Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ընտրովի հիշողության հմայքները, կամ՝ ինչո՞ւ է ՕՐՕ-ն խոսում արյունից

Ընտրովի հիշողության հմայքները, կամ՝ ինչո՞ւ է ՕՐՕ-ն խոսում արյունից
24.03.2017 | 12:26

Մարդու հիշողությունը ֆենոմենալ բազում հատկություններ ունի, հաստատ ոչ բոլորն են գիտնականները հասցրել ուսումնասիրել: Գիտնականները երբևէ կպատասխանե՞ն հարցին՝ ինչո՞ւ է հիշողությունը ընտրովի՝ գիտակցության ո՞ր հատվածն է պատասխանատու ընտրության համար, ենթագիտակցությունը ևս ընտրության հետ կա՞պ ունի, թե՞ ամեն ինչ հանգում է բնավորությանը՝ ուզում եմ՝ հիշում եմ, չեմ ուզում՝ չեմ հիշում: Հիշում եմ՝ ինչ ձեռնտու է, մոռանում եմ՝ ինչ վնասատու է: ՈՒ ընդհանրապես լավ ու վատ, ճիշտ ու սխալ չկա՝ կա լավի ու վատի, ճիշտ ու սխալի ընկալում: Երբևէ կարդացածս ամենախորհրդավոր նախադասություններից էր՝ «Մոռանում եմ, որ հիշեմ»: Հռոմի կեսարներից մեկն էր ասել: Անունը մոռացել եմ, հիշում եմ, որ սպանել էին:
Սամվել Բաբայանը իր ձերբակալությունից առաջ ազնիվ զայրույթի, թե սառը տրամաբանության թելադրանքով խոսում էր արյունահեղությունից, ցնցումներից: Դժվար է ասել՝ սպառնո՞ւմ, թե՞ զգուշացնում էր: Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո արյան թեման շարունակում է ՕՐՕ դաշինքը: Կարծես ինչ-որ թալիսման է, որ պիտի ՕՐՕ-ին հաջողություն բերի: Երեկ ԱՄՆ-ից հերթական այցով Հայաստան վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանն է թեման զարգացրել: ՈՒրույն է զարգացրել՝ նա վստահ է, որ իրականացնելու է թղթի վրա մնացած անցյալի կիսատ հաղթանակները։ Րաֆֆի Հովհաննիսյանը նորից տոգորվել է պայքարի ու հաղթանակի ավյունով ու հայտարարում է. «Այսօր կա պայքարի համար կրիտիկական զանգված, կա աջակցություն սփյուռքից։ Թղթի վրա մնացած անցյալի կիսատ հաղթանակները մենք պատրաստ ենք ի կատար ածել այս անգամ։ Դա մեր պարտականությունն է։ Մեր առջևում է աննախադեպ մի շրջան։ Հայ հասարակությունը պետք է ազատագրվի, եթե ընտրությամբ է՝ կլինի ապրիլի 2-ը, իսկ եթե չէ՝ կլինի 3-ից սկսած։ Բոլոր եղանակներով սահմանադրական հեղափոխություն, որը ենթադրում է քաղաքացիական և քաղաքական բոլոր ուժերի միասնություն, դիմադրության օջախներ, եթե այս կուսակցապետությունը նորից դիմի իր կեղծիքի, բռնության մեքենային»:

Նա նորից կոչ է անում օգտագործել «ընդվզման և ինքնապաշտպանության բոլոր եղանակները»։ Եվ չգիտես տեղեկացնո՞ւմ, թե՞ զգուշացնում է՝ «Մենք պատրաստ ենք կանգնելու, հուսով եմ առանց արյան։ Ոչ մի երաշխիք չունեմ, որ չի լինի արյուն։ Հույս ունեմ, որ մարտի 1-ի ելք չի լինի»:


Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ պաշտպանելու է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի իրավունքները. «Մենք կանգնելու ենք մինչև վերջ նրա իրավունքների պաշտպանության համար և չենք թողնելու, որպեսզի այս իշխանությունը շինծու գործունեությամբ հասնի իր նպատակին»: Նրա խոսքով, Սամվել Բաբայանը «մեր մարտական ընկերն է, մեր գաղափարակիցը»։ «Արցախյան ազատամարտում իր ընկերների հետ նա հաղթանակ է ապահովել և դրա համար Արցախի ժողովուրդը նրան շնորհել է հերոսի կոչում»: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ բացատրել է. «Սամվել Բաբայանը նստած է իր քաղաքացիական և քաղաքական հայացքների համար, որովհետև ինքը համակիր է մեր դաշինքին։ Մեր դաշինքը հանձնառու է մինչև վերջ պաշտպանել գեներալ Բաբայանի իրավունքները։ Փորձում են վախեցնել դաշինքը այս քայլով»:


ՈՒ հենց այստեղ ծագում է ընտրովի հիշողության հարցը՝ ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը իր մասով հիշում միայն, թե ինչ արեց իշխանությունը, բայց չի հիշում, թե ինչ արեց ինքը՝ թատերական նստացույց-հացադուլը, Ծիծեռնակաբերդում աղոթքը, հաղթանակի հետևից Մոսկվա գնալը՝ իրավատեր քաղաքական գործչի՞ քայլեր էին, որ պատրաստ է իշխանություն վերցնելու: Ինչո՞ւ 2013-ի նախագահական ընտրությունները հենց այդ ընթացքը ունեցան, ինչո՞ւ խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցությունը հենց այդ ճակատագիրն ունեցավ՝ ինչպե՞ս ձևավորվեց դաշինքը «Ազատ դեմոկրատների» հետ, որտեղի՞ց հայտնվեց Ռուբիկ Հակոբյանը, ինչո՞ւ «Ժառանգության» առաջին դեմքերի փոխարեն կուսակցությունը ԱԺ ներկայացավ մի կազմով, որից հետո նույնիսկ խմբակցություն չէր մնացել: Ինչո՞ւ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը հեռացան, նրանցից էլ առաջ Լարիսա Ալավերդյանն ու Կարինե Հակոբյանը, ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանը «Ծիրանի» գործ դրեց: Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է հարգել իր իրավունքներն ու հավատալ իրեն, հեղափոխությունից է խոսում ու կիսատ հաղթանակներից, պարտականությունից ու
կրիտիկական զանգվածից: Եվ՝ զգուշացնում է արյունից: Իսկապես՝ հերիք է:


Սեյրան Օհանյանն էլ նույն ընտրովի հիշողության համախտանիշով է տառապում՝ նա էլ միայն հիշում է, որ Սամվել Բաբայանը մարտական ընկեր ու գաղափարակից է,
Արցախյան ազատամարտում իր ընկերների հետ նա հաղթանակ է ապահովել և դրա համար Արցախի ժողովուրդը նրան շնորհել է հերոսի կոչում: Այո, իսկ դա նշանակում է, որ Սամվել Բաբայանը ամբողջ կյանքը հերոս-հերոս ապրո՞ւմ է: Սեյրան Օհանյանը երբևէ չի՞ լսել, թե հայրենակիցները իրենց հերոսի մասին ինչ կարծիքի են՝ բացի կռվելը ինչպե՞ս կուտակեց հարստությունը, ինչպե՞ս էր վերաբերվում շրջապատին ու ի՞նչ հավակնություններ ուներ, ինչո՞ւ էր նրա անունը շրջանառվում հոկտեմբերի 27-ի գործով, ինչո՞ւ նա հիմա հայրենիքում չէ, ի՞նչ էր անում Հայաստանում, ինչո՞ւ «Դաշինք» կուսակցությունը չկայացավ, բիզնեսն ի՞նչ եղավ, ու ընդհանրապես՝ ինչո՞ւ է ստվերային գործարքները գերադասում հրապարակային գործունեությունից: Թե՞ ընկեր ու գաղափարակից լինել նշանակում է նման լինել ու նույն կերպ մտածել ու գործել: Չգիտեմ, գուցե նաև քաղաքականություն մտնելը Սեյրան Օհանյանի համար ոչ այնքան հայրենասիրություն, որքան ինքնապաշտպանություն էր: Իսկ հիմա ամեն ինչ ընկալվելու է իբրև քաղաքական հալածանք ու դառնալու է քաղաքական պարզ շահարկում:


Եվ այս բոլոր հայտարարությունները հնչել են «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության համաժողովում: Էհ, Վահան Տերյան, ի՞նչ իմանայիր, թե 1914-ի քո Հոգևոր Հայաստանը 2017-ի անկախ Հայաստանն ինչպես է մեկնաբանելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ և ո՞ւմ կողմից են Հայաստանում գեներացվում հետընտրական գործընթացները: Քվեների համար պայքարի տեխնոլոգիա՞ է, թե՞ իշխանության համար պայքարի մաս: Այս ընթացքով՝ չի բացառվում, որ ՀՀԿ-ն էլ է հրապարակ դուրս գալու: Ընտրովի հիշողության համախտանիշով ամենից շատ ՀՀԿ-ն է տառապում ու այնքան վատ է վիճակը, որ չի հիշում իր իշխանության 17 տարիները, այլ պատկերացնում է միայն ապագա 5 տարին: Մնացածը՝ «Իգլա», ձերբակալություն, արյուն, հետաքննություն, ընդունեք, որ արդեն եղել է: Մի քանի անգամ: Հավելեմ, որ Սամվել Բաբայանը հարցաքննության ժամանակ չի ընդունել իրեն ներկայացված կասկածները և անհիմն է համարում, հայտարարում է, որ ինքը այդ զենքի հետ առնչություն չունի: ԱԱԾ-ի հաղորդագրությամբ՝ «քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են արժանահավատ տվյալներ, որ զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։

Դիտվել է՝ 1636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ