Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան  բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
24.03.2017 | 11:07

(սկիզբը` այստեղ)

Եվրոպական հեռուստալսարանի համար ՀՀ նախագահը հիշելու և հպարտանալու շատ բան կունենար, եթե ժամանակին ուշադրություն դարձներ ու ընթացք տար ակադեմիկոս Պարիս Հերունու արևային գործերին, եթե 2008 թվականի հունվարի 19-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում հանդիպման ժամանակ լրջամտորեն ընդուներ Վահան Համազասպյանի ներկայացրած հակաճգնաժամային երկրաստեղծ ծրագիրը, որի հիմքում դրված էին Հայաստանում հելիոտեխնիկական արդյունաբերության գիտատար ոլորտի ստեղծումը, Հայաստանի ու Ղարաբաղի հելիոֆիկացիան, ու անհապաղ, ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու պահից ի վեր, երկիրը տաներ այդ ճանապարհով: Այսօր Հայաստանում այլ իրավիճակ կլիներ, կունենայինք տնտեսապես զարգացած ու բարգավաճ երկիր, մեր հարգարժան նախագահը հնարավորություն կունենար եվրոպական հանրության առջև հանդես գալու արժանապատիվ դիրքերից և, ի լուր աշխարհի, կներկայացներ մեր բարգավաճ երկրի զարմանահրաշ ձեռքբերումները՝ հարցազրույցը դնելով այլ ռելսերի վրա՝ մոտավորապես այսպես:


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ- Իհարկե, Հենրիկ Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է, մենք ունենք նաև Լևոն Արոնյան, Ռիո-16-ի օլիմպիական չեմպիոններ Արթուր Ալեքսանյան ու Միհրան Հարությունյան, Նազիկ Ավդալյան, Արթուր Աբրահամ, այլ նշանավոր մարզիկներ, բայց մենք աշխարհին առավել հայտնի ենք դարձել հելիոֆիկացիայի մեր հաջողություններով, դեռևս չճանաչված երկիր Ղարաբաղը դարձել է աշխարհի առաջին հելիոֆիկացված երկիրը, իսկ մոտակա տարիներին կավարտենք նաև Հայաստանի հելիոֆիկացիան: Չնայած Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից վարվող տևական տնտեսական ու տրանսպորտային բլոկադային, չնայած Սպիտակի երկրաշարժի ահավոր ավերածություններին, չնայած մեզ պարտադրված պատերազմին, մենք կարողացել ենք սկզբունքորեն լուծել մարդկության ու նաև ձեր` Եվրամիության ժողովուրդների առջև կանգնած երկու կարևորագույն խնդիրներ, խոսքը Երկիր մոլորակի էկոլոգիական ու էներգետիկ անվտանգության խնդիրների մասին է։ Կասկածից վեր է, որ դրանք մեր ժամանակների կարևորագույն մարտահրավերներից են։ Եթե այդ խնդիրները չստանան իրենց խաղաղ լուծումները, ապա փորձ կարվի դրանք լուծել ուժով՝ ռազմական ճանապարհով՝ ընդհուպ մինչև երրորդ համաշխարհային պատերազմի հրահրումը:


Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր հայ գիտնականները՝ ակադեմիկոս Պարիս Հերունու գլխավորությամբ, կարողացել են գտնել այդ կարևոր խնդիրների լուծման լավագույն, ես կասեի, էտյուդային տարբերակը՝ օգտագործելով մեր ազգին բնորոշ մտավոր ներուժը: Մեր ժողովուրդը դարերի ընթացքում, բազմիցս կանգնելով լինել-չլինելու խնդրի առաջ, ձեռք է բերել ինքնապաշտպանության, ինքնահաստատման լավագույն հատկանիշները, դժվարին պահերին կարողանում է կենտրոնանալ և լուծել կողմնակի հայացքի համար անլուծելի թվացող խնդիրները։ Հիմա դարձել ենք աշխարհի առաջին հելիոֆիկացված երկիրն ու նման հարցերում պատրաստ ենք օգնելու և աջակցելու մյուս երկրներին, այդ թվում՝ Եվրամիության երկրներին, նավթով ու գազով հարուստ Ադրբեջանին, նավթով ու գազով աղքատ Թուրքիային՝ օգտագործելով նաև հայկական սփյուռքի հնարավորությունները, այն սփյուռքի, որն առաջացել է Թուրքիայի «օգնությամբ» 1915 թվականին իրականացված Հայոց մեծ եղեռնի պատճառով:

Եթե հարցազրույցն այդպես շարունակենք վիրտուալ տիրույթում, ապա կլինի հետևյալ հարցը.

ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՂ- Պարոն նախագահ, խնդրում եմ` մեր հեռուստալսարանին բացատրել, թե ի՞նչ ասել է հելիոֆիկացիա։ Այդ բառը ես առաջին անգամ եմ լսում, հելիոֆիկացիայից ի՞նչ օգուտներ կարող ենք ստանալ դուք և մենք՝ եվրոպացիներս, աշխարհի մյուս ժողովուրդները:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ -Հելիոֆիկացիա տերմինը շրջանառության մեջ են մտցրել մեր գիտնականները, նշանակում է արևային էներգիայի համատարած օգտագործում արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ, մարդկանց կենցաղում ու կյանքի բոլոր բնագավառներում: Աշխարհում կան բազմաթիվ հրատապ խնդիրներ, որոնք կոնկրետ լուծումներ են պահանջում։ Օրինակ, պարենային անվտանգության խնդիրը կամ խմելու ջրի պակասը արդեն մահացու վտանգ են ներկայացնում Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի ու Ասիայի տնտեսապես թույլ զարգացած մի շարք երկրների համար։ Երկրներ, որոնց բնակչությունը սովից փրկվելու համար մշտապես ձգտում է ներգաղթել Եվրամիության տարածք՝ առաջացնելով սոցիալական ծայրաստիճան լարվածություն: Բայց կան այնպիսի մասշտաբային խնդիրներ, որոնք արդեն առանձնակի վտանգ են ներկայացնում եվրոպական զարգացած երկրների համար։ Խոսքը համաշխարհային էկոլոգիական ու էներգետիկ ճգնաժամային խնդիրների մասին է, որոնք արդեն մահացու վտանգ են ներկայացնում զարգացած երկրների համար: Այդ վտանգներն առաջացել ու հետզհետե ավելի են խորանում՝ տնտեսական զարգացման բարձր տեմպերի պատճառով: Վերցնենք Չինաստանը. ժամանակ առ ժամանակ Պեկինում արտակարգ դրություն է հայտարարվում՝ ծխից ու մրից կազմված թանձր մառախուղի-smog-ի պատճառով, փողոցներում շնչել չի լինում, մարդիկ շնչահեղձ են լինում։ Նման օրերին մարդկանց խորհուրդ է տրվում մնալ իրենց տներում կամ փողոց դուրս գալ միայն հակագազային հատուկ դիմակներով:


Ֆրանսիայի քաղաքացիներին smog-ի վտանգը չի սպառնում, որովհետև, ի տարբերություն Չինաստանի, որտեղ էներգետիկայի մեջ գերակշռում է գազի ու քարածխի օգտագործումը, Ֆրանսիան իր էներգիայի 70 տոկոսը ստանում է ատոմակայաններից:
Ատոմային էներգետիկան, ի տարբերություն օրգանական էներգակիրների վրա հիմնված էներգետիկայի, էկոլոգիական խնդիրներ չի առաջացնում, եթե ատոմակայանները աշխատում են իրենց համար նախատեսված ռեժիմներով։ Մենք ևս ունենք ատոմակայան, որն աշխատում է 1978 թվականից, դա աշխարհի առաջին ու հուսալի գործող ատոմակայաններից է։ Առաջիկայում մտադիր ենք հնի փոխարեն նոր էներգաբլոկ կառուցել, որի ֆիզիկական ռեսուրսը արդեն սպառվում է:
Չեռնոբիլից ու Ֆուկուշիմայից հետո բոլորին պարզ դարձավ, որ ատոմային էներգետիկան ևս ունի իր էկոլոգիական վտանգները, որոնք անհամեմատ ավելի լուրջ են ու կարող են մասշտաբային աղետների վերածվել։ Շատ երկրներ սկսել են հրաժարվել ատոմային էներգետիկայից, որովհետև ատոմային տեխնածին աղետների համեմատ smog-ները մանկական խաղի են նմանվում։ Վերջերս այդպիսի որոշում է կայացրել Գերմանիայի կառավարությունը. նոր ատոմակայաններն այլևս չեն կառուցվելու, գործողները պետք է կանգնեցվեն: Պետք է նշել, որ օրգանական վառելիքի օգտագործման ծավալների աճի բացասական հետևանքները smog-ներով չեն վերջանում, այստեղ չեռնոբիլյան տիպի աղետներից առավել մեծ վտանգներ կան թաքնված. քարածխի ու գազի այրման ժամանակ առաջանում է ածխաթթու գազ, որը մթնոլորտի վերին շերտերում առաջացնում է ջերմամեկուսիչ շերտ, որն էլ, իր հերթին, խախտում է Երկիր մոլորակի վրա հաստատված ջերմային հավասարակշռությունը, այսպես կոչված, ջերմոցային էֆեկտի պատճառով:
Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե առաջիկայում կտրուկ միջոցներ ձեռք չառնվեն, ապա մի քանի տասնամյակ անց մարդկությունը կարող է կանգնել կործանման եզրին։ Հաշվարկները ցույց են տալիս, որ ջերմոցային էֆեկտի պատճառով Հյուսիսային և Հարավային բևեռների սառույցները կհալվեն, ինչի պատճառով Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 30 մետրով՝ առաջացնելով համաշխարհային ջրհեղեղ, Հոլանդիայի ու եվրոպական մի շարք այլ երկրների տարածքների զգալի մասը կհայտնվի ջրի տակ։ Պատմության ընթացքում համաշխարհային ջրհեղեղ արդեն եղել է։ Այն ժամանակ Նոյին հաջողվեց գտնել փրկության ճանապարհը՝ իր կառուցած տապանով հանգրվանել մեր Սուրբ լեռան՝ Արարատի գագաթին։ Հատկանշական է, որ Եվրամիության որոշ քաղաքացիներ հեռանում են իրենց ցածրադիր երկրներից ու գալիս են Հայաստան՝ Նոյի երկիրը:
Վերջերս Հայաստանի քաղաքացիություն ենք տվել հոլանդացի Գերհարդի ընտանիքի անդամներին։ Ընտանիքը բնակություն է հաստատել Լոռվա մարզում, կառուցել է սեփական փոքր հէկը, գոհ է իր կյանքից ու նոր հայրենիքից, ապագա ջրհեղեղի վտանգը նրա ընտանիքին այլևս չի սպառնում:


Համոզված եմ` համաշխարհային երկրորդ ջրհեղեղին գործը չի հասնի։ Աշխարհի փրկությունը դարձյալ գալու է Արարատի երկիր Հայաստանից՝ երկրների ու աշխարհամասերի հելիոֆիկացիայի ճանապարհով:
ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՂ- Ի՞նչ եք կարծում, այդ էներգետիկ ու էկոլոգիական պրոբլեմները մեզ հայտնի չե՞ն, կամ չե՞նք մտածում դրանց մասին:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ- Իհարկե, հայտնի են, իհարկե, մտածում եք։ Այսօր աշխարհում հսկայական գումարներ են ծախսվում էներգետիկ ու էկոլոգիական հակադիր խնդիրները լուծելու համար, հսկայածավալ գիտահետազոտական ու պրակտիկ աշխատանքներ են կատարվում էներգախնայողության, հողմային, հիդրո և արևային էներգետիկայի զարգացման ուղղություններով: Այդ նպատակների համար անցած տարի, օրինակ, աշխարհում արդեն 359 միլիարդ դոլար է ծախսվել, բայց խնդրի վերջնական լուծումը դեռևս չկա։ Չի գտնվել, որովհետև բոլոր դեպքերում առաջնությունը տրվում է իրականացվող միջոցառումների տնտեսական նպատակահարմարությանը։ Այլընտրանքային էներգետիկան առայժմ նպատակահարմար է միայն էկոլոգիայի տեսանկյունից, բայց տնտեսական խիստ մոտիվացիա չունի, խիստ ծախսատար է, մեկ կարգով ավելի թանկ է ստացվում ատոմակայանների, ջէկերի ու հէկերի համեմատ: Նման պարագայում, բնականաբար, առաջին տեղ է մղվում տնտեսական նպատակահարմարության խնդիրը, ինչն էլ ստիպում է «կուլ տալ» smog-ներն ու էկոլոգիական բնույթի մյուս կողմնակի էֆեկտները։ Այս իրողությունն էլ ունի իր բացատրությունը. ցանկացած երկրի գոյությունն ու բարգավաճումը կախված են իր տնտեսական հաջողություններից, որն անհնարին կլինի առանց ուժեղ էներգետիկայի՝ էկոլոգիապես մաքուր, թե անմաքուր, սրանք ածանցյալ խնդիրներ են, եթե ցանկանում են տեսնել սեփական երկրների դինամիկ զարգացումը, ապա, որոշ դեպքերում, ստիպված են լինում հաշտվել էկոլոգիական անհարմարությունների հետ։ Այստեղ մեծ էգոիզմ կա թաքնված, որի դեմ պետք է պայքարել ու պայքարում են Կիոտոյի, Փարիզի համաձայնագրերով, ՄԱԿ-ի գագաթնաժողովների որոշումներով և այլ ձևերով՝ հանձնարարականների մակարդակով:
ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՂ- Ի՞նչ է ստացվում` դուք ձեր բազում տնտեսական պրոբլեմները թողած, ցանկանում եք լուծել աշխարհի դեռևս չլուծված հրատապ պրոբլեմնե՞րը։ Ինչպե՞ս եք պատրաստվում լուծելու ձեր երկրի տնտեսական խնդիրները:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ- Էներգետիկ ու էկոլոգիական ծանր լծի տակ մենք մտել ենք, առաջին հերթին, տեսադաշտում պահելով մեր երկրի առջև կանգնած տնտեսական ծանրագույն խնդիրների լուծման հնարավորությունը, ինչպես ասում են՝ արել ենք և՛ օգտակարը, և՛ հաճելին: Աշխարհի հելիոֆիկացիայի գործընթացը կազմակերպելու համար պետք էր արտադրել մոտ 8 տրիլիոն դոլարի արևային տեխնիկա, դա մեր արտաքին պետական պարտքը գերազանցում է մոտ 1500 անգամ։ Դրա համար ստեղծել ենք հելիոտեխնիկական արդյունաբերություն՝ իր գործարանների ընդարձակ ցանցով և 800 հազար աշխատատեղով՝ կենտրոնանալով, հատկապես, Սպիտակի աղետի գոտու և Ղարաբաղի վրա, ամբողջովին վերացրել ենք Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքները, մեր քաղաքացիների համար ստեղծել ենք բավարար աշխատատեղեր, կասեցրել ենք արտագաղթն ու խրախուսում ենք ներգաղթը, գործազրկությունը հասցրել ենք զրոյական մակարդակի, մեզ մոտ արդեն աշխատանքի ենք վերցնում Եվրոպայից ու Ռուսաստանից եկած աշխատանքային միգրանտներին:
Լուրջ հաջողություններ ունենք էներգետիկայի բնագավառում, հելիոֆիկացիան թույլ տվեց Հայաստանի էներգետիկ բալանսին ավելացնել արևային էժան էներգիայի լրացուցիչ ծավալներ, հինգ անգամ ավելի, քան այն կարող է տալ հայկական ատոմակայանը։ Զգալի փոփոխությունների է ենթարկվել տնտեսության կազմակերպման մեր փիլիսոփայությունը, գիտատար, ոչ նյութատար ու էներգատար ճյուղերի փոխարեն մենք խրախուսում ենք արդյունաբերության գիտատար, ոչ նյութատար և խիստ էներգատար ճյուղերի զարգացումը՝ շեշտը դնելով արևային գերէժան էներգիայի օգտագործման վրա, մեկ շաբաթ հետո պաշտոնական այցով մեկնելու եմ Ֆրանսիա, Մարսելում բացելու ենք արևային ստադիոն, լողափնյա արևային սրճարանների ցանցն ու հայկական էկոմթերքների խանութների ցանցը:
ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՂ- Սրանք ևս նորություն են մեզ համար, խնդրում եմ` մանրամասնել, դրանք հետաքրքիր կլինեն մեր այն քաղաքացիների համար, ովքեր պատրաստվում են իրենց ամառային հանգիստն անցկացնելու Ֆրանսիայի հարավում:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ -Հայկական արևային սրճարանները մենք կազմակերպել ենք բոլոր աշխարհամասերում, դրանք արդեն լայն ճանաչում են ստացել ՈՒրուգվայում, Բրազիլիայում, Կալիֆոռնիայում, Ավստրալիայի Հարավային ՈՒելս նահանգում, Ղրիմում, Սոչիում, Բաթումում և այլուր, հիմա հերթը Մարսելինն է։ Այդ սրճարաններում ամեն ինչ պատրաստվում է Հայաստանում նախագծված ու պատրաստված արևային համակարգերի միջոցով, մեր լավագույն խոհարար Սեդրակ Մամուլյանի մշակած բաղադրատոմսերով, որոնք հիմնված են հայկական ազգային ուտեստները արևային տեխնոլոգիաներով պատրաստելու վրա։ Ամեն ինչ ավելի համով ու էժան է ստացվում, բայց ամենակարևորը դա չէ. կերակուր պատրաստելիս փայտ կամ գազ չի օգտագործվում, իզուր տեղը թթվածին չի այրվում: Մեկ հետաքրքիր նորամուծություն էլ ունենք. սրճարանի տված հաշիվների մեջ նշվում է ոչ միայն վճարի չափը, այլև խնայված թթվածնի քանակը, որը մարդկանց լրացուցիչ բարոյական հաճույք է պատճառում՝ համով սննդից բացի:


Արևային տեխնիկան ու տեխնոլոգիաները զարգացնելու համար մենք աշխատանքներ ենք տանում դրանց մասսայականացման ու տարածման ուղղությամբ, ամեն տարի անցկացնում ենք միջազգային երիտասարդական էկոլոգիական արևային խաղեր-մրցույթներ՝ ՀՀ առաջին տիկնոջ «Ոսկե գդալ» մրցանակի համար։ Խաղերի անցկացման համար Երևանում կառուցել ենք արևային ստադիոն, նման ստադիոններ մենք նախատեսում ենք կառուցել աշխարհի բոլոր արևոտ երկրներում։ Թող երեխաները միմյանց հետ մրցեն ու վաղ հասակից զգան արևային տեխնիկայի ու տեխնոլոգիաների առավելությունները, այդ ամենը արվում է աճող սերնդի համար։ Զավեշտ է, որ մեկ կիլոգրամ խորոված պատրաստելու համար մարդիկ տասը կիլոգրամ, մի ամբողջական ծառ ու նույնքան էլ թթվածին են այրում, այդ թթվածինը մարդու համար բավական կլինի տասն օր շնչելու համար:
ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՂ- Պարոն նախագահ, մենք գիտենք, որ տևական ժամանակ Հայաստանը գտնվել է տնտեսական ճգնաժամի մեջ։ Արդյունաբերությունը քայքայվել է, երկիրը հսկայական պարտքեր է կուտակել, մի կողմից էլ Ղարաբաղի պարտադրված պատերազմը, Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքները... Ի՞նչ միջոցներով եք հասել նման հաջողությունների և, արդյոք, ժամանակը չէ՞, որ ներդրումներ կատարեք Եվրամիության երկրներում։ Օրինակ, հելիոֆիկացիայի գործընթացը կազմակերպելու և մեզ՝ եվրոպացիներիս, արևային էժան էներգիա տալու նպատակով:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ- Իհարկե, եկել է դրա ժամանակը, դրա համար էլ եկել ենք Բրյուսել։ Մեր գործարարներն արդեն պայմանագրեր են ստորագրել՝ մեր հելիոտեխնիկական գործարանները այստեղ կառուցելու և լողափնյա արևային սրճարաններ հիմնելու վերաբերյալ։ Դրանք մենք կարող ենք ֆինանսավորել մեր միջոցներով, բայց նշեմ նաև, որ հելիոֆիկացիայի գործերում մենք գումարներ չենք ծախսել, ամեն ինչ արված է մեր գիտնականների անձնական սուղ միջոցների հաշվին։ Մարդիկ իրենց երեխաների բերանից կտրել ու այդպիսի գործեր են արարել։ Դա հայ մարդուն բնորոշ ու սովորական վարքագիծ է։ Ամեն ինչ փողով չի չափվում, երբ ազգի շահերը պահանջում են, ապա մարդիկ ձևեր ու միջոցներ գտնում են, այդպես է եղել դարերի ընթացքում։ Հիմա ամեն ինչ գնում է ինքնաֆինանսավորման ճանապարհով՝ հավատարիմ մնալով միջազգային բիզնեսի կանոններին:


Մենք զգալի առաջընթաց ենք ունեցել արևային գյուղատնտեսության բնագավառում, մեր դաշտերում կիրառվում են միայն օրգանական պարարտանյութեր։ Իսկ ֆումիգացիայի բնագավառում ունեցած ձեռքբերումները գերազանց են. վնասատուների դեմ պայքարում մենք հրաժարվել ենք քիմիական պրեպարատների օգտագործումից՝ շեշտը դնելով բույսերի արևային թերապիայի վրա, որը, էկոլոգիապես մաքուր լինելուց բացի, ավելի էֆեկտիվ է ու բացարձակ ոչ ծախսատար: Արևային տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ է, որ եվրոպական էլիտար շուկայի դռները մշտապես բաց են պահվում Հայաստանում արտադրված պահածոների, արևային քաղցրավենիքի ու չրեղենի առաջ: Ի միջի այլոց, արևային էներգիայով աշխատող պահածոյի առաջին գործարանը Հայաստանում կառուցվել է Շվեդիայի գործարար Յան Ռեջդնելի միջոցներով, հիմա մենք ունենք արդեն 500 նման գործարան, որոնք գյուղմթերքները վերամշակում են տեղում՝ ապահովելով մրգերի ու բանջարեղենի վերամշակման բարձր որակն ու, միաժամանակ, նվազեցնելով կորուստները: Մեր արտադրած պահածոների արևային գործարանները դարձել են արտահանմանը միտված հիանալի արտադրանք, որոնք ձեռք են բերում աշխարհի տարբեր մասերում՝ գյուղմթերքները հայկական արևային տեխնոլոգիաներով վերամշակելու համար:

Այս երանելի վիրտուալ հարցազրույցը կարելի է անվերջ շարունակել, բայց եկել է երկնքից իջնելու և մեր իրականություն վերադառնալու ժամանակը:
2017 թվականի մարտի 8-ին ՀՀ նախագահը պաշտոնական այցով Ֆրանսիայում էր, հպարտության առանձնակի զգացում ես ապրում՝ տեսնելով այն ընդգծված բարձր մակարդակի ընդունելությունը, որը ցուցաբերվեց Հայաստանի նախագահի նկատմամբ, այդպես էր նաև Չինաստանում և ամենուր, Պուտինը, Լուկաշենկոն, Ալիևն ու Նազարբաևը կարող էին միայն երազել նման ջերմ ընդունելությունների մասին, նրանց այցերը սովորաբար լինում են լարված, խիստ պաշտոնական ու սառը՝ թշնամականի եզրին: Բայց այն ամենը, ինչն օտար երկրներում այսօր փնտրում է մեր հարգարժան նախագահը (օգնություն՝ 600-հազարանոց հայ համայնքից, օգնություն՝ ֆրանսիացի գործարարներից)՝ Հայաստանի տնտեսությունը վերականգնելու ու պատերազմը հաղթական ավարտին հասցնելու համար, կարող էր ստանալ սեփական երկրում՝ իրականացնելով հելիոֆիկացիայի գեթ մեկ ծրագիրը, որ մշակել են հայ գիտնականները։


Հայաստանում այդպիսի ծրագրերը շատ են, որոնք անվճար հիմունքներով պատրաստ ենք տրամադրելու երկրի զարգացման համար (եթե հրաշք տեղի ունենա ու մեր իշխանավորները փորձեն խոսքից գործի անցնել):
Մեր հարգարժան նախագահին ցանկանում եմ վստահեցնել, որ դրսի օգնությունները մեզ բոլորովին պետք չեն, մեր սերունդների համար դրանք ավելորդ բեռ են ու գլխացավանքի պատճառ են դառնալու, եկեք գործի դնենք այն ամենը, ինչը ստեղծվել է մեր երկրում, երկրի խնդիրներով մտահոգ բանվորների, ինժեներների ու գիտնականների ջանքերով, մեր գիտնականները միշտ պատրաստ են օգնելու սեփական երկրին, օգնելու անվճար՝ վստահ լինելով, որ մի օր էլ Ֆրանսիայի ու այլ երկրների նախագահները կթակեն մեր դուռը՝ մեր նախագահի օգնությունը հայցելու խնդրանքով։ Դա ֆանտազիա չէ, դա հնարավոր է ճիշտ այնպես, ինչպես դրան արդեն հասել է Իսրայելը՝ ունենալով անհամեմատ ավելի վատ, մաթեմատիկական լեզվով ասած, սկզբնական ու եզրային պայմաններ՝ ամեն ինչ սկսելով զրոյից: Ճիշտ է, մենք չկարողացանք օգտվել ու օգտագործել մեր սկզբնական հիանալի պայմանները, որոնք 70 տարիների ընթացքում հատիկ առ հատիկ հավաքել ու ստեղծել էր մեր երկրում՝ մեր հնարամիտ ու աշխատասեր ժողովուրդը: Իհարկե, հելիոֆիկացիայի ֆանտաստիկ բարիքների մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարող էր իմանալ՝ կարդալով 2010 թվականի փետրվարի 2-ին «Ազգում» տպագրված իմ հոդվածը՝ հետևյալ վերտառությամբ. «Հայաստանի հելիոֆիկացիան պատմական անհրաժեշտություն է»: Իհարկե, Հայաստանի հելիոֆիկացիան պատմական անհրաժեշտություն է, որի այլընտրանքը մենք դեռ չունենք: Բավականին ուշացումով, արդեն 2017 թվականի հունվարի վերջին Երևանում անցկացված «Արևի շաբաթ» միջազգային ներկայացուցչական ֆորումի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կխոստովանի.
-Մենք ունենք հզոր արև, որի պոտենցիալը պետք է օգտագործենք:
Բայց դրանք արդեն կլինեն նախագահի ուշացած խոստովանություններն ու ձրի խորհուրդները՝ կընկալվեն որպես ուշացած ծաղիկներ, որոնք, թերևս, արժեր դնել միայն աշխարհահռչակ գիտնական, մեծ հայրենասեր-ակադեմիկոս Պարիս Միսակի Հերունու համեստ շիրմին ու նախագահական ներողություն խնդրել կամ գոնե մտքում շշնջալ. «Կներես, Մեծ հայ, մենք ժամանակին չհասկացանք ու չգնահատեցինք Ձեր արևային վեհ գաղափարները, շատ բան կորցրինք ու հիմա վճարում ենք մեր անհաջողություններով, նաև մեր պատանի զինվորների կյանքի ու արյան գնով, խոստանում եմ, որ ընտրություններից հետո ամեն ինչ կփոխվի, Ձեր գիտնական որդի Վահագն Հերունուն Ամերիկայից հետ կբերենք ու գիտական աշխատանքները շարունակելու համար բարենպաստ պայմաններ կստեղծենք, թող աշխատի քեզ նման, ծաղկեցնի հայրենի երկիրն ու օրինակ ծառայի աշխարհասփյուռ երիտասարդ հայ գիտնականների համար»:
Ողջ ներկայացրածս կլիներ մի երանելի հարցազրույց ու վիրտուալ երկխոսություն Հայոց երկրի նախագահի հետ, որի ցանկալի վերջաբանը կլիներ հայկական դրախտային երկրի կառուցման վերաբերյալ ստեղծված նախագահական հրովարտակը, որի մասին կարող է երազել յուրաքանչյուր հայ քաղաքացի՝ գիտնական, բանվոր, թե ինժեներ: Առայժմ մեր իրական կյանքում մարդիկ մտել են ներքին երկխոսության մեջ, թե ինչ անեն, որ կարողանան հեռանալ այս գաղջ մթնոլորտից՝ մտքի մեջ մրմնջալով Հովհաննես Հովհաննիսյանի հանճարեղ խոսքերը.

Ախ, տվեք ինձ քաղցր մի քուն,
Կյանքից հեռու սլանամ,
Այն աշխարհը, ուր խնդություն,
ՈՒր սերն է միշտ անթառամ:
Քնքուշ վարդերն ինձ բարձ ըլլան,
Վառ կանաչեն` իմ վերմակ,
Նոցա բույրը զվարթագին
Ծծեմ անվերջ ես անհագ:

Սիրո ու խնդության աշխարհի ստեղծման հույսով էր, որ Հաց բերողը՝ Արթուր Սագսյանը, դիմեց նման քայլի։ Ցավոք, Հաց բերողից բացի, մեզանում շատ են նաև հաց գողացողները, ինչ անուն տաս ազգությամբ հայ համարվող այն փոխգնդապետին, որը զինվորի հացն է գողանում՝ գրպանում մի քանի կոպեկ ավելի ունենալու նպատակով: Երբ Հաց բերողի կողքին հայտնվում է բարձրաստիճան հաց գողացողը, սա ողբերգություն է, սա ազգային ողբերգություն է, որից դուրս գալու և փրկվելու ելք է պետք գտնել՝ նաև խորհրդարանական ընտրությունների օրինական ճանապարհով:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 5605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ