Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քարոզարշավ. օր քսաներորդ. հասունանում է ընտրական սկանդալ

Քարոզարշավ. օր քսաներորդ. հասունանում է ընտրական սկանդալ
25.03.2017 | 14:55

ԵՄ-ն լուրջ գումարներ է ներդրել ընտրությունների օրինականությունն ապահովելու համար, և, եթե անկեղծ լինենք, նաև քարտ-բլանշ է տվել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ու թերևս բնական է այն հետաքրքրությունը, որով Բրյուսելն ու նրա հայաստանյան պաշտոնյաները հետևում են գործընթացին: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին արդեն մի քանի անգամ ուղերձով դիմել է հայաստանցի ընտրողին, հավանաբար մտահոգություն ունենալով, որ ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի չարաշահումն ի դերև են անելու ընտրական գործընթացի բարեփոխումները:

«Գնացեք և քվեարկե՛ք, երկու՝ վստահե՛ք նոր տեխնոլոգիաներին և երեք՝ մի՛ տրվեք ընտրակաշառքի գայթակղությանը, չորս՝ թույլ մի՛ տվեք վարկաբեկել ձեզ, հինգ՝ հայտնե՛ք խախտումների մասին, վեց՝ եղե՛ք խաղաղ միջոցների կողմնակից, հաջողություն»,-երեկ պատգամի ձևով ասել է Սվիտալսկին: Հայ առաքելական եկեղեցին, որ ավանդաբար անտարբեր է ընտրական գործընթացի հանդեպ կամ լռելայն աջակցում է իշխանությունների նախաձեռնությունները, իր շարքերում ունի հովիվներ, ովքեր արդեն բարձրաձայնում են ընտրակաշառքի անթույլատրելիությունը: Երեկ «Ազատությանը» հարցազրույց է տվել Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը և ասել է. «Հայաստանում ընտրակաշառք է բաժանվում, ու դա անողները ոչ միայն հանցագործ են, այլև մեղսագործ»:

Բայց քաղաքական և հոգևոր այս հորդորներն անպատասխան են մնում, ավելին` խորհրդանշական է, բայց հենց երեկ բացահայտվեց կրթական համակարգում գործող մի համակարգ, որը վարչական ռեսուրսի գռեհիկ չարաշահմամբ ՀՀԿ-ի համար քվեներ ապահովելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում: Այդ բուրգին ինտեգրված են դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ, մարզպետարաններ ու թաղապետարաններ, ՀՀԿ ու նրա ռեյտինգային թեկնածուների շտաբներ:


Հանրապետական կուսակցությունը չարաշահում է վարչական ռեսուրսը՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին հարկադրելով ընտրողների ցուցակներ կազմել։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» փաստեր է հավաքել։
«Մենք զանգեցինք 136 դպրոցներ և մանկապարտեզներ՝ 103 դպրոց և 33 մանկապարտեզ։ Ներկայացանք Հանրապետական կուսակցությունից և սկսեցինք հարցեր տալ ցուցակների հետ կապված»,-ասել է Դանիել Իոաննիսյանը։ Տնօրենների ավելի քան 80%-ը ասել է, որ քաղաքացիների է հավաքագրում, որոնք խոսք են տվել քվեարկել ՀՀԿ-ի համար։ sut.am կայքը, որ այս թեմայով հրապարակել է 114 ձայնագրություն, երեկ պարբերաբար ենթարկվել է հաքերային հարձակումների:


Դատելով դպրոցների ու մանկապարտեզների աշխարհագրական տարածվածությունից` կարող ենք գրեթե վտահաբար փաստել, որ գործ ունենք ամբողջ կրթական համակարգի հետ, որը ծառայեցվում է կառավարող կուսակցության շահերին` վարչական ռեսուրսի, ընտրողներին հարկադրելու, կաշառելու, անգամ` վախեցնելու միջոցով: Փաստն ինքնին արտառոց է, և իսկական ընտրական փոթորիկ կառաջանար, եթե մենք ունենայինք հասարակություն, որը սկզբունքորեն մերժում է ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի չարաշահումը: «ԵԼՔ» և ՕՐՕ դաշինքներն արդեն պահանջել են անվավեր ճանաչել ՀՀԿ-ի և ռեյտինգային կոնկրետ թեկնածուների գրանցումները: ԿԳՆ-ում սկսվել են ուսումնասիրություններ: Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբից արձագանքել են, թե «ձայնագրությունների զգալի մասի ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի խախտում»՝ ավելացնելով, որ «ազնիվ և արդար ընտրությունների համար առաքելություն ստանձնած կազմակերպությունն իր գործունեության մեջ դիմել է քաղաքականապես ուղղորդված գործելաոճի»: Նշել են նաև, որ «անընդունելի են համարում սադրանքներով ՀՀ քաղաքացիների վարկաբեկման փորձը՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից»: ՀՀԿ արձագանքը, մեղմ ասած, համոզիչ չէ և ավելի շատ հերքում է ոչ թե բուն փաստը, այլ դատապարտում է դրա ստացման եղանակը:
Սակայն կրթական համակարգը ծառայեցվում է ոչ միայն ՀՀԿ-ի, այլև դաշնակցական նախարարի կուսակցության` ՀՅԴ-ի շահերին: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին երեկ Արագածոտնի մարզի Կոշ համայքնում, գյուղացիներից բացի, դպրոցականների մի մեծ խումբ է սպասել:


Երեխաների ձեռքին դաշնակցության բուկլետներն էին և տարածքային ցուցակի պատգամավորի թեկնածուներից մեկի՝ Ռուզաննա Տոնոյանի քարոզչաթերթիկը, ով, ինչպես պարզվել է, դպրոցի տնօրենն է:
Երեկ Գագիկ Ծառուկյանն Արարատի մարզում էր ու, թերևս ոգևորված հանդիպումների մարդաշատության փաստից, ըստ էության բացառել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարն ու ասել է. «Այսօր Ծառուկյանը գնում է ոչ թե կոալիցիա կազմելու, այլ հաղթելու` 50+1»: Սա, համաձայնեք, իշխանություն ձևավորելու հայտ է:
Լոռիի մարզում ՕՐՕ-ի ներկայացուցիչները շեշտված քարոզչություն են իրականացրել ՀՀԿ-ի դեմ` ընտրողներին կոչ անելով չընտրել այդ կուսակցությանը: Տաշիրում մարդիկ չեն հավատացել ՕՐՕ դաշինքի առաջնորդներին` վերջիներիս հետ բանավիճելով ու նրանց հիշեցնելով իրենց ոչ վաղ անցյալի իշխանական կարգավիճակը:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին զայրացրել է, որ ԵԺԿ-ն սատարում է ՀՀԿ-ին և բաց նամակ է հասցեագրել եվրոպական հեղինակավոր կուսակցության ղեկավար Ժոզեֆ Դոլին: «Ձեր բացահայտ համերաշխությունը մեկ քույր կուսակցությանը՝ ի հաշիվ մյուս երկուսի, էթիկայի ընդունված կանոնների կոպիտ խախտում է և ապօրինի միջամտություն Հայաստանի ներքին գործերին»,-ասված է Հովհաննիսյանի նամակում: Իհարկե, վերջինիս ԵԺԿ-ում հանգիստ կարող են բացատրել, որ պարտավորություն ունեն «Ժառանգություն» կուսակցության և ոչ թե ՕՐՕ դաշինքի առաջ, որի կորիզը «Համախմբում» կուսակցությունն է:


Ի դեպ, համառորեն խոսակցություններ են տարածվում, որ «Սասնա ծռերն» աջակցելու է ՕՐՕ դաշինքին: Երեկ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը հայտարարություն են տարածել, որով վերահաստատում են ընտրությունները բոյկոտելու իրենց կազմակերպության որոշումը: Այս հայտարարությունը, այնուամենայնիվ, մանևրելու հնարավորություն է ընձեռում. «Այն քաղաքացիներին, որոնք, այնուամենայնիվ, մասնակցելու են ընտրություններին, կոչ ենք անում ձայն տալ այն քաղաքական ուժին, որը պատրաստակամություն կհայտնի կազմակերպել հետընտրական ընդվզման գործողություններ»(առայժմ միայն ՕՐՕ-ն է խոսել հետընտրական ցարգացումների հնարավորության մասին):
Իսկ ահա վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Դավիթաշենում վտանգավոր է համարել հետընտրական իրադարձությունների սցենարը:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ