Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Զբոսաշրջությունը խթանելու համար միայն մեկ նախապայման է պետք` նախօրոք հայտարարված ծրագիր»

«Զբոսաշրջությունը խթանելու համար միայն մեկ  նախապայման է պետք` նախօրոք հայտարարված ծրագիր»
24.03.2017 | 10:40

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանը կմեկնարկի մարտի 26-ին` լեգենդար ջութակահար, կրկնակի «Գրեմմի» մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով: Փառատոնի շրջանակում, համերգային բազմապիսի ծրագրերից զատ, տեղի կունենան նաև վարպետության դասընթացներ` Բյուրականի ակադեմիայում, և համերգներ` մարզերում: Փառատոնային տարին կեզրափակի հանճարեղ դաշնակահար, հայ ազգի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգը:

«Երևանյան հեռանկարների» դերի, նշանակության, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև մշակույթ-տնտեսություն կապը բարելավելու մասին է մեր զրույցը փառատոնի գլխավոր մենեջեր ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:


-Սահմանային լարվածության պատճառով անցյալ տարի «Երևանյան հեռանկարներում» գրանցվեցին ծրագրային փոփոխություններ: Մի շարք իրադարձային միջոցառումներ հետաձգվեցին: Այս տարի լրացվելո՞ւ է բացը: Առհասարակ, ինչո՞վ է առանձնանալու 2017 թվականի ծրագիրը:
-«Երևանյան հեռանկարները» Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին փառատոնն է, որ հիմնվել է անկախության իններորդ տարում: Մենք հպարտությամբ ենք մտածում այն մասին, որ տասնութերորդ անգամ է մեկնարկում փառատոնը, և երկու տարուց կմոտենանք քսանամյակի շեմին: Սա պարտավորեցնող ու շատ կարևոր տարեդարձ է: 2017-ի ծրագիրն ընտրել ենք այն չափանիշներով, որով «Հեռանկարն» այսքան տարի աշխատել է: ՈՒնենալու ենք հյուրեր, որոնց հետ 2005-2006 թվականներից կապի մեջ ենք` հռչակավոր դաշնակահար Արկադի Վոլոդոսը, 8 «Գրեմմի»-ի մրցանակակիր «Էմերսոն» քառյակը: Հայաստանում նրանք լինելու են առաջին անգամ: Տարվա ընթացքում շատ քիչ համերգներ են ունենում, այս տարի պատվելու են նաև մեր երկիրը: Դրանք մեր իրադարձային, անհավանական ծրագրերից են: Զուգահեռ նաև 2018-ի ծրագիրն ենք կազմում: Կարծում եմ` 2017 և 2018 թվականների համերգային ծրագրերը կխթանեն նաև զբոսաշրջիկների այցը, ինչին կարող ենք հասնել ծրագիրը նախապես հայտարարելով:
-Հեղինակավոր արվեստագետների, երաժշտական խմբերի հյուրընկալությունը ապահովելու գործում ի՞նչ դեր ունեն երկիրը և փառատոնը, որի շրջանակում ելույթ են ունենալու:
-Առաջին գործոնը փառատոնն է: Ցայտուն օրինակ կարող եմ նշել. Ամստերդամի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հայաստանյան համերգին Վրաստանի պատվիրակության կազմում էր նաև երկրի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլու տիկինը` Սանդրա Ռուլովսը: Ողջ խոսակցությունն այն մասին է, որ Վրաստանի առաջին տիկինը` լինելով հոլանդուհի, ստիպված էր եղել նրանց համերգը լսելու համար գալ հարևան երկիր: Նրանք շատ հստակ բացատրեցին, որ եկել են մասնակցելու փառատոնի, որն ունի մեծ փորձ, իրենցից առաջ հյուրընկալել է հինգ-վեց նման նվագախմբերի, երբ որևէ երկիր կունենա նման փորձ` սիրով կընդունեն հրավերը:
-Հայ հանդիսատեսի արձագանքը գոհացնո՞ղ է:
-Ավելի քան գոհացնող: Երբ տեսնում ենք լեփ-լեցուն դահլիճները, հանդիսատեսի ոգևորությունը, բոլոր դժվարությունները մոռանում ենք: Հասկանում ենք, որ այս ամենը շատ է պետք մեր երկրին, հանրությանը, դա այն հոգևոր սնունդն է, առանց որի չես ապրի: Ես միշտ ջերմությամբ ու սիրով եմ խոսում մեր հանդիսատեսի մասին: Արտիստներին նույնպես հիացնում են հայ հանդիսատեսի արձագանքն ու ընդունելությունը:
-Իսկ տոմսերի գնային քաղաքականությունը չի՞ խոչընդոտում արվեստասերներին` ներկա լինելու իրենց նախընտրած համերգին:
-Փառատոնի համերգները հիմնականում լինում են «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Առաջիկա համերգի` Պինկաս Ցուկերմանի օրինակով ասեմ, տոմսերի արժեքը 3000-30000 դրամ է: Էժան տոմսերը մոտ յոթանասուն տոկոս են կազմում: Տոմսերը որքան թանկ, այնքան քիչ են: 30 հազարը ընդամենը մեկ կարգի համար է` կենտրոնական կարգի, որ ձեռք են բերում այն մարդիկ, ովքեր ուզում են մեզ օգնել և ի վիճակի են դա անելու: Տոմսերի վաճառքի գումարը միշտ կարևոր է փառատոնի համար, որովհետև մենք ունենք պետական աջակցություն, բայց դա երբեք բավարար չէ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար:
-Ինչպե՞ս է հաջողվում տոմսերի մատչելիությունն ապահովել բացառիկ հռչակի տեր, բարձր վարձատրվող երաժիշտների և խմբերի պարագայում:
-Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ նրանք Հայաստան են գալիս իրենց հոնորարի ուղիղ կեսով: Դա մեր դիվանագիտական նվաճումներից է և արվում է այնպես, որ բանակցությունները շուկայական հարաբերությունների չվերածվեն` և՛ մեզ չվիրավորենք, և՛ մեր երկիրը «չէժանացնենք»: Դա մի գործընթաց է, որին բավական լավ ենք տիրապետում, և արդյունքն ակնհայտ է:
-Միջազգային հեղինակավոր փառատոնը կարո՞ղ է դեր ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում:
-Այո, և դա աշխարհում ընդունված մեխանիզմ է: Մեզանում կարծես չեն պատկերացնում, թե ինչ հզոր ռազմավարական դեր ունեն մշակութային նմանօրինակ նախագծերը: Էդինբուրգի փառատոնի բյուջեն, ենթադրենք, 12 միլիոն ֆունտ է, հայտարարված թվերով` 150 ֆունտ հետ է բերվում զբոսաշրջիկների միջոցով, որ գալիս են հատուկ փառատոնի համար: Շոտլանդիան այնպիսի հզոր պատմամշակութային ժառանգություն ունի, որ զբոսաշրջիկների հոսքը չէր պակասի, եթե նույնիսկ փառատոն չունենային, բայց պատկերացրեք, որ զբոսաշրջության ամենահզոր խթանը փառատոնն է: Եվ այդպես է ցանկացած երկրի համար: Վերջերս Բրյուսելում կայացած «Կլոր սեղանին» 15 առաջատար փառատոների հետ մասնակցում էր նաև «Հեռանկարները»: Փառատոների համար ծախսվող գումարներն այնքան մեծ էին, որ ես երբեք չէի կարող հրապարակել մեր բյուջեն, բայց որակական առումով հավասար են ու նույն գործն են անում երկրի համար: Որպեսզի «Հեռանկարները» խթանի զբոսաշրջությունը, միայն մեկ նախապայման է պետք` նախօրոք հայտարարված ծրագիր: Դրա համար մեր բյուջեն պետք է հստակ լինի, բայց արդեն 18-րդ տարին է` չունենք հստակություն և չենք կարողանում մեկ կամ գոնե կես տարի շուտ ծրագիրը հայտարարել: Այսպես, օրինակ, Ցուկերմանը հարևան Վրաստանում չի եղել, Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը տարածաշրջանում չի եղել, սրանք պատճառ են մարդկանց մեծ հոսքի: 2018 թվականի համար փորձելու ենք մեխանիզմներ գտնել ու հայտարարել ծրագիրը, որ մեր երկիրն էլ այդ կենդանի արդյունքները վայելի:
-Ամփոփելով` կարո՞ղ եք առանձնացնել փառատոնի դերը, նշանակությունը, մինչ օրս ունեցած նվաճումները:
-Մշակութային դիվանագիտության նվաճումներ ենք ունենում, բազմաթիվ փակ դռներ են բացվում, աշխարհի գերաստղերը բարեկամանում են Հայաստանի հետ: Փայլուն օրինակ է «Քեզ հետ, Հայաստան» նախագիծը, երբ 2015-ին միլիոնանոց լսարան ունեցող աշխարհահռչակ երաժիշտները խոսեցին ցեղասպանության մասին, հայ երաժիշտների հետ աշխարհի տարբեր բեմերից հնչեցրին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Աշխարհի առաջատար մամուլը գրեց այդ մասին: Ի վերջո, փառատոնը կրթական մեծ դեր ունի, մեր երաժիշտների կյանքն է փոխում, կենսագրությունը հարստացնում: Դժվարանում եմ գտնել մի ոլորտ, որին փառատոնը ծառայություն մատուցած չլինի, կարող եմ անվերջ թվարկել:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ