«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Քարոզարշավ. օր տասնիններորդ. Սամվել Բաբայանին քաղկալանավոր «օծեցին»

Քարոզարշավ. օր տասնիններորդ. Սամվել Բաբայանին քաղկալանավոր «օծեցին»
24.03.2017 | 16:37

Սամվել Բաբայանի ձերբակալության թեման, անկախ ոմանց ցանկությունից, էական ազդեցություն չունեցավ քարոզարշավի վրա: Իշխանության ներկայացուցիչներն ընդհանրապես հակված չեն քաղաքականացնել հարցը՝ այն դիտարկելով բացառապես իրավական հարթության մեջ: Այնպիսի տպավորություն է, որ, բացի ՕՐՕ դաշինքից, ընդդիմադիր մյուս ուժերին առանձնապես չեն հետաքրքրում ո՛չ Սամվել Բաբայանը, ո՛չ էլ նրա ձերբակալության հարցը: Իսկ ՕՐՕ-ում խոստանում են Բաբայանի հարցում հետամուտ լինել մինչև վերջ: Այդ մասին երեկ «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության համաժողովում հայտարարել է Սեյրան Օհանյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը պնդել է՝ իրենց աջակից Բաբայանը քաղբանտարկյալ է:

Սրան ի հակառակ` քարոզարշավին մասնակից ուժերն անուղղակիորեն թիրախավորում են հենց ՕՐՕ-ին: Մասնավորապես, երեկ Արտաշատում ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասել է. «Նայեք մյուս ուժերին, մի քանի ամիս առաջ բարձրագույն իշխանության կրողներն էին, այսօր ասում են՝ մենք ընդդիմություն ենք և մեղադրում են իշխանությանը բոլոր այն մեղքերի մեջ, որոնց մեջ մի քանի ամիս առաջ նրանց էին մեղադրում»:


Վերջին երկու օրերին ակտիվ քննարկվում է հետընտրական կոալիցիաների թեման` թեև երեկ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, Էդուարդ Շարմազանովն ասել է, թե իրենք առայժմ նման հարց չեն քննարկել ու սպասում են ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներին: Այնուամենայնիվ, զուտ տեսականորեն, ՀՀԿ խոսնակը, ըստ էության, չի բացառել, որ կարող են կոալիցիա ձևավորել «Ծառուկյան» դաշինքի հետ:


«Չեմ կարծում, որ «Ծառուկյան» դաշինքը արմատական ընդդիմադիր է: Մեր քաղաքացիներից շատերը, այդ թվում, միգուցե, այդ դաշինքում ընդգրկված որոշ գործիչներ այդ դաշինքը ընդդիմադիր չեն համարում: Ինչ վերաբերում է ապագայում կկազմե՞նք, թե՞ ոչ, ամեն ինչ ցույց կտան ապրիլի 2-ի արդյունքները»,-ասել է Շարմազանովը:


ՀԱԿ-ն իշխանության հետ կարող է համագործակցել միայն խաղաղության ծրագրի շուրջ, մնացած հարցերում Լևոն Զուրաբյանն իրենց ու ՀՀԿ-ին անհամատեղելի է համարում` բացառելով կոալիցիոն համագործակցությունը: Երեկվա ասուլիսում Զուրաբյանը Շարմազանովից նաև պահանջել է չգովել Տեր-Պետրոսյանին. «Այդ գովասանքները թող իրենց պահեն: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ գովասանքների միակ ուղղվածությունը կամ նպատակը մեր աճող հեղինակությանը վնաս հասցնելն է»:
Ի դեպ, երեկվա ասուլիսում ՀԱԿ փոխնախագահը նշել է, թե ընտրություններին մասնակից 9 ուժից 5-ը ընտրակաշառք է բաժանում: Սակայն Զուրաբյանը հրաժարվել է բացահայտումներից` թուլացնելով իր հայտարարության քաղաքական էֆեկտը:


Բայց, օրինակ, Գագիկ Ծառուկյանը բարդույթներ չունի և երեկ Սևանում պատմել է, թե նախօրեին ինչպես է լավություն արել եղեգնաձորցի մի անօգնական տատիկի: Հանրահայտ ճշմարտություն է, որ երբ օգնությունդ գովազդում ես, այն կարող է որակվել ցանկացած տերմինով, բայց ո՛չ բարեգործություն բառով:


Երեկ խիստ ուշագրավ շեշտադրում է նկատվել «ԵԼՔ» դաշինքի քարոզչության մեջ: Գեղարքունիքի մարզում Էդմոն Մարուքյանը ասել է, որ «Ելքը» հանդես է գալիս որպես միավորված ընդդիմադիր բևեռ և միակ դաշինքն է, որ իշխանություններին մարտահրավեր է նետել: Սա, ըստ էության, Նիկոկ Փաշինյանի «միակ ընդդիմության» հայտնի թեզի վերակենդանացումն է: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա Մարուքյան-Սարգսյան-Փաշինյան եռյակի կողմից ղեկավարվող դաշինքը կասկածի տակ է դնում մյուս ոչ իշխանական ուժերի ընդդիմադիր լինելու փաստը:


Շատերը համարում են, որ առաջիկա ընտրությունների համատեքստում` մարտի 15-ին Սերժ Սարգսյանը ստացել է Պուտինի «դաբրոն»: Նույն տրամաբանությամբ` երեկ նա ստացել է եվրոպական «դաբրո»: Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը տեսաուղերձ է հղել՝ աջակցություն հայտնելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Հիշեցնեմ, որ ԵԺԿ-ն Եվրոպայի ամենամեծ ու ազդեցիկ կուսակցությունն է:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1330

Մեկնաբանություններ