Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Պուտինի և Էրդողանի մոսկովյան բանակցություններում Արցախի թեման չի արծարծվել

Պուտինի և Էրդողանի մոսկովյան բանակցություններում Արցախի թեման չի արծարծվել
24.03.2017 | 10:25

Ինչպես խոստացել էինք, փորձենք պատմել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցից առաջ Մոսկվայում կայացած բանակցությունների մասին։ Եվ այսպես, մարտի 9-ին և 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթով ընդունեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ Իրապես ի՞նչ հարցերի շուրջ էին այդ օրերին Կրեմլում ընթացող բանակցությունները։ Սա պետք է իմանալ` մոլորության մեջ չընկնելու և ադրբեջանական լրատվամիջոցների ու Երևանի որոշ ակամա ադրբեջանամետ աղբյուրների տարածած հաղորդագրությունները լուրջ չընդունելու համար։ Ավաղ, Երևանի որոշ լրատվամիջոցների ղեկավարներ այլ ընտրություն պարզապես չեն թողնում, քան նրանց թշնամական քարոզչական ապարատի խոսափող անվանելը։ Թեև հնարավոր է, որ նրանց կոնկրետ քաղաքական պատվերներ «իջեցնողները» շատ էլ կիրթ տեսքով եվրոպացիներ ու ամերիկացիներ են, կամ էլ ոչ իսրայելական անձնագրերով իսրայելցիներ և այլն։ Այդ հարցում պարզություն մտցնելու համար Հայաստանում կա ազգային անվտանգության ծառայություն, ի վերջո։ Էլ ինչո՞ւ մենք պիտի գլուխ կոտրեինք:


Սակայն Իսրայելի ու Թուրքիայի մոսկովյան այցերին նախորդեց Ռուսաստանի համար շատ տհաճ մի ողբերգական իրադարձություն. մարտի 8-ին թուրքերը Մանբիջի (Սիրիա) մոտակայքում նենգորեն գնդակոծեցին սիրիական զորքերի դիրքերը։ Սիրիացիները մեծ կորուստներ ունեցան, դրան ավելացավ նույն Մանբիջի արևմտյան մասում թուրքամետ «սիրիական ընդդիմության» (այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակ») հարձակումը քրդական աշխարհազորայինների («Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ») վրա։ Առայժմ հաղորդվում է միայն սիրիական բանակի ու քրդերի կրած կորուստների մասին։ Ռուսական աղբյուրները նշում են, որ Թուրքիայի նոր ագրեսիվ ակտի կապակցությամբ ՌԴ զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի մարտիկները Մանբիջի մոտ «պատ են կազմել» մի կողմից` թուրքերի, մյուս կողմից` սիրիական կառավարական ուժերի ու քրդերի միջև։ Եվ անգամ եթե ընդունելու լինենք, որ ռուսները հիմա իրենց վտանգի են ենթարկում` հակամարտ կողմերի միջև հանդես գալով որպես «կենդանի վահան», իրականում վիճակն ավելի բարդ ու դրամատիկ է։ Բանն այն է, որ ոչ մի տեղ, նույնիսկ Իսրայելում ու Թուրքիայում, լռության չեն մատնում այն հանգամանքը, որ նույն Մանբիջի շրջանում կառավարական զորքերի և շիա կամավորականների կազմում իրենց խմբավորումներով ներկայացված են նաև իրանցիները, և նրանք ցանկացած պահի կարող են իրենց շտկումները կատարել ռազմաճակատում տիրող իրավիճակում։ Եվ եթե բանը դրան է հասնում, իրանցիները կարող են Թուրքիայի հետ միջնորդավորված պատերազմի մեջ ներքաշվել թե՛ Հալեպից հյուսիս, թե՛ Ռաքքայի մոտ, թե՛ առհասարակ ամենուրեք Սիրիայում` ինչպես նրանք ու նրանց շիա «հովանավորյալներն» են հիմա մասնակցում իրաքյան Մոսուլի վերջնական «մաքրմանը»։

Ինչպես թուրքերը, որոնք ձգտում են «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) զինյալների թիկունքում թաքնվել, օրինակ, Մանբիջի մոտ սիրիական բանակի դիրքերի «տարերային» գնդակոծությունների հարցում, Իրանն էլ իր օպերատիվ հնարավորություններն ունի ռազմաճակատի այդ հատվածում։ Իսկ եթե Մանբիջի մոտ զոհվածների ու վիրավորների մեջ «պատահաբար» լինեն կա՛մ շիա կամավորականներ, կա՛մ իրանցի ռազմական խորհրդականներ, ապա կարելի է 100 տոկոսով համոզված լինել՝ Իրանն ու շիաները անպայման «պատասխան կտան» Թուրքիային, ընդ որում՝ ավելի քան համարժեք պատասխան։


Նեթանյահուի և Էրդողանի հետ բանակցություններն այնքան խնդրահարույց էին, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստ հրավիրեց։ Նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հաղորդման համաձայն, Անվտանգության խորհրդի նիստում այլևայլ հարցերի թվում քննարկվեց նաև Սիրիայի հարցը. «Միջազգային առումով կարծիքներ փոխանակվեցին սիրիական խնդրի կարգավորման թեմայով, հաշվի առնելով թուրքական կողմի հետ այսօրվա բանակցությունները»։ Համարձակվեմ պնդել. հաշվի առնելով ոչ միայն Էրդողանի, այլև Նեթանյահուի հետ բանակցությունները։ Զուր չէ, որ ես վերևում վերապահություն արեցի. եթե պարզվի, որ Մանբիջի մոտ իրանցիներն էլ զոհեր ունեն։ Մարտի առաջին օրերին Թեհրանում պաշտոնապես հայտարարեցին, որ պատերազմի տարիներին Իրաքում ու Սիրիայում զոհվել է Իրանի 2100 քաղաքացի` կամավորականներ ու ռազմական խորհրդականներ։ Եվ, կարելի է ասել, Իրանը ոչ մի անգամ անպատասխան չի թողել սալաֆական հրոսակների ոտնձգությունները։ Իսկ ինչ վերաբերում է լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության կազմավորումներին, ապա դրանք առիթի դեպքում ահաբեկիչներին պատասխանել են, ինչպես ասում են, «գլուխ՝ գլխի դիմաց» սկզբունքով։


Ես ընթերցողներին նույնիսկ չեմ առաջարկի «գուշակել երեք անգամից», թե ինչու էին Մոսկվա մեկնել Նեթանյահուն և Էրդողանը։ Այդ բանը չէին թաքցնում ո՛չ իսրայելական, ո՛չ թուրքական լրատվամիջոցները` պայմանավորվածության գալ Սիրիայի հարցում, ռուսներին համոզել «ճնշում գործադրելու» Իրանի վրա և ստիպելու Սիրիայից հանել թե՛ իրենց ռազմական խորհրդականներին, թե՛ շիա կամավորական կազմավորումները։ Ասենք, դա չէր թաքցնում նաև ԱՄՆ-ը` Իսրայելի ու Թուրքիայի ակնհայտ դաշնակիցը, ընդ որում՝ ոչ միայն Սիրիայում, այլև մեզ մոտ` Անդրկովկասում։ Նկատի ունենանք, որ Պուտինի հետ բանակցություններից անմիջապես հետո Թուրքիայի նախագահը պատրաստվում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր առաջին բանակցություններին։ Ամերիկա-թուրքական բանակցությունների շեմին ահա թե մարտի 10-ին ինչ հայտարարեց ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTKOM) ղեկավար գեներալ Ջոզեֆ Վոթելը` ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատի զինված ուժերի գործերի կոմիտեում ունեցած ելույթում. «Իրանը նպատակ է հետապնդում դառնալու տարածաշրջանային գերիշխող ուժ` հենվելով Իրաքում ու Սիրիայում իր ստեղծած զինված խմբավորումների վրա։ Թեհրանն առանցքային դեր է խաղում սիրիական վարչակազմի պաշտպանության հարցում։ Իմ կարծիքով, Իրանն իրենից ներկայացնում է մի մեծագույն երկարաժամկետ սպառնալիք աշխարհի այդ մասի կայունության համար»։


Կարծում եմ, որ անաչառ ու սառնարյուն, տրամաբանող մարդկանց համար Մերձավոր Արևելքում, հատկապես Իրաքում ու Սիրիայում Իրանի դերի հանդեպ ԱՄՆ-ի, Իսրայելի ու Թուրքիայի մոտեցումների նման զուգադիպությունը պետք է յուրօրինակ «լակմուսի թուղթ» լինի` ասելու, թե այդ երեք գիշատիչ երկրներն ինչի կարող են ձգտել։ Այդ թվում և մեզ մոտ` Անդրկովկասում, կոնկրետ` արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում։ ՈՒզում եմ ասել. լրջորեն խոսե՞լ են, արդյոք, Պուտինն ու Էրդողանը Արցախի մասին։ Կարդում ես ադրբեջանական և մեր որոշ կեղծ աղբյուրները և օ՜, սարսափ. Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները միայն Արցախի և հայերի մասին է, որ խոսել են։ Իսկ ահա գերմանական ազդեցիկ «Der Spiegel» հանդեսը գրում է, որ «Նեթանյահուն Մոսկվա էր մեկնել առանձնակի նպատակով. նա ուզում է Պուտինին ստիպել հոգ տանելու այն մասին, որ Սիրիայից որքան հնարավոր է շուտ հանվեն Իրանի հեղափոխական գվարդիայի մարտիկներն ու նրանց դաշնակիցները, նախ և առաջ «Հըզբոլլահը», որը ֆինանսավորվում և աջակցություն է ստանում Թեհրանի կողմից»։ Այնուհետև գերմանացիներն ընդգծում են, որ հենց «Սիրիան է կենտրոնական դեր խաղացել» և՛ Էրդողանի հետ Պուտինի բանակցություններում, և՛ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ Ռուսաստանի նախագահի հանդիպման գործում։ Այնպես որ, թույլ տվեք չհավատալ ո՛չ ադրբեջանական, ո՛չ մեր կեղծ լրատվամիջոցներին, ո՛չ էլ դուգինների ու մարկովների կարգի որոշ ռուս փորձագետների. եթե Արցախը հիշատակվել է անգամ Պուտին-Էրդողան բանակցությունների ժամանակ, ապա բացառապես թուրքի կողմից, ընդ որում, դա արձագանք չի գտել։


Դրա անուղղակի ապացույցը կարելի է գտնել Պուտինի և Էրդողանի ամփոփիչ ասուլիսում։ Նախ՝ թուրքի հայտարարությունների մասին: «Մենք քննարկեցինք Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռյակ դաշինքի ստեղծման հարցը»,- իր ելույթում հայտարարեց Թուրքիայի նախագահը։ Ընդ որում, նա նաև արտահայտվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա լարվածության կարգավորման նպատակով Ռուսաստանի մասնակցությամբ շուտափույթ բանակցություններ սկսելու օգտին։ Նրա ասելով, «Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններում լարվածության սրումը շատ կարևոր հարց է», և «ամենամոտ ժամանակներս հարկավոր է բանակցություններ սկսել, Ռուսաստանն այստեղ կարող է շատ կարևոր դեր խաղալ»։ Իսկ ահա Պուտինն իր ելույթում առհասարակ շրջանցեց այդ երկու թեման, խոսելով միայն սիրիական հարցի կարգավորման և այդ երկրում հրադադարի պահպանման նպատակով «Աստանայի գործընթացի» ձևավորման գործում Մոսկվայի, Անկարայի ու Թեհրանի դերի մասին։ Այո, կարելի է ենթադրել, որ, այսպես կոչված, նեղ ձևաչափով բանակցություններում Էրդողանի նախաձեռնությամբ Մոսկվա-Անկարա-Բաքու դաշինքի ստեղծման հարց հնչել է, բայց այն ռուսական կողմից հրապարակայնություն չի ստացել։ Եվ դա նշանակում է, որ Ռուսաստանն այդ հարցում չի տեսնում ո՛չ իր շահագրգռությունը, ո՛չ իր դերը։ Ավելին, չգիտես ինչու, թուրքական կողմը, մատնանշելով սիրիական հարցի կարգավորման խնդիրները, ջանադրաբար խույս էր տալիս Իրանը հիշատակելուց, մինչդեռ համեմատաբար վերջերս Էրդողանը խոսում էր Իրանի ու Ռուսաստանի հետ «առաջվանից շատ» համագործակցելու պատրաստակամության մասին` տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար։ Այսպիսով, ԱՄՆ-ի ու Իսրայելի դրդմամբ, թուրքերն ուզում են կազմաքանդել «Աստանայի ձևաչափը», այսինքն՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռամիությունը։ Բայց դա կարևոր չէ Ռուսաստանի համար, և Պուտինը ամփոփիչ ասուլիսում առհասարակ լռության մատնեց Էրդողանի «առաջարկությունները»։
Ես կարծում եմ, որ ամերիկացի գեներալ Ջոզեֆ Վոթելի խոստովանությունների մեջբերումից հետո մենք (կամ ով էլ լինի) այլևս կարիք չունենք ինչ-որ բան փնտրելու Էրդողանի կամ թուրքական մյուս պաշտոնատար անձանց հայտարարություններում։ 2017-ի մարտին մեզ բոլորիս մեկ անգամ ևս ակնբախորեն ցույց տրվեց, որ Թուրքիան, Սիրիայում գործելիս լինի, թե Անդրկովկասում Ադրբեջանին օգնելիս, «աշխատում է» ԱՄՆ-ի և Իսրայելի անունից։ Դրա համար էլ որոշ ժամանակ տրամադրենք այն բանին, թե ինչ է տեղի ունեցել Պուտին-Նեթանյահու բանակցություններում։ Դրա համար ես կօգտագործեմ բացառապես իսրայելական աղբյուրներ, ճիշտ է` ռուսալեզու։ Եվ այսպես, Իսրայելի վարչապետը, որպեսզի Պուտինին համոզի խանգարելու Սիրիայում Իրանի մշտական ներկայությանը, օգտագործել է ցանկացած պատրվակ «Իրանի ղեկավարությամբ ահաբեկչության» և մերձավոր Արևելքում սուննիական ահաբեկչությունը շիականով փոխարինման թեմայի «տուտը բռնելու» համար։ Ի վերջո, Նեթանյահուն դրա համար օգտագործել է Պուրիմի տոնի պատմությունը, ինչի առիթով նրան շնորհավորել է Պուտինը։ (Ծանուցում. Պուրիմը հրեական տոն է, ըստ աստվածաշնչային Եսթերի գրքի` կործանումից Պարսից կայսրության տարածքում բնակվող հրեաների փրկության տոն։ 2017 թվականին Պուրիմն սկսվում էր մարտի 11-ի երեկոյան)։ Շնորհավորելով Նեթանյահուին, Պուտինն ասել է. «Ինձ համար շատ հաճելի է նշել, որ մենք շատ սերտ, վստահալից հարաբերությունների մեջ ենք։ Մենք կանոնավորապես անձամբ հանդիպում ենք, մշտապես հեռախոսային կապ ունենք, աշխատում ենք նախարարությունների ու գերատեսչությունների մակարդակով։ Այնպես է լինում, որ Դուք հաճախ մեզ մոտ եք գալիս տոների նախօրեին։ ՈՒզում եմ Ձեզ շնորհավորել առաջիկա Պուրիմի տոնի առթիվ, Ձեզ, ամբողջ Իսրայելին մաղթել լավ տոնական օրեր ու բարեկեցություն»:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ