Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երթեր, անեկդոտներ, սկանդալներ՝ եզրագիծ

Երթեր, անեկդոտներ, սկանդալներ՝ եզրագիծ
28.03.2017 | 11:01

Այս կիրակի վերջապես կկայանան ԱԺ ընտրությունները, և Հայաստանը կունենա սկզբունքորեն նախորդներից տարբեր գործառույթներով նոր խորհրդարան: Կտարբերվի՞ ընտրվելիք խորհրդարանը նախորդից կազմով՝ այս հարցն է քաղաքական ուժերին ու ընտրողներին բաժանում հակադիր խմբերի:


Վերջնագծում իրադարձությունները արագանում են, բայց եղան և անսպասելի իրադարձություններ, որ համեմվեցին սկանդալներով, հայցերով, երթերով, անեկդոտներով: Ձերբակալվեց Սամվել Բաբայանը, և ՕՐՕ-ն նորից ապացուցեց, որ հակասական դաշինք է: Եթե մինչ այդ պաշտոնապես հայտարարվում էր, որ Սամվել Բաբայանը դաշինքի հետ կապ չունի, հիմա ՕՐՕ-ի ղեկավարները հայտարարում են, որ հանուն նրա ազատության գնալու են մինչև վերջ, ու կատարվածը քաղաքական հալածանք է իրենց դեմ: «Իգլան» կմնա այս ընտրությունների առեղծվա՞ծ, թե՞ արագ կբացահայտվի՝ որտեղի՞ց, ո՞վ, ինչո՞ւ էր Հայաստան բերում, ու ի՞նչ կապ ունի Սամվել Բաբայանը: Առայժմ տեղեկությունները հակասական են՝ ՀՔԾ-ն հայտարարում է, որ Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը Հայաստան ներկրված զենքին, նրա փաստաբանն ասում է, որ հետաքննությունը իրեն է հարմարացնում փաստերը: Սամվել Բաբայանի ձերբակալությունը հազիվ թե ավելացրեց ՕՐՕ-ի համակիրների թիվը, դաշինքը ՀՀԿ-ին ասիմետրիկ պատասխան տվեց՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակեց ՀՀ բոլոր մարզերն ու Երևանի բոլոր տարածքներն ընդգրկող 84 դպրոցների ու 30 մանկապարտեզների տնօրենների զրույցների մանրամասներ՝ ինչպես են ցուցակներ հավաքագրում ՀՀԿ-ի համար: ՕՐՕ-ն պահանջեց ԿԸՀ-ից չեղարկել ՀՀԿ-ի գրանցումը՝ վարչական ռեսուրսի օգտագործման փաստով: Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ չեղարկման հիմքեր չկան: Բնականաբար՝ առանց դատական մարմիններին նախազգուշացման արված ձայնագրությունները չեն կարող դատարանում իրեղեն ապացույց ճանաչվել: Գաղտնիք չէր, որ ՀՀԿ-ն մոբիլիզացնելու է վարչական ռեսուրսը, և այդ շրջագծում են տնօրենները: Բայց այն, ինչ գաղտնիք չէր, հիմա փաստ է, ու ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքի հրապարակած «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ» նյութը: ՀՀԿ-ն, իհարկե, կպաշտպանի յուրայիններին: Որևէ մեկը իրեն հարց տվե՞լ է՝ ինչո՞ւ են Հայաստանի բոլոր դպրոցների տնօրեններն ու մանկապարտեզների վարիչները անխտիր մեկ կուսակցության անդամ (բացառություն է Աշոտ Բլեյանը իր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրով), եթե հարցներ ժամանակին, այսօր այս սկանդալը չէր լինի: Սկանդալ, որ որքան էլ զավեշտալի է, ուղղվում է նաև ՀՅԴ-ի դեմ՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը պահանջում է կրթության և գիտության նախարար, ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանի հրաժարականը: Սա էլ կոալիցիայի «օգուտը»: Նորից բերեց Արմեն Աշոտյանի բախտը:


Մարտի 24-ին մամուլի ասուլիսով Հայաստանում Gallup International Association-ը ներկայացրեց մարտի 12-19-ին 10 մարզերում և Երևանում անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալները: Քարոզարշավի սկզբին նույն կազմակերպության հարցումը ցույց էր տվել «Ծառուկյան» դաշինքի առաջատարությունը՝ 26 %, ՀՀԿ՝ 19 %։ Երկու շաբաթ անց պատկերն այլ է՝ ՀՀԿ-ն շրջանցել է դաշինքին՝ 29 %, և շարունակում է բարձր բոնուս ունենալ՝ ի դեմս Կարեն Կարապետյանի 82 % վարկանիշի: Փաստացի՝ հայկական Gallup International Association-ը ազդարարում է, որ ՀՀԿ-ն իր համար սահմանել է հաղթողի ցուցանիշ՝ զգալի տարբերությամբ երկրորդ ուժից: Բայց ոչ այնքան, որ Գագիկ Ծառուկյանը հայտնվի Ազատության հրապարակում՝ հայտարարելով, որ ընտրությունների արդյունքները չի ընդունում: Նա ընդունելու է այն արդյունքը, որ կներկայացնի ԿԸՀ-ն: Պայմանը պայման է:

Այն, որ ՀՀԿ-ն գնում է խորհրդարանում մեծամասնություն ունենալու՝ առանց կոալիցիայի, Արցախից ազդարարեց և ՀՀ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա Հայաստանը «հանձնել է» Կարեն Կարապետյանին (որ խզված ձայնով էլ քարոզում է հանուն անվտանգության և առաջընթացի) և Արցախում խոսքն ուղղելով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին, իրական հասցեատեր ուներ Հայաստանի քաղաքական ուժերին ու ընտրողներին: «Ո՞վ կարող է կազմակերպել պաշտպանությունը, որ հնարավորություն ունենա զարգացում ապահովել»՝ հարցրեց Սերժ Սարգսյանն ու սկսեց գնահատել քաղաքական ուժերին: Առաջինը հիշեց ՀՀ առաջին նախագահին. «Ով չի հասկացել, որ այստեղ՝ այս սահմանին մենք ցեղասպանություն ենք կանխում, ուրեմն չի հասկացել, թե որտեղ է ապրում։ Ով չի ընկալել սեփական հողի վրա մեր ժողովրդին բնաջնջելու հռետորության վտանգները, կարող է շարունակել չեղած գումարներով թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու կամ բնակչությանը գրեթե անվճար հոսանք ու գազ մատակարարելու գլուխգովանությունը, դրանից, միևնույն է, վտանգը չի նվազելու»։ Թոշակի ու աշխատավարձի, անվճար հոսանքի ու գազի «գլուխգովանությունը» ընդհանրական մեղադրանք էր ու արդարացում ՀՀԿ-ի, որ դա չի խոստանում: Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիությունը» ևս մեկ հարված ստացավ՝ «Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս»: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը Արցախի հարցով բանակցություններում կարիք չունի «հաղթողականների» կամ «պարտվողականների» կոնսոլիդացիայի: ՀԱԿ-ՀԺԿ-ի պատրանքները Սերժ Սարգսյանը սպանեց միջազգային մակարդակով՝ միջնորդների հետ շարունակելու ենք մեր ջանքերը՝ հասնելու արցախյան հիմնախնդրի խաղաղ ու արժանապատիվ կարգավորմանը, որը կարձանագրի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու անխախտ ու անվիճարկելի իրավունքը և կերաշխավորի տևական ու կայուն խաղաղություն: Ոչինչ չթողեց և «ռացիոնալ Ալիևից»՝ «Մենք մեր ոչ վաղ անցյալից, ապրիլյան պատերազմից գիտենք, թե սահմանի հակառակ կողմում ինչպիսի մտածողություն է տիրում և ինչ արժեքներ են քարոզվում, իրականության ու դրա հեռանկարների ինչպիսի աղճատված ու երևակայական ընկալումներ կան»:

Լևոն Տեր-Պետրոսյանի մխիթարանքը մնաց Հենոն, որ կիրակի օրը ռուսների «Ռոստովից» հետո ղազախների հավաքականին գոլ խփեց: Նախագահի նյարդերը, այնուամենանիվ, տեղի տվեցին և ընտրությունների վերաբերյալ տրտնջաց. «Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում»: Գործնականում նա ՀՀԿ-ի թիվ 1 մրցակից հայտարարեց «Ելք»-ի «Ելք կա» «սուտ շուտասելուկը», հիշեց տանիքների վրա ցատկող Նիկոլ Փաշինյանին՝ առանձնացնելով մյուսներից, որոնց նույնիսկ հարկ չհամարեց անդրադառնալ: Արցախում Սերժ Սարգսյանը պատասխանեց իր ապագայի հարցին՝ «Ի՞նչ եմ անելու 2018-ից հետո»։ «Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»։ Անվտանգությունը Հայաստանում, ինչպես հայտնի է, ապահովում է բանակը: Վիգեն Սարգսյանի երջանկությունն էլ կարող է ավարտվել:
Կարեն Կարապետյանը ևս «ապահովեց» իր անվտանգությունը՝ հաստատելով, որ ինքը բերում է փողը, ինքն էլ «կպատվիրի երաժշտությունը»: ՈՒ այս անգամ ՀՅԴ-ի «Նոր սկիզբ, արդար Հայաստանը» կարող է մնալ լուսանցքում: Նաև՝ ՀՎԿ-ի՝ «Հանուն փոփոխության ու վերածննդին»՝ ՀՀԿ-ի հետ միասին, թեպետ Արթուր Բաղդասարյանը պատրաստ է «հանուն ժողովրդի» գործակցել, բայց նրա 30 կետերին էլ պահեստայինների նստարանն է մնում: Մարտի 25-ին բացվեց «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամը՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Հունվարին Կարեն Կարապետյանի Մոսկվա այցի ընթացքում ռուսաստանաբնակ հայ գործարարները խոստացել էին աջակցել: Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ակումբը լինելու է ոչ թե բարեգործության, այլ «ագրեսիվ բիզնես» ակումբ, Սամվել Կարապետյանն էլ ասաց, որ վարչապետը գոլեր է խփելու: «Գոլերը» կլինեն Սերժ Սարգսյանի դարպասին և այն թիմին, որտեղ հայաստանաբնակ օլիգարխներն են, որ ներդրումներ չարեցին տնտեսության մեջ: Կարեն Կարապետյանը ձգտում է էլիտայի փոփոխության՝ խաղի մեջ մտցնելով ՌԴ-ի հայկական կապիտալը, իսկ դա նշանակում է Հայաստանի տնտեսական ու քաղաքական կախման մեծացում ՌԴ-ից: Մոսկվան «հենց այնպես» ոչ մեկին փող չի տալիս, թեկուզ հայերի փողը՝ հայերին:


Եզրագծում տարօրինակ պատկեր է ձևավորվում՝ ամենախոցելին յուրայիններն են: Ոչ միայն համակարգերն են համակարգերի դեմ, այլև համակարգն է ինքն իր դեմ: Հարցը չի վերաբերում միայն ռեյտինգայիններին, դա օրենսդրական երևացող հատվածն է, չերևացողը ներքին պայքարն է ՀՀԿ-ի ներսում, որ որոշում է իր ղեկավարին՝ դեֆակտո, ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում, որ միշտ եղել են գործընկերային՝ ինչ էլ բարձրաձայնվի, ինչ ծրագիր էլ Գագիկ Ծառուկյանը հայտարարի՝ «Փոփոխությունների ու կառուցելու ժամանակ» 15 կետով, թե բարեգործության ու քաղաքականության մեջ «Հարվարդ ավարտելու»՝ 50+1 %-ի: 15 չէ, 150 կետով էլ նա իրավիճակ փոխելու ի վիճակի չէ՝ լինելով նույն համակարգի արդյունք, որտեղ փողի ու իշխանության միաձուլումն է դիրքեր ստեղծում: Նա պատրաստ է «փրկել ժողովրդին», բայց գիտի, որ այդ դեպքում նորից պիտի իր փրկության մասին մտածի: Բոլորը գիտեն: Ընտրողներն էլ, որ բարերարվում են:


«Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» որոնելով՝ մարզերում հանրահավաքները շարունակում է ՕՐՕ-ն՝ ամեն տեղ վանկարկելով՝ «Հերիք է», Րաֆֆի Հովհաննիսյանն էլ շարունակում է նամակ գրել, անցած շաբաթ՝ ԵԺԿ նախագահին: «Ազատ դեմոկրատները» դեռ կարծում են, որ «Մենք կարող ենք» կարգախոսը կոդ է, որ հաղթանակ է բերել Օբամային, կբերի և իրենց, բայց երկուշաբթի գուցե ասեն՝ «Մենք չկարողացանք»: Դե իսկ կոմունիստները երկրով մեկ որոնում են «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ», որ կորցրել են 25 տարի առաջ ու եթե գտնեն, հաստատ 2017-ին չի լինելու: «Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» ևս ուղերձ ունեին անցած շաբաթ՝ բոյկոտել ընտրությունները, ընդվզել, ժողովրդի վստահության կառավարություն ձևավորել՝ օրինակ 100 օրով և օրենսդիր ու գործադիր արտակարգ լիազորություններով, հետո նորից խորհրդարան ընտրել՝ երբ բոլորը խելոք են, յուրաքանչյուրը գժվում է յուրովի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Անեկդոտներ պատմում են բոլորը: Սպանեց ՀԿԿ-ն՝ խոստանալով 24 ժամում իրավիճակ փոխել ու իր ծրագիրը կատարել: Եթե ՀԿԿ-ն հաղթի, Գինեսի գիրք է մտնելու: Բայց Արփինե Հովհաննիսյանը ՀԿԿ-ին գերազանցեց Պոլոզ Մուկուչով՝ «Աշխարհի կենտրոնը Գյումրին է, շատ պետություններ իրենց չտեսնելու են տալիս»: Ի՞նչ սուտ չես ասի՝ հանուն հայրենիքի անվտանգության ու առաջընթացի, որ քո անձնական բարեկեցությունն է: Չի՞ ստացվում, որ մնում են ընտրությունը, փոփոխությունը ու հաղթանակը, ու դա է ելքը, որ առաջարկում է «Ելքը»: Երթերի, սկանդալների, անեկդոտների հորձանքին մնաց չորս օր, դիմացեք: Եթե հիմա դեռ հարց են նոր ԱԺ-ի կազմն ու ուժերի հարաբերակցությունը, հնարավոր դաշինքները խորհրդարանում, ընտրությունների որակն ու լեգիտիմությունը, ապրիլի 3-ի հարցը լինելու է՝ կլինե՞ն հետընտրական գործընթացներ, այդ հարցին էլ դուք եք պատասխանելու՝ ապրիլի 2-ին: ՈՒ չասեք՝ «ՈՒստա, Համոն փողը չի տվել»:

Դիտվել է՝ 2305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ