Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ոչինչ չի արդարացնում եվրոպական նախագծի սպանությունը

Ոչինչ չի արդարացնում եվրոպական նախագծի սպանությունը
25.03.2017 | 00:57

Մարտի 25-ին մենք նշելու ենք Հռոմի պայմանագրի 60-ամյակը՝ գրում է Le Figaro-ում Ջերեմի Գալոնը՝ Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատողը: Հիմա, ինչպես երբեք, Ֆրանսիայի ապագան կապված է եվրոպական նախագծի հետ:
Տասից չորս ֆրանսիացիներ այսօր պատրաստ են քվեարկել երկու թեկնածուների օգտին, ում ծրագրերը կառուցված են Եվրոպայի սպանության վրա: Մարին լը Պենի ու Ժան-Լյուկ Մելանշոնի միայն տնտեսական ծրագրերն են տարբերվում, նրանք ի զորու են միջին դասը և պարզ ֆրանսիացիներին անդունդը հրել: Ֆրանսիական հասարակությունում, որտեղ սոցիալական վերելակն այլևս չի գործում և յուրաքանչուր չորրորդ երիտասարդ գործազուրկ է, ընդվզումի զգացումը չի կարող չուժեղանալ: Բայց ոչինչ, բացարձակապես ոչինչ չի արդարացնում հօգուտ էքստրեմիստների քվեարկությունը, որ ուզում են մահվան դատապարտել եվրոպական նախագիծը: Իհարկե, այսօր Եվրամիության և մեր հայրենակիցների կապերը խզված են: ԵՄ-ի՝ որոշումների ընդունման բարդ ընթացակարգերով անավարտ նախագիծը, որ նաև վատ է տեղեկացնում իր գործողությունների մասին, մեզնից շատերին թվում է հեռու ու անհոգի: Այնուհանդերձ, ապշեցուցիչ է, բայց նշանակալից սպառնալիքները, որոնց բախվում է Ֆրանսիան, պահանջում են եվրոպական պատասխան: Ահաբեկչության, միգրացիոն ճգնաժամի, գլոբալացման չարաշահումների և Եվրոպայի սահմաններին բազմապատկվող սպառնալիքների առաջ գոյություն չունի ֆրանկո-ֆրանսիական պատասխան: Ո՞վ է այսօր լրջորեն մտածում, որ Չինաստանին, Հնդկաստանին կամ ԱՄՆ-ին՝ Ֆրանսիան, 67 միլիոն բնակչությամբ երկիրը, կարող է իր նորմերը, ստանդարտները պարտադրել և խուսափել մեր շուկաները այդ երկրներին հանձնելուց: Երբ ԱՄՆ-ը մեկուսացման թռիչք կատարեց, ո՞վ է համարձակվում հավատալ, որ Ֆրանսիան միայնակ տիրապետում է բավարար ռազմական միջոցների և ազդեցության միջոցների, որ ոչնչացնի իսլամիստական շարժումները, որոնք թունավորում են մեր միջհարևանային հարաբերությունները: Միայն եվրոպական ռազմական ու դիվանագիտական հզորությունը կարող է ապահովել մեր սահմանների անվտանգությունը և Եվրոպայի դռների առաջ կանգնեցնել մեր հասարակությունը ապակայունացնող ճգնաժամերը, որոնց առաջին շարքում սիրիական ճգնաժամն է:
Միայն եվրոպական առևտրական հզորությունը կարող է մեզ թույլ տալ բանակցել առևտրական համաձայնագրերի համար, որոնց միջոցով մենք կապահովենք մեր շահերի պաշտպանությունը մնացյալ աշխարհի առաջ: Եվ մեր ազատություններից առաջինը՝ անվտանգությունը, որ կարող է երաշխավորել միայն ուժեղացված միջոցներով ԵՄ-ն: Միգրացիոն ճգնաժամի դեմ հանդիման սխալ չեն քանի և չենք հավատա նրանց, ովքեր ուզում են փշալարեր կամ պատեր կառուցել Ֆրանսիայի սահմաններին: Միայն եվրոպական միգրացիոն քաղաքականությունը թույլ կտա վերահսկել միգրացիոն հոսքերը և վերականգնել ԵՄ-ի ներքին սահմանների վերահսկողությունը: Այն պահին, երբ տրանսատլանտյան հարաբերությունները մեծ տատանումների փուլ են մտնում, երբ Մերձավոր Արևելքը հոշոտվում է բազում կոնֆլիկտներով, երբ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է մեզ ապակայունացնել, Ֆրանսիան կարող է շարունակել իր ձայնն աշխարհին հասցնել և պաշտպանել իր ինքնիշխանությունը միայն ավելի ուժեղ Եվրոպայի միջոցով: Մենք պետք է հպարտանանք, որ մենք ֆրանսիացի ու եվրոպացի ենք, մենք չպետք է մեր երկրին ու մայր ցամաքին թույլ տանք երկրորդ կարգի խաղացող դառնալ քաղաքական ասպարեզում: Մենք չենք կարող համաձայնել, որ Ֆրանսիան ենթարկվի ԱՄՆ-ի ու Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի ու Վլադիմիր Պուտինի, Չինաստանի ու Սի Ցզինպինի տնտեսական, իրավական ու քաղաքական թելադրանքին:

Ջերեմի ԳԱԼՈՆ, Le Figaro


Հ.Գ. Ահա ֆրանսիական հրապարակախոսական պաթոսը, որ հեղափոխություններ է արել ու կայսրեր գլխատել հրապարակներում, հետո գլխատելով գլխատողներին: Այսօր Ֆրանսիան ստիպված է որոնել իր նոր նույնականությունը գլոբալացված աշխարհում և սոցիալիզմից հետո կարող է տուրք տալ թե ազգայնականությանը, թե պահպանողականությանը: Հոլանդիան դիմադրեց պոպուլիզմին ու ազգայնականությանը, համաեվրոպական երկրորդ քննությունը հանձնում է Ֆրանսիան, և ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ֆրանսիացին ինչ կորոշի, բայց բոլորն են կանխատեսում, որ Ֆրանսիան կարող է որոշել ԵՄ ճակատագիրը: Թեպետ դա գուցե ֆրանսիացիների ինքնասիրությունը շոյող չափազանցություն է: Մեծ Բրիտանիան հեռացավ, ԵՄ-ն չփլուզվեց: Այսօր եվրոպական երկրները առանձին-առանձին որոշում են իրենց սեփական ապագան ու դա դառնալու է աշխարհի զարգացման ուղենիշ: ԵՄ-ի իրական փորձությունը ոչ թե ահաբեկչությունները, միգրանտները, տնտեսական ճգնաժամերը, բյուրոկրատ եվրաչինովնիկներն ու կոռումպացված քաղաքական գործիչներն են, այլ՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու և սեփական հաշվին ապրելու կարողությունը, որ կարող է լինել, կարող է չլինել: ԵՄ-ն պիտի ապացուցի իր քաղաքական անկախությունը և տնտեսական ինքնաբավությունը, գոնե տնտեսական կապեր հաստատելու ունակությունը: Զգո՞ւմ եք, որ Եվրամիությունը և Հայաստանի Հանրապետությունը գործնականում նույն խնդիրներն ունեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ