«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արսեն Գրիգորյան. Որպես վիրաբուժական դեպք, Արթուր Սարգսյանի մահը կանխատեսելի էր

Արսեն Գրիգորյան. Որպես վիրաբուժական դեպք, Արթուր Սարգսյանի մահը կանխատեսելի էր
18.03.2017 | 01:09

«Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առիթով։


Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասել է, որ քրեական գործը հարուցվել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով: 49-ամյա Արթուր Սարգսյանի եղբայրը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։ Մահվան պատճառները պարզելու համար փորձաքննություն է նշանակվել, որոշում է կայացվել ներգրավել միջազգային փորձագետների: Մինչ քննությունը կպարզի, թե ինչու մահացավ «Հաց բերողը», «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանն ասել է՝ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել վիրահատությունից ժամեր անց՝ սրտանոթային անբավարարության հետևանքով։ Բժիշկներն արել են հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար. «Ինքը ուներ ճողվածք, բարդացավ օղակումով, օղակումը բերեց անանցանելիության, զարգացավ պերիտոնիտ: Պերիտոնիտը արդեն բերում է հարաբերական անդարձելի փոփոխությունների»:


Արսեն Գրիգորյանը պատմեց, որ ճողվածքը Արթուր Սարգսյանի մոտ հայտնաբերվել էր տասն օր առաջ, երբ նա դատապարտյալների հիվանդանոցից շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր իրենց բժշկական կենտրոն։ Նրան այդ ժամանակ էին առաջարկել վիրահատություն կատարել, բայց նա հրաժարվել էր՝ գրավոր տեղեկացնելով, սակայն պատճառը չէր նշել։ Մարտի 6-ից հիվանդանոց տեղափոխված Սարգսյանը մարտի 10-ին ինքնակամ լքել էր հիվանդանոցը։


«Տանը, ըստ իր և ուղեկցողների խոսքերի, մոտ մեկ օրվա հիվանդության պատմություն ուներ ինքը: Օղակումը, ըստ երևույթին, մեկ օր առաջ էր տեղի ունեցել, իսկ սուր վիրաբուժական պաթոլոգիաների ժամանակ ժամանակը շատ մեծ կարևորություն ունի: Ընդհանրապես ամբողջ աշխարհում ընդունված է առաջին ժամվա կանոնը»,- փոխանցեց վիրաբույժը: Մարտի 15-ին Արթուր Սարգսյանը կրկին տեղափոխվել էր հիվանդանոց։ Անմիջապես վիրահատություն էր կատարվել, որի արդյունքում, ըստ վիրաբույժ Գրիգորյանի, պարզվել էր, որ պորտի օղակաձև ճողվածքի հետևանքով զարգացել է մեկ այլ հիվանդություն, որն արդեն թունավորել էր օրգանիզմը. «Որպես վիրաբուժական դեպք, մեզ համար սա կանխատեսելի էր: Որովհետև մենք, եթե ընդունում ենք հիվանդ, որը ունի օղակված ճողվածք, մենք նախավիրահատական հիմնավորման ժամանակ հարազատներին և հիվանդին բացատրում ենք նրա շանսերը: Մենք ասում ենք, որ ըստ վիճակագրության, կա այսքան տոկոս մահացություն, որովհետև արդեն դուք դիմել եք բարդությունների փուլում: Բայց ինչն էր բերել Արթուր Սարգսյանի մոտ այս վիճակի, դա չեմ կարող ասել: Ասեմ, որ եթե առաջին հոսպիտալացման ժամանակ նա չհրաժարվեր վիրահատությունից, միանշանակ տասը օր հետո նրա մոտ չէր զարգանա այն նույն ճողվածքի օղակումը»:


Ինչպես պնդում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով բժշկական տնօրենը, բժշկական պրակտիկայում օղակված ճողվածքների դեպքում մահացությունը բարձր է՝ 10 տոկոս, իսկ Արթուր Սարգսյանի մոտ, հաշվի առնելով նրա մյուս լուրջ հիվանդությունները, հավանականությունն ավելի բարձր էր. «Եթե մենք հասցնում ենք օգնություն ցույց տալ շատ շուտ, փրկվելու հավանականությունը շատ մեծ է: Հաշվի առնելով իր ուղեկցող հիվանդությունները, հյուծումը, մենք կարող ենք ասել, որ հիվանդության ախտաբանական զարգացումը արագ էր տեղի ունեցել, և մեկ օրվա ընթացքում բերել էր հարաբերական անդարձելի փոփոխությունների»:


Հարցին, թե ինչ ազդեցություն կարող էր թողնել 25 օր տևած հացադուլն ու բուժումից հրաժարվելը, վիրաբույժն արձագանքեց. «Միանշանակ ասել հնարավոր չէ, սակայն բացառել էլ չի կարելի: Կոնկրետ երկրորդ հոսպիտալացման ժամանակ նրա սպիտակուցները շատ ցածր են եղել: Դրա պատճառը կարող էր լինել դրան նախորդող հացադուլը, բայց կարող էր նաև հենց նույն պերիտոնիտը լինել պատճառը»:

Դիտվել է՝ 2040

Մեկնաբանություններ