Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նավթագազային պատերազմնե՞ր, թե՞ խաղաղություն

Նավթագազային պատերազմնե՞ր,  թե՞ խաղաղություն
21.03.2017 | 01:03

Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) կանխատեսում է նավթի դեֆիցիտ և մատակարարումների խափանումներ երեք տարի հետո, քանի որ նավթի գնանկումից հետո նավթ արդյունահանող երկրները դադարել են ներդրումներ անել նավթի արդյունահանման մեջ՝ գրում է Die Welt-ում Դանիել Վետցելը: Ի հետևանս՝ կթանկանան բենզինն ու դիզվառելիքը՝ նշվում է նավթի գլոբալ շուկայի համար ՄԷԳ-ի հնգամյա կանխատեսման մեջ: «Հիմա պայմանները շուկայում միանգամայն այլ են, քան մեկ տարի առաջ է»՝ ասել է ՄԷԳ-ի տնօրեն Ֆատիխ Բիրոլը՝ նկատի ունենալով ՕՊԵԿ-ի պետությունների ռազմավարության վերջին փոփոխությունները: Երկար ժամանակ նավթային կարտելը շեշտը դնում էր նավթի առավելագույն ծավալներով արդյունահանման վրա, որպեսզի թույլ չտա շուկա մտնել թերթաքարային նավթի ԱՄՆ արդյունաբերողներին, հետևանքը դարձավ մեկ բարել նավթի գնանկումը 30 դոլարից էլ ներքև: Բայց անցյալ տարի ՕՊԵԿ-ը և 13 երկրներ, որ կազմակերպության անդամ չեն, որոշեցին սահմանափակել նավթի արդյունահանման ծավալները, և արդյունքում նավթի գինը բարձրացավ մինչև 55 դոլար: ՄԷԳ-ում վստահ են, որ շուտով նավթի գնաճը կշարունակվի՝ էժան նավթի փուլը միշտ հանգեցնում է որոշակի հետևանքների, որ հայտնվում են երեք-չորս տարի անց:

Վերջին տարիներին նավթ արդյունահանող երկրները գործնականում նոր նավթային նախագծերի մեջ ներդրումներ չեն արել, այդ պատճառով հասկանալի չէ, թե ինչպես կարող են բավարարել աճող պահանջարկը:
«Առաջիկա երեք տարիներին շուկայում նավթը կբավարարի, բայց հետո առաջարկը էականորեն կկրճատվի: Միտումները վկայում են, որ նավթի դեֆիցիտի գագաթնակետը կլինի 2022-ին, երբ արդյունահանման հզորությունները կհասնեն իրենց բացարձակ նվազագույնին վերջին 14 տարիներին»՝ նշվում է առաջիկա հինգ տարիների համար ՄԷԳ-ի կանխատեսումների մեջ: Արդեն 2019-ին աշխարհը կանցնի «մոգական շեմը»՝ օրական 100 միլիոն բարել, և 2022-ին մարդկությունը կօգտագործի օրական 104 միլիոն բարել, պահանջարկը կաճի գերազանցապես Ասիայում՝ Չինաստանում ու Հնդկաստանում: Արդյունքում՝ 2020-ից հետո, եթե հիմա նոր նախագծերի որոշումներ չընդունվեն, «նավթի առաջարկը չի համապատասխանի պահանջարկին»՝ արձանագրում են ՄԷԳ-ի փորձագետները: Իհարկե, ԱՄՆ-ը, ՕՊԵԿ-ի մի քանի անդամներ՝ Իրանը, Իրաքը, ԱՄԷ-ն, կմեծացնեն արդյունահանման ծավալները, բայց դա չի բավարարի գինը ներկա մակարդակին պահելու համար, առավել ևս որ Ռուսաստանը լավագույն դեպքում կպահպանի ներկա ծավալները, իսկ Նիգերիան, Ալժիրը և Վենեսուելան, ինչպես սպասվում է, կկրճատեն արդյունահանումը:


Տեղեկատվությունը, միանշանակ, ինտրիգային է և եթե համապատասխանում է իրականությանը, ու ՄԷԳ-ի փորձագիտական գնահատականները համարժեք են, համաշխարհային քաղաքականության մեջ կարող են նոր գլոբալ փոփոխություններ լինել: Աշխարհին թողնենք իր խնդիրները, անդրադառնանք մեր տարածաշրջանին, որտեղ նավթի ու գազի ամենամեծ պաշարներն ունի Իրանը: Պատժամիջոցների վերացումից հետո Իրանի տնտեսությունը մեծ ներդրումների կարիք ունի՝ տնտեսական հզորությունները զարգացնելու համար: Երեք տարին այդ ուղղությամբ կարող է բավարար ժամանակ դառնալ, որպեսզի Թեհրանը կարողանա նորացնել իր նավթագազային արդյունաբերությունը, նոր պայմանագրեր կնքել և մեծացնել էներգակիրների արդյունահանումն ու վաճառքը; Եվ քանի որ քաղաքականությունն ու տնտեսությունը սերտ կապված են միմյանց, դա կարող է Իրանին տարածաշրջանում լրացուցիչ ազդեցություն ապահովել՝ քաղաքական, ռազմական, տնտեսական ներգործությունը հզորացնելու առումով: Նավթի խոշոր պաշարներ ունեցող Սաուդյան Արաբիան, որ հարկադրված էր կրճատել նավթի արդյունահանման ծավալները, որովհետև տնտեսությունը մեծ վնասներ էր կրում համաշխարհային շուկայում նավթի ցածր գնի պատճառով, միանշանակ կվերականգնի նախկին ծավալները: Նույնը կփորձի անել հարևան Ադրբեջանը, որտեղ նավթի գնի անկումը հանգեցրել է մանաթի աննախադեպ գնանկման և բանկերի փակման, սոցիալական վիճակի կտրուկ վատթարացման:

Գործնականում ևս երեք տարի նավթի ներկա գների պահպանության կանխատեսումը ամենածանր հարվածն է, որ Իլհամ Ալիևը մղձավանջային երազում կարող էր տեսնել, հարված, որից չի փրկի անգամ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևա-Փաշաևան: Սա գործնականում նշանակում է, որ ռազմական ծախսերի պահպանման դեպքում, Ադրբեջանի տնտեսությունը կարող է գնալ դեֆոլտի, իսկ դա Իլհամ Ալիևի իշխանությունը կասկածի տակ է դնում, անգամ եթե Էրդողանը սկսի պահել «երկու պետություն, մեկ ժողովրդի» ժողովրդին: Այս կանխատեսումը Իլհամ Ալիևին մղելու է սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ՝ էներգետիկ ծրագրերը առաջ մղելու ու սպառման նոր շուկաներ գտնելու համար, իսկ դա իր հերթին բերելու է Ռուսաստանի հետ մրցակցության: Ի՞նչ դիրքորոշում կունենա Բրյուսելը, դժվար է ասել՝ Ռուսաստան-Արևմուտք ներկա հարաբերությունների պարագայում Բրյուսելը, որ ցանկանում է ռուսական գազին այլընտրանք գտնել, թերևս, փորձի Բաքվի հետ ինչ-որ ծրագրեր անել՝ ունենալով իրանական գազի տարբերակը: Գործնականում, ինչպես միշտ, հարցը լուծելու են քաղաքական նպատակահարմարությունը և ենթակառուցվածքները՝ գազն ու նավթը ինքնին չեն հատում տարածությունը, խողովակաշարեր են պետք: Գործող խողովակաշարերն այդ հնարավորությունը չեն տալիս և ապահովում են «Գազպրոմի» միանշանակ առավելությունը, նախագծերը կյանքի կոչելու համար ֆինանսներ են պետք ու ժամանակ: Ինչպես միշտ՝ ֆինանսները խնդիր են, ժամանակ չկա: Կամ՝ համարյա չկա:
ՄԷԳ-ի կանխատեսման համաձայն սպառման շուկաները ընդարձակվելու են Հնդկաստանում ու Չինաստանում, դա շուկայում առավելություն կապահովի Ռուսաստանի ու Իրանի համար, որ քաղաքական խնդիրներ չունեն Հնդկաստանի ու Չինաստանի հետ և արդեն նավթագազային համաձայնագրեր ունեն: Բայց երկուսին էլ կարող է խանգարել նույն հանգամանքը՝ ընթացիկ ներդրումներ չանելը և նոր նախագծեր չունենալը:

Ընդհանրապես պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի համար այս տեղեկատվությունը բալասան է, որովհետև գոնե երեք տարի հետո հնարավորություն կտա վերականգնել եկամուտները, հավասարակշռել բյուջեի ծախսերն ու եկամուտները ու վերջապես դադարեցնել տնտեսական անկումը: Բայց այդ երեք տարին դեռ պետք է ձգել՝ հնարավորինս անկորուստ, պահպանելով տեղը էներգակիրների շուկայում ու նոր սպառողներ գտնել այն տարածաշրջաններում, որտեղ կան ենթակառուցվածքներ և մեծ ներդրումներ չեն պահանջվի: Այս շուկայում Ռուսաստանը մշտապես մրցակից է ունենալու Իրանին, որ գերադասելի մեկնարկային դիրքեր ունի՝ հաշվի առնելով սպառման շուկաների ասիական ծավալները՝ եվրոպականի համեմատությամբ: Իրաքը ևս կփորձի վերականգնել էներգակիրների վաճառքից ստացվող հասույթները՝ վերականգնելու համար քաղաքացիական պատերազմներից ու ահաբեկչությունից ավերված տնտեսությունը: Բախտը կարող է ժպտալ բոլորին, եթե կարողանան շուկայում գտնել իրենց սպառողին և իրենց հարմար պայմանները: Ի վերջո, հարցին կարող է խառնվել և ԱՄՆ-ը՝ առաջ մղելով իր թերթաքարային էներգակիրները, իսկ դա փոխում է խաղի տրամաբանությունն ու գնային քաղաքականությունը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՎԿ նախագահ Արթուր Բաղադասարյանը հայտարարում է, որ էներգակիրներ կան և Հայաստանի ընդերքում: Դա, իհարկե, հեռանկարային պնդում է, բայց ավելի շատ նախընտրական բլեֆի է նման: Հայաստանը նավթ ու գազ չունի, և ուրեմն էներգակիրների ներմուծումը շարունակելու է մնալ մեզ համար տնտեսական զարգացման կարևորագույն պայման՝ կամ արգելակ, կամ խթան: Նայած՝ ինչ գին և ինչ ծագում կունենան Հայաստան մտնող էներգակիրները, առայժմ «Գազպրոմի» գազով ապրող Հայաստանը ավելի շատ արգելակման ռեժիմով է ապրում և ակնհայտ է, որ ռուսական մենաշնորհային դիրքը Հայաստանում պետք է հավասարակշռել այլընտրանքային գազով հարևան Իրանից: Բայց այս ամբողջ պատմությունը, տնտեսականից բացի, մեզ համար ունի նաև ռազմական կարևոր նշանակություն: Նավթի գնանկումը կաթվածահարել է Ադրբեջանի տնտեսությունը, իսկ գների բարձրացումը թույլ է տալու մեծացնել նավթադոլարների ծավալները, հետևաբար ավելի ռազմատենչ ու ռազմունակ է դարձնելու Բաքվին: Սա հանգամանք է, որ մենք պարտավոր ենք հաշվարկել այսօրվանից: Եվ, այնուամենայնիվ, կա ևս մեկ գործոն, որ համաշխարհային նշանակություն ունի ու ներկա է նաև մեր իրականության մեջ՝ նոր տեխնոլոգիաները: Մարդկությունը միշտ չէ, որ էներգակիր է ունեցել նավթն ու գազը: Դեռ անցյալ դարից հաջողությամբ գործարկվում է ատոմային էներգիան: Չի բացառվում, որ արագ ու արդյունավետ զարգացող գիտությունն ու տեխնիկան հայտնագործեն նավթին ու գազին համարժեք նոր փոխարինող, որը ասպարեզից դուրս կմղի բազում պատերազմների ու երերուն խաղաղության հիմքում գտնվող սև ու երկնագույն ոսկիները: Համենայն դեպս՝ ներկրումային կախվածությունից հիմա ազատվելու համար մեզ պետք է նոր ատոմակայան, որի կառուցումը խիստ վիրտուալ է թվում միայն ներկա բյուջեի ու ներկա քաղաքականության պատճառով: Իսկ դա ոչ անհնար է, ոչ էլ անիրական:


Տարիներ առաջ և Ֆրանսիան, և Չինաստանը պատրաստակամություն էին հայտնել Հայաստանում նոր ատոմակայան կառուցել, բայց խառնվեց Ռուսաստանը, և պարզվեց, որ Մեծամորը աշխարհի միակ ատոմակայանն է, որ կարող է հավերժ աշխատել՝ ռուսական տեխնոլոգիայով ու հումքով:

Դիտվել է՝ 2657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ