Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նավալնու արմատական փոփոխությունը և Մեդվեդևի օրը

Նավալնու արմատական փոփոխությունը և Մեդվեդևի օրը
27.03.2017 | 17:31

Ալեքսեյ Նավալնին հաճախակի հյուր է բանտերում և նրա հանրաճանաչությունը մեծանում է ամեն անգամ, երբ իշխանությունները ձերբակալում են նրան հերթական ցույցի ժամանակ և ուժով հրում ինչ-որ ավտոզակի մեջ, ինչպես երեկ Մոսկվայում՝ գրում է La Repubblica-ի նախկին գլխավոր խմբագիր Էցիո Մաուրոն: Դա երկու ակնհայտ պատճառ ունի՝ երիտասարդ փաստաբանի գրոհը իշխանությունների վրա ստացել է «ոչքաղաքական», հախուռն դիսպետչերական գործողությունների բնույթ, որ կապված չեն ավանդական, կազմակերպված կուսակցությունների հետ և գործանականում հասարակության աչքում լիովին նույնականանում են ընդդիմության ու կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Սակայն կա Նավալնու հաջողության ևս մեկ վճռորոշ պատճառ՝ պայքարելով կյանքի բոլոր ոլորտները ներթափանցող ու բացարձակ իշխանության հետ, որ գործում է պաշտոնյաների հին տրամաբանությամբ՝ վերահսկել ամեն ինչ, որ ֆիզիկապես շարժվում է ու հավաքվում մեծ քաղաքներում, Նավալնին որոշեց տեղափոխվել վիրտուալ տարածք՝ կոչ նետելով ցիրուցան սերնդին, որ նաև չափազանց ակտիվ ու եռանդուն է: Նրան վերահսկել իշխանությունն արդեն չի կարող: Երբ Պուտինը գիտակցեց վտանգը, փորձեց քննադատել «համակարգչային համստերներին»՝ տղերքին, որ իբր դատարկ տեղը պտտվում են անիվի մեջ, որի առանցքը չի համընկնում իրականության հետ, բայց հիմա դա արդեն անուժ ու ուշացած գրոհ է՝ ցանց ելք ունեն 70 միլիոն ռուսաստանցիներ, Wi-Fi կա ամբողջ Մոսկվայում, իսկ մեծ ընկերությունները իրենց ֆինանսական հոսքերը ինտերնետով են կառավարում:

«Համստերներն» այլևս չեն ուզում վանդակ վերադառնալ: Իրական իշխանության ասպարեզում խաղն ամբողջութամբ Պուտինի օգտին է, որ մարտահրավեր նետելով Արևմուտքին շրջանից հետո, որ ռուսաստանցիները համարում են «ստորացման տարիներ», իրականում արթնացրեց և դարմանեց Ռուսաստանի կայսերական հոգին՝ այն հուզական ու քաղաքական, սենտիմենտալ ու գաղափարական գերկառույցը, որ գոյություն ուներ դեռ ԽՍՀՄ-ի ստալինյան պատյանից առաջ, ուրեմն՝ հավերժ էր: Սակայն ընդդիմությունն ամեն օր խարխլում է իշխանական գահի հիմքերը: Առայժմ հենց ընդդիմությունը վիրտուալից դառնում է իրական, Կրեմլը նրա հարցերը լուծում է իբրև տեխնիկական, ոստիկանական խնդիր, կիրառելով Բրեժնևի դարաշրջանում այլախոհների վրա փորձարկած մեթոդը: Սակայն ինտերնետը գլոբալ արձագանք է տալիս՝ տարածվելով ամբողջ Ռուսաստանում (թեպետ Նավալնին մեծ քաղաքի տիպիկ արտադրանք է) և ստեղծում է սուբյեկտ, որի հետ Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը երբեք ծանոթ չեն եղել՝ ոչ ցարի, ոչ բոլշևիկների ժամանակ՝ հասարակական կարծիք: Հենց այս սուբյեկտի առաջ՝ և ֆիզիկական, և վիրտուալ, բայց նախ և առաջ քաղաքական, Պուտինը պետք է հաշվետու լինի ընտրություններում իրարահաջորդ հաղթանակների համապատկերում, առավել ևս, որ հինգ տարի առաջ խոստացել է այլևս ընդդիմությանը կոշտ չճնշել: Չի կարելի անվերջ իշխել դեմոկրատուրայով՝ համատեղելով ժողովրդավարական ձևը ավտորիտար բովանդակության հետ: Գուցե Նավալնու նվազագույն, բայց պոտենցիալ պայթյունավտանգ առաքելությունը հենց այս հակասության վերհանումն է:
Էցիո ՄԱՈՒՐՈ, La Repubblica


Հ.Գ. BBC-ն ևս հաղորդել է կիրակի օրը Մոսկվայում ու ամբողջ Ռուսաստանում ցույցերի մասին, որ անցան կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով: Առիթը Ալեքսեյ Նավալնու հետաքննությունն էր վարչապետ Դմիտրի Մեդվեդևին իբր առնչվող ունեցվածքի ու անշարժ գույքի վերաբերյալ: Կիրակի երեկոյան Դմիտրի Մեդվեդևը պատմել է՝ ինչպես է օրն անցկացրել: Նա Ինստագրամում պատասխանել է @ispiridonoff-ի տիրոջ՝ «Ողջույն, ո՞նց էր օրը» հարցին. «Վատ չէր, դահուկ էի քշում»: Հարցը վարչապետին տվել են վերջին լուսանկարի մեկնաբանություններում՝ կակաչների լուսանկար՝ մակագրությամբ. «Շնորհավորում եմ գարնան գալուստը, սիրելի կանայք: Սեր ու երջանկություն», որ վարչապետը տեղակայել էր մարտի 8-ին: Ինստագրամում @ispiridonoff օգտատիրոջ էջում Պերմի ցույցի լուսակարն է:
Մարտի 26- ին կոռուպցիայի դեմ ցույցի դուրս եկան հազարավոր ռուսաստանցիներ՝ Ալեքսեյ Նավալնու կոչով: Մոսկվայում ոստիկանությունը Տվերի փողոցում հաշվեց 8 հազար մարդ, ընդդիմությունը հայտարարեց 25-30 հազարի մասին: Մոսկվայում կա 900 ձերբակալված՝ ավելի շատ, քան Բոլոտնի հրապարակում 2012-ին: Ձերբակալվել են և անչափահասներ, ակտիվիստները հաստատում են, որ կեսից ավելին դեռ ազատ չեն արձակվել: Ցույցերի առիթը Նավալնու հիմնադրամի ուսումնասիրությունն էր ունեցվածքի, որ նրանց պնդումներով պատկանում է վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Նրանք պնդում են, որ վարչապետինն են ակտիվները, որ նա կառավարում է ոչկառավարական հիմնադրամների ցանցի միջոցով, որ ղեկավարում են նրա համակուրսեցիները:

Նավալնու հիմնադրամը վարչապետի ակտիվներում գտել է խաղողի այգիներ Իտալիայի Տոսկանա մարզում, զբոսանավ, որ պատկանում է օֆշորային ընկերության, տներ և դաստակերտներ: Վարչապետի մամլո քարտուղարը հայտարարել է, որ հրապարակումը վառ արտահայտված նախընտրական բնույթ ունի և չի մեկնաբանել՝ մատնացույց անելով Նավալնու հավակնությունները և ընդդիմադիր գործի վերաբերյալ դատարանի վճիռները:
Բոլոր դեպքերում՝ երբ վարչապետը դահուկ էր քշում, հայրենակիցները նրա հրաժարականն էին պահանջում, ու Պուտինը հիմա պիտի այդ գլխացավանքն էլ հարթի՝ արդեն ԱՄՆ պետդեպարտամենտն ու Եվրամիությունն են հայտարարություններ տարածել՝ հակասահմանադրական որակելով ցույցերի մասնակիցների ու Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունը: Դեմոկրատուրան հեշտ չի տրվում Կրեմլին՝ ռուսները մեկ-մեկ արթնանում են արտաքին քաղաքական թմբիրից ու հիշում իրենց անձնական կյանքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ