Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Կյանքը` երաժշտության մեջ, երաժշտությունը` կյանքի»

«Կյանքը` երաժշտության մեջ,  երաժշտությունը` կյանքի»
17.03.2017 | 01:54

Մալթայի Հանրապետության մայրաքաղաք Վալետայում անցկացվող դաշնակահարների միջազգային 5-րդ «Valletta International PIANO Competition 2017» մրցույթում ԱՐՄԵՆ-ԼԵՎՈՆ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ արժանացել է պատվավոր առաջին մրցանակի և գավաթի, որը, ի դեպ, վերջին չորս ամսում դաշնակահարի երկրորդ հաղթանակն է: 2016-ի հոկտեմբերին մեր հայրենակիցը նվաճել էր առաջին մրցանակ և գավաթ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կայացած 9-րդ «Concours International de Piano Nice CՒte d՚Azur» դաշնակահարների միջազգային մրցույթում: Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի սանը (պրոֆեսոր Շուշանիկ Բաբայանի դասարան) և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի շրջանավարտը (պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարան) այժմ ուսումը շարունակում է Բելգիայի Լիեժի Թագավորական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Էթիեն Ռապպեի և Ֆրանսուա Տիրիի դասարաններում)` համատեղելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի հետ (պրոֆեսոր Ս. Սարաջյանի դասարան): Զբաղվում է նաև համերգային գործունեությամբ։ Բելգիայում անցկացվող «Վիտրաժ» երաժշտական փառատոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է: Հայաստանը բազմիցս ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է»


-Մասնակցել եք մեծ թվով միջազգային և հանրապետական մրցույթների, արժանացել դափնիների, մեդալների: Ինչո՞վ էր առանձնանում Վալետայում անցկացվող մրցույթը:
-Հանձնախմբում կային դաշնակահարներ աշխարհի ավելի քան քսան երկրից: Մրցույթին մասնակցում էին դաշնամուրային տարբեր դպրոցների պրոֆեսիոնալ ներկայացուցիչներ: Մրցակցությունը բավական բարդ էր: Երևի թե դրանով էր առանձնանում մրցույթը:
-Ի՞նչ ծրագրով եք հանդես եկել:
-Մրցույթը բաղկացած էր երկու փուլից: Առաջին փուլում պետք է ներկայացվեին բազմաոճ և տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործություններ: Կատարել եմ Արամ Խաչատրյանից սկսած մինչև ռուսական, արևմտաեվրոպական և բելգիական ժամանակակից երաժշտություն: Եզրափակիչ համերգի ծրագիրն ազատ էր, մասնակիցները կատարում էին երաժշտություն` իրենց ընտրությամբ: Այդ համերգին հանդիսատեսը մեծ թիվ է կազմում. մարդիկ գալիս են լսելու մրցանակակիրներին: Եվ ես նախընտրեցի մեկ անգամ ևս Խաչատրյան կատարել` մատուցելով համաշխարհային համբավ ունեցող կոմպոզիտորի ստեղծագործությունը:
-Ի՞նչ է ենթադրում հաղթանակն այս մրցույթում: Ձեզ համար ի՞նչն էր ամենակարևորը:
-Մի շատ կարևոր հանգամանք. հնարավորություն է ընձեռվել սկավառակ ձայնագրելու: Դա լինելու է իմ առաջին սկավառակը: Ձայնագրությունները կսկսվեն այս տարվա հոկտեմբերին: Թողարկվելու է 2018-ի փետրվարին: Անպայման ընդգրկելու եմ հայ կոմպոզիտորի դաշնամուրային ստեղծագործություն: Առայժմ չեմ կարող անուններ նշել: Ասեմ միայն, որ դա լինելու է հայերի համար սիրված ստեղծագործություն, օտարերկրացիների համար` նորություն:
-Որքան հասկանում եմ, Ձեր համերգացանկում անպայման տեղ ունեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
-Թե՛ մենահամերգների ժամանակ, թե՛ համերգներին, որոնց մասնակցում եմ, կարծում եմ, հայկական երաժշտությունը ներկայացնելը պարտադիր է: Գրեթե միշտ եվրոպական և ռուսական երաժշտության կողքին կատարում եմ նաև հայկական երաժշտություն:
-Իսկ ինչպե՞ս են ընկալվում դրանք դրսում, տեղ գտնո՞ւմ են օտարերկրյա երաժիշտների համերգացանկում:
-Երկու օրինակ բերեմ: Անցյալ տարի Գերմանիայում համերգի ժամանակ կատարեցի Առնո Բաբաջանյան և Արամ Խաչատրյան: Համերգի ավարտին ինձ մոտեցան երաժիշտներ և խնդրեցին նոտաները: Դա այն պահն է, երբ զգում ես քո արածի արդյունքը: Երկրորդ օրինակը. 2016-ից Բրյուսելում անցկացվում է իմ հիմնադրած «Վիտրաժ» փառատոնը` Բելգիայում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ: Փառատոնի մասնակցության նախապայմաններից է, որ մասնակիցները, անկախ նրանից, թե ինչ ազգության են, պետք է ներկայացնեն մեկ հայկական և մեկ ռուսական գործ: Համերգներից մեկի ժամանակ, որ տեղի ունեցավ «Ռուսական տանը», ռուսական երաժշտությունից հետո հնչեց հայկական երաժշտություն, որը ջերմությամբ ընդունեց նաև ռուս հանդիսատեսը: Կարծում եմ` սա խոսում է այն մասին, որ հայկական երաժշտարվեստը շատ հետաքրքիր է օտարերկրացիների համար:

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՄԸ ՇԱՏ ՀԱՐԱԶԱՏ Է»


-Արմեն, կա՞ էական տարբերություն` հայաստանյա՞ն բեմում եք, թե՞ արտերկրի: Զգացողություններն ինչպիսի՞ն են:
-Իհարկե, ես ծնվել և ապրել եմ Հայաստանում: Հայաստանյան բեմը շատ հարազատ է: Ի վերջո, հանդիսատեսի մեջ կան մարդիկ, որոնց շատ ես սիրում ու գիտես, որ նրանք էլ քեզ են շատ ջերմ վերաբերվում: Այլ հարց է, որ Եվրոպան գործունեության իմաստով ավելի հարմարավետ է, երաժշտի համար հնարավորությունները շատ են: Դասական երաժշտության պահանջարկը անհամեմատ մեծ է, համերգներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, անկախ նրանից` ուսանողական համերգ է, թե պրոֆեսիոնալ: Բայց, կրկնում եմ, հայաստանյան բեմում շատ ավելի հարազատորեն եմ ներկայանում:
-Դաշնակահարի հաջողության համար ի՞նչն է ամենից ավելի կարևոր` համերգացա՞նկը, բեմական հմա՞յքը, թե՞ լավ տեխնիկան ու պրոֆեսիոնալիզմը:
-Բոլորը, միայն տեխնիկայով կամ միայն երաժշտականությամբ արդյունքի չես հասնի: Իհարկե, միշտ էլ բաղադրիչներից մեկն ավելի է գերակշռում: Կարևորը ճիշտ մտածելակերպն է: Պետք է գիտակցես քո արած գործի կարևորությունն ու ներկայանաս լավագույնս: Կարծում եմ` բոլոր ասպարեզներում է այդպես:
-ՈՒշադրություն դարձրե՞լ եք, թե ինչպես են հայկական երաժշտությունը կատարում այլազգի երաժիշտները: Մատուցումը, հոգին ա՞յլ են:
-Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները մեր հայ երաժիշտների կատարմամբ շատ եմ հավանում, շատ հայեցի են, բայց եթե լսեք, թե ինչպես է Կոմիտաս հնչեցնում ռուս հայտնի դաշնակահար Գրիգորի Սոկոլովը, կթվա, թե ամբողջ կյանքն ապրել է Հայաստանում: Նա լավ տեղյակ է հայկական պատմությանը, ծանոթ է Կոմիտասի կյանքին և ստեղծագործություններին: Իսկ առհասարակ, երաժշտությունը ազգություն չունի, թարգմանություն չի պահանջում: Երաժիշտը հնչյունների միջոցով ունկնդրին է փոխանցում այն, ինչ զգում ու ապրում է այդ պահին:
-Քաղաքական, ազգային խնդիրների բախվո՞ւմ եք արտերկրում` կապված հայ-թուրքական հարաբերությունների, հայ-ադրբեջանական հակամարտության հետ:
-Եվրոպայում մենք խուսափում ենք այն ամենից, ինչ թուրքական է` սկսած թուրքական հագուստից: Պատասխանելով Ձեր հարցին` բախվո՞ւմ ենք քաղաքական խնդիրների, թե՞ ոչ, ասեմ, որ ավելի շատ փորձում ենք ձայն բարձրացնել երաժշտության միջոցով ու հնարավորինս նպաստ բերել մեր երկրին: Իբրև օրինակ` ապրիլյան պատերազմի օրերին Բելգիայում մի քանի երաժիշտներով կազմակերպեցինք բարեգործական համերգ-դրամահավաք: Հայ համայնքի գրեթե բոլոր ներկայացուցիչները մասնակցեցին դրամահավաքին: Մեր սպասածից անհամեմատ ավելի շատ գումար հավաքվեց, ինչը տրամադրեցինք հայ զինվորների ընտանիքներին:

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉՆ ԱՌԿԱ Է ԿՅԱՆՔՈՒՄ»


-Ինչո՞ւ Արմեն-Լևոն:
-Երկու պապիկներիս անուններն են: Ծնողներս են այդպես որոշել: Եկեղեցում Արմեն անունով եմ կնքվել, անձնագրով Լևոն եմ: Հիմնականում Արմեն են դիմում, ու ես պատվով եմ այն կրում: Պապս` դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մինասյանը, հայտնի մանկական վիրաբույժ էր, փրկել է հարյուրավոր կյանքեր: Երկար տարիներ ղեկավարել է Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի մանկական վիրաբուժության բաժանմունքը:
-Գիտեմ, որ Միսաք Մեծարենցի հետ նույնպես ազգակցական կապ ունեք:
-Այո, մայրիկիս տատիկը Միսաք Մեծարենցի հորեղբոր դուստրն է եղել:
-Ի՞նչ եք կարծում` երաժշտության մեջ պոեզիա կա՞:
-Անշուշտ: Երաժշտության մեջ կա նաև նկարչության որոշ չափաբաժին: Դասախոսներիցս մեկը տպավորիչ համեմատություն էր անում. երաժշտութան մեջ, երբ ֆորտեից միանգամից անցնում ես դեպի պիանո, ասում էր` պատկերացրեք, որ կարմիրը փոխվում է կապույտի, տարբերությունը պետք է զգացվի: Երաժշտության մեջ կան գույն, պոեզիա, երաժշտության մեջ կա նաև մաթեմատիկա, կա այն ամենը, ինչն առկա է կյանքում: Կյանքը` երաժշտության մեջ, երաժշտությունը կյանքի մեջ է:
-Առաջիկա ծրագրերի մասին ի՞նչ կասեք:
-Բելգիայի «Հայ տանը» կանանց տոնին նվիրված համերգ է լինելու: Հնչելու են դասական գործեր, արգենտինական տանգո, ջազ: Համատեղ հանդես կգանք Ֆրանսիայից ժամանած սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանի հետ: Կան նաև այլ համերգների և փառատոների հրավերներ: Սպասվում է նաև «Merci, Maestro!» դաշնակահարների միջազգային մրցույթ Բելգիայում, որտեղ ես կլինեմ հանձնախմբի կազմում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ