Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ժողովրդի համար մեկ է, թե երկիրը ով կկառավարի, կարևորը՝ գործ արվի, ժողովրդի մատից փուշ հանող լինի»

«Ժողովրդի համար մեկ է, թե երկիրը ով կկառավարի, կարևորը՝ գործ արվի, ժողովրդի մատից փուշ հանող լինի»
17.03.2017 | 01:48

ՄԱՐԶԻ ԱՄԵՆԱՓՈՔՐ ՔԱՂԱՔԸ


Տավուշի մարզի Այրում քաղաքը (Նոյեմբերյանի տարածք) գտնվում է Բագրատաշեն-Ալավերդի մայրուղու վրա։ Այն հիմնվել է 1937 թ., Լճկաձոր գյուղի հողերի վրա: Բնակիչների փոխանցմամբ Այրումի պահածոների գործարանի տեղում եղել է փոքրիկ արտադրամաս, որտեղ հսկա կաթսաների մեջ եփում էին Տավուշի անտառների կանաչ ընկույզը, մոշն ու հոնը: Պահածոների առաջին արտադրանքը թողարկվել է 1952 թ.: Հետագայում, 1978-1980-ականներին արտադրամասն ընդլայնվել է, վերածվելով հզոր գործարանի, որի արտադրանքն ապահովում էր ԽՍՀՄ-ի պահածոների պահանջարկի 13 տոկոսը: Գործարանում երեք հերթափոխով աշխատում էր ոչ միայն Այրումի, այլև հարակից համայնքների բանվորական ուժը, ավելի քան 1800 մարդ: 12 հեկտար տարածք զբաղեցնող գործարանից ամեն օր 10 վագոն պատրաստի արտադրանք էր դուրս գալիս:


Ցավոք, Այրումի ու հարևան համայնքների երբեմնի «կերակրողն ու հույսը» այսօր չի գործում, տեղացիների խոսքով, գործարանի սեփականաշնորհումից հետո այն «ձեռքից գնաց, ով ինչ հասցրեց, տարավ», և հույս էլ չունեն, թե այն երբևէ կվերագործարկվի, թեև աշխատատեղերի ստեղծման խոստումներ վերևներից շատ են հնչել:
Նախկինում Այրումն ուներ գյուղի կարգավիճակ, իսկ 2006 թվականից ստացավ քաղաքի կարգավիճակ։ Համայնքը ձևավորվել է հարակից բնակավայրերից վերաբնակեցված ընտանիքներով, այսօր այնտեղ ապրում է նաև 80 բռնագաղթված ընտանիք: Բնակչության թվով Այրումը մարզի ամենափոքր քաղաքն է, ունի 2020 բնակիչ:

ԻԲՐ ԷՆ ԺԱՄԱՆԱԿ Ի՞ՆՉ ԷՐ, ՈՐ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԻՆՉ ԼԻՆԻ


Ըստ 2011-ին ՀՀ կառավարության հաստատած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգի՝ Հայաստանում 915 համայնքներից 866-ը գյուղական են, որոնց մեծ մասում բնակչությանը տրամադրվող ծառայություններից շատերը կամ իրականացվում են ցածր մակարդակով, կամ ընդհանրապես չեն իրականացվում: Այդ պատճառով ՀՀ կառավարությունը որոշեց տեղական ինքնակառավարման մարմնի մոդելը փոխել՝ կյանքի կոչելով համայնքների խոշորացման ծրագիրը: Արդյունքում 2016 թ. Տավուշի մարզի Այրում համայնքն իր մեջ ներառեց Այրում քաղաքը, Լճկաձոր, Արճիս, Հաղթանակ, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան և Բագրատաշեն գյուղերը։


«Իրատես»-ի հետ զրույցում Այրում համայնքի ղեկավար ԱՐԱՅԻԿ ՊԱՐԱՆՅԱՆԸ ծրագիրը խոսումնալից համարեց.
-Շատ ծառայություններ կենտրոնացվում են, արդյունքում ֆինանսական զգալի գումարներ են տնտեսվում, որոնք կուղղվեն աշխատավարձերի վճարման, համայնքների ճանապարհների վերանորոգման, աղբահանության ու լուսավորության բարելավմանը, մի խոսքով` համայնքների զարգացմանը: Այրում կենտրոնի բյուջեն 207 մլն դրամ է, որը նպատակային կծախսվի բոլոր 8 համայնքներում իրականացվող ներդրումային ծրագրերի վրա: Համայնքների խոշորացումից շահում են փոքր գյուղերը, որոնք նախկինում իրենց փոքր բյուջեով խնդիրներ չէին լուծվում:
Սակայն, համայնքի բնակչի կարծիքով, ցանկության դեպքում փոքր բյուջեով էլ կարելի էր ամեն տարի մի խնդիր լուծել, մինչդեռ համայնքների խոշորացման դեպքում փոքր գյուղերի վիճակն էլ ավելի կվատանա:
«Դիլիջանում, Նոյեմբերյանում, Թումանյանում եղել է խոշորացում, բայց մինչև հիմա ոչ մի տեղաշարժ չկա: Ամեն անգամվա պես ասում են, դեռ նոր ա, մի քիչ համբերեք, բյուջեն կմեծանա, բոլոր խնդիրները կլուծենք, ենթակառուցվածքները կկարգավորենք: Էլի փափուկ բարձ են դնում գլխներիս տակ: Ամբողջ օրը հողի վրա կռացած բանում եմ, գլուխս բարձրացնում եմ, տեսնում եմ` էլի էն քարուքանդ փողոցներն են, կիսաքանդ շենքերն ու կիսավեր կամուրջը: Դեռ ասում են 2018-2019 թվերին մարզպետարաններ չեն լինելու, կլինեն շրջանային կառույցներ, չգիտեմ, խոսակցություններ են, բայց ծուխն անկրակ չի լինում»,- ասում է բնակիչներից մեկը:
65-ամյա Գուրգենի համոզմամբ` «Պետությունն ուզում ա ընդհանրապես չիմանա, թե իր ծայրամասերում ինչ ա կատարվում: Մի քանի ընտրված կամ նշանակովի ղեկավարներ կարծում են, թե քիչ գումարով կարող են շատ գործեր անել, բայց գյուղ չկա, որ խնդիր չունենա, էն ժամանակ որ չի լուծվել, հիմա ընդհանրապես չի լուծվի, տարիների հետ ես մեծացա, խնդիրները մնացին նույնը: Պետությունը պիտի էնպիսի ծրագիր ունենա, որ իմանա, թե որտեղից սկսի, որ ժողովրդի համար լավ լինի, ու էդ ծրագիրը պետք ա միս ու արյուն դարձնի, բայց կդարձնի՞: Խելքս բան չի կտրում»:


72-ամյա Վարդան պապը համայնքների խոշորացման ծրագրից մեծ հույսեր չունի. «Հինը քանդեցին, իբր ուզում են նորը սարքել, բայց գլխի չեն, թե ինչպես ու որտեղից սկսեն: Քանդելուց հեշտ բա՞ն: Ամեն անգամ կիսավեր գործարանն ու բնակելի շենքերը, որ տեսնում եմ, սիրտս մղկտում ա, բա ինչի՞ տանջվեցինք դրանց շինարարության վրա, որ մեր զավակներն էսօր մի կտոր հացի համար թափառական դառնա՞ն»:

ՏԱՐԻՆԵՐՈՎ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
Երբ Այրումը կառուցվում էր որպես բանվորական ավան, այդ ընթացքում ենթակառուցվածքների շինարարությունը որակապես գերազանցում էր ներկայիս ցանկացած շինությանը: Բնակիչներից մեկի խոսքով` Այրումի փողոցների ասֆալտապատումը վերջին անգամ կատարվել է 1989-ին, լուսավորությունը, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումն ու աղբահանությունը խնդիրների ցանկից չեն պակասել:
Այրում համայնքի ղեկավարը չի ժխտում խնդիրների առկայությունը, թեև վստահեցնում է, որ հնարավորության դեպքում ծրագրում նախատեսված բոլոր խնդիրները, ընդհուպ աշխատատեղերի ստեղծման հարցը, կլուծվեն կառավարության աջակցությամբ:
Թեև Ասիական բանկի ֆինանսավորմամբ Այրումում խմելու նոր ջրագիծ է անցկացվել, սակայն ջրի որակը դրանից չի բարելավվել, քանի որ հագեցած է տեխնիկական մետաղներով: Քաղաքի ամենասուր խնդիրները շարունակում են մնալ ոռոգման ջուրն ու կոյուղին: Խորհրդային տարիներին կառուցված կոյուղագիծը երբևէ չի նորոգվել, ժամանակ առ ժամանակ կարկատված հատվածները դարձյալ բացվել են, շրջակայքում տարածելով գարշահոտություն: Ձմռանը դեռ ոչինչ, սակայն գարնան սկզբից շրջակա տների դռներն ու պատուհանները բացել չի լինում:


Համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի փոխանցմամբ կոյուղու վերանորոգման համար ֆինանսական ներդրումներ են պետք, ինչը համայնքի ուժերից վեր է: Հողերի հարկն անգամ դժվարությամբ է հավաքվում: Առանց պետության կողմից ֆինանսական աջակցության կոյուղու խնդիրը չի լուծվի:
Այրումցու կենսամակարդակի անկումն իր համար ավելի տեսանելի է, քան լավ կյանքի մասին շարունակ թմբկահարող ցանկացած լոզունգ: Կյանքի որակը բոլոր առումներով անկում է ապրել: «Կառավարությունը չգիտի, թե հողագործի համար որքան կարևոր է ոռոգման ջուրը: Արդեն 25 տարի է` ոչ մի պոմպակայան չի վերանորոգվում, խողովակները հին ու կոտրտված են, ոռոգման ջրի գինը բարձր է: 1989-ին ուզում էին մաքրման կայան կառուցել, սակայն առայսօր ոչինչ չի արվել: Ախր Վրաստանին մոտ ենք, տեսնում ու լսում ենք, թե այնտեղ կյանքը ոնց ա: Մեզ մոտ ոռոգման ջրի գինը այնտեղի հետ համեմատած 10 անգամ բարձր է, եթե մեզ մոտ խորանարդ մետր ջուրն արժե 11 դրամ, այնտեղ՝ 1 դրամ էլ չի կազմում: Առանց այն էլ ոռոգման համար օգտագործում ենք Դեբեդ գետի ջուրը, որի մեջ թափվում են ոչ միայն Ալավերդու, Ախթալայի, հիմա էլ Թեղուտի գործարանների պոչամբարների թափոնները, այլև կոյուղաջրերը: Ոռոգման ջրի միջոցով աղտոտվում են նաև հողերը, այնտեղից էլ` մշակովի պտուղ-բանջարեղենը, իսկ բնակչության առողջական վիճակի մասին տվյալներ ոչ ոք չի հրապարակում, դա գաղտնիք է: Մեր այգիները վարակվում են զանազան հիվանդություններով: Խմելու ջուրը դեռ ոչինչ, Ստեփանավանի ջուրն է, հարմարվել ենք»,- մտորում է բնակիչը:


Հայաստանի երկաթուղային դարպաս համարվող Այրումի կայարանի տեխնիկական հնարավորությունները նվազել են, այն այլևս նախկին ծանրաբեռնվածությամբ չի աշխատում, թեև Այրումի մի քանի ընտանիքի ապահովում է աշխատատեղով:
Հայաստանը դրսի հետ կապող միակ օղակը Այրումի կայարանամերձ կամուրջն է, որն արդեն փլուզման եզրին է: Այն սպառնալիք է ոչ միայն այրումցիների, այլև ողջ հանրապետության համար: Արայիկ Պարանյանի փոխանցմամբ, Այրումի զարգացման ծրագրում ներառված է նաև Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածի վերանորոգումը, իսկ քանի որ հին կամուրջը խիստ վթարային է, ուստի Բագրատաշենի մաքսատան տարածքում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների փոխհամաձայնությամբ և համատեղ ուժերով կկառուցվի նոր կամուրջ:

ՄԵԶ ՄՈՏ ԲԱՑԱՐՁԱԿ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ Է, ՆՐԱՆՑ ՁԱՅՆԵՐԻՆ ԲՌՆԱՑՈՂ ՉԿԱ
Ազգային ժողովի ընտրությունների միջոցով երկրի կառավարման համակարգի փոփոխությունը այրումցիներին այնքան էլ չի հետաքրքրում: «Մինչև հիմա չհասկացան, որ ժողովրդի համար մեկ է, թե երկիրը ով կկառավարի, կարևորը՝ գործ արվի, ժողովրդի մատից փուշ հանող լինի, ինձ ի՞նչ, թե էդ աթոռին Պողոսն ա՞ նստած, թե՞ Պետրոսը: Խաղաղություն լինի, իմ երեխեքն իմ կողքին լինեն, երեխեքս ու թոռներս, բարեկամս ու հարևանս կուշտ լինեն, աշխատանք լինի, այ, էն ժամանակ նախագահի կենացը կխմեմ»,- ասում է 68-ամյա Թորոսը:
Շատերի համոզմամբ, պետությունն իրենց տեղը մոռացել է, միայն ընտրությունից ընտրություն է հիշում: Կուսակցությունների քարոզարշավը սկսվել է, միմյանց չեն զիջում լուսավոր, հզոր ու բարեկեցիկ երկիր ստեղծելու խոստումներով: Բնակիչների փոխանցմամբ` դեռ որևէ կուսակցություն ընտրակաշառք չի առաջարկել, քվեների առևտուր դեռ չկա, ասում են, դեռ վաղ է, ամսվա վերջին կպարզվի: Ոմանք դեմ չեն ընտրակաշառքին, արդարանալով, թե դրանք իրենց փողերն են, սակայն համատարած անվստահության մթնոլորտ է, «մեկ ա, իշխանությունն իր արածն անելու ա»:


«68 տարեկան հիվանդ կին եմ, դեղերը գրպանումս գնում եմ անտառի խորքը, որ մասուր, հոն ու մոշ հավաքեմ, բերեմ վաճառեմ, որ մի բանով էլ ես օգնեմ որդուս ընտանիքին: Աշխատատեղ չկա, թոշակն էլ չնչին ա: Հիմա էս քարոզողները եկել սարեր են խոստանում, ամեն մեկը համոզում ու հասկացնում ա, վերջում էլ կպարտադրեն, որ իրեն ընտրենք, բայց ընտրվելուց հետո Աստծուն էլ ա մոռանում, մեզ էլ»,- ասում է այրումցի մի կին:


Այրում համայնքի ղեկավարն այդ կարծիքին չէ:
-Դեռ քարոզարշավը նոր է սկսվել, յուրաքանչյուր կուսակցություն իր ծրագիրը կներկայացնի, իսկ ժողովուրդն իր ձայնը կտա նրան, ում ցանկանում է: Որևէ կուսակցություն այստեղ հեգեմոն չէ: Մեզ մոտ բացարձակ դեմոկրատիա է, նրանց ձայներին բռնացող չկա,- մեր զրույցի վերջում ասաց Արայիկ Պարանյանը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ