Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կա մեկ հասկացություն` հայ, և վե՛րջ

Կա մեկ հասկացություն`  հայ, և վե՛րջ
28.03.2017 | 11:52

Խոսքս ուզում եմ սկսել Տերյանի «Կարուսել» բանաստեղծության տողերով. «Ես սիրում եմ, դու ինձ չես սիրում/ Եվ հին են քո խոսքերը բոլոր...»: Ինչո՞ւ: Այս տողերը պարունակում են զգացմունք, սեր, փիլիսոփայություն և էլի շատ ու շատ դրական լիցքեր: Պարզվում է՝ քաղաքականության մեջ էլ կարելի է կրկնել նույն միտքը, բայց մեկ տարբերությամբ՝ բանաստեղծության մեջ ասվածը գերում է, հմայում, իսկ քաղաքականության մեջ այն վերածվում է տավտոլոգիայի, որովհետև չկա այն ռեալ վիճակը, որը կկարողանա իրականություն դարձնել ասվածը: Վկա արևելյան ասացվածքը՝ որքան կուզես կրկնի հալվա, միևնույն է, դրանից բերանդ չի քաղցրանա: Այնպես որ, որքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանը և յուրայինները ժողովրդին խաբելու համար կրկնեն «խաղաղություն» բառը, միևնույն է, ոչինչ չի ստացվի, որովհետև խաղաղությունը կամ պարտադրվում է ուժով, կամ էլ հակամարտ կողմերի բարի կամքով և բանական լուծմամբ:


ՈՒժով պարտադրվող խաղաղությունը մենք բաց ենք թողել 1994 թվականին: Որպեսզի ոչ մեկին չթվա, թե ես հետին թվով ցանկանում եմ խելացի երևալ, խոսքը տամ Նորատ Տեր-Գրիգորյանցին. ռազմական գործիչ, գեներալ, որի անունն անառարկելի հեղինակություն է ոչ միայն մեզ` հայերիս համար, այլև ռազմական խելքը, տաղանդը միշտ գնահատող, փառաբանող ռուսների: Արտյոմ Երկանյանի «Աշխարհի հայերը» հաղորդման ժամանակ գեներալն ասում էր, որ 1994 թվականին մենք հաղթել էինք և բանակցությունների պետք է գնայինք ոչ թե հրադադարի կնքման համար, այլ կապիտուլյացիայի: Բանակցությունների գնացին ոչ թե նրանք, ովքեր կռել-շահել էին այդ հաղթանակը, այլ գործից անտեղյակ անձինք: Եվ այսօր, երբ լսում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա «հանճարեղ» մտքերը, ևս մեկ անգամ համոզվում եմ, որ նա եղել և մնում է օտար ուժերի գործակալ:

«Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածում և նրանից հետո բազմիցս ասված մտքերը, և այս նախընտրական պայքարում նետված նրա կարգախոսը և հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ծավալուն անդրադարձը Արցախի հակամարտության կարգավորմանը ևս մեկ անգամ համոզում են, թե ով է եղել նա էն գլխից:


«Հակամարտության կարգավորման խնդիրը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև չէ, այլ Հայաստանի և աշխարհակարգի միջև»: Այստեղ կուզենայի հարցնել՝ այդ ե՞րբ զգացիր այդ ահավոր հարցի առկայությունը: Էն գլխի՞ց, երբ ժողովրդի ազգային արդար զգացմունքների վրա խաղալով հանեցիր ոտքի, հակառակ քո ստոր մտքերի՝ մեզ բանակ պետք չէ, մենք կարո՞ղ ենք արդյոք կռվել յոթմիլիոնանոց Ադրբեջանի դեմ, զարզանդեցիր, երբ սկսված պատերազմում զգացիր ժողովրդի անկոտրում կամքը: Հավանաբար ո՛չ դու և ո՛չ էլ քո տերերը հաշվի չէիք առել (կամ էլ հաշվի էիք առել, որ ծանր երկրաշարժ, ահռելի մարդկային, նյութական կորուստների պայմաններում հազիվ թե հայը կարողանա ոտքի կանգնել), որ ջինին հեշտ է շշից հանել, բայց նրան նորից շշի մեջ մտցնելը դժվար է:


Մենք ջին չէինք և յոթանասուն տարիների ընթացքում յուրովի հայրենասեր էինք դաստիարակված, հայրենական պատերազմի փառաբանված բազմաթիվ գեներալների և հերոսների հետնորդներն էինք և համարյա մերկ ձեռքերով դուրս եկանք կռվի և տարանք փառավոր հաղթանակ: Քեզ նման քաղաքական գործիչը էն գլխից փիլիսոփայել և փիլիսոփայում է: Իսկ հայ զինվորն այսօր էլ կյանքի գնով (ընդամենը մեկ տարի առաջ չորսօրյա պատերազմում) ապացուցեց, որ ոչ ոք, ոչ մի ճիվաղ չի կարող հայ ոգին նորեն շշի մեջ մտցնել: Էն ահավոր ծանր տարիներին փորձում էիր հակադրել հային ու ղարաբաղցուն: Եվ կարծես մեկ-մեկ հաջողվում էր, և դրան պակաս չէր նպաստում երբեմն քեզ փառաբանող, բայց այսօր քեզ հետ չքայլող լրագրողը, որը գրում էր, թե ինչու հայ զինվորը պետք է ծառայի Ղարաբաղում, բայց չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ չկա հայ և ղարաբաղցի, կա մեկ հասկացություն` հայ... և վե՛րջ: Եվ Ղարաբաղը Հայաստան է: Կռվելու և հաղթելու պատրաստ ժողովուրդը ցույց տվեց աշխարհի տերերին, որ չկա (բացի ներքին պառակտող ուժից) որևէ ուժ, որ կոտրի այդ ոգին:
Խաղաղությունը կնքվում է նաև կողմերի բարի կամքի առկայության պայմաններում: Ասա, Լևոն, թուրքը, ադրբեջանցին ունե՞ն այդ բարի կամքը, թե՞ ոչ: Ինչպե՜ս էիր սիրաշահում Դեմիրելին և ի՞նչ ստացար... Ոչինչ: ՈՒ ոչինչ չստանալով հուսահատ բարձրաձայնեցիր՝ մենք Թուրքիային այլևս ասելիք չունենք:
Աշխարհակալ ուժերն անգամ չեն կարողանում հայոց հարցում մեկ գրամ ազդել Թուրքիայի վրա:
Հիմա հետ դառնանք մեր մեկ այլ հարևան ադրբեջանցուն: Ասա, պատմաբան Լևոն, Երևանը ո՞ւմն է եղել պատմականորեն: Հիմարություն եմ, չէ՞, ասում, Լևոն: Բայց Ադրբեջանում հակահայկականությունը հասել է պետական մակարդակի, այն աստիճանի, որ մենք որպես էթնիկ ժողովուրդ այս հողի վրա չենք էլ եղել:
Ո՞Ւմ հետ բանակցես, Լևոն, ո՞ւմ հետ խաղաղություն կնքես, մի բռնակալի՞, որը միլիոններ է ծախսում հանցագործ մարդասպանին տուն բերելու համար և նրան հերոսի կոչո՞ւմ է շնորհում: Ո՞Ւմ հետ բանակցես, Լևոն, երբ այդ բռնակալը ոչնչացնում է պատմական այն ամենը, ինչ հայկական է մեզնից բռնությամբ խլված հողերի վրա (հիշիր Ջուղայի գերեզմանոցի ավերումը): Ի՞նչ բանակցես մի բռնակալի հետ, որի երկրի բնակիչը կտրում է մեռած զինվորի գլուխը և տշում է փողոցներում ֆուտբոլի գնդակի նման: Ո՞Ւմ հետ, ո՞ւմ հետ բանակցել, Լևոն, երբ գերի ընկած զինվորին ենթարկում են կտտանքների: Ադրբեջանցու հետ միայն ոչ բանական մարդը կարող է բանակցել: Գնա և բանակցիր որքան ուզում ես: Ժողովրդին թող հանգիստ:


Վերջապես մեր ազատագրած հողերի վերադարձի դիմաց ի՞նչ է տալիս թուրք ադրբեջանցին մեզ: Ղարաբաղի անորոշ կարգավիճակ: Եվ դու կարծում ես, թե այսօր կա այն ուժը, որ պիտի սատարի՞ քեզ: Լևոն, առնվազն 100 տարի խաղաղություն չի կարող լինել մեզ գենետիկորեն ատող թուրքի հետ: ՈՒզում ես ամեն ինչ տանք, միևնույն է՝ ճամփաները չեն բացվելու: Անգամ Խորհրդային Միության ժամանակներում, երբ պետք էր, ադրբեջանցին փակում էր երկաթգիծը: Իսկ այն թեզը, թե մինչև չկնքվի խաղաղություն, մեր երկիրը չի զարգանա, կատարյալ ցնդաբանություն է: Ծնված օրից Իսրայելը պատերազմում է: Գուցե ասես՝ Իսրայելը ծով ունի: Որպեսզի չծավալվեմ, ասեմ՝ պղնձի, մոլիբդենի խտանյութը ինչպես է արտահանվում: Նավթ, պարենամթերքը ինչպես են ներմուծվում:


Լևոն, պատերազմը ստիպեց մեզ շեն ու բոլ երկիրը ամայացնել, արտագաղթը խրախուսել: Չէ, Լևոն, պատերազմը մեզ շատ լավ բան տվեց, բայց, ցավոք, ընչաքաղցությունը, կուտակելու մոլուցքը, ագահությունը մեզ գցեցին փոսը: Եվ այդ գցողի դասական օրինակը դու ես: Ասել և կրկնում եմ՝ մեր երկրի բոլոր դժբախտությունները սկսվել են քո կառավարման առաջին իսկ օրից և...


Հայաստանը և Ղարաբաղը ներկա տարածքներով և շրջափակման պայմաններում կարող են զարգանալ, եթե մեր ներքին դավաճաններին ժողովուրդը դեն նետի: Ժողովրդին թալանողն էլ ինձ համար նույն դավաճանն է:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Լևոն, ես ընդհանրապես ոչ մեկին խորհուրդ չեմ տվել և չեմ տալիս, առավել ևս մեծամիտներին և դավաճաններին:
Այսօր ժողովուրդը, եթե ոչ շատ հարցերում, փա՜ռք Աստծո, գոնե պատերազմի և խաղաղության հարցերում լավ է հասկանում, թե ով ով է: Պատերազմի սարսափով դու չես վախեցնի ժողովրդին, առավել ևս չես շահի նրա համակրանքը:

Դիտվել է՝ 3390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ