Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թուրքերը պետք է անհանգստանան Իրանի «անսպառ» համբերությամբ

Թուրքերը պետք է անհանգստանան  Իրանի «անսպառ» համբերությամբ
21.03.2017 | 01:10

(սկիզբը՝ այստեղ)

Հիմա տեղափոխվենք Նովոռուսիա: Բանդերականների աննախադեպ կուտակում է տեղի ունենում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) սահմաններին: Փետրվարի լույս 25-ի գիշերը (ճիշտ և ճիշտ, ինչպես Արցախում) բանդերական կողմը, ի խախտումն բոլոր պայմանավորվածությունների և իր ստանձնած պարտավորությունների, գրավեց Դոնեցկի մաքրման կայանի (ԴՄԿ) օբյեկտները, նպատակ ունենալով դրա տարածքից սադրիչ կրակ բացել ԴԺՀ զինված ուժերի դիրքերի վրա: Հաղորդվում է, որ ուկրաինական կողմը այդ շրջանից կիրառել է ականանետներ և խոշոր տրամաչափի գնդացիրներ: Ընդ որում, կրակը կայանի շինություններից բացվել է ոչ միայն ԴԺՀ ԶՈՒ դիրքերի, այլև Յասինովատայա և Սպարտակ բնակավայրերի բնակելի թաղամասերի վրա: Զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում: «Իմանալով, որ մեր ստորաբաժանումները հավատարիմ են Մինսկի պայմանավորվածություններին և կրակ չեն բացում կենսապահովման օբյեկտների վրա, հակառակորդն զգացել է իր լիակատար անպատժելիությունը:

Պարզվել է, որ ԴՄԿ-ն գրավել են ՈՒկրաինայի արմատական ազգայնական ստորաբաժանումների զինյալները, որոնք, «Ազով» գնդի նախկին հրամանատար Ա. Բիլեցկու երեկվա հայտարարությունից հետո, լիովին դուրս են մնացել ՈՒկրաինայի թույլ նախագահի վերահսկողությունից և մարտական գործողությունների նոր ալիք են սանձազերծում Դոնբասում: Կարելի է հետևություն անել, որ ներկայումս ուկրաինական իշխանությունները չեն վերահսկում իրադրությունը և ի վիճակի չեն ապահովելու ՈՒկրաինայի քաղաքացիների անվտանգությունը»,- հաղորդել է ԴԺՀ ԶՈՒ մամուլի ծառայությունը: Դոնեցկում աշխարհի առաջնորդներին կոչ են արել վճռականորեն դատապարտել Պորոշենկոյի վարչակազմը և ՈՒկրաինայի նախագահին ստիպել կարգուկանոն հաստատել իր բանակի շարքերում. ազգայնամոլների ստորաբաժանումները դուրս բերել հակաահաբեկչական գործողությունների գոտուց, կատարելով 2016 թ. մարտի 15-ի գրավոր երաշխիքները: ԴՄԿ-ն մինչև օրս գտնվում էր, այսպես կոչված, «գորշ գոտում», այսինքն, չէր վերահսկվում ո՛չ ԴԺՀ ԶՈՒ-ի, ո՛չ էլ ՈՒկրաինայի ԶՈՒ-ի կողմից: Ընդ որում, ուկրաինական կողմը կանոնավոր փորձեր է անում վերահսկողություն սահմանելու չեզոք տարածքների նկատմամբ, ինչի հետ էր, մասնավորապես, կապված Դոնբասում ռազմական իրադրության սրումը: Ես դեռ չեմ խոսում ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն ջրից, էլեկտրաէներգիայի աղբյուրներից զրկելու փորձերի մասին: Լուգանսկի տարածաշրջանում ուկրաինացի պատժիչները 11 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Գնդակոծվել են ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի (ԺՄ) դիրքերը Սմելոյե, Նիժնեե Լոզովոյե, Կալինովկա և Կալինովո բնակավայրերի շրջաններում: ՈՒկրաինական ստորաբաժանումները գործադրել են տանկեր, 120 մմ ականանետներ, ՀՄՄ-ներ, նռնականետներ ու հրազեն: Ընդհանուր առմամբ ԼԺՀ-ի տարածքի վրա արձակվել են 360 արկ ու ական:

Բացի այդ, բանդերականները գնդակոծել են Պերվոմայսկի շրջանի Միխայլովկա ավանը, ինչի հետևանքով ավերվել են մասնավոր բնակելի տներ ու տնտեսական շինություններ: ԺՄ-ի դիրքերի ականակոծման հետևանքով Կալինովոյի շրջանում Լուգանսկի մեկ զինծառայող զոհվել է, մեկ ուրիշը՝ վիրավորվել: ՈՒկրաինական ուժայինները շարունակում են հետախուզական գործողությունները մարտական շփման գծի երկայնքով, կիրառելով անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ի խախտումն Մինսկի պայմանավորվածությունների: Պարզվել է, որ փետրվարի 23-ի գիշերը և 24-ի առավոտյան ԱԹՍ-ի արձակումն իրականացվել է ՈՒկրաինայի ԶՈՒ 14-րդ բրիգադի պատասխանատվության գոտուց: Հետախուզման նպատակը եղել է հրետանու և տանկերի կրակի ճշգրտումը:


Կա՞ն մարդիկ, որ կցանկանային կարծիք հայտնել, թե Արցախում, Սիրիայում և անգամ Նովոռուսիայում իրավիճակի սրումը իրար հետ կապված չեն ո՛չ ընդհանուր տրամաբանությամբ, ո՛չ սադրանքների ընդհանուր «պատվիրատուներով»: Բնական է, որ «պատվիրատուներն այն ուժերն են, որոնք 2016 թ. ապրիլին էլ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փորձի շրջանակներում ձգտում էին Իրանի ու Ռուսաստանի ուշադրությունը շեղել Սիրիայից ու Իրաքից, Մերձավոր Արևելքից: Վերևում մենք նշեցինք, որ Իրանի Մեջլիսի նախագահի միջազգային գործերի գծով հատուկ խորհրդական Ամիր-Աբդոլլահիյանը Պաղեստինի դիմադրության ուժերին աջակցող հասարակական և միջազգային կազմակերպությունները ներկայացնող պատվիրակությունների հետ Թեհրանում ունեցած հանդիպումների կուլիսներում կտրականապես հանդես է եկել հակաիսրայելական և հակաամերիկյան դիրքերից: Բայց խոսքը չէ՞ որ սոսկ պաղեստինյան խնդրով մտահոգ պատվիրակությունների ու կազմակերպությունների Իրան այցելելու մասին չէ: Խոսքն այն մասին է, որ փետրվարի 20-23-ին Թեհրանում տեղի էր ունենում «Ի պաշտպանություն պաղեստինյան ինթիֆադայի» հույժ ներկայացուցչական միջազգային 6-րդ խորհրդաժողովը: Իրավիճակն այնքան շիկացած էր, որ հենց այդ խորհրդաժողովի օրերին Թուրքիան, և այն էլ նախագահ Էրդողանի շուրթերով, Բահրեյնում Իրանին մեղադրեց «Իրաքում ու Սիրիայում իրանական ազգայնամոլության տարածման» մեջ: Ավելի մեծ անհեթեթություն պարզապես անհնար է մոգոնել, բայց, ըստ էության, հայտնի բան է, որ ամենաբարձրը «բռնեք գողին» գոռում է հենց ինքը գողը: Անկարացի «չափավոր իսլամիստը» հաստատ մոռացել է, որ իր երկրում ինքը տարածում է, օրինակ, հակահայկական և հակաքրդական ազգայնականություն, իսկ Սիրիայում (Իրաքում՝ նույնպես) հանգիստ պաշտպանում է թուրքական ազգայնականությունը, ահա արդեն քանի՜ տարի ջանալով կցմցել սիրիացի և իրաքցի թուրքերի, այսպես կոչված, թուրքոմանների կեղծ պետություններ:


Էրդողանից հետո աչքի ընկավ նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտարարելով, թե ինքը «կասկածներ ունի», որ «Իրանը մտադիր է ստեղծել երկու շիական պետություն. մեկը՝ Սիրիայում, մյուսը՝ Իրաքում», ինչը, նրա ասելով, «սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար»: Այս խոսքին համապատասխանաբար արձագանքեց Թեհրանը: Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հայտարարեց, թե «Իրանը խիստ համբերատար է վերաբերվում թուրք քաղգործիչների արարքներին ու հայտարարություններին, քանի որ հաշվի է առնում երկրի ներսում տիրող բարդ իրադրությունը: Թուրքիան հիմա գտնվում է քաոսային վիճակում և քաղաքական սխալների պատճառով չի կարողանում դուրս գալ հորձանուտից և իր անօգնական վիճակից ուշադրությունը շեղելու համար դիմում է նման հայտարարությունների»: Իսկ հետո Իրանի արտգործնախարարություն կանչվեց Թուրքիայի դեսպան Ռըզա Հաքան Թեքինը, որտեղ նրան բողոք հայտնեցին: Իրանական շշպռանքը բացահայտորեն դուր չեկավ թուրքերին. մինչև հիմա լռում են, թեև անհաջող կերպով փորձեցին արդարանալ, թե դժվար ժամանակներ են, Սիրիայի հարցով Ռուսաստանի ու Իրանի հետ եռակողմ ջանքերով են զբաղված: Իսկ Թեհրանը կոնկրետություն է պահանջում. դատարկ օդ կրակելուց առաջ հաշիվ տալ խոսքերին, ընդ որում, պատասխանատվություն է պահանջում անձամբ նախագահ Էրդողանից: NehrNews գործակալությունն ընդգծում է, որ Ղասեմին փետրվարի 20-ին մամուլի հետ հանդիպման ժամանակ ուղղակի ասաց. «Մենք հուսով ենք, որ Թուրքիայի քաղաքական գործիչները ավելի զգույշ ու խելամիտ կլինեն Իրանի Իսլամական Հանրապետության առնչությամբ իրենց հայտարարություններում: Թուրքիայի հարցում Իրանը դեռ համբերում է, սակայն համբերությունը սահման ունի»: Եվ սրանք սոսկ բառեր չեն: 2016 թ. ապրիլին Անկարային շարունակ դատափետում էին Իրանի շատ ավելի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, և Էրդողանը բառացիորեն «շնիկի նման վազ էր տալիս» մեկ Պուտինի հետևից, մեկ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի: Մի՞թե իսրայելական ծայրահեղականների հետ Թրամփի մի երկու համբույրն ու ԱՄՆ-ի գործող նախագահի հակաիրանական հայտարարություններն այնքան են ոգևորել Անկարային, որ այնտեղ առհասարակ, պատկերավոր ասած, «կորցրել են հոտառությունը»:


Մերձավոր Արևելքում խոշոր դերակատարների միջև մղվող «մարտավարական մարտերի» բարդ խճանկարն ավելի քան նկատելի է: ՈՒստի զարմանալի չէ, օրինակ, որ Թուրքիան հենց հիմա Վաշինգտոնին կոչ է անում Անկարայի կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմադիր խմբերը ներգրավել Էր-Ռաքքայից ԻՊ-ի զինյալներին դուրս մղելու համատեղ գործողության մեջ, որը, փաստորեն, ահաբեկչական խմբավորման մայրաքաղաքն է: Կարելի էր տեսնել թուրքական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարությունների մի յուրօրինակ շքահանդես, որոնք նորից ու նորից ԱՄՆ-ին հրապարակայնորեն կոչ էին անում դադարեցնել քրդերին ցուցաբերվող աջակցությունը և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) զրկել Էր-Ռաքքայի ազատագրման ռազմական գործողությանը մասնակցելու հնարավորությունից: YPG-ն ներգրավելու փոխարեն Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկում է վարժեցնել ու զինել «սիրիական աշխարհազորայիններին», որոնք թուրքական ուժերի հետ մեկտեղ Սիրիայի հյուսիսում մասնակցել են «Եփրատի վահան» գործողությանը, երբ մի քանի ամիս շարունակ Թուրքիան ջանում էր ազատագրել Ռաքքայից արևմուտք՝ թուրքական սահմանի մոտ ընկած տարածքները ԻՊ-ից և YPG-ից: Անկարան քրդական YPG-ն համարում է «ահաբեկչական խմբավորում և «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) ճյուղավորում: Եվ դա Անկարայի առաջին փորձը չէ 2017-ի փետրվարին: Սկիզբը փետրվարի 8-ին էր, երբ նախագահ Թրամփի հետ հեռախոսային խոսակցությունում Թուրքիայի նախագահ Էրդողանը առանձնահատուկ ընդգծեց, որ ԱՄՆ-ն էլ է PKK-ն դասում ահաբեկչական կազմակերպությունների շարքին: Թուրքական պաշտոնական անձանց հաղորդումների համաձայն, Էրդողանը ուշադրությունը սևեռել է այն բանի վրա, որ «ահաբեկչական կազմակերպության» հետ համագործակցությունը ամենալավ մտահղացումը չէ: Նա նաև նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի և սիրիացի քրդերի համագործակցության շարունակումը կարող է հանգեցնել «լուրջ հետևանքների»: Բայց հայտնի է նաև, որ սիրիացի քրդերի հարցում Թուրքիայի հետ համաձայն չէ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Իրանը:


Ներկայումս դժվար է կանխատեսել, թե արդյո՞ք Թրամփի վարչակազմը ավելի հաջողակ կլինի, քան նրա նախորդ Բարաք Օբամայի վարչակազմը Անկարայի ու սիրիացի քրդերի տարբեր ուղղության պահանջների հավասարակշռման գործում: Վաշինգտոնում հոռետեսորեն են գնահատում Անկարայի ընդունակությունը սիրիական «չափավոր» խմբավորումներից կազմելու բավականաչափ ռազմական ուժեր՝ Էր-Ռաքքայի վրա հարձակվելու համար: Առաջ, այսպես կոչված, «սիրիացի ապստամբները», որոնց հիմնական թշնամին Սիրիայի նախագահ Բաշար Ասադն է, մերժում էին Վաշինգտոնի փորձերը՝ համոզելու նրանց փոխել գերակայությունները և ջանքերն ուղղել ԻՊ-ի ոչնչացմանը: Թուրքական պաշտոնատար անձինք վերջին ժամանակներս վստահություն էին հայտնում, որ իրենց դիրքորոշումը պաշտպանություն կգտնի Վաշինգտոնում: Նրանք հույսեր են կապում եթե ոչ Պենտագոնի, ապա Սպիտակ տան հետ, որն ավելի լայն առումով ձգտում է բարելավել ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները: Եվ, ընդհանուր առմամբ, սպասվում է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Պենտագոնը նախագահ Թրամփի քննարկմանը կներկայացնի Սիրիայում ու Իրաքում ԻՊ-ի դեմ ուղղված պայքարի նոր ռազմավարությունը: Հասկանալի է, թե ինչու. ահաբեկիչների դեմ պայքարում նախաձեռնությունը Իրանի ու Ռուսաստանի ձեռքին է, ինչպես և Իրաքի ու Սիրիայի կառավարական ուժերի, ոչ թե ԱՄՆ-ի ու Թուրքիայի, ինչպես երազում էին Վաշինգտոնն ու Անկարան: Եվ իմանալով դա, թուրքերն առավելագույն ջանքերն են գործադրում. դե, քանի որ չհաջողվեց խաղից հանել Իրանին, ապա, ուրեմն, գոնե սիրիացի քրդերին պետք է մի ձևով չեզոքացնել: Իրենց հերթին, սիրիացի քրդերն էլ վստահ են, որ Պենտագոնը կշարունակի համագործակցությունը YPG-ի հետ: Այդ վստահությունն ամրապնդեց ԱՄՆ-ի սենատի զինված ուժերի կոմիտեի ղեկավար Ջոն Մակքեյնի գաղտնի այցը քրդական Այն էլ-Արաբ (Քոբանի) քաղաք, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում:


Իսկ այդ ժամանակ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվում են միջուկային վառելիքի համատեղ արտադրության շուրջ: Ռուսաստանը Թրամփին կոչ է անում կրակի հետ խաղ չանել և դուրս չգալ Թեհրանի հետ Միջուկային համաձայնագրից: Իսկ Իրանի իշխանությունները հերթական անգամ նախազգուշացնում են, որ եթե ԱՄՆ-ը դուրս գա Միջուկային համաձայնագրից, ապա Թեհրանն ամբողջ ծավալով կվերականգնի իր միջուկային ծրագիրը: Ի պատասխան, ԱՄՆ-ը ՄԱԿ-ում նախաձեռնում է «Սիրիայի դեմ պատժամիջոցների» նոր բանաձև, և Մոսկվան կոշտ նախազգուշացնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անպայման վետո կդնի նման փաստաթղթի վրա: ՈՒ եթե հաշվի առնենք շատ տարօրինակ խոսակցությունները ՄԱԿ-ում ՌԴ նախկին լիազոր ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի հանկարծակի մահվան մասին, ապա... Ավելացրած զայրացնելու աստիճանի զարմանալի մի զուգադիպություն. Արցախում, Սիրիայում և Նովոռուսիայում սրացումները վրա են հասնում հենց այն բանից հետո, երբ փետրվարի 24-ին, վերջապես, հայտարարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք պաշտոնակից Էրդողանի նախատեսված հանդիպման ժամկետների մասին: Երկու երկրների բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում Էրդողանը Մոսկվա էր այցելելու մարտի 9-10-ին: Եվ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատեց, որ հենց այդ օրերին էլ կկայանան Պուտին-Էրդողան առանձին բանակցությունները: Բայց թուրքերը, բացահայտորեն ԱՄՆ-ի «խորհրդով», շարունակում են անիմաստ զազրախոսությունը Սիրիայում «իրանական զորքերի գտնվելու» մասին, թեև նրանց Թեհրանում քանիցս «մատների վրա» բացատրել են, որ ով խոսի-խոսի, թուրքերը պետք է խորապես լռեն, քանի որ Իրանը Սիրիայում զորքեր չունի, այլ կան ռազմական խորհրդականներ, որոնց հրավիրել է հենց Սիրիան՝ ի տարբերություն թուրք զինվորականների, ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների զինվորականների և այլն, և այլն:


Կարծիքներ եմ կարդացել, թե, իբր, Ադրբեջանը «դուրս է եկել» արտաքին ուժերի վերահսկողությունից: Միամիտ մոլորություն. ո՛չ Թրամփը, ո՛չ այլ «էլիտար» ամերիկացիներ չեն փակել իրենց բիզնեսներն ու բիզնես-նախագծերը Ապշերոնում: Իսրայելն էլ Բաքվից հետ չի կանչել «Մոսադի» սպաներին, էլ չենք խոսում Թուրքիայի մասին և Ադրբեջանում ու Նախիջևանում նրա զինվորականների գտնվելու մասին: Այնպես որ, «մութ սենյակում կատու չփնտրենք», այնտեղ կատու չկա: Բայց այն, որ Մերձավոր Արևելքում վերոհիշյալ «դերակատարները» հաստատ դեմ են Իրան-Ռուսաստան դաշնազույգին, կասկած չկա: Եվ որ այդ ամբողջ «ոչ սուրբ երրորդությունը» ջանում է պառակտում մտցնել Ռուսաստան-Իրան հարաբերություններում, ձգտում է ամեն գնով վերականգնել պատժամիջոցները կամ նոր պատժամիջոցներ մոգոնել Իրանի դեմ, անզեն աչքով էլ երևում է: Երևում է նաև այն, որ ԱՄՆ-ը, Իսրայելն ու Թուրքիան դարձյալ չեն հրաժարվել սկզբնական պլանից, որով նախատեսվում է ոչ միայն հասնել նախագահ Բաշար Ասադի տապալմանը, այլև թե՛ Սիրիայի, թե՛ Իրաքի բացարձակ վերացմանը: Այդ պլաններում մեր փոքրիկ Արցախը «լրացուցիչ ջանքերի» դաշտ է միայն ԱՄՆ-ի, Իսրայելի ու Թուրքիայի համար, մի վայր, ուր Իրան-Ռուսաստան դաշնազույգին կարելի է շատ տհաճություններ պարտադրել: Այդ նույն շարքում պետք է դիտարկել նաև Նովոռուսիայում բանդերական ջոկատների ակտիվացումը, Դոնբասում պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքը: Այսինքն, հենց հիմա թե՛ Սիրիայում, թե՛ Արցախում, թե՛ Նովոռուսիայում առավել վտանգավոր, օդում կախված իրավիճակ է տիրում: Եվ ամենևին հարկ չկա ապշերոնցիների վերջին դիվերսիաները կապել փետրվարի 20-ին Արցախ-ԼՂՀ-ում անցկացված սահմանադրական հանրաքվեի հետ: Ամեն ինչ գալիս է համաշխարհային քաղաքականության ամենաբարձր ոլորտներից, չէ՞ որ Բաքուն «գրպանում ուներ» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անորոշ դիրքորոշումը արցախյան հանրաքվեի վերաբերյալ:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ