Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
17.03.2017 | 01:38

(սկիզբը` այստեղ)

2017 թվականի մարտի սկզբին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով Բրյուսելում էր: Տեղի ունեցան բարձր մակարդակի բազմաթիվ հանդիպումներ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: Եթե դատելու լինենք Հայաստանի նախագահի պատվին կազմակերպված ընդունելության մակարդակից, ապա կարելի է փաստել, որ դրանք արտառոց էին, և դա հասկանալի է. Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական իրադարձությունների կենտրոնում, միմյանց դեմ մրցակցող քաղաքակրթությունների խաչմերուկում, հայկական գործոնը դարձել է աշխարհում վարվող գլոբալ քաղաքականության գաղափարախոսական հենասյուներից մեկը: Մենք, ցավոք, այդ իրողությունը, ինչպես հարկն է, չենք հասկացել ու դեռևս չենք գիտակցում, բայց այդպես է: Զարմանալի չէր նաև Փարիզի քաղաքագլխի խոստովանությունը. «Մենք պետք է ուսումնասիրենք հայկական մոդելն ու այն կիրառենք մեզ մոտ»:


Եթե մի պահ հեռանանք մեր առօրյա հոգսերից, վեր կանգնենք սեփական երկրի նկատմամբ մեր իշխանությունների տնաքանդ վարվեցողությունից ու վերաբերմունքից, ապա կարող ենք տեսնել ու գնահատել այն հսկայական առավելությունները, որ ունի հայ ժողովուրդն այլոց նկատմամբ: Նույնիսկ «Սասնա ծռերից», ապրիլյան պատերազմի օրերին մարտի դաշտ շտապող հայ կամավորականների հոծ բազմությունից կամ իրենց հայրենիքը հերոսաբար պաշտպանող պատանի զինվորներից աշխարհը սովորելու շատ բան ունի: Մենք համառորեն չենք ցանկանում սա տեսնել կամ չտեսնելու ենք տալիս, բայց գլոբալիզացիայի ու լիբերալիզմի զոհ դարձած եվրոպացիները այդ ամենը լավ են տեսնում ու հասկանում, պատրաստ են մեզնից օրինակ վերցնելու, իրենց համար կարևոր դասերը քաղելու, կողմնորոշվելու՝ ստեղծված բարդ իրավիճակներում:


Ամեն անգամ տեսնելով, թե գերտերությունների ղեկավարները (Եվրամիություն, Չինաստան, Ֆրանսիա, Վատիկան և այլն) ինչ մակարդակի ընդունելություններ են կազմակերպում մեր սիրելի, բայց, ամեն դեպքում, փոքրիկ երկիրը ներկայացնող նախագահի պատվին, կրկին ու կրկին համոզվում եմ իմ դիտարկման ճշմարտացիության մեջ. աշխարհաքաղաքական խաղերում Հայաստանը ոչ թե «պեշկա», այլ անցունակ զինվոր է: Իհարկե, պատմության մեջ հայերս երբեք էլ «պեշկա» չենք եղել, մեզ այդպես ներկայացրել են ու փորձել տարբեր ձևերով ու միջոցներով օգտագործել սեփական խնդիրները լուծելու համար:


Հայերս կարևոր ներդրում ենք ունեցել հին աշխարհի պատմության, համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության ձևավորման, Բյուզանդական, Օսմանյան ու Ռուսական կայսրությունների կայացման ու զարգացման, Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության կայացման, ատոմային ռումբի ստեղծման ու այլ գործերում: Հայերի միջոցով ու միջոցներով են կառուցվել ու բարգավաճել Վրաստանի մայրաքաղաք, նախկինում Հայաստանի սահմանային քաղաք Թբիլիսին, Ադրբեջանի մայրաքաղաք դարձած Բաքուն: Հայերը կանգնած են եղել հարևան երկրի նավթարդյունաբերության ակունքներում ու, վերջապես, կարևոր դերակատարում են ունեցել գորբաչովյան «перестройка»-ի գործում: Պատահական չէ, որ Սիրիայի ու նրա շուրջ ստեղծված պրոբլեմները քննարկելու համար «Վալդայ» միջազգային քաղաքական ակումբն իր նիստն անցկացնում է Հայաստանում (Երևան, 2017 թ., մարտի 10-12):


Ռուս քաղաքական գործիչները չեն էլ թաքցնում իրենց նպատակները՝ սեփական աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար հայկական գործոնի ու, հատկապես, հայկական սփյուռքի հնարավորությունների օգտագործման հարցում: «Վալդայի» ֆորումի ճեպազրույցներից մեկի ժամանակ մասնակից ռուս քաղաքագետը ավելի ուղիղ ձևով արտահայտվեց. հայկական ազդեցիկ սփյուռքը կարող է կապող օղակ դառնալ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները կարգավորելու և ծավալուն համագործակցություն սկսելու համար: Ռուսաստանը, Արևմուտքից բացի, ավելի ծանր խնդիրներ ունի, որոնց լուծումները գտնելը շատ դժվար կլինի առանց Հայաստանի ու սփյուռքի անմիջական մասնակցության: Թվարկենք միայն երկուսը: Ռուսաստանն իր առկա ռեսուրսները պահելու և պահպանելու խնդիր ունի: Ռուսաստանը տիրապետում է աշխարհի բնական հարստությունների 30, իսկ ցամաքի՝ 15 տոկոսին, բայց բնակչության թվով շատ է հետ մնացել, ունի աշխարհի բնակչության 2 տոկոսը, բուն ռուսների հաշվարկով՝ մեկ տոկոսից էլ պակաս: Ռուսաստանի համար առավել վտանգավոր է դեմոգրաֆիկ դիսբալանսը (չինացիների արագ աճը Հեռավոր Արևելքում, մուսուլմանական ժողովուրդների աճի բարձր տեմպերը, երիտասարդության զգալի արտագաղթը դեպի զարգացած արևմտյան երկրներ, «երիտասարդացող» հարբեցողությունն ու թմրամոլությունը), որն անելանելի դրության մեջ է գցում ռուսներին: Դեմոգրաֆիայի գլոբալ խնդիրը լուծելու համար Ռուսաստանը տարբեր ճանապարհներ ունի անցնելու, կարող է մեծացնել տնտեսական աճի տեմպերը, զարգացնել նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերությունն ու գլուխ հանել առանց չինացիների (հայերն այստեղ կարող են ունենալ իրենց վճռական դերն ու արդեն ունեն), մտածել մուսուլմաններին չեզոքացնելու մասին:
Անհավատալի է, սակայն այստեղ էլ շատ մեծ կլինի հայերի դերը, եթե Ռուսաստանը փորձի Հայաստանի միջոցով ԵԱՏՄ կազմում ընդգրկել այնպիսի շիա-մուսուլմանական երկրների, ինչպիսիք են Իրանը, Իրաքն ու Սիրիան՝ ի հակադրություն սեփական մուսուլմանների զանգվածի, որոնք հիմնականում սուննի են: Այդ երկրներից առաջինը, հավանաբար, կլինի Իրանը, այդ մասին խոսվեց նաև «Վալդայի» ֆորումում:


Աշխարհաքաղաքական պրոցեսներում տանուլ չտալու համար Ռուսաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանի աջակցությունն ու անմիջական օգնությունը, պատրաստ է նույնիսկ ձեռքերը փրփուրներին գցելու, միայն թե չկորցնի հայերի ու հայկական սփյուռքի աջակցությունը (այո, ոչ թե Հայաստանի, այլ հայերի ու հայկական սփյուռքի աջակցությունը), որը, ինչպես ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումները, կարող է տեղի ունենալ, եթե Հայաստանի քաղաքացիները օրերից մի օր ընդվզեն, ոտքի ելնեն սեփական իշխանությունների ու նրանց ռուսաստանյան հովանավորների դեմ՝ պահանջելով ապահովել արժանապատիվ կյանքով ապրելու իրենց իրավունքը (թեկուզ Վրաստանի չափով): «Սասնա ծռերը» ցույց տվեցին, որ այդ ժամանակները գալու են, այնքան էլ սարերի հետևում չեն:


Հայաստանի բնակչությունը հոգնել ու զզվել է իր «պրոռուսական» ու կոռումպացված իշխանություններից, հայացքը թեքել է դեպի Վրաստան, գնահատում է այնտեղ ստեղծված իրադրությունը, օգտվում է Վրաստանի տրանսպորտային ծառայություններից, սպասարկման ու առևտրի ոլորտներից: Հայերն այնտեղ են դիմավորում իրենց Ամանորը, այնտեղ են հանգստանում: Մի խոսքով, Վրաստանում ամեն ինչ լավ է, Հայաստանում ամեն ինչ՝ վատ:
Հայաստանի քաղաքացիների մեջ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այնտեղ այդպես ստացվել, իսկ ՀՀ-ում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել: Արդյո՞ք Վրաստանի զարգացման պատճառը այն չէ, որ հեռացել է Ռուսաստանից, նույնիսկ տարածքները կորցնելու հաշվին, իսկ Հայաստանի զարգացումը կանգ է առել այն պատճառով, որ 25 տարի շարունակ Ռուսաստանի զուռնայի տակ է պարում ու, վերջում, դարձել է ԵԱՏՄ անդամ: Ի՞նչ անել, կրկնե՞լ Վրաստանի քայլերը, դո՞ւրս գալ Ռուսաստանի ազդեցության տակից ու սկսել մարդավարի ապրե՞լ, թե՞ շարունակել ապրել այս գաղջ մթնոլորտում, որից փրկության ոչ մի ելք չի նշմարվում:


Պետք է նշել, որ այսօր արդեն Ռուսաստանը չի կարող կիրառել իր փորձված հնարքներն ու հայերին վախեցնել ցեղասպան Թուրքիայի գործոնով, դրանց ժամանակներն արդեն անցել են, Թուրքիան ինքն արդեն ծանր խնդիրներ ունի արևմտյան երկրների հետ: 2017-ի մարտի սկզբին, թուրքական հանրահավաքներն արգելելուց հետո, մեծ լարվածություն է առաջացել Գերմանիայի ու Հոլանդիայի հետ, գնալով այն միայն խորանալու է: Եվրոպան, վերջապես, իր մաշկի վրա է զգում, թե ինչ է թաքնված «թուրք» ու «ցեղասպան ազգ» հոմանիշների հետևում և դեմքով շրջվելու է դեպի Հայաստանն ու հայ ժողովուրդը: Արդեն շրջվել է: Այդ են ցույց տալիս այն բացառիկ բարձր մակարդակի ընդունելությունները, որ Բելգիայում ու Ֆրանսիայում ցույց տրվեցին Հայաստանի նախագահի պատվին: Դատելով Եվրամիության հասցեին արված քննադատությունից ու հոխորտանքներից, Թուրքիայի նախագահի ջղաձիգ ելույթներից, կարելի է ասել, որ նրանց գործերը վատ են, ուր որ է Եվրոպան ու Ամերիկան շուռ են գալու հայերի կողմը: Մեզ համար պետք է հասկանալի լինի նաև Վրաստանի աշխարհաքաղաքական դրությունը, նրանք ևս տառապել են Թուրքերի պատճառով, հիմա մեծ խնդիրներ ունեն իրենց թուրքաբնակ շրջաններում. պայքարում են 90-ական թվականներին Բաթումում ծավալված թուրքական էքսպանսիայի դեմ: Նույն 90-ական թվականներին Հայաստանը կարողացավ ազատվել թուրքական տիղմից, դառնալ մոնոէթնիկ ազգ, ինչը, իմ խոր համոզմամբ, ծրագրված էր Կրեմլում և Գորբաչովի «перестройка»-ի ամենանշանակալից օգուտներից մեկն է՝ մեր երկրի ու Հայ դատի համար: Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում է պետք փնտրել նաև Կարեն Կարապետյանին Հայաստան գործուղելու առեղծվածի պատասխանը: Մեր քաղաքացիների մեջ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ վարչապետը եկել է Հայաստանի տնտեսությունը ցեխից հանելու, բայց նրա նախընտրական ակտիվ քարոզարշավն ու ընտրողների առաջ արտասանած մենախոսություններից այլ բան է նշմարվում. նա եկել է, որ նոր հույս ու նոր հավատ ներշնչի անհույս ու անհավատ դարձած հայ ժողովրդին, իր «շուլուխներով» ու ծափ-ծիծաղով մարդկանց հանի խոր ապատիայից և հեռու պահի հակառուսական տրամադրությունների արմատավորումից, ձեռքի հետ էլ ապահովի ՀՀԿ-ի հաղթանակը, ինչը թույլ կտա նախկինի պես Հայաստանը պահել Ռուսաստանի ազդեցության ոլորտում: Սա Ռուսաստանի համար գերխնդիր է դարձել, չնայած նրան, որ մեր ավագ եղբայրը բազում այլ հուսալի ճանապարհներ ուներ մեր երկրի վրա իր ազդեցությունը պահելու և ուժեղացնելու համար:


Նույն գերխնդիրն ինքնըստինքյան կլուծվեր, եթե Ռուսաստանը հրաժարվեր մեր կոռումպացված իշխանությունների հետ համագործակցելուց, նպաստեր, որ Հայաստանի տնտեսությունը զարգանար: Նման քայլերը կամրապնդեին մարդկանց հավատը բարեկամ ռուս ժողովրդի նկատմամբ: Բաղձալի արդյունքին կարելի է հասնել սիրով, բայց ոչ աչքներիս անընդհատ թոզ փչելով, խաբեությամբ ու խաբեբայությամբ:


Ի միջի այլոց, ռուսական գաղտնի պլանն այնքան էլ գաղտնի չէ. մեր քաղաքացիները այդ պլանի հետ կարող են անձամբ ծանոթանալ, այն դրված է Կարեն Կարապետյանի խորիմաստ ժպիտի մեջ, ուշադրություն դարձրեք նրա նախընտրական մեծ ու փոքր պաստառներին և կհասկանաք, որ նա հատուկ առաջադրանքով է եկել հայրենիք: Հավատանք, որ նա անպայման կկառուցի նոր Հայաստանի նոր տնտեսությունը՝ երջանկություն բերելով մեր ընտանիքներին, հայ ժողովուրդը հավատով ընդունեց մեր հերթական առաքյալին, մենք էլ հավատանք ու ընդունենք, թեև մեծ կասկած ունեմ, թե նա կկարողանա մեր տնտեսությունը դուրս բերել խոր ճգնաժամից:


ՀՀԿ-ի մյուս կարկառուն դեմքերին դժվար է գտնել նախընտրական հարթակներում, առայժմ թաքնված են Կարեն Կարապետյանի թիկունքում, ասելու բան չունեն, երեսատեղ՝ ևս: Չգիտեմ, թե մեր երկրին ինչ կտա ընտրություններ կոչվող այս թատերականացված ներկայացումը, բայց մի բան հստակ է. նոր վարչապետի օրոք էլ մենք չենք կարողանում բռնել տնտեսության զարգացման ճշմարիտ ուղին, առաջվա նման ամեն ինչի մատների արանքով ենք նայում: Հայաստանի տնտեսական դրությունն այնպիսին չէ, որ կառավարության ղեկավարը իրեն թույլ տա մի կողմ քաշվել ու զբաղվել պրոպագանդիստական գործունեությամբ: Եթե բուն խնդիրն իշխանություն պահելն է, ապա պահեք այդ անպիտան իշխանությունը, տասն էլ ես ավելացնեմ, միգուցե բավարարվեք, միևնույն է, դրանից մի մազաչափ օգուտ անգամ չի լինի մեր ժողովրդի համար, որովհետև չի լինի, մեր փորձն է դա ցույց տալիս:


Հայաստանում ավելի կարևոր գործեր կան, որոնք վարչապետը կամ գցել է աղբարկղը, կամ էլ երկար ժամանակով հետաձգել է: Վերցնենք հելիոֆիկացիայի իմ ծրագրի կոնկրետ դեպքի օրինակը: 2016 թվականի դեկտեմբերի սկզբին ինձ դիմեց իմ կոլեգաներից մեկը՝ Լոռու մարզպետարանից.
-Վարչապետը գալու է Վանաձոր, խնդրում եմ՝ տվեք Ձեր ծրագիրը:
Նույն օրն ուղարկեցի Հայաստանի հելիոֆիկացիայի ամբողջական ծրագիրը: Պետք է նշեմ, որ հելիոֆիկացիայի մեր ծրագրին Լոռու մարզպետարանում լավ ծանոթ են, մարզպետ Արթուր Նալբանդյանը եղել է Սպիտակի մեր արևային պոլիգոնում, գնահատել է մեր կատարած աշխատանքները, հավատում է, որ հելիոտեխնիկայի ուղղությամբ կարելի է զարգացնել մարզի արդյունաբերությունը, արդյունքի հասնել, ստեղծել բավարար աշխատատեղեր, լուծել աղետի գոտու բնակչության սոցիալական խնդիրները: Ես մեծ հավատով եմ լցված այդ երիտասարդ ու գործունյա մարզպետի նկատմամբ, նա վստահելի գործընկեր է: Մեկ ամիս անց զանգում եմ.
-Ի՞նչ եղավ մեր ծրագիրը, վարչապետին ցույց տվեցի՞ք:
-Մարզպետն անձամբ է ցույց տվել, պատասխանն այսպիսին է եղել. «Այդ ծրագրին ես շատ լավ ծանոթ եմ»:
Հելիոֆիկացիայի ծրագրի վարչապետական պատմության առաջին գործողությունն ավարտվեց, երկրորդ գործողությունում հելիոֆիկացիայի ծրագիրը ներկայացվել է վարչապետի երիտասարդ ու գիտնական խորհրդական Էդուարդ Ներսիսյանին: Մեկ ամիս անց հարցնում եմ.
-Ի՞նչ եղավ:
-Շատ լավ ծրագիր է, վարչապետի հետ գնում ենք Մոսկվա, հետ կգանք՝ կայցելեմ ձեր պոլիգոն, կքննարկենք:
Մեկ ամիս անց դարձյալ հարցնում եմ.
-Ի՞նչ եղավ, Մոսկվայից վերադարձա՞ք:
-Այո, տասն օրից կհանդիպենք,- ու այդպես շարունակ:


Մեր հարգարժան պարոն վարչապետին ուզում եմ ասել, որ ժամանակակից արդյունաբերության մեջ գործերը այդպես չեն արվում, ամեն ինչ պետք է արվի հնարավորինս արագ, հապաղումը մահվան է հավասար, հելիոֆիկացիայի իմ ծրագիրը շատ ծանր ու բարդ գործ է, մեկ մարդու կամ գիտական փոքրիկ խմբի միջոցով հնարավոր չէ իրականացնել, այստեղ պետական մոտեցում է պետք, դե ցուցաբերեք Ձեր խոստացած պետական մոտեցումը, ցույց տվեք Ձեր նոր որակն ու հունարը, օրինակ ծառայեք շարքային գիտնականներիս համար, եթե, իրոք, եկել եք Հայաստանի մատից փուշ հանելու:
Առաջիկա ընտրությունները միայն ձեզ են հետաքրքիր, մեր մարդկանց կյանքը, արդյունաբերության, գյուղատնտեսության ու ընդհանուր տնտեսության վիճակը դրանցից չեն փոխվելու, դրանցից սպասելիքներ չունենք, հիասթափված մարդկանց մեջ հիասթափությունն ավելի կխորանա, Ռուսաստանից ավելի շատ երես կթեքենք, իսկ հելիոֆիկացիայի ծրագրից սպասելիքները շատ են, բայց դրական արդյունքի հասնելու համար պետք է աշխատել ձեռքները քշտած, 14-րդ վարչապետի խորհուրդն է:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 5220

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ