Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արձանի անարգանքից մինչև տիկնիկների պատկերասրահ

Արձանի անարգանքից մինչև տիկնիկների պատկերասրահ
24.03.2017 | 10:34


ՑՈՒԳՑՎԱՆԳ


Դեռ այգաբացից գրասեղանս նենգադուլ է հայտարարում` ձեր հեզ ծառային անողորմ մեղադրելով երեսպաշտության մեջ, գրասեղան-ամբարտակս պահանջում է անհապաղ հրաժարական ներկայացնել, քանի որ այս օրերին հավատարիմ զինընկերս ծանրաբեռնվել է նախընտրական-հոգեորսիչ բյուլետեններով։ Այնինչ ողջ տարին այստեղ բազմել-շարք են բռնել «20-րդ դարի պոեզիա», «Գիրք գրոց» (Վիգեն Խեչումյան), «Ես և դուք» (Երվանդ Քոչար) գրքերը, «Նարցիս» հանդեսը, նաև պատկերագրքեր զանազան, «Իրատեսը» զարմանազան և այլն։ Մի՞թե պարզ չէ, որ նման խորունկ բերքով հագեցած սույն սեղանը սփռոցազուրկ պետք է չհամատեղվի քաղաքական ժանգոտ եզրույթների հետ։ Համբերիր, ամբարտակ իմ սեգ, զի ապրիլի 2-ին հաջորդում են Մայիսի 9-ն ու 28-ը, Օգոստոսի 23-ն ու Սեպտեմբերի 21-ը։ Իր հերթին ընտրարշավն է մոտենում յուր ավարտին, զի քաղապաշխարության վերջին շաբաթն է։ Մենք էլ քննարկենք մի շարք այլ, շատ ավելի կարևոր թեմաներ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՌՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԹՎԱՇ ՊՏՈՒՂՆԵՐԸ
Ընտրությունները բավականին հզոր լուսարձակ են, որոնք ի ցույց են դնում հասարակության տարբեր շերտերի և առանձին անհատների իրական նկարագիրը։ Ոմանք դառնում են խիստ մտահոգ, քանզի «ո՞ւմ ընտրել» հարցը նրանց համար հացկատակային հեռանկարով չի ամփոփվում, երկրի գալիքն է որոշվում, և ահա այստեղ է, որ հանրապետության քաղաքացիների մի ստվար զանգված հերթական անգամ հոգնաբեկ քայլելու է դեպի ընտրատեղամաս` ձայնը տալու (ձայնի հետ էլ բախտը կապելու) քաղաքական չարիքի փոքրագույնին։ Անկասկած, նրանք հոգու խորքում լուսավոր հույսեր են փայփայում, որ չարիքի փոքրագույնն արմատապես կվերափոխվի և կդառնա համակ բարիք։ Մեկ այլ հանրային, ոչ այնքան մեծաքանակ հատվածի կյանքում հերթական ընտրությունը ստվերային գումարներ կորզելու եզակի հնարավորություն է, ոչինչ ավելի կամ էլ պակաս։ Սակայն առկա է հանրային մի ստորադաս, որի անդամների համար համապետական երկարընթաց իրադարձությունները հիանալի առիթ են ինքնադրսևորման համար` ստահակ նախաձեռնություններով։ Խնդրին անդրադառնամ մի քանի նշանավոր դեպքերի տեղազննմամբ։ Հավանաբար, Հովհաննես Շիրազի հանդեպ պոռթկուն սիրո և խոնարհումի ամենաինքնատիպ եղանակը բանաստեղծի հուշարձանի ներկումն է։ Դեպքը կատարվեց օրեր առաջ, ՀԱ զանգվածի կենտրոնական` «Երիտասարդության» զբոսայգում։ Շուրջ տասնհինգ տարի առաջ է այն տեղակայվել, անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ գլուխգործոց չէ, հատկապես անընդունելի է գրքի զետեղումը բանաստեղծի ոտքի վրա, այնուամենայնիվ, հուշարձանն ընդունվել է մեծ ժողովրդականություն վայելող Շիրազի պոեզիայի սիրահարների, առհասարակ հայ ժողովրդի կողմից և վաղուց է դարձել մայրաքաղաքի մշակութային մասունքներից մեկը։ Ի դեպ, հուշարձանի հեղինակը Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի միակ զավակն է` Հայաստանի ժողովրդական նկարիչ Արամազդ (Արա) Շիրազը։ Այստեղ մի հորդորով եմ դիմում մշակույթն ապականող թերհասներին. պղծագործությունից հետո գոնե մի հուշագիր թողեք, որ մենք հասկանանք, թե, այնուամենայնիվ, ինչն է ձեզ մղել նման անասնական անկման։ Եվ ինչ խոսք, նման երևույթը հանրապետությունն ուղղակի ճարակող քաղաքական, սոցիալական, տնտեսական ներկա խառնակության բնականոն հետևանք է, որի սկիզբը տեսել-վայելել ենք, սակայն վերջը առայժմ յոթ սարի հետևում է պատսպարվել։

Իսկ, կներեք, մի՞թե վերոնշյալ քաղաքական-տնտեսական-սոցիալական խառնափնթոր վայրիվերումներին չի սերտաճել դիվանագիտական մեր ամլությունը։ Անշուշտ սերտաճում է, և շառաչուն ապտակում է մեր աջ և ձախ քաղաքակիրթ այտերին, այն էլ ազերբայջանական աղտոտ թաթերով։ Եվ, ասացե՛ք, պաղատում եմ, գերհարգարժան պետայրեր, քաղգործիչներ և այլք, որ այսօր գլուխն ի ոտ քարոզչական հաղթարշավներով սիգաճեմում եք երկրի լայնքով, հանրապետության երկայնքով` մեր դիվանագիտական միտքը ինչո՞վ է զբաղվում Ռուսիո մայրաքաղաքում, երբ ազերիների դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին շահում է անթիվ ճակատամարտեր` ստով ակնհայտ, զեղծարարությամբ անբռնազբոս և պարզապես լրբենի շանտղությամբ զօր ու գիշեր պայքարելով ընդդեմ հայության, հայկական հարցի, ի վերջո` արցախյան թնջուկի արդարացի լուծման։ Պաշտոնական Բաքին, սա հանրահայտ է, ահռելի գումարներ է ծախսում, հաճախ դեղին ոսկով, յուր կուպրը մեղրի տեղ աշխարհին ներկայացնելու նպատակով։ Եվ շահում է ամենուր։ ՈՒ մի՞թե պատահական է, որ սույն Բյուլբյուլը հավակնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գահին։ Ինչպիսի՜ հսկայական ավերածություններ կիրականացնի սույն տխրահռչակ սուբյեկտը, արդեն այսօր բնավ դժվար չէ կռահել։ Անկռահելին այլ բան է. ինչո՞ւ է նման վտանգը անտեսվում հանրապետության թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից։ «Ջու-ջու-ջուջալարըմ, ման իմ քյորփա ջուջալարըմ», որքան ենք խնդացել ողջ Սովետմիությունը ճարակած ազերիական այս ճտային երգ-երթի վրա։ Հիմա հերթը արդեն մերն է, լա՞նք, թե՞, այնուամենայնիվ, մի քիչ խնդանք։ Ոչ լայնք և ոչ էլ խնդանք, պարզապես ամեն գնով պետք է չեղարկենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուլբյուլօղլիական բռնազավթումը, զի այն կդառնա մի ահավոր հակահայկական, իսկ ինչու չէ, նաև հակաքրիստոնեական յաթաղան թյուրքալեզու էթնոսների ձեռքում, որոնք քնում, արթնանում են համաթուրանական (նույնն է թե` պանթյուրքական) աշխարհակալության երազը հոգում։ Միով բանիվ, չհորինենք մի նոր հեծանիվ, արդեն 1000 տարի է, ինչ մենք տանուլ ենք տալիս դիվանագիտական այն ճակատներում, ուր մեր ախոյանը թուրքն է։ Տե՜ր իմ Երկնավոր, ե՞րբ է բուժվելու մեր այս, Սևակի վսեմ խոսքով ասած` «արխայնություն-դնջությունը»։ Հուսամ` գալիք աշնանը։

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԳԱՐՆԱՆ ՇՈՒՆՉԸ ԶԳԱԼԻ Է
Շունչ քաշենք լիաթոք, զի վերոհիշյալ խառնակությունները, այնուհանդերձ, մեր հեղհեղուկ (իմա` օրհասական-հերոսական) ժամանակի լիակատար տերը չեն։ Շունչ քաշենք, նաև, անշուշտ, հիշենք, որ այս պահին հողմաղացը ուրբաթօրյա իր հերթական քնարական երազն է տեսնում։ Երազում էլ նա ունկնդրեց զարմանալի պոետ Հրաչյա Բեյլերյանի «Բալլադ» բանաստեղծության այս քառյակը.
Ցուրտ ծովափին մի ձկնորս
Թեյ էր խմում կծովի։
Թպրտում էր դույլի մեջ
Գիտակցությունը ծովի։

Ինչ խոսք, ծով է մեր գիտակցությունը, միայն թե հաճախ այդ ծովում նավարկելու փոխարեն մենք կծովի թեյ ենք խմում։ Սակայն շաքարը քիչ-քիչ ավելանում է մեր բուրավետ թեյում։ Ահավասիկ, Հանրապետության հրապարակի հյուսիսային դարպասագլխին, Աբովյան 1/1 հինավուրց շենքում, որտեղ 1921-ին հանգրվանել է պայծառափայլ Թումանյանը, բացվեց «Տիկնիկների պատկերասրահը»։ Շենքը կառուցվել է մեկ դար 3 տարի առաջ։ Նախարար տիար Արմեն Ամիրյանի գնահատելի մտահղացումները կյանքի են կոչվում, ազգային մշակույթը բարոյական հաղթանակը զուգակշռում է նյութականին, նշյալ աննախադեպ պատկերասրահը զբոսաշրջիկներ ներգրավելու գայթակղիչ մի խայծ է։ Ընդ որում, պատկերասրահը տիկնիկաց կյանքի է կոչվել մասնավոր ներդրողի (շուրջ 60 հազար ԱՄՆ դոլար) ջանքերով: Հուռռա՜, վերջապես հայոց քսակատերերը ներդրումներ են կատարում մշակույթի ոլորտում և ամրագրում են իրենց անունը հայոց պատմության Պառնասում: Այստեղ ինձ թույլ տվեք մի լրացում կատարել: Հայ կերպարվեստը հսկա ներուժ ունի և հրաշալի ավանդույթներ: Սակայն այն գրեթե անծանոթ է արվեստասեր աշխարհին: Համաշխարհային աճուրդներում դեպքից դեպք են առկայծում հայ նկարիչների անունները: Առկայծման պարագայում շատ շուտ հանգչում են, այլ կերպ ասած, վաճառվում են վիրավորվելու աստիճանի ցածր գներով: Եվ գիտե՞ք, թե ինչու: Զի հայկական կերպարվեստը որպես ինքնուրույն (և բազմահարուստ) երևույթ, անհայտ է աշխարհին: Քիչ թե շատ հանրածանոթ են Հովհաննես Այվազովսկին, Մարտիրոս Սարյանը, Արշիլ Գորկին և վերջ: Այնինչ, այսօր հազարից ավելի գործուն վարպետներ կան, և պետք է միայն ներդրումներ կատարել ժամանակակից հայ կերպարվեստի ոլորտում, նախ լիաթոք շնչել-արտաշնչելու հնարավորություն ընձեռել նկարչին ու քանդակագործին, վերականգնելով պետական պատվերի հզոր ինստիտուտը, որը խորհրդային շրջանում ապահովում էր նկարիչներին մշտական պատվերներով, զարգացնելով ԽՍՀՄ եղբայր ժողովուրդների ազգային կերպարվեստը: Նախաձեռնենք սա, վերականգնելով նաև ՀՆՄ-ի գեղարվեստի ֆոնդը, անշուշտ, այս ամենը հարիր մեր օրերի մարտահրավերներին, միով բանիվ, անհրաժեշտ է սրտանց սատարել նկարիչներին և նրանց տաղանդի արգասիքներն արտահանել միջազգային շուկաներ:
(Այս խնդրով պատրաստ եմ գործնական առերեսման ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ):

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
Հուսամ, որ չեք մոռացել նախորդ ուրբաթի հորդորագիրս և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը, այն է՝ հասնել Կումայրի և «Մահ հայրաքաղաքի տնակներին» հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել իրենց արդար վաստակի տասանորդն ու գերարդար գողոնի 90 տոկոսը: Կարծես անտեսվում է համապետական նշանակության այս հողմաղացյան առաջարկս: Ինչ արած, սպասենք և հուսանք, որ հայոց գերքաղաքականացված տնտեսաքաղաքական վերնախավը, ի վերջո, դարձի կգա, կզատի ժամանակավրեպն ու մշտականը, ասել է՝ հարդն ու ցորյանը:
Զինչե՜ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին...


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ