Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Gellup international Association-ի «սխալների ուղղումը»

Gellup international Association-ի «սխալների ուղղումը»
25.03.2017 | 14:16

Հավատանք-չհավատանք հարցումներին, հասկանանք-չհասկանանք, որ ոչ թե իրավիճակ են արտացոլում, այլ ուղղորդում են ու հիմքեր ստեղծում հետագա պատկերի, միևնույն է, հարցումները ունեն պահանջարկ և նույնիսկ ուղղորդման տեսակետից կարևոր են: Մարտի 24-ին մամուլի ասուլիսով Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը ներկայացրեց մարտի 12-19-ին 10 մարզերում և Երևանում անցկացված նախընտրական սոցիոլոգիական հարցումների տվյալները: Հարցմանը մասնակցել է 1145 մարդ:


Պարզվեց՝ ընտրարշավի կեսին հարցվածների 73,7 %-ը հանդիպել է կամ տեսել «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավը, ՀՀԿ քարոզարշավին հանդիպել է 65,7 %-ը, «Ելք» դաշինքի»՝ 25 %-ը, ՕՐՕ դաշինքի՝ 19,1 %-ը, ՀՎԿ-ի՝ 12,4 %-ը, ՀՅԴ-ի՝ 12,4 %-ը, ՀԿԿ-ի 9,4 %-ը, «Ազատ դեմոկրատների»՝ 7,7 %-ը, ՀԱԿ –ՀԺԿ դաշինքի՝ 7,5 %-ը, դժվարացել է պատասխանել հարցվածների 5,3 %-ը: Հարցին՝ ո՞ր կուսակցությունների կամ դաշինքների նախընտրական ծրագրին են ծանոթ, հարցվածների 76,4 %-ը նշել է «Ծառուկյան» դաշինքին, 65,1 %-ը՝ ՀՀԿ-ի, 23,1 %-ը՝ «Ելք» դաշինքի, 16,6 %-ը՝ ՕՐՕ դաշինքի, 16,1 %-ը՝ ՀՎԿ-ի, 13,5 %-ը՝ ՀՅԴ-ի, 10,8 %-ը՝ ՀԿԿ-ի, 8,7 %-ը՝ «Ազատ դեմոկրատների», 8,2 %-ը՝ ՀԱԿ- ՀԺԿ դաշինքի: 1,4 %-ը դժվարացել է պատասխանել: Կարեն Կարապետյանի գործելաոճին դրական է վերաբերվում քաղաքացիների 81 %-ը, հարցվածների 82,8 %-ն էլ ցանկանում է 2017-ի ԱԺ ընտրություններից հետո Կարեն Կարապետյանին կրկին տեսնել վարչապետ: Կառավարության աշխատանքը վերջին 6 ամիսներին 59,4 %-ը դրական է գնահատել: Ըստ հարցվածների՝ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է զբաղվի` աշխատատեղերով, տնտեսությամբ ու կոռուպցիայով:
Քարոզարշավի սկզբին նույն կազմակերպության հարցումը ցույց էր տվել Ծառուկյան դաշինքի առաջատարություն՝ 26 %, ՀՀԿ՝ 19 %, երկու շաբաթ անց պատկերն այլ է՝ ՀՀԿ-ն շրջանցել է Ծառուկյան դաշինքին: ՀՀԿ-ն այժմ ունի 29 %, իսկ Ծառուկյան դաշինքը հետ է մնում 1%-ով: ՀՀԿ-ն շարունակում է բարձր բոնուս ունենալ, ի դեմս Կարեն Կարապետյանի պահպանվող 82 % վարկանիշի, որ գոյանում է նրա հանդեպ դրական և ավելի շուտ դրական վերաբերմունքի հանրագումարում:


Նախորդ հարցումը եթե վկայեր, որ Ծառուկյան դաշինքն ունի 100+1% ձայն, դա չէր նշանակելու, որ ընտրություններում այդքան ձայներ, կամ այդքանի 50+1-ի կեսը դաշինքը կստանա, պարզապես ապահովվում է ընտրարշավային դինամիկայի «անաչառությունը»՝ մարդիկ աշխատել են և առաջ են անցել և այս տեմպերով ՀՀԿ-ն հավաքելու է բացարձակ մեծամասնություն՝ եթե որևէ մեկը կասկածում է, թող նայի, թե ինչ էին ցույց տալիս սոցիոլոգիական հարցումների տվյալները: Փաստացի՝ հայկական Gallup International Association-ը ազդարարում է, որ ՀՀԿ-ն իր համար սահմանել է առաջին ցուցանիշը՝ զգալի տարբերությամբ երկրորդ ուժից: Բայց ոչ այնքան, որ Գագիկ Ծառուկյանը հայտնվի Ազատության հրապարակում՝ հայտարարելով, որ ընտրությունների արդյունքները չի ընդունում: Նա ընդունելու է ճիշտ այն արդյունքը, որ կներկայացնի ԿԸՀ-ն: Պայմանը պայման է:


Երկու հարցումներն էլ հաստատել են, որ ԱԺ դռները բացվելու են «Ելքի», «Ազատ դեմոկրատների», ՀՅԴ-ի և ՀՎԿ-ի առաջ, մյուսների հարցը մնում է բաց: Երրորդ խորհրդարանական ուժի շանսեր ունի «Ելքը»: ՀՅԴ-ն ու ՀՎԿ-ն կստանան իրենց 5 %-ները: ՀԱԿ-ՀԺԿ-ի, ՕՐՕ-ի, ՀԿԿ-ի տոկոսային վարկանիշը կարող է չհերիքել խորհրդարան մտնելուն: Այսպես կամ համարյա այսպես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչ կա %ախաղի հետևում: Նախ՝ ռեյտինգային ընտրակարգով թեկնածուների վարկանիշներն ուսումնասիրված չեն, իսկ դա ՀՀԿ-ի անվտանգության բարձիկն է ու ՀՀԿ-ն փորձելու է բոնուսային ձայներ ստանալ: ՀՀԿ-ն փորձում է խորացնել պատկերը, որ ինքն իր հետ կապ չունի՝ ընտրարշավը գործականում վարում են միայն նորեկները՝ «ծերուկները» այս անգամ մարտի չեն գնում: Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Ամիրյանը՝ ՀՀԿ-ի նորագիրները, կոչված են համոզել, որ ՀՀԿ-ն նոր դեմք ու նոր ձեռագիր ունի: Իսկ ընտրություններից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի՝ ՀՀԿ-ն կհամադրի նոր ոգին ու հին փորձը: Եվ դա գիտեն բոլորը՝ ապացույցը դպրոցների տնօրենների ու մանկապարտեզների վարիչների ձայնագրությունները: Նոր ոգին ապահովում են նորագիրները, բայց հին գործն էլ անում են փորձառուները՝ բոլորն աշխատում են արդյունքի վրա:
Իսկ Ծառուկյանը՝ ինչպես Ծառուկյանը: Համայն հայության բարեգործը, որ Հարվարդ չի ավարտել: Կոալիցիա երբևէ չի կազմել (2008-ը ազգովին մոռանում ենք): Չի կազմի, եթե իր 15 կետերը չընդունեն, գնում է հաղթելու:
Վերջին շաբաթից առաջ իրենց հավակնությունները 50+1-ի եզրագծին են հասցրել ոչ միայն անխոնջ կոմունիստները, որ խոսում են միայն Ալեքսանդր Մյասնիկյանից, բայց ոչ մի անգամ չհիշեցին Աղասի Խանջյանին, այլև՝ ՀՎԿ-ն ու ՀՅԴ-ն: Երկուսն էլ պահանջում են իրենց իշխանություն տալու հնարավորություն, որ կարողանան խոստումները կատարել: Իշխանափոխության նպատակով 50+1-ի պահանջ է դնում ՕՐՕ-ն, խաղաղություն հաստատելու համար՝ ՀԱԿ-ՀԺԿ-ն, նույն նպատակով «Ազատ դեմոկրատները» անցել է ռեպի, ԵԼՔ-ը շարունակում է ապացուցել, որ ելք կա ու արդեն երկրորդ անգամ վթարվում է դաշինքի ղեկավարների մեքենան՝ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանն էր ղեկին, երկրորդ անգամ՝ մեքենայում Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանն էին: Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է գրում ԵԺԿ-ին ու պահանջում իրենց էլ փառաբանել: Սամվել Բաբայանը ձերբակալվեց՝ մեղադրանքը, որ նա չի ընդունում, երևի թե Հայաստան «Իգլա» տեղափոխելն է: Պյոտր Սվիտալսկին ակնկալում է թափանցիկություն նախընտրական գործընթացներում: Ընտրությունների անակնկալները նո՞ր են սկսվում, թե՞ վերջացան «Իգլայով», տնօրենների ձայնագրություններով, «Ելքի» ավտովթարներով: Կա՞ այդ հարցերին վերաբերող հարցում, թե՞ սոցիոլոգիան լուրջ գիտություն է:

Դիտվել է՝ 1644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ