Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դասակարգում` ըստ «քաշային կարգերի»

Դասակարգում` ըստ  «քաշային կարգերի»
28.03.2017 | 11:14

Քաղաքական «մրցության» իրական պատկերը վերլուծելու համար քաղաքական միավորները անհրաժեշտ է դասակարգել ըստ հետևյալ «քաշային կարգերի».


1. Գերծանր քաշային կարգ՝ ՀՀԿ, ԲՀԿ, որոնք հավակնում են բացարձակ մեծամասնության. ուժերը ունեն վարչաֆինանսական գրեթե անսահման ռեսուրսներ, ինչն էլ, երկրում տիրող սոցիալական խոր ճգնաժամի պայմաններում, լինելու է ընտրությունների վերջնական արդյունքը պայմանավորող հիմնական գործոնը։ Կարծում եմ` պայմանավորված վարչապետի դրական իմիջով, ինչպես նաև վիրտուալ տիրույթում ճիշտ գործելաոճով, ՀՀԿ-ն արդյունքում կհաղթի այս մենամարտում, քանի որ Գագիկ Ծառուկյանի խարիզմատիկ կերպարին հակադրվում է Կարեն Կարապետյանի ստեղծագործ կերպարը, որը նաև կրթական ցենզով գերազանցում է ԲՀԿ առաջնորդին։ Սակայն դա դեռ չի նշանակում, թե ՀՀԿ-ն կստանա ձայների բացարձակ մեծամասնությունը։
2. Միջին քաշայիններ՝ «Ելք», ՀԱԿ, ՀՅԴ, որոնք իրապես հավակնում են խորհրդարան անցնելու շեմը բավարարելուն՝ ի հաշիվ քաղաքական անցյալի և ունեցած քաղաքական կապիտալի։ Լևոն Տեր-Պետրոսյանը հայկական քաղաքագիտական մտքի բարձունքներից մեկն է, ինչն ակնհայտ է։ Հենց այս հանգամանքը պայմանավորում է ՀԱԿ-ի՝ առաջիկա խորհրդարանում հայտնվելու հավակնությունը, քանի որ այս ընտրություններում, նախորդներից առավել, գոյություն ունի քաղաքագիտական մտքի պակաս։ ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն հայտնվել են նույն իրավիճակում. առաջինը՝ Տեր-Պետրոսյանից, երկրորդը՝ պատմական անցյալից բացի, ընտրողներին առաջարկելու ոչինչ չունեն։ Կարծում եմ` այս երկու ուժերից միայն մեկը կանցնի խորհրդարան՝ կախված Սերժ Սարգսյանի բարեհաճությունից։ «Ելք» դաշինքի պարագայում գործ ունենք նոր տեխնոլոգիաներով (հիշենք համամասնական ցուցակի ձևավորման գործընթացը), առողջ սերնդափոխությամբ առաջնորդվող քաղաքական միավորի հետ, որի կազմում են երկու պատգամավոր (խիստ դրական ընկալում ունեցող) և Արամ Սարգսյանը, որը քաղաքացիների կողմից ևս դրական ընկալում ունի։ Դաշինքի լիդերներին հաջորդում է նոր սերունդը՝ իր պայծառ մոտեցումներով, քաղաքական տեխնոլոգիաներով։
3. Թեթև քաշայիններ՝ «Ազատ դեմոկրատներ», ՕՐՕ, ՀՎԿ, ՀԿԿ։ Այս ուժերից «Ազատ դեմոկրատները» իրականում ի զորու է հայտնվելու խորհրդարանում՝ պայմանավորված իրենց լիդերների՝ Հայաստանում ունեցած դրական իմիջով։ Իրենց առաջնորդի մասին շատ բան չգիտեմ, սակայն գոնե ինձ համար նա պրագմատիկ, քաղաքական փորձություն անցած, ֆինանսապես ապահովված անձ է, և վստահ եմ, որպես այդպիսին էլ ընկալվում է հասարակության կողմից։ Ցուցակում հաջորդը Հրանտ Բագրատյանն է, որը կարողացավ 2008-ից հետո փոխել հասարակության տրամադրվածությունը իր վարչապետության որակի վերաբերյալ, հիմնականում՝ «մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը» սկզբունքով։ Ավելին, Բագրատյանը բավականին լուրջ աշխատեց իր իմիջի վրա, խոցեց բոլոր հայտնի տնտեսագետներին (բացառությամբ մի քանիսի)՝ ապահովելով Հայաստանի թիվ մեկ տնտեսագետի կոչումը։ Անկախ նրանից, թե շատ տնտեսագետներ, այդ թվում` ես, ինչ ենք կարծում, իրականում հասարակական ընկալումն այդպիսին է։ Ցուցակում երրորդ տեղ զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը ՀՀ առաջադեմ քաղաքագետներից մեկն է՝ հայտնի իր արևմտյան հայացքներով, ինչպես նաև տարբեր կուսակցությունների միջակ գործիչների կողմից թիրախավորված լինելով։ Այդ բոլոր միկրոմենամարտերից Սաֆարյանը դուրս է եկել հաղթանակած և ավելի բարձր ռեյտինգով։ Վիրտուալ տիրույթում նա բավականին հայտնի է, ինչը ևս նշանակություն կունենա վերջնարդյունքում։ Ցուցակում Սաֆարյանին հաջորդող Անահիտ Բախշյանը իր գործունեությամբ ձևավորել է հայ բարի կնոջ կերպարը, որը, եթե անգամ քաղաքական առումով կարող է «ձայն բերող» հանգամանք չլինել, բայց թիմի հանդեպ խիստ դրական տրամադրվածություն է ստեղծում։ ԱԴ ցուցակը շարունակում են պայծառ երիտասարդներ, որոնք հստակ գիտակցում են իրենց ծրագիրը և այն քարոզում ընտրողներին։

ՀՎԿ-ն դուրս է բոլոր իրավիճակներից, քանի որ ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի նման սպառել է իր քվե ստանալու բոլոր հնարավորությունները, չունի հասարակությանը ներկայանալու այցեքարտ ու, ի տարբերություն նախորդ երկուսի, ոչ մի մեծ ծառայություն չի մատուցել Սերժ Սարգսյանին (ՀՅԴ-ն սատարեց Սերժ Սարգսյանին սահմանադրական բարեփոխումների ընթացքում, իսկ ՀԱԿ-ը, ի դեմս Տեր-Պետրոսյանի, փորձում է իր վրա բևեռել Արցախի հիմնախնդրի լուծման բացասական արդյունքները)։ Կոմունիստական կուսակցության մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ էլ` ովքեր են առաջադրվել։ Հետաքրքրական է ՕՐՕ դաշինքի կարգավիճակը այս խճանկարում, քանի որ ունի խիստ ընդդիմադիր կեցվածք, խիստ իշխանական անցյալ, կարծես` բավական ռեսուրսներ և, ամենակարևորը` ընդվզման պատրաստ մեծ պոտենցիալ։ Հուլիսյան իրադարձություններից հետո իշխանության դեմ ընդվզումը դարձավ քաղաքական դիվիդենդ բերող գործոն։ Այս քաղաքական միավորը իրականում միակն է, որը կարող է գրավել այդ ընտրազանգվածին։ Սամվել Բաբայանի ձերբակալությունը, ինչպես նաև Ժ. Սէֆիլյանի և Վ. Ավետիսյանի նամակը միայն փաստում են այդ միտքը։ Քաղաքական այս միավորը ևս ունի խորհրդարանում հայտնվելու հնարավորություն, սակայն առանց մեծ համաժողովրդական կենտրոնացման այդ շանսերը զրոյանում են։ ՕՐՕ-ն միակ քաղաքական ուժն է, որ նախընտրական շրջանում կարիք ունի իրավիճակի սրացման՝ խորհրդարանում հայտնվելու համար։


Այս քարոզարշավը առանձնանում է համացանցի լայն ներգրավվածությամբ, ու այստեղ առաջատարներն են «Ելքը», «Ազատ դեմոկրատները», ՀՀԿ-ն։ Ծրագրի առումով, իմ կարծիքով, առաջատարը «Ազատ դեմոկրատներն» է։ Ծրագիրը առանձնանում է կառուցվածքով, մոտեցումների հստակությամբ։ Ապա «Ելքի» ծրագիրն է՝ դասական ձևավորմամբ, որտեղ կան մինչև վերջ չբացված մոտեցումներ։ Այնուհետ ՀՀԿ, ԲՀԿ ծրագրերն են։ Մնացյալի մասով զերծ կմնամ գնահատականներից։ Ամփոփելով միտքս՝ կարծում եմ, ապագա ԱԺ-ում կտեսնենք ՀՀԿ, ԲՀԿ, «Ելք», «Ազատ դեմոկրատներ» քաղաքական միավորներին, ինչպես նաև ՀՅԴ-ՀԱԿ «հակամարտության հաղթողին»։ Իհարկե, չեմ բացառում, որ նրանք կարող են փոխարինվել ՕՐՕ-ով, ինչը կնշանակի, որ իշխանություններն առաջիկայում Արցախի հարցում զիջումների չեն գնալու, իսկ ՀԱԿ-ի խորհրդարանում հայտնվելը կարող է միայն փաստել դրա մասին։


Արսեն ՄԱՆՈՒԿՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 2287

Մեկնաբանություններ