«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

«Ծրագիրը ներառում է բուժման, ախտորոշման, համաճարակաբանության վերահսկողության հզորացում»

«Ծրագիրը ներառում է բուժման, ախտորոշման, համաճարակաբանության վերահսկողության հզորացում»
24.03.2017 | 10:55

Տուբերկուլյոզը բուժվում է` փաստում են մասնագետները։ Այլ կերպ ասած, մտավախությունը, թե այն անբուժելի հիվանդություն է, սխալ է, կարևորը ժամանակին դիմելն է, թեև մասնագետները հավաստիացնում են, որ ոչ վաղ շրջանում հայտնաբերվածները ևս բուժվում են։ Սա սոսկ հայտարարություն չէ, այլև թվերով ֆիքսված փաստ, որն անցած շաբաթ լրագրողներին ներկայացրին Տուբերկուլյոզի ազգային կենտրոնի տնօրենը և գլխավոր մասնագետը առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպված սեմինարում` մարտի 24-ին` Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ։ Ըստ Տուբերկուլյոզի ազգային կենտրոնի տնօրենի` 2015-ից զգալիորեն նվազել են հիվանդության և մահացության դեպքերը։ Իսկ 2007-2017 թթ. մահացության դեպքերը նվազել են երեք, հիվանդության` երկու անգամ։ Ըստ նշված կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդական, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ֆթիզիատր, դոցենտ Լյուբով Նիկոլայանի` մահացության դեպքերի հիմնական պատճառը հիվանդների մոտ մինչ տուբերկուլյոզով հիվանդանալը ՁԻԱՀ-ի առկայությունն է։ Նա մանրամասն ներկայացրեց հիվանդության թոքային և արտաթոքային երևույթները, բուժման արդյունավետությունը, վարակի կանխարգելման գործընթացները և միջազգային զարգացումները։ Եթե նկատենք, որ հիվանդությունը գնալով նվազում է, ապա չի բացառվում, որ 2017-ից հիվանդության բուժման արդյունավետությունը է՛լ ավելի կմեծանա։ Մեր այս ենթադրության հիմքում կենտրոնի որդեգրած քաղաքականությունն է, ըստ որի, այս տարվանից շարժական ֆլյուորռոգրաֆիայի մեքենաները իրականացնելու են հետազոտություններ մարզերում։ Պարզվեց, որ սա միակ նորարարությունը չէ։ 2016-ից փոխվել է հիվանդներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրի ռազմավարությունը։ Եթե մինչ այդ ծրագրի շրջանակներում հիվանդին հատկացվում էր սննդի փաթեթ, ապա անցած տարվանից փաթեթի փոխարեն հատկացվում է 16-26 հազար դրամ (ըստ խմբերի), որը հիվանդը կարող է օգտագործել ավելի նպատակային։ Գուցե և սա ճիշտ մոտեցում է, քանի որ հաճախ հիվանդների սրտով չէ այն սնունդը, որը ներառված է փաթեթում։ Մասնագետների գնահատմամբ` այս մոտեցումը նպաստում է նաև, որ հիվանդները հետևողական լինեն իրենց բուժման ընթացքում։ Ինչ խոսք, այս ամենը դրական զարգացում է, սակայն պետք է նկատել, որ կա մի խնդիր, որը, կարծես, բժիշկները աչքաթող են անում։ Գաղտնիք չէ, որ շաքարախտը հաճախ զուգորդվում է տուբերկուլյոզի հետ և շատ դեպքերում արտահայտվում է արտաթոքային հիվանդության ձևով։ Այս իրողությունը հաստատում են նաև կենտրոնի մասնագետները։ Բայց արի ու տես, որ բժշկական կենտրոններում և պոլիկլինիկաներում նման հիվանդներին տուբերկուլյոզի հետազոտություն նշանակվում է, երբ բանը բանից անցած է լինում։ Ինչո՞ւ բժշկական հաստատություններում առաջնահերթ նման հիվանդներին տուբերկուլյոզի դեմ հետազոտություններ չեն նշանակում։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Տուբերկուլյոզի ազգային կենտրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ։

-Անցած տարի հաստատված տուբերկուլյոզի ազգային ծրագրի շրջանակում մեր մասնագետները տարբեր մասնագիտության բժիշկների և միջին բուժանձնակազմի համար պարբերաբար կազմակերպում են սեմինարներ։ Այդպիսով փորձում ենք հրավիրել նրանց ուշադրությունը խնդրի վրա, որպեսզի և՛ պոլիկլինիկային ծառայություններում, և՛ բժշկական կենտրոններում տուբերկուլյոզը լինի նրանց ուշադրության կենտրոնում։ Իհարկե, Ձեր նշած խնդիրը կա և ավելի շատ վերաբերում է արտաթոքային դեպքերին։ Թոքային տուբերկուլյոզի ախտորոշումը շատ ավելի հեշտ է, և՛ ռենտգեն պատկերով տեսանելի, և՛ լաբորատոր զննության համար լինում է նյութ։ Ինչ վերաբերում է արտաթոքային դեպքերին, ապա հատկապես սկզբնական շրջանում դրանց ախտորոշումը բարդ է։ Օրինակ, ողնաշարի տուբերկուլյոզի դեպքում, երբ չկա որոշակի քայքայում կամ աբսցես, դժվար է ախտորոշել, չունենալով հստակ պատկեր։ Դրա համար հաճախ վնասվածքաբանները, նյարդաբանները շփոթում են և իրականացնում են մասնագիտական ուղղվածության սոմատիկ բուժում։ Հետագայում, երբ բուժումն արդյունավետ չի լինում, նոր միայն մտածում են տուբերկուլյոզի մասին և հրավիրում համապատասխան մասնագետի։ Սակայն ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել` արտաթոքային տուբերկուլյոզի ախտորոշումը սկզբնական շրջանում բավականին բարդ գործընթաց է և հնարավոր է, որ ոչ մասնագետը չտեսնի պատկերը և չունենա լաբորատոր հետազոտության համար անհրաժեշտ նյութ։
-Այն, որ շաքարախտը զուգորդվում է տուբերկուլյոզի հետ, սովորեցնում են համալսարանում` ուսանող ժամանակվանից բժիշկները լսում են այդ մասին։ Սակայն շատ դեպքեր կան, երբ շաքարախտով հիվանդներն ունեցել են հոդային տարբեր լուրջ խնդիրներ, անգամ բաց վերքեր, բայց դա չի խանգարել, որ նրանց ամիսներ շարունակ բուժեն իրենց մոտեցմամբ, ինչը արդյունք չի տվել, բայց տուբերկուլյոզի մասին չեն էլ մտածել, կամ էլ մտածել են ամենավերջում, երբ հիվանդի վիճակը բարդացել է։ Նման դեպքերում ինչո՞ւ բժշկին չի պարտադրվում բացառման սկզբունքով դիտարկել տուբերկուլյոզի առկայությունը և հրավիրել համապատասխան մասնագետի։ Հատկապես, երբ գոյություն ունի տուբերկուլյոզի ազգային ծրագիր, գուցե ա՞յս ծրագրում նման մոտեցում ամրագրվի։
-Հոդերի, ինչպես նաև ողնաշարի տուբերկուլյոզի դեպքում սկզբնական շրջանում հնարավոր չի լինի լաբորատոր հետազոտում իրականացնել, քանի որ չկա նյութ։ Եթե թոքերի դեպքում խորխից անմիջապես պատկերը պարզ է լինում, ապա ոսկրայինի դեպքում նյութ չենք ունենում, սակայն, կրկնում եմ, սկզբնական շրջանում։
-Իսկ եթե նյութը կա, վերքը բաց է, իսկ բժիշկն ամեն ինչի մասին մտածում է, բացի տուբերկուլյոզից, այդ դեպքում ի՞նչ...
-Ցավոք, ամենածանրի ու վատի մասին վերջում ենք մտածում։ Ձեր նշած խնդիրը, այո, կա, մենք աշխատում ենք մեր մասնագետների հետ, որ նման դեպքերը բացառվեն։
-Պարոն Հայրապետյան, ինչո՞վ է առանձնահատուկ տուբերկուլյոզի ազգային ծրագիրը։
-Ծրագիրը նախատեսված է 2016-2020 թթ. համար և ներառում է 9 ռազմավարական մոտեցում, որոնք վերաբերում են բուժմանը, ախտորոշմանը, նորարարական մեթոդների կիրառմանը, հետազոտություններին, համաճարակաբանության, վարակի վերահսկողության հզորացմանը։
-Այդ ծավալուն գործընթացները ենթադրում են ծավալուն ֆինանսներ, ինչպե՞ս եք դրանք հայթայթելու, և ի՞նչ արժե ծրագիրը։
-Ֆինանսավորման զգալի հատվածն իրականացվելու է պետբյուջեի միջոցներով, բացի այդ, ներդրումներ են կատարելու տարբեր դոնոր կազմակերպություններ։ Մեր հիմնական գործընկեր դոնոր-կազմակերպությունը «Գլոբալ» հիմնադրամն է, որն աջակցում է այս ծրագրին և իր վրա է վերցրել որոշ միջոցառումների կազմակերպումը։ Այս հիմնադրամի երեք տարվա ֆինանսական աջակցությունը կազմելու է 9 մլն դոլար, իսկ պետբյուջեինը` տարեկան 3 մլն դրամ։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ