՐԻՆ»


-Գոհար, գրքիդ շապիկին հետևյալ գրառումդ է զետեղված. «Եվ որտեղ որ կյանքն է՝ էնտեղ են սերն ու խնդությունը, որտեղ որ խնդությունն է ու կյանքը՝ էնտեղ էլ վիշտն է ու կորուստները... Հոգին իր երկրային ուղին էդպես է անցնում, ուրիշ կյանք չկա,- չի լինում...- ուրիշը՝ կինո է...»: Մի՞թե կինոն, թատրոնը, գրականությունը, արվեստը՝ առհասարակ, կյանքի գեղարվեստական արտապատկերը չեն:
-Գրականությունը, թատրոնը, կինոն, իհարկե, ինչ-որ առումով հենց կյանքի գեղարվեստական արտապատկերները կարելի է համարել, թեև ես կանվանեի ստեղծագործական տաղանդի և մտքի ուժով արարված զուգահեռ իրողություններ, ուր ամեն առանձին դեպքում գործող կերպարի կյանքը հնարավոր տարբերակներից, այնուամենայնիվ, մեկ վարկածով է իրագործված, որքան էլ որ մի քանի տարբերակով նույն պատմությունը առանձին դեպքերում վերաշարադրվի, կամ, երևակայություն խթանելու համար հատուկ անավարտ թողնվի։ Արվեստի գործը հաճախ հավաստի է, գեղարվեստորեն այս կամ այն չափով հաջողված, երբեմն՝ պակաս համոզիչ, զուտ մտացածին ու երևակայական, եզակի դեպքերում՝ ցնցող ու կատարյալ: Ամեն դեպքում արվեստը հնարքներ ունի՝ ավելի կամ պակաս գործադրվող, և, անկեղծ ասած, արվեստի գործում իրավիճակների հավաստիությունը նույնիսկ սխալ կլիներ առաջնային արժանիք համարել: Այնինչ, գրառումս կյանքի մասին է, մարդու ընթացող կյանքի, որ իրական անակնկալ ունի ամեն պահի մեջ: Ամեն վարկած նույնքան հավանական է ու հնարավոր, որքան որ անկանխատեսելի է ու անհնարին։ ՈՒրախությունն ու վիշտը, միևնույն է, երկվորյակներ են ի սկզբանե՝ ակամա իրար հանդիպող: Տառապանքն ու բերկրանքը կողակիցներ են անբաժան: Սա Աստծո բեմադրածն է` ոչ պակաս գեղարվեստական: Ինչպես երջանկություն, բերկրանք ճաշակելը, այնպես էլ կորստի, վշտի դարանակալ փորձություններն իրական են, փորձանքի ու ցավի մեջ հոգևոր վերելքով հառնելը կամ անկումներով թավալվելը՝ իրական կյանքի ուղիներ։ Գրառմանս մեջ հիշատակել եմ «կինո»՝ ոչ ամենևին պատահաբար. կինոն մի քանի «դուբլի» հնարավորություն ունի՝ նույնիսկ ընտրված մեկ վարկածով գործողությունը խաղարկելիս, և վերջնական համարվող «դուբլն» է միայն, որ էկրանի վրա է հայտնվում: Այն հակված է բեմադրիչի ուզածը ցուցադրելու, այնինչ կյանքը ինքնուրույն տեսողություն է. խոսքս սրա մասին է: Իսկ Աստծո բեմադրածը մեկ տարբերակով է` բոլորը միաժամանակ, և տեսանելի է ոչ թե Նրա ցույց տված կադրով, այլ մեզ պարգևած տեսողությամբ, որն ունակ է տեսնելու այնքանով, որքանով որ մենք ավելի մոտ կլինենք արարչական մտահղացմանը։ Այստեղ աշխատանքային փորձեր չկան. կա տեսնել սովորելու ընտրության ազատություն, կան ապրելու ձգտում և սիրելու կամք: Այս դիտանկյունից է խոսքս, սա եմ շեշտել։

«ՈՒԶԵՑԻ, ՈՐ ԳԻՐՔՍ ՈՉ ԹԵ ՀՈՂԻ, ԱՅԼ ԵՐԿՆՔԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՎԻ»


-«Նավամատույցը» 7-րդ ժողովածուդ է: 7-ը ներհյուսված է աստվածաշնչյան նյութին: ՈՒնե՞ս այդ զգացողությունը՝ կապված գրքիդ հետ:
-Յոթերորդը լինելու համար «Նավամատույցը», գուցե ինձնից էլ անկախ, ինչ-որ կոդ ունի. ինքս հատուկ ոչինչ չեմ արել, բացի նրանից, որ բանաստեղծություն գրելիս միշտ եմ ներշնչված լինում արարչական Հոգով, որը Երրորդության մեկ բաղադրիչն է՝ աստվածաշնչյան նյութի անբաժանելի մասը: Առանց այդ ներշնչանքի տող անգամ չի գրվել։ Իսկ տարբեր օրերի մեջ արդեն գրված գործերը մեկ առանցքի մեջ հավաքելիս՝ գիրքը կազմելու պահին, ես դարձյալ այդ ներշնչանքով եմ առաջնորդվել՝ միաժամանակ նպատակ ունենալով շատ սթափ մտահղացմանս իրագործումը` «Տանիքի դարպասներ» անունով նախորդ ժողովածուիս մտահղացման նախադեպով. ունենալ ինչ-որ իմաստով բանաստեղծական երկրորդ վեպ-ժողովածուն՝ իմ կյանքի կոնկրետ օրերի վեպը։ ՈՒստի գիրքս պետք էր կառուցել այնպես, որ բանաստեղծություններն իրար կողքի ոչ միայն գոյակցելի լինեին, այլև լրացնեին իրար, միաժամանակ՝ ապրումի խտացումներին զուգահեռ, լինեին մեղեդային, թեթև անցումներ՝ լուսամուտների պես ներս թողնելու համար կենարար օդը՝ խտացած վշտի ու տառապանքի թուխպը ցրելու և ապրումի տաքն ու փորձառությունը իրենցով պահպանել-փոխանցել կարողանալու համար։ Երբ կյանքիդ մեծագույն փորձության օրերին Աստծո շնորհը գրիչդ է շարժում՝ քեզ համար ևս անակնկալ, համարյա անհանդուրժելի, հաճախ դու էլ չես կռահում Արարչի նպատակը: Այնինչ, հույսիդ անգամ մարող նշույլները` գրիդ շարահյուսված նշաններում, հավատիդ իրական ապացույցներն են` որպես բնազդական գործուն հակափաստարկներ՝ հոգևոր տրոհման դեմ: Երբ ես աշխարհի հետ հարաբերվելիս պապանձվել էի, ձեռքս ինձնից էլ անկախ «Ծանր թիեր» շարքն էր գրի առել։ Այն հիշատակի անուն ունի՝ իմ Կարինե Գալստյան քրոջ անունը (ես այդպես էլ չկարողացա ընծայական դնել գրքիս վրա. տապանագիր համարեցի այդպիսի գրառումը և ուզեցի, որ գիրքս ոչ թե հողի, այլ երկնքի հետ հարաբերվի): Յոթը գուցե որպես «յոթերորդ երկինք» է առկա «Նավամատույցում», իսկ կոդը քրոջս անունն է, որ եթե չփնտրեն էլ, գրքիս առանցքում կգտնեն անպայման:

«ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՐՅՈՒՆԸ ԱՄԵՆ ՀԵՌԱՑՈՂԻ ՀԵՏ ՊԱԿԱՍՈՒՄ Է»


-Երևանի ֆիզիկական նկարագրի կորուստը շեշտադրված թեմա է քո պոեզիայում: Իսկ ի՞նչ բնութագիր ունի քաղաքի բարոյական նկարագիրը՝ մարդիկ, բարքերը, հոգեբանական վիճակը:
-Երևանն իմ կյանքի և գրի միջավայրն է առհասարակ։ 2008-ին լույս տեսած իմ չորրորդ ժողովածուն մի ամբողջ բաժնով անդրադարձ ունի այդ ֆիզիկական կորստին, որը նորահայտ բարքերի, հոգեբանական նոր վիճակների և բարոյական անտեսված նորմերի, իրականում՝ պարտադրվող ու հետևողական ծրագրի սկիզբն էր միայն: Շարքս կոչվում էր «Անտունիներ օտարման». այնտեղ եմ առաջին անգամ «թափառող անտունու աղոթքի» վերջին քառատողով հիշատակել.
Տեր իմ, մուտքից չէ, որ մտա,-
Ներսում էի՝ «պայքա՜ր, պայքա՜ր...»
Ելքի դուռ չէ, որ կուզեմ տաս.
-Պայծա՜ռ, պայծա՜ռ Արևագալ...
Մինչդեռ մեզ, որ անկախության համար զոհասեղանին դրեցինք մեր լավագույնը, մինչև հիմա էլ ելքի դուռ է, որ ցույց են տալիս բոլոր հնարավոր միջոցներով, ու մեր երկրի արյունը ամեն հեռացողի հետ պակասում է: Իմ բանաստեղծությունը, արձակ որևէ շարադրանք, բանավոր թե գրավոր հրապարակում մի նպատակ ունեն. փորձում եմ պահպանել առանցքս՝ իմ և իմ աշխարհի։ 2010-ին լույս տեսած իմ «Եռման հրվանդան» ժողովածուն, արդեն արձակի տեքստային ռելիեֆով, քաղաքի հին միջավայրի ֆիզիկական փլուզման և հոգևորի ու բարոյական նկարագրի ճեղքման, մարդկանց ու բարքերի հոգեբանական անհնարին վիճակների համապատկերն էր։ Բուզանդի փողոցի քանդման գործընթացի սկզբից ու ևս վեց ամիս մեր քիչ հարևանների ընկերակցությամբ, արդեն պարտիզանի կարգավիճակով՝ մեր սեփական տանիքների տակ՝ Երևանի կենտրոնում, մնացինք և ականատեսը եղանք մեր աշխարհի օր օրի քանդման, այդ թվում նաև՝ իմ հայրական տան, իմ մանկության՝ գերան-գերան առուծախի: Այդպես՝ մինչև մեր հարկադիր վտարման օրը: Հստակ բիզնես ծրագրով շենքեր խոյացան մեր տների տեղերում, ուր այդպես էլ հնաբնակներից և ոչ մեկը տուն չունեցավ, անտուն ու անհանգրվան ապրեցին ինձ պես դժվար, արտագաղթեցին, կամ կյանքից հեռացան տանիքի երազանքով: 2013-ին լույս տեսած «Տանիքի դարպասներ» ժողովածուս, որ ինչպես արդեն ասացի, բանաստեղծությամբ կառուցված վեպի մտահղացում ունի, «Խենթություններ քաղաքից» շարքով կերպարային անդրադարձ է մարդկանց՝ երևանյան խենթերին ու ճշմարտախոսներին, քեզ, որ քո երկրում ես և, ամենայն ինչից անկախ, քո գործն ես անում, ինձ՝ ուղեծիրս ու առանցքս պահել ձգտողիս, մեր աչքի առաջ հատակում կամ եզրին հայտնվածներին:


«ԵՐԲ ՀՈԳԵՎՈՐ ՆՈՐ ԱՍՏԻՃԱՆԻ ՎՐԱ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ՄԱՐԴ...»


-Գրողական ներշնչանքի համար ո՞րն է ավելի պարարտ հող՝ տառապա՞նքը, թե՞ երջանկությունը:
-Երջանկությունը ճանաչողի տառապանքը և տառապած մարդու երջանկությունը՝ ահա ներշնչանքի իմ պահերը: Ընդհանրացնելու հիմքեր և հավակնություններ չունեմ. յուրաքանչյուրն իր բանաձևը կգտնի:
-Եկան-գնացին՝ դուռըդ բաց էր միշտ,-
հաց էիր բուրում, ու ափըդ հա՛ց էր...
Հիմա՝ ո՛չ թե որ տուն ու դուռ չունես,-
քո առջև՝ նրանց- դուռ բացո՛ղ չունես...
Ինձ հայտնի է այս բանաստեղծության իրապատումը: Բանաստեղծություն դառնալուց հետո գրողի հայացքը, ընկալումը փոխվո՞ւմ են իր ապրած կորուստների հանդեպ:
-Բանաստեղծությունը, որ մեջբերում ես, արտացոլանք է հենց մարդկային հարաբերության. երբեմն՝ ունայն։ Իրականում ժամանակն ինքն է այլ կերպ վերընթերցում ցանկացած տեքստ. գրառող հեղինակն ինքն էլ նոր ինտոնացիա է տեսնում դրանում։ Սա, ինչպես և «Նավամատույց» գրքիս «Թռուցիկներ» շարքի մյուս գործերը առավելապես սոցիալ-հոգեբանական ատաղձից են. այդպիսի գործերը գրվում են կոնկրետ շարժառիթով, ու երբ տարիներ հետո վերընթերցվում են՝ իրենց մեջ պահելով վիճակի ամբողջ էներգետիկան, շատ քիչ բան են հիշեցնում գրված պահի կոնկրետ շարժառիթից։ Իսկ ապրած իրական կորստի հանդեպ հայացքի կամ ընկալման կերպի փոփոխություն, կարծում եմ, տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ հոգևոր նոր աստիճանի վրա է բարձրանում մարդ, և երբ նորոգվում է նրա հավատը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ