Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Տեղի ունեցածը, իրոք, խայտառակություն է»

«Տեղի ունեցածը, իրոք, խայտառակություն է»
21.03.2017 | 11:36

Կոստանդնուպոլսի (Ստամբուլի) Հայոց պատրիարքարանում այս տարվա մարտի 15-ին տեղի ունեցած պատրիարքի տեղապահի ընտրությունների և պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը, ըստ էության, արդեն կորցրած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի խորամանկ քայլերի հետ կապված ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Նշված ընտրությունների և Աթեշյանի` հոգևորականին, առավել ևս հայ բարձրաստիճան հոգևորականին անվայել, պատիվ չբերող, անհարիր քայլերի, դրանից հետո Հայաստանյայց առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկում` Կոստանդնուպոլսի (Պոլսի) Հայոց պատրիարքությունում առաջացած արտառոց իրավիճակի մասին է ստորև ներկայացվող նյութը:


Ինչպես արդեն տեղեկացրել ենք թերթի նախորդ համարում, ընտրություններին մասնակցել է երկու հոգի՝ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պոլսի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Ընտրությունների արդյունքում Արամ Աթեշյանը ոչ թե սոսկ պարտվել է, այլ հայտնվել է շատ խայտառակ վիճակում: Նա կարողացել է ստանալ ընտրություն կատարող 34 հոգևորականներից միայն 11-ի քվեն, իսկ 23 քվեով Գարեգին Բեքչյանը` Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը, ջախջախիչ հաղթանակ տանելով, ընտրվել է տեղապահ: Ըստ տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանի, Աթեշյանի հավակնության այդպիսի փայլուն մերժմամբ պոլսահայության արժանապատիվ կեցվածքն է դրսևորվել ի դեմս հոգևորականների, իսկ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը ցնծություն է առաջացրել Պոլսի հայ համայնքում, քանի որ նա, իրոք, շատ սիրելի և ընդունված է պոլսահայերի շրջանում:


«Ընտրությունների ավարտից հետո, երբ բոլորն արդեն իրար են շնորհավորել, Արամ Աթեշյանը պատրիարքարանում, որտեղ տեղի է ունեցել ընտրությունը, մեծ դահլիճից շատ ջղայնացած, կատաղած վիճակով դուրս է եկել և գնացել իր սենյակ,- անդրադառնալով թուրքերի խաղին, պատմեց Սարգիս Հացպանյանը:- Հենց այս նամակը (ցույց է տալիս նամակի պատճենը) վերցրել, բերել և ասել է, որ պետք է ժողովվենք, որովհետև Ստամբուլի կուսակալությունը (նահանգապետարանը) չի ընդունում այս ընտրությունները: Եվ ասել է` ֆաքսով նամակ եմ ստացել, այսինքն` այդ ամբողջ ընտրությունների ժամանակ ոչ մի ձայն չի հանել, ընտրություններում պարտությունից հետո հայտնել է այդ նամակի մասին: Հենց այս նամակն է, թուրքերեն է, բայց վրան երկու շատ կարևոր հանգամանք կա. Թուրքիայի Հանրապետությունում պետական պաշտոնական ատյանները թուրքալեզու են գրառությունն անում, թուրքերենը պաշտոնական լեզու է, սակայն այդ նամակի վրա, որտեղ այն մասին է, թե ինչի առթիվ է նամակը գրված, գրված է` նյութ` տեղապահի ընտրություններ: Չի գրված թուրքերեն, գրված է հայերեն «տեղապահ» բառը, որը հետաքրքիր է, որովհետև Պոլսո կուսակալության մեջ չեք գտնի մեկ մարդու, որն իմանա «տեղապահ» բառը կամ տեղապահն ինչ է իրենից ներկայացնում: Սա արդեն այն փաստն է, որ Արամ Աթեշյանի հետ փոխհամաձայնեցված է գրի առնվել այդ նամակը, և դա արդեն ամբողջ Պոլիսը գիտե, ժողովից հետո հայտնի եղավ, համայնքը զայրացած է»:


Տեղապահի ընտրություններից հետո հիշյալ գրության ասպարեզ բերելու պատճառով պատրիարքարանում սկսվել է երկրորդ ժողովը, որի ժամանակ Արամ Աթեշյանը հայտարարել է, որ մինչև թուրքական պաշտոնական ատյաններն իրեն չասեն հրաժարվի Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնից, նա այս պաշտոնը շարունակելու է: Այսինքն՝ Աթեշյանն ամենակոպիտ կերպով խախտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ դրանից ընդամենը մոտ 20 օր առաջ տեղի ունեցած հանդիպումների, ժողովների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու համաձայնությունները:
«Արամ Աթեշյանն ամենավերջում, արդեն Մայր Աթոռում իբր թե վերջապես ծնկեց և ասաց` շատ լավ, ես գնում եմ այդ քայլին, հենց տեղապահ ընտրվի, ես այլևս պատրիարքի փոխանորդ չեմ, բայց դրժեց իր այս խոստումը,- ասաց փորձագետ-վերլուծաբանը:- Բնականաբար, չուներ դրա իրավունքը, որովհետև, մեր եկեղեցու կարգի համաձայն, տեղապահը պատրիարքի լիազորություններով օժտված միակ անձնավորությունն է: Ինչպես գիտենք, փետրվարյան հայտնի իրադարձությունից հետո Մայր Աթոռը կանչեց Պոլսո միաբաններին, երեքն էլ այստեղ էին, և հենց այդ թեմայով էր կաթողիկոսը զայրացած ասում, որ ինչպե՞ս կարող է փոխանորդ լինել, եթե տեղապահի խնդիր եք լուծելու։
Ինչևէ, հիմա կատարվածը նաև Մայր Աթոռին է շատ անհարմար վիճակի մեջ գցում, դա նշանակում է, որ եթե թուրքերով է պայմանավորված այս ամբողջը, ուրեմն Գարեգին կաթողիկոսը, Մայր Աթոռում տեղի ունեցած ժողովը, համաձայնությունը, որ ձեռք էր բերվել բարձրաստիճան հոգևորականների միջև (Արամ Աթեշյանը ևս համաձայնություն էր տվել, որ, այո, երբ տեղապահի ընտրություն կայանա, ով տեղապահ ընտրվի, նա մեր եկեղեցու գլուխն է, ու, բնականաբար, փոխանորդի կարգավիճակն արդեն առ ոչինչ կհամարվի), եղած-չեղած, մի հաշիվ են:
Մեր պատմության մեջ չկա փոխանորդի կարգավիճակ, Պոլսո պատրիարքարանի պատմության մեջ, իրոք, աննախադեպ վիճակ էր, պատրիարքի փոխանորդին միայն Թուրքիայի պետական պաշտոնական ատյաններն էին ճանաչում իբրև փոխանորդ, իսկ հայկական կողմն ընդհանրապես չի ճանաչում, որովհետև չի եղել նման բան, Թուրքիայի իշխանություններն իրենց մարդուն (Արամ Աթեշյանին) կարծես դրել, նշանակել են»:


Առաջացած իրավիճակից դուրս գալու համար տեղապահի ընտրությունից հետո այդ ընտրությանը մասնակցած բոլոր (34 հոգու) հոգևորականների մասնակցությամբ պատրիարքարանում տեղի ունեցած երկրորդ ժողովի ժամանակ շատ վեճեր, վիճաբանություններ են եղել:
«Այդտեղ նույնիսկ ընտրությունների ժամանակ Արամին կողմ հանդիսացած, երևի այդ 11 քվեն տվածներից 3 մարդ ևս Արամ Աթեշյանի դեմ է արտահայտվել` ասելով, որ հերիք եղավ, 9 տարի է` խաղացնում ես այս սուրբ օջախը, մեր պատրիարքարանը, բավ չէ, հիմա էլ արդեն ապավինում ես կուսակալությա՞նը…»,- տեղեկացրեց Սարգիս Հացպանյանը:


Հասարակական գործչի հավաստմամբ, Ստամբուլի կուսակալությունից ուղարկված այդ թուղթն իրավական առումով իրենից ոչինչ չի ներկայացնում, զրո է, ուզում է գրած լինեն այդ նամակը, գրած չլինեն, այսինքն` եղած-չեղած մի հաշիվ է, որովհետև կուսակալությունը որևէ առնչություն չունի Հայոց պատրիարքարանի հետ կապված խնդիրներին:
«Ընդհանրապես, Թուրքիայի Հանրապետությունում պետական պաշտոնական ատյանները չեն խառնվել հայոց ներքին խնդիրներին,- ասաց Սարգիս Հացպանյանը:- Եվ Էրդողանը, Դավութօղլուն, Արենչը բազմիցս բարձրաձայնել են, որ մենք չենք հասկանում, դա ձեր ներքին խնդիրն է, գնացեք ձեր մեջ լուծեք հարցը և մեզ ասեք` ով է ընտրվածը, ում հետ մենք պետք է հարաբերվենք: Թուրքիայի Հանրապետությունը միայն մեկ բանի է խառնվում. երբ պատրիարքն արդեն ընտրվում է, Թուրքիայի Հանրապետությունը նրա` վեղարով, սքեմով քաղաքացիական վայրերում հայտնվելու իրավունքն է ճանաչում: Դրա համար Թուրքիայի համաձայնությունն է պետք, և մեր բոլոր պատրիարքների համար մշտապես, թեկուզ մի քիչ ուշացումով, տրվել է»:


Նկատենք, որ գուցե արտաքնապես չեն խառնվել, բայց այս անգամ` հանձին Ստամբուլի նահանգապետարանի, բացահայտ խառնվել են:
«Նշածս երկրորդ ժողովի արդյունքում որոշում է կայացվել, որ անմիջապես պաշտոնական գրություն է ուղարկվելու Պոլսո կուսակալություն, կուսակալությանը տեղեկացվելու է, որ տեղապահն ընտրված է, սրանից հետո կարելի է միայն Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ փոխհարաբերություններ ունենալ, և արդեն մենք պետք է սկսենք պատրիարքի ընտրության գործընթացը, որի համար 6-ամսյա ժամկետ է տրված,- տեղեկացրեց փորձագետ-վերլուծաբանը:- Բացի այդ, անհապաղ ժամադրություն են խնդրել կուսակալի հետ:

Թուրքերն էլ երևի հիմա իրենց խաղը կսկսեն` ժամանակ չկա, սահմանադրական հանրաքվե է լինելու, բազմազբաղ ենք և այլն, որպեսզի այս վիճակը ձգձգեն: Բայց այստեղ արդեն Մայր Աթոռի երեսը փրկելու խնդիրն է, որ թուրքերը կարողանում են ընդամենը երկու անհեթեթ նախադասություն ուղարկելով հայկական համայնքի հոգևոր կենտրոն Պոլսո պատրիարքարանին, այսպես կազմալուծել տեղի ունեցածը, իբր թե իրավական առումով Պոլսի պատրիարքի ընտրություններ տեղի ունենալ չեն կարող»:


Ժողովից հետո, երեկոյան հայտնի է դարձել, որ մեկ օր առաջ` մարտի 14-ին, Արամ Աթեշյանը ժողով է հրավիրել պատրիարքարանում, որին մասնակցել են նաև ազգային տարբեր կազմակերպությունների վարչականներ, որոնց անունները դեռ չեն ասվել, ինչը սկանդալ է պոլսահայ համայնքի համար:


«Այդ գաղտնի ժողովի մասնակից անձինք,- շարունակեց Հացպանյանը,- երևի մի 10 հոգի են եղել, նրանց մեջ նաև` հոգևորական դասից մեկ-երկու հոգի: Այդտեղ Արամ Աթեշյանն ինքն իրեն մատնել է` ասելով, որ, գիտեք, ես կարծում եմ, որ Պոլսո կուսակալությունը չի ընդունելու վաղը տեղի ունենալիքը` տեղապահի ընտրությունները: Սա լսելով, վարչականներն Արամ Աթեշյանին հարցրել են` այդ որտեղի՞ց հայտնի դարձավ, վաղն ընտրություններն են, որտեղի՞ց հանեցիր դա, երա՞զ ես տեսել… Ինքն ասել է` չէ, դե, գիտեք, միշտ էլ, մինչև այսօր, թուրքական պետական ատյանները խոչընդոտ են հանդիսացել: Իրեն ասել են, որ թուրքական ատյանները երբևէ խոչընդոտ չեն հանդիսացել, ինչքան հասկանում ենք, դու էիր այս ամբողջը եփում…
Այսինքն` տեղապահի ընտրություններից մեկ օր առաջ Աթեշյանն ուզեցել է այդ համայնքային առաջնորդների կեցվածքը հասկանալ: Եվ ի՞նչ… Անգամ իրեն շատ կողմնակից, արամական կարելի է ասել, մեր ազգային այդ «ջոջերից» երեքն իրեն նույնիսկ ասել են` լսիր, եթե նման բան եղավ, մենք պատերազմ կհայտարարենք, հերիք է, վաղն ընտրությունները պետք է լինեն, ով ընտրվեց, վստահության քվեն ստացավ, նա էլ դառնալու է մեր տեղապահ հայրը, վե՛րջ»:


Արամ Աթեշյանը տեսնելով, որ անհույս է, նույնիսկ այդ վարչականները, որոնք իրեն համակրող շրջանակներից են, իրեն թողնում են մենակ, մյուս օրը գնացել, մասնակցել է տեղապահի ընտրություններին, ու շատ հետաքրքիր է, որ ընտրությունների ավարտից կես ժամ հետո է այս տխրահռչակ, առ ոչինչ նամակը մեջտեղ հանել:


«Այս մարդը մանկլավիկ է Անկարայի կողմից, ինչքան կարողացան, կխաղացնեն,- ասաց հասարակական գործիչը:- Բայց, ինչպես հայկական ասացվածքն է ասում` «Չկա չարիք առանց բարիքի»: Սա հենց այդ դեպքն է. ովքեր Արամին մինչ այդ փորձում էին փոքրիշատե պաշտպանել, նրանք էլ իրենց ձեռքերը լվացին, Արամը մնաց մեն-մենակ: Երևի եթե պարան տվող լինի իրեն, ապա կկախվի մի հարմար տեղից, որովհետև տեղի ունեցածը, իրոք, խայտառակություն է իր համար:


Հիմա Մայր Աթոռը լռում է, այսինքն` Ամենայն հայոց կաթողիկոսը կարող էր անմիջապես զանգահարել և Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին, և Արամ Աթեշյանին, առաջինին` տեղապահ ընտրվելու կապակցությամբ, ի պաշտոնե, շնորհավորել, իսկ Արամին ասել` այս ի՞նչ խաղեր ես տալիս, վե՛րջ, ընդամենը մի հայտարարություն պետք է պատրաստեք պատրիարքարանում և ի լուր աշխարհի հայտարարեք, որ տեղի են ունեցել տեղապահի ընտրություններ, ամեն ինչ եղել է եկեղեցու կանոններին համապատասխան, պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորություններն էլ տեղապահի ընտրությամբ դադարեցված են: Սա պետք է արվի:


Մայր Աթոռի լռությունը երևի թե պայմանավորված է Պոլսո պատրիարքարանի` Թուրքիայի Հանրապետության վարչական տարածքում գտնվելու հանգամանքով: Երևի ասում են` ներհամայնքային խնդրին չխառնվենք, չէ՞ որ Մայր Աթոռը գտնվում է Հայաստանի Հանրապետության վարչական տարածքում, վաղը, մյուս օրը կարող է ասեն` Հայաստանը գործում է, միջամտում է և այլն: Ես մտածում եմ, որ նման մտավախություն կա, բայց անտեսվում է հետևյալ իրողությունը. ինչպես կաթոլիկ աշխարհի քահանայապետը նստում է Վատիկանում, բայց ամբողջ աշխարհի քահանայապետն է, այդպես էլ որևէ խնդիր չկա, որ Ամենայն հայոց կաթողիկոսի տիտղոսը, կարգավիճակն ունեցող մարդն ուղղակի հարգի փետրվարի 23-24-ին Մայր Աթոռում տեղի ունեցած ժողովների արդյունքը` կայացված համաձայնությունը, և հետամուտ լինի կամ տեր կանգնի դրա կատարմանը»:
Ըստ Սարգիս Հացպանյանի, պոլսահայ համայնքը, բարեբախտաբար, արժանապատիվ ու կուռ բանակ դառնալու ընթացքում է: Այս դեպքում իսկապես կարելի է ասել, որ չկա չարիք առանց բարիքի, քանի որ կուսակալությունից ստացված հիշյալ գրության կապակցությամբ բոլորն արդեն սկսել են ասել` սա որտեղի՞ց եկավ, թուրքերն ի՞նչ կապ ունեն մեզ հետ, սա մեր ներաշխարհն է, մեր սրբությունն է, մեր եկեղեցին է, մեր պատրիարքարանը, և մի՞թե կարող է մի մարդ խաղալ ամբողջ համայնքի հետ:


«Կարծում եմ,- շարունակեց փորձագետ-վերլուծաբանը,- այս ընթացքը շատ բարեհաջող ավարտ է ունենալու, Պոլսո կուսակալության հետ հանդիպման արդյունքում տեղապահ Գարեգին Բեքչյանը կտեղափոխվի պատրիարքարան և արդեն կսկսի Պոլսո պատրիարքի ընտրության գործընթացը, թեկնածուները կգրանցվեն: Այս խայտառակ եղելության ասպարեզ գալուց հետո շատ քիչ է հավանականությունը, որ Արամ սրբապիղծ Աթեշյանն իր թեկնածությունն առաջադրի պատրիարքական ընտրություններին, որովհետև եթե ինքը չկարողացավ իր ձեռքի տակ եղած այդ ամբողջ հոգևոր դասի վստահության քվեին արժանանալ, շատ լավ գիտի, որ ընտրողների քվեի նույնիսկ 0,01 տոկոսը չի կարող ստանալ, եթե պատրիարքի իր թեկնածությունն առաջադրի»:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ