ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Կուլիսային խարդավանքների ժամանակը

Կուլիսային խարդավանքների ժամանակը
24.03.2017 | 01:01

Ընտրություններին մնաց 9 օր: Շաբաթվա սկզբից ակնհայտ էր՝ կուլիսներում ընդունվում են որոշումներ, որ ուղղակի կապ ունեն ընտրությունների հետ: Ի հայտ է գալիս հետխորհրդային տարածքի ընտրություններին բնորոշ ու կայուն գործոնը՝ պայմանավորվածությունը, որ հարցականի տակ է դնում ընտրության գաղափարն ու լեգիտիմությունը: Իսկ այս խորհրդարանին լեգիտիմությունը պետք է ավելի, քան երբևէ՝ նշանակում է ամբողջ իշխանության լեգիտիմություն: Իհարկե, լեգիտիմության խնդիրներ են հարուցում նախընտրական շրջանի քրեական պատմությունները՝ ծեծկռտուքները, կրակոցները, դանակահարությունները, առավել ևս երբ պարզվում է, որ բախումները միջանձնային, ոչ թե նախընտրական հողի վրա են: Մենք այնքան կռվազան ու վայրենի ենք, որ ինչ խնդիր կա, լուծում ենք բռունցքներով ու զենքով՝ սառը կամ տաք: Իսկ ոստիկանությունը կատարում է ոչ թե իր գործը, այլ հաշտարարի: Ձևի համար լինում են ձերբակալություններ: Այսինքն՝ ընտրությունների ավանդական ախտերից չենք ձերբազատվել: Անկախության քառորդ դարը բոլորելուց հետո էլ բուռն նետվում ենք անօրինական գործընթացների մեջ, ծեծում ու ծեծվում ենք, կաշառում ու կաշառվում ենք, խաբում ու խաբվում ենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության: Հայրենասիրության այս տեսակը գոյության իրավունք չունի՝ բոլորս գիտենք, բայց տրվում ենք օրվա գայթակղությանը: Սա՝ մեկ:


Երկրորդ՝ քաղաքական ուժերը, որոնց արգելված է իշխանությանը քննադատել (դա ևս պայմանավորվածություն է), ինքնադրսևորման ձև են դարձնում միմյանց վարկաբեկելը: Սև PR-ը հայկական երևույթ չէ՝ ԱՄՆ նախագահի անցած ընտրությունները, ընթացիկ համաեվրոպականը տասնյակ օրինակներ են տալիս՝ ինչպես են թեկնածուները միմյանց դեմ պայքարում սև PR-ով: Բայց սև PR-ը ունի ոսկե կանոն՝ վարկաբեկիր մրցակցիդ այնպես, որ բումերանգը հետ չգա: Հայաստանում յուրացրել են սև PR-ի մի մասը, երկրորդ մասը կամ անհայտ է, կամ անհնար: Ստացվում է՝ քար ես գցում ուրիշի վրա՝ ընկնում է գլխիդ: Այդպես ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, հերքելու համար ԲՀԿ-ի «հաճախորդ» լինելը, նախաձեռնեց նախագահականի «հաճախորդների» որոնում ու անմիջապես պատասխան ստացավ: Արժեր հիշեցնել իր ղեկավարած ԲՀԿ-ի հետագիծը, որն այդպես էլ չկողմնորոշվեց՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Հովիկ Աբրահամյանն է նոր տերը՝ մեկը փող էր տալիս, մեկը նոր գրասենյակն էր նորոգում: Անտերությունը փաստ էր, հաճախորդ դառնալը՝ հետևանք:


Կա երրորդ հատկանիշը՝ դարձյալ դրսից շրջանառվում է հետընտրական գործընթացների տարբերակը՝ քաղաքական որոշ ուժեր չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և դուրս են գալիս փողոց՝ իրենց կողմնակիցների հետ: Սովորաբար Հայաստանում ԱԺ ընտրությունները Ազատության հրապարակում չեն ավարտվում, դա նախագահականի «մենաշնորհն» է, բայց 2013-ին Հայաստանը վերջին նախագահին է ընտրել համաժողովրդական ընտրությամբ, ու 2017-ի ԱԺ ընտրություններում ընտրվում են նրանք, որ ոչ միայն կառավարություն են ձևավորելու, այլև 2018-ին նախագահ են ընտրելու: Տեսականորեն՝ ԱԺ ընտրությունները նախագահականի կարգավիճակ ունեն, և հետընտրական գործընթացները չեն բացառվում: Կլինեն, թե չեն լինի՝ կորոշվի ապրիլի 2-ին ու հայտնի կդառնա ապրիլի 3-ին, երբ կլինեն նախնական արդյունքները: Այս ընտրությունների արդյունքներն անկանխատեսելի են առավել, քան երբևէ: Պատճառը Ընտրական օրենսգիրքը չէ, որ պիտի կանխի ընտրակեղծիքները: Պատճառը հայտնի ու անհայտ հարցումների արդյունքները չեն, որ ուժերի անսպասելի դասավորություն են ի հայտ բերում: Ոչ ոք չի կարող ասել՝ ինչպե՞ս կքվեարկի ընտրողը՝ մեկ, ոչ ոք չի կարող ասել՝ ի՞նչ պատկեր կա Սերժ Սարգսյանի մտքում՝ երկու, ոչ ոք չի կարող ասել՝ քաղաքական ուժերը ի՞նչ վերաբերմունք կունենան արդյունքներին: Վարկածներ ու տարբերակներ կարող են լինել ու կան, բայց սոսկ վարկածներ ու տարբերակներ են:
Չորրորդ առանձնահատկությունը, որ առաջ էլ եղել է՝ քաղաքական ուժերը նախընտրական շրջանում մի դիրքորոշում ունեն, ընտրություններից հետո՝ տրամագծորեն հակառակ:

Նրանք դա անվանում են քաղաքացիական պատերազմից երկիրը փրկելու անձնազոհություն, բայց սուտ է, լուծում են նեղ կուսակցական ու անձնական իշխանության խնդիրը: Այդպես ձևավորվում են «փրկիչ» կոալիցիաներ՝ ՀՀԿ-ին տալով իշխանությունը միայնակ տնօրինելու հնարավորություն: Բոլորին ձեռնտու է՝ ոչ ոք ոչինչ չի կորցնում, բացի ընտրողից:
Հինգերորդ առանձնահատկությունը, որ նույնպես եղել է, բայց այս անգամ առավել է՝ ընտրողի դեգրադացիան՝ տասից մեկին է հետաքրքրում՝ որ քաղաքական ուժերն ինչ են ասում, ում ծրագրում ինչ կա: Ընտրությունները ընտրողի համար զվարճանք են, որ հաց է տալիս: Թեկնածուների ստվար շարքերում քաղաքական կերպարներին զուգահեռվում են թաղային հեղինակություններն ու ազգի բարերարները, որ պատկերացում չունեն՝ ինչ է խորհրդարանը, ինչ են անելու, եթե ընտրվեն: Նրանք այն զանգվածն են, որ հիմա պիտի ձայն բերեն, հետո ապահովեն իշխանության համար կարևոր օրինագծերի քվեարկությունը: Սա խորհրդարանի «անշարժ գույքն» է, որ հինգ տարի լռում է, բայց «ճիշտ» քվեարկում, վաճառվում է, բայց չի տեղաշարժվում սկզբունքորեն՝ այդպես է պետք ՀՀԿ-ին:


Վեցերորդ և առաջին անգամ ի հայտ եկած առանձնահատկությունը՝ տրոհումը ՀՀԿ-ի ներսում: «Գետերի» սագան ավարտվեց, բայց չհասավ ակունքին: Իշխանությունը ունենում է մեկ գլուխ, իսկ ՀՀԿ-ում երկուսն են՝ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը, և խնդիր ունեն պահել իշխանությունը: Անաղմուկ, լեգիտիմ: ՀՀԿ-ի հաղթանակը կանխորոշված չէ և այնպես չէ, որ երկուսին էլ պետք է: ՀՀԿ-ի հաղթանակը դառնալու է Կարեն Կարապետյանի վարչապետ վերանշանակում: 2017-ի ապրիլի 2-ից 372 օր հետո գալու է 2018-ի ապրիլի 9-ը՝ նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը: Իշխանական դաշտում քաղաքական ուժերի իրական վերադասավորումը եկող տարի է լինելու՝ նոր նախագահ ընտրելուց ու նոր կառավարություն ունենալուց հետո: Այս գործընթացներում ԲՀԿ-ն նոր գործառույթ կարող է ստանալ: Իսկ եթե ՀՀԿ-ն ընտրություններում չհաղթի՞: Ծառուկյանն էլ չստանա՞ իր 50+1 %-ը: Ի՞նչ պատկեր է ունենալու միֆական «Ազգային համաձայնության կառավարությունը», որի մասին ամիսներ առաջ ասում էր ՀՀ նախագահը: Լինելու է իրապես ազգայի՞ն, թե՞ քաղաքական համաձայնություն: Որքան էլ տարօրինակ է՝ ՀՀԿ-ն խաղից դուրս է՝ թե նախընտրական շրջանում, թե ընտրություններում, թե հետընտրական շրջանում: Առավել ևս 2018-ին: Խաղը վարում են Սերժ Սարգսյանը միայնակ և Կարեն Կարապետյանը՝ թիկունքում ունենալով Մոսկվան ու խոստացված ներդրումները: ՀՀԿ-ն կանի՝ ինչ ասվի: Ինչպես միշտ:


Եվ՝ յոթերորդ, այս շաբաթ հրապարակային դարձավ կուլիսներում կայացած գործարքը՝ ԱԺ տանել ՀԱԿ-ին: Կստանա՞, թե՞ չի ստանա 140-150000 ձայն: Դա հրահանգ է ի վերուստ՝ ի կատարումն ավելի հին գործարքի՝ ՀԱԿ-ը պաշտպանում է Լավրովի պլանը: Մարտի 21-ին Հ1-ով առաջին անգամ ընտրարշավում խոսեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ բացառապես Ղարաբաղի հարցով: Նույնը՝ ինչ 1998-ին, բայց ոչ 2008-ին, երբ ԼՂՀ հարցը պակաս կարևոր չէր և նույնպես խանգարում էր Հայաստանի զարգացմանը: Այն ժամանակ կար առաջին նախագահի վերադարձի համաժողովրդական պահանջ, որ մարել է 9 տարում և հիմա հանուն ինչ-որ 7 %-ի: Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է լուծել ուրիշի խնդիրը: Իրականում նա ոչ թե Սերժ Սարգսյանին քարտ բլանշ է տալիս, այլ հակառակվում է, երբ պնդում է, որ բանակցությունները պիտի շարունակվեն, ու Բաքուն պատրաստ է փոխզիջումների: ԱԳ նախարարը Վիեննայից ու Սանկտ Պետերբուրգից է խոսում՝ պահանջելով համաձայնությունների կատարում, նույնը՝ ՄԽ-ն, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև փորձում է 1998-ի համար ռևանշ վերցնել: Նա հայտարարում է, որ հիմա հրդեհը հանգցնելու ժամանակն է, որ տարատեսակ «այսպես կոչվածներ» հաղթանակից հետո բթացրել են ժողովրդի զգոնությունը: Եթե ինքը «թուրք», «դավաճան», «պարտվողական» էր, այդպիսին էին իրեն հաջորդած նախագահները, ուրեմն դա իշխանության տրամաբանությունն է՝ իշխանությունը գործ ունի ոչ թե զգայական ընկալումների, այլ միջազգային իրավունքի նորմերի հետ: Որ միջազգային իրավունքի տեսակետից չկա «ազատագրված տարածք» հասկացություն, կա օկուպացիան: Միջազգային իրավունքը չի ընդունում տարածքների գրավումը, բայց հաշվի է առնում ԼՂ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդունել են ինքնորոշման իրավունքը, և դա հրաշք է: Որ Հայաստանի հետ ցամաքային կապի իրավունքը ընդունվել է, դա ևս հրաշք է: Որ եթե հիմա ԼՂ անվտանգության երաշխավորը Հայաստանն է, համաձայնագիր ստորագրելուց հետո ՄԽ-ն է դառնում անվտանգության երաշխիք: Որ՝ ԼՂ խնդրի լուծման միակ շահագրգիռ կողմը Ռուսաստանն է: Որ եթե Հայաստանը կողմ է բանակցությունները շարունակելուն, թող գնա ու համաձայնագիրը միակողմանի ստորագրի՝ միջազգային հանրությանը ստիպելով Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել: Որ տարածքները հանձնվում են ոչ թե Ադրբեջանին, այլ միջազգային հանրությանը: Որ Ալիևը ռացիոնալ է ու ռացիոնալ չի նշանակում դրական: «Որ»-երը շատ են, ավելի շատ են «բայց»-երը: Թուրք, դավաճան ու պարտվողական չէ Լևոն Տեր-Պետրոսյանը, ու դա չի վիճարկվում, բայց ինչո՞ւ է նա համոզված, որ միջազգային հանրությունը երաշխիք է ու Իլհամ Ալիևն էլ ռացիոնալ՝ կատարելու պարտավորությունները, որ չի էլ ստանձնում: Որ Ռուսաստանն ուզում է հարցը լուծված տեսնել՝ երբ այլևս Ադրբեջանին պետք չի լինի աստղաբաշխական գումարներ տալ զենքի համար, ուրեմն գնորդ է կորցնելու, երբ Հայաստանի ու Ադրբեջանի վրա քաղաքական ազդեցության հնարավորությունն է կորցնելու: Նույնիսկ եթե հաջողվի Բաքվին ԵԱՏՄ անդամ դարձնել ԼՂ հարցի սուբստանտիվ սցենարով լուծման դիմաց, Անկարան էլ բացի հայ-թուրքական սահմանը: Երբ Չավուշօղլուն հայտարարում է, որ Ռուսաստանի հետ զբաղված է ԼՂ հարցը լուծելով:

Ինչո՞ւ է նա ուզում համաձայնագիր ստորագրվի, որ բանակցություններն ավարտվեն, ու Հայաստանը կորցնի ներգործելու որևէ շանս՝ իրավիճակը հանձնելով միջազգային հանրությանը, այն է՝ Մինսկի խմբին, որտեղ համանախագահները տարբեր շահեր ունեն: Տարածքները միջազգային հանրությանը, ոչ Ադրբեջանին հանձնելը փուչիկ է, որ երկրորդ օրը պայթելու է, երբ Բաքուն կրակ բացի Հայաստանի սահմաններին ու Արցախի վրա: Լևոն Տեր-Պետրոսյանը իր 7 %-ով կպաշտպանվի, իսկ սահմա՞նը, իսկ Արցա՞խը: ՀԱՊԿ-ը հայտարարություն կանի, միջազգային հանրությունը անհանգստություն կհայտնի, ու՝ ի՞նչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. 1920-ին ռուս բոլշևիկներն էլ էին ասում, որ թուրք հեղափոխական ասկյարը նախկին թուրքը չէ, բայց դա չխանգարեց, որ հայերին կոտորեն ու տարածքները կողոպտեն: Համատեղ: Մեկ դար հետո նույնը կրկնելու իմաստը ո՞րն է: Այն ժամանակ էլ կար միջազգային հանրություն, միայն ՄԱԿ-ը ու ԵԱՀԿ-ն չկային: ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն իրենց գոյության ընթացքում որևէ ցեղասպանություն ու պատերազմ չեն կանխել: Ցավոք: ՈՒ սա արդեն ոչ հուզական ընկալում է, ոչ էլ լրագրողական «այսպես կոչված»: Փաստ է, որի ճշմարտությունը պարտադիր չէ՝ հայերս ապացուցենք: Ստացվում է՝ պատերա՞զմ եք ուզում, ձայն տվեք ՀԱԿ-ին: Դուք եք ընտրողը: Նաև՝ չընտրողը:
Ոչ ոք իրավունք չունի ընտրողի թիկունքում տոկոս հաշվել ու բաշխել: Ոչ երկրում, ոչ երկրից դուրս: Աքսիոմ է, որ բոլորս ստիպված ենք ապացուցել: Մեզ ու աշխարհին:
Դա տեղապտույտ է: Նույնիսկ եթե ուրախություն առաջին նախագահը գտնում է Եվրոպայում՝ Հենրիկ Մխիթարյանի հետ, երկրորդը շարունակում է ստվերից սադրել ու դեռ հայտնի չէ՝ ինչ ու ինչքան, երրորդը ստիպված է իր ճանապարհին կանգնող հերթական ղարաբաղցու դեմ պայքարել՝ Սամվել Բաբայանից Սեյրան Օհանյան, Ռոբերտ Քոչարյանից՝ Կարեն Կարապետյան: Դա պայքար է իշխանության համար, իսկ ընտրությունները պետությանն են վերաբերում, ուրեմն՝ բոլորիս: Դրախտի դռան բանալիները կորսված են, որովհետև դուռը յուրաքանչյուրիս ներսում է, մենք ենք բացողն էլ, փակողն էլ: Դա է ընտրությունը, ու դա է ելքը: ՈՒ՝ մի նվնվացեք:

Դիտվել է՝ 1722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ