Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անվտանգություն և առաջընթաց. «Հանրապետականի» միակ ծաղիկը

Անվտանգություն  և առաջընթաց. «Հանրապետականի» միակ ծաղիկը
28.03.2017 | 11:47

(սկիզբը՝ այստեղ)

Արժե անդրադառնալ նաև մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի դաշնության հետ հարաբերությունների վիճակին, դրանցում տեղ գտած և արմատավորված բացասական երևույթներին, որոնք ոչ միայն թուլացնում են այդ գործընկերության ներուժը, այլև աղավաղում են դրա իրական իմաստը, հնարավոր դարձնելով անհամաձայնություններն ու միմյանց շահերի (այս դեպքում՝ մեր) անտեսումը: Իհարկե, սա մեր դիվանագիտության մեծ ձախողումն է: Ճիշտ է, մեր դիվանագիտության ձախողումները բոլոր ոլորտներում են և բոլոր երկրների հետ հարաբերություններում, բայց ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում բացթողումներ թույլ տալը, այն էլ պարբերաբար, բերել է այն իրավիճակին, որն ունենք այժմ: Ռուսաստանի Դաշնությունում մեր դիվանագիտական կորպուսի ղեկավարի անգործության (շատ մեղմ է հնչում, բայց ուրիշ բնորոշում ընտրելու ցանկություն չունեմ) մասին մեզ, մեր երկրի ղեկավարությանը բազմաթիվ ուղերձներ են հնչեցրել ՌԴ առաջատար լրատվամիջոցների պատասխանատու ներկայացուցիչներ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, իրենց զարմանքն ու հիասթափությունն արտահայտելով այդ կարևորագույն հաստատության չգոյության առնչությամբ:

Միայն վերջերս Վլադիմիր Սոլովյովի կողմից Հայաստանում այդ միտքը կրկնելու փաստը, հավանաբար, դարձավ ՌԴ-ում մեր «դեսպանի» փոփոխության պատճառը: Նրանք համեմատում են մեր և Ադրբեջանի դեսպանների ու դեսպանատների գործունեությունը և հարց տալիս մեզ՝ ո՞վ է ձեր դեսպանը Ռուսաստանում և ի՞նչ է անում նա այնտեղ ընդհանրապես: Այն դեպքում, երբ Ադրբեջանի կոմպոզիտոր դեսպանը բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ է կազմակերպում դեսպանատանը, հրավիրում հասարակական, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների, նրանց ներկայացնում իր երկրի իշխանությունների մոտեցումները, մեկնաբանությունները, մտադրությունները և այլն: Այդպիսի աշխատանքի իմաստը թերագնահատել չի կարելի, և դրանց արդյունքները երկար սպասել չեն տալիս: Մենք ունենք դեսպան կամ, որ նույնն է՝ չունենք, և մեր երկրին վերաբերող կարևորագույն հարցերի մասին աշխարհը ներկայացնող լրատվամիջոցները, այս կամ այն շահագրգիռ կազմակերպությունները տեղեկատվություն ստանում, ուղղորդվում են մեկ՝ ադրբեջանական կողմից: Եվ դա արվում է պարբերաբար ու հետևողականորեն՝ խոսքին կցելով տպագիր, տեսագիր և այլ նյութեր: Այս դեպքում արդեն կապ չունի, թե դրանք որքան հավաստի են, իրականության հետ կապ ունեն, թե ոչ: Դրանք աստիճանաբար ստեղծում են այն իրականությունը, որը պետք է այդ աշխատանքը նախաձեռնողին և իրականացնողին, այն դարձնում ընդունելի լսարանի համար, և լսարանն էլ իր վերաբերմունքը մյուս կողմի ու նրա խնդիրների մասին կազմում է՝ ելնելով դրանցից: Ինչպե՞ս հասկանալ մեր արտգործնախարարի կողմից այդքան տարիներ Մոսկվայում մեր դեսպանին հանդուրժելու իրողությունը: Միայն այդ փաստը լավագույնս ներկայացնում է մեր դիվանագիտության նկատմամբ երկրի ղեկավարության դրած պահանջների դատարկությունը: Այն, ինչ կարողանում է անել մեր համապատասխան կառույցը, չհասկացվածության, տարընթերցումների մասին մղկտոցներն են, որոնց համար նորից մեղադրվում են այն կողմերը, որոնք մեր մասին այլ կերպ, եթե ոչ ըստ ադրբեջանական կողմի մատուցած տեղեկատվության, կարծիք կազմել չեն կարող: Բոլոր մյուս երկրներում, չհաշված մեկ- երկու բացառություններ, որտեղ մենք ունենք ներկայացուցչություններ, նույն վիճակն է: Ի միջի այլոց, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնում: Միայն ենթադրել կարելի է, թե ինչպիսի թափ կստանա մեր պատմամշակութային ժառանգության արժեքները յուրացնելու Ադրբեջանի քաղաքականությունը, եթե նրանք հաջողեն այդ գործում, ինչը շատ հավանական է:


Մենք բողոքում ենք, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում մեր թշնամուն, բողոքում ենք, որ ՀԱՊԿ-ի կազմում գտնվելով, այն մեր շահերին հետամուտ չի լինում, որ տնտեսական փոխգործակցության բնագավառում ոչինչ պիտանի չունենք և այլն, և այլն:
Իսկ մենք ի՞նչ ենք արել, որ մեզ հարգեն, մեր շահը չստորադասեն իրենց նպատակներին, չկարողանան շրջանցել մեր արդարացի պահանջները: Ոչ մեկը չի ուզի ունենալ թույլ դաշնակից, հատկապես՝ ռազմավարական: Թույլ, նվնվան, սեփական շահին հասնելու հաստատակամության փոխարեն դրա պաշտպանությունը ուրիշից ակնկալող դաշնակից: Ռազմավարական դաշնակցությունը միայն աշխարհագրական դիրքով չի կարող պայմանավորվել և ամփոփվել: Այն բովանդակություն կարող է ստանալ միայն փոխադարձ շահերի գնահատմամբ, դրանց գերադասմամբ այն մարտավարական ձեռքբերումներից, որոնց հնարավոր է հասնել տարբեր երկրների հետ հարաբերություններում տարբեր բնագավառներում: Բայց գործընկեր պետությունը քո շահերի հետ կվարվի այդ կերպ միայն այն դեպքում, եթե վստահ է, որ դու ինքդ երբեք, ոչ մի պարագայում և առանց որևէ հիմնավորման մի քայլ անգամ հետ չես կանգնի դրան հասնելու որոշումից: Այդպիսի գործընկերը հարգանք է ներշնչում դիմացինին, նրա հետ վարվում են առանց ձևականությունների և հնարավորինս շիտակ: Իսկ այդպիսի վերաբերմունքը ձեռք է բերվում տքնաջան դիվանագիտական աշխատանքի արդյունքում, որպիսին իր երկրի համար իրականացնում է, ասենք, Ռուսաստանի արտգործնախարարը: Հակառակորդն անգամ, որքան էլ հզոր լինի և մեծամիտ, հաշվի է նստում նրա հետ և՝ հարգանքով:


Ի՞նչ արեց Ռուսաստանը, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ՈՒկրաինան դուրս էր բերում նրա ազդեցության ոլորտից: Հայտնի ճանապարհով և միջոցներով վերադարձրեց Ղրիմը Ռուսաստանի կազմ: Դա նրա համար կենաց- մահու խնդիր էր: Պատկերացրեք: Սև ծովում լողացող ամերիկյան սուզանավերը և Ռուսաստանի անվտանգությունը անհամատեղելի բաներ են: Առճակատումը առավել քան լուրջ էր: Աշխարհի թիվ մեկ երկրի հետ: Բայց Ռուսաստանը գնաց իր պետական շահի հետևից մինչև վերջ: Կասեք՝ մենք Ռուսաստան չենք, բայց մեր խնդիրն էլ Ղրիմի ծանրությունը չունի: Ոչ թե մեզ համար, այլ աշխարհի:
Եթե մենք մեզ դրսևորենք որպես մեր սեփական շահերը գիտակցող, երկրի ռեսուրսները տնօրինող և դրանք պետական շահին խելամիտ ծառայեցնող դաշնակցի, մեզ բոլորովին այլ կերպ կընդունեն և կվերաբերվեն, և ոչ միայն դաշնակիցները:


Տնտեսություն: Սա այն ոլորտն է, որը միավորում է երկրի անվտանգության և առաջընթացի հնարավորությունները: Թե՛ անվտանգությունը, թե՛ առաջընթացը հնարավոր են միայն ռեալ, զարգացող տնտեսության առկայության պայմաններում: Ըստ այդմ, պետք է հասկանալ և գնահատել մեր տնտեսության ներկա վիճակը, եթե ուզում ենք պատկերացնել այդ նպատակներին հասնելու մեր շանսերը:
Մեր երկրում արդեն երկար տարիներ հետևողականորեն վերացվում են ձեռնարկատիրությամբ, գործարարությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պայմանները: Դա ստացել է պետական քաղաքականության կարգավիճակ: Անառողջ մրցակցությունը, հարկային-մաքսային անհամապատասխան բեռը, հանրային ծառայությունների անհասանելիությունը, մատչելի ֆինանսական միջոցների բացակայությունը ոչ միայն անհնար են դարձրել նոր բիզնեսի հիմնումը, այլև անհաղթահարելի արգելքներ են ստեղծում նաև գործող բիզնեսի համար, պատճառ դառնալով գործարարության ամբողջ ոլորտների վերացման, առանց տարբերակելու հասարակության համար դրանց կարևորության աստիճանը: Այդպիսի քաղաքականության պատճառը գործող իշխանության ներգրավվածությունն է բիզնեսի մեջ, ինչն արտահայտվում է իշխանահպատակ մենաշնորհների առկայությամբ, իշխանության բիզնես շահերն սպասարկող կոռումպացված չինովնիկությամբ, օրինականության, պետական շահ հասկացության բացակայությամբ, դրանք ամեն տեղ, ամեն ոլորտում ոտնատակ տալով: Սրանք այսօրվա մեր կյանքի հաստատված նորմերն են, և հասարակությունը շնչահեղձ է լինում այս ճահճի մեջ, բայց դրանից ազատվելու վճռականություն առայժմ չի դրսևորել:


Հիմա, այս նախընտրական թոհուբուհի մեջ «Հանրապետական կուսակցությունը», նույն ինքը՝ խոշոր բիզնեսը, նույն ինքը՝ հանրապետության գործող իշխանությունը առերևույթ հավակնում են բարեփոխումների դրոշակակրի դերին: Մի բան, որ կսազեր որևէ ընդդիմադիր կուսակցության կամ դաշինքի, որ դեռևս իշխանություն լինելու հնարավորություն չի ունեցել, և որի կարողություններն ու մտադրությունները միայն ծրագրերի ձևով կարող են ներկայանալ: Հնարավո՞ր է այդպիսի բան: Ի՞նչն է փոխվել իշխանության մտածողության կամ գործելակերպի մեջ:


Ընտրություններից շուրջ կես տարի առաջ փոխեցին վարչապետին, հույսով, որ նախընտրական փուլում նրա գործունեությամբ բարենպաստ ֆոն կստեղծվի, ինչը թույլ կտա ներկա իշխանություններին վերարտադրվել: Վարչապետը այդ ընթացքում կրճատեց կառավարության ավելորդ, միմյանց կրկնող օղակներ, բարելավեց որոշ օղակների աշխատանքի արդյունավետությունը: Ընդամենը այսքանը, որպես մենեջերական աշխատանքի արդյունք: Է՛լ ինչ է արվել և ինչպես է այն ներկայացվում: Տարածքային կառավարման նախարարության միջոցով կառավարությունը համայնքներից հավաքեց բիզնես ծրագրերի մի տրցակ, որը ներկայացվում է որպես երկրի զարգացման ծրագիր՝ ապահովված փուլային իրականացման ներդրումային երաշխիքներով: Իրականում ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ ծրագրերը, և ինչպիսի՞ ներուժ կարող են դրանք ունենալ: Այդ ծրագրերի հավաքման գործընթացում, երբ դեռ մարզերում համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումներ էին անցկացվում, վարչապետը կարևորում էր համաֆինանսավորման սկզբունքը: Մեր շնչահատ համայնքներում ապրող քաղաքացին գոյության խնդիր է լուծում ամեն օր: Նրա հավակնությունները բիզնես ծրագրերի ձևով կոչված պետք է լինեն նրան օրախնդիր հարցերը լուծելու հնարավորություն ընձեռելուն: Պարզ է, որ համաֆինանսավորման պահանջի չափով էլ նվազելու են առանց այդ էլ անհամարձակ ծրագրերի ռիսկն ու հավակնությունները: Այս ենթատեքստում կարո՞ղ ենք պատկերացնել, թե տնտեսության ինչ ճյուղեր և ինչ ծավալներով ընդգրկված կլինեն այդ ծրագրերում, որոնց հանրագումարը, ըստ վարչապետի ներկայացրած թվերի, ավելի քան հինգ միլիարդ դոլար է կազմում: Գումարը կարծես թե շարքային չէ, և դրա տակ պատկերացնելիքն էլ կարող է հետաքրքրություն շարժել: Իհարկե ընտրողների հետ հանդիպումների ժամանակ վարչապետը ոչ մի ծրագիր չի անվանում, միայն հավաստիացնում է, որ իրենք գիտեն ինչ անել, ինչպես անել, ումով անել, չմոռանալով ընդգծել, որ ինքը խոստումներ տալու սովորություն չունի: Իհարկե, հաշվի առնելով նրա գործելաոճը, կարող ենք ենթադրել, որ եթե ներկայացվող ծրագրերի մեջ լինեին ռեալ, իշխանությունների դեմքը պարզ անող նախագծեր, ապա վարչապետը ոչ միայն չէր խուսափի դրանց մասին ժողովրդի հետ հանդիպումներում խոսելուց, այլև արդարացիորեն դրանք կդարձներ իր ելույթների լեյտմոտիվը, իր և իր կուսակցության հավակնությունները դնելով ամուր հիմքի վրա: Մյուս կողմից՝ բիզնես պլանների և համապատասխան ներդրումների ծավալների մասին վարչապետի ներկայացրած թվերը անփորձ ունկնդրի համար կարող են հնչել որպես հարյուրտոկոսանոց հավաստի տեղեկություններ, մինչդեռ դրանք բացարձակ ապատեղեկատվություն են և ոչ պակաս պոպուլիզմ, քան այն, որի մեջ «Հանրապետականը» մեղադրում է իրենց որպես ընդդիմություն ներկայացնող կուսակցություններին կամ դաշինքներին: Օրինակ, Արմավիրի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտնեց, որ, ըստ պատրաստ բիզնես պլանների, նախատեսվում է մարզում ներդնել ութսունհինգ միլիոն դոլար և ստեղծել չորս հազար աշխատատեղ: Ճիշտ է, նորից չբացվեց այդ նախագծերից և ոչ մեկը և ոչինչ չասվեց պահանջվող գումարների ձեռքբերման աղբյուրի մասին: Իսկ ի՞նչ կարող է այնտեղ լինել, հատկապես գյուղական համայնքներից ստացված առաջարկություններում: Կամ մրգի չորանոց, կամ ոչ մեծ ջերմոցային տնտեսություն, կամ գյուղտեխնիկա, կամ լավագույն դեպքում՝ վերամշակող արտադրություն: Ըստ վարչապետի՝ գյուղացին հավելյալ արժեք պետք է ստեղծի (նույնը ասում է նաև Հրանտ Բագրատյանը. ասենք՝ կարտոֆիլի փոխարեն պիտի արտադրի օսլա ): Լավ է: Բայց եթե շուկան կարտոֆիլի կարիք ունի և ոչ թե օսլայի՞: Կամ արդյո՞ք ճանապարհը այն է, որ յուրաքանչյուր գյուղում, համայնքում ստեղծվեն այդ տարածքում արտադրված գյուղմթերքներից հավելյալ արժեք ստեղծող հզորություններ: Դա հիշեցնում է չինական ռազմական կոմունիզմի ժամանակներից հայտնի այն մոտեցումը, երբ երկաթահանքին մոտ ապրող ամեն մի չինացի ընտանիք իր տան բակում վառարան ուներ կառուցած, որտեղ ձուլում էր հանքաքարը և արդյունքը հանձնում պետությանը: Այս կերպ մտածելով մենք ի՞նչ կունենանք: Բիզնես պլանների մեծ մասը կամփոփվի տնայնագործական արտադրություններով, որոնց համար պահանջվող ներդրումները ոչ ոք, բացի այն նախաձեռնողից, անելու ցանկություն չի հայտնի: Արմավիրի մարզի բիզնես փաթեթի մեջ, հավանաբար, ամեն մի համայնքում գոնե մի քանի հատ պտուղ չորացնելու, չիր պատրաստելու համար չորանոցի ձեռքբերման առաջարկ կլինի, որ հանրագումարով կանի մի քանի հարյուր այդպիսի տնտեսություն: Դա վատ չէ, եթե ինքն իրեն առաջանալու հնարավորություն ունի: Վատ է, երբ պետությունն այդ գործին ընթացք տալու համար ընտրում է նման ճանապարհ: Փոխարենը ողջ մարզի համար կարելի էր կառուցել Վահան Համազասպյանի նախագծած տիպային արևային չորանոցը (մեկ կամ երկու հատ, յուրաքանչյուր չորանոցի համար ծախսելով մեկ միլիոն դոլար), ինչպես նաև էկոլոգիապես մաքուր քաղցրավենիքի արտադրությունը: Դրանք ճշգրիտ մշակված տեխնոլոգիաներ են, որոնք հնարավորություն կտան ստանալու բարձրագույն ստանդարտներով արտադրված ապրանք և ողջ մարզի համար լուծելու ոչ միայն առկա համապատասխան գյուղմթերքի իրացման խնդիրը, այլև ձևավորելու դրանց հազարավոր տոննաների լրացուցիչ կայուն պահանջարկ: Իսկ այդ տեխնոլոգիաներով մշակված քաղցրավենիքի, գյուղմթերքի պահանջարկը կա ողջ աշխարհում: Կառավարությանը կմնար սեփական միջոցներով ու երաշխիքներով տեղ ապահովել մեր արտադրողի համար այդ շուկաներում և բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ մղել նրա արտադրանքը: Կարծում եմ՝ իմաստ չունի համեմատության մեջ դնելու հնարավոր հավելյալ արժեքների ծավալները: Հազիվ թե կառավարությունում տեղյակ չլինեն դրանցից: Անգամ եթե տեղյակ էլ չեն, ապա, հաշվի առնելով գիտնականի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն ու բազմաթիվ գյուտերի ու նորարարությունների հեղինակ լինելու հանգամանքը, կառավարության համապատասխան կառույցների մարդիկ կարող էին ստուգողական հանդիպում կազմակերպել նրա հետ և, այսպես ասած, «թափ տալ նրա գրպանները»:


Ինչևէ: Եթե անգամ ենթադրենք, որ կառավարության հավաքած բիզնես ծրագրերի ծավալն ու բովանդակությունը բավարար են երկրի տնտեսությունը մեռյալ կետից շարժելու համար, ապա կառավարության կարևորագույն խնդիրը այդ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթումն է: Կառավարության ղեկավարը այդ նպատակով գնաց ՌԴ, հանդիպեց ռուսաստանաբնակ հայ խոշոր բիզնեսմենների հետ՝ փորձելով նրանց համար հետաքրքիր ներկայացնել Հայաստանի ներդրումային իրավիճակը: Բան չստացվեց: Բոլոր խոստումները տեղափոխվել են հետընտրական շրջան: Բնական է կարծել, որ եթե նրանք պատրաստ լինեին այս իշխանությունների օրոք ներդրումներ անելու, ապա ոչինչ չէր խանգարում սկսել հենց հիմա: Հասկանալի՞ է հապաղման իմաստը: Նույն նպատակով Սերժ Սարգսյանը Փարիզում ֆրանսահայ գործարարների հետ հանդիպմանը հրավիրում էր նրանց Հայաստանում ներդրումներ անելու: Նախագահը դժգոհում էր, որ անգամ ներդրումային միջավայրի գնահատման գործակիցներով նկատելի առաջընթաց ունենալու դեպքում, գործարարները ներդրումային ակտիվություն չեն դրսևորում: Պարզ է, որ ներկա իշխանությունների համար նրանք ոչ մի ներդրում չունեն անելու, և բնական է, որ իրավիճակը նույնը կմնա նաև նրանց վերարտադրության դեպքում: ՈՒթ երկար տարիներ այս իշխանությունների կողմից ոչինչ չի արվել երկրում որևէ էական խնդիր լուծելու ուղղությամբ, և առանց այդ փաստը մեկնաբանելու ի՞նչ հավակնություններով է նախագահը նորից դիմում նրանց նույն կոչով: Փոխվել է միայն վարչապետը, որ ներկայացվում է որպես առաջընթացի խորհրդանիշ և իշխանական թիմի շարժիչ ուժ: Ի՞նչ կարող է նա անել, երբ երկրում պահպանվում են մենաշնորհներն ու տանիքները, երբ բոլոր հիմնական լծակները, որոնցով այժմ վերահսկվում է երկրի տնտեսական միջավայրը, գտնվում են նախագահի վերահսկողության տակ, և նա դրանցից չի էլ հրաժարվում: Ընդամենը կոսմետիկ փոփոխություններ, որոնց դժվար ընթացքը կկանգնի ընտրություններից շատ չանցած (ՀՀԿ-ի հաղթելու դեպքում), և ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր:


Հնարավոր առաջընթացի փորձաքարը մենաշնորհների և տանիքների վերացումն է: Իսկ դա հնարավո՞ր է առանց իշխանափոխության: Լրատվամիջոցների կամ քաղաքացիների կողմից այս հարցը ուղիղ չի տրվել վարչապետին: Հասարակության համար կարևորագույն նշանակություն ունեն հանրային ծառայությունների սակագների իրական չափերը, ապրանքների, ծառայությունների գների կառուցվածքը, գնագոյացման թափանցիկ մեխանիզմի ստեղծումն ու ներդրումը, դրա կատարման կոշտ վերահսկողությունը: Երբ Արաբկիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը գազի սակագինը նվազեցնելու հնարավորությունը անվանեց դեռևս անհայտ նոու հաու, հասկանալի էր, որ կառավարության ղեկավարը դրա ձևավորման գործառույթին ներսից մասնակցելու լիազորություն չունի, և պատասխանը կոչված էր քողարկելու իրավիճակը: Այդ ոլորտները վերահսկող կառույցներն այժմ հանդես են գալիս որպես հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների, ինչպես նաև տնտեսության մեջ մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունների շահերն սպասարկող հաստատություններ: Մինչդեռ այդ հանձնաժողովների գործունեությունը ոչ թե պետք է սահմանափակվի սակագների, գների ներկայացված հաշվարկների ճշմարտացիության ստուգումով, այլ ծառայություններն իրե՛նք պիտի մշակեն, հաստատեն ամեն ոլորտի՝ հասարակության կյանքի վրա ունեցող անդրադարձի բովանդակությունն ու դրան հասնելու ռազմավարությունը: Այսինքն, դրանք պետք է լինեն քաղաքականություն իրականացնող մարմիններ, ոչ թե թոշակառուների գրասենյակ, որ սպասում է իշխանությունների հանձնարարականին: Մյուս կարևորագույն գործիքը, որ կա կառավարության տրամադրության տակ իր դրամավարկային քաղաքականությունը իրականացնելու համար, Կենտրոնական բանկն է: Այսօրվա խեղված տնտեսության մեջ, անմխիթար հասարակական մթնոլորտում պահել բանկային այնպիսի մի մեծ կառույց, որը նստած է պետության և ժողովրդի վզին, պետք չէ: Այդ ենթատեքստում անհրաժեշտ է վերաֆորմատավորել ԿԲ-ի աշխատանքի բովանդակությունն այնպես, որ այն համապատասխանի կառավարության գործունեության հայեցակարգի տրամաբանությանը: Այդ հայեցակարգի շրջագծում ԿԲ-ին պետք է վերապահել միայն կառավարության ֆինանսական գործակալի դերը, ոչ թե ֆինանսական խորհրդատուի: ԿԲ-ից պետք է վերցնել շուկայի գների կայունացման գործառույթը, որտեղ նրա կատարած աշխատանքը լրիվ ձևական բնույթ է կրում, և վերջին ատյանի վարկատուի գործառույթը, որը ԿԲ-ն օգտագործում է միայն կլանային շահերը սպասարկելու և հասարակ ժողովրդի հարստահարման համար: Արժե մի քանի խոսքով անդրադառնալ այն սկզբունքներին, որոնց պետք է հետամուտ լինի կառավարությունը երկրում առկա բանկային համակարգի գործունեության վերահսկելիությունն ապահովելու համար: Բանկերի՝ գործարարներին, գյուղոլորտի աշխատողներին արտադրական վարկեր, քաղաքացիներին հիպոթեքային վարկեր տրամադրելու գործընթացը պետք է վերահսկել թե՛ սահմանվող տոկոսադրույքների առումով, թե՛ վերադարձման պայմանների: Տոկոսադրույքների սահմանման վերին-ներքին եզրերը պիտի որոշվեն հետադարձ հաշվարկով՝ ելնելով կառավարության ստեղծած տնտեսական միջավայրի հնարավորություններից: Դրանք չպիտի գերազանցեն գործարարի հնարավոր շահույթը, որպեսզի տոկոսադրույքների մարման խնդիրը գործարարի գործունեության փակման պատճառ չդառնա: Իսկ այդ վարկերի ու դրանց տոկոսադրույքների մարման սկիզբը պետք է համարել արտադրության մեկնարկը: Այսինքն, այդ փողերը պետք է լինեն հնարավորինս երկար և էժան: Որոշ բանկեր, որոնք սովորել են կարճաժամկետ բարձր տոկոսադրույքներով վարկեր տալով փափուկ կյանքով ապրելուն, կարող են և սնանկանալ: Հոգ չէ: Նրանք երբևէ չեն մտածել իրենց տոկոսադրույքները մարել չկարողանալու պատճառով սնանկացած գործարարների մասին:

Հաջորդ կարևորագույն խնդիրը հարկային-մաքսային քաղաքականությունն է: Այն պետք է լինի շահագրգռող, մղող դեպի գործարարություն: Աշխատանք ստեղծած, գործ դրած մարդը պիտի կարողանա աշխատել, չմտածի այն փակելու մասին: Ընդհանրապես ճիշտ կլինի, եթե կառավարությունն ինքը, ելնելով իր ռազմավարական նպատակներից, քաղաքացուն առաջարկի (իհարկե՝ առանց պարտադրանքի) բիզնեսի այն ոլորտները, որոնք կարող են նրան առավել շահույթ բերել, միաժամանակ նաև նպաստելով կառավարության նպատակների իրականացմանը:


Սրանք այն կարևորագույն գործիքներն են, որոնց միջոցով կառավարությունը պիտի բարձրացնի երկրի տնտեսությունը՝ ապահովի առաջընթաց: Բայց կառավարության ղեկավարը ոչ մի անգամ նույնիսկ չի ակնարկել սրանց բարեփոխման անհրաժեշտության, փոփոխությունների իր հայեցակարգի և դրանում այս կառույցների դերի մասին: Հետևությունները թողնում եմ ձեզ:


Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2464

Մեկնաբանություններ