Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աստծո խոսքը ստորադասում են մարգարեություններին

Աստծո խոսքը ստորադասում են մարգարեություններին
28.03.2017 | 11:54

Ադվենտիզմը կամ միլլերականությունը սկիզբ է առել 19-րդ դարում։ Հիմնադիրն է ոմն ՈՒիլյամ Միլլեր:
Շարժման հաջողությունը մեծապես կախված էր մարդկային էության պարզ մի հատկությունից` հետաքրքրասիրությունից: Հիսուսի համբարձումից ի վեր մարդկության գերագույն խնդիրը Նրա երկրորդ գալստյան հետ կապված հարցն էր:
«Ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս» հարցերին պատասխանելու կարևորագույն առաքելությունը ստանձնեց Միլլերի հիմնած շարժումը: Քրիստոսի երկրորդ գալստյան համար մի երկու հարմար ժամկետ հուշելու ձախողված փորձերից հետո, հատկապես 1844 թ. հոկտեմբերի 21-ին Հիսուսի երկրորդ գալստյանը սպասողների «մեծ հուսախաբությունից» հետո միլլերականները փոխեցին իրենց մոտեցումը սույն հարցի վերաբերյալ և սկսեցին պնդել, թե Հիսուսն այդ օրը ոչ թե պետք է երկիր իջներ, այլ նախապատրաստական աշխատանքներ էր տանում երկնային սրբարանում: Միլլերից հետո երկրորդ ակնառու դեմքը շարժման պատմության մեջ Ելենա ՈՒայթ «մեծ մարգարեուհին» է, որի քարոզչությունների և հայտնությունների լույսի ներքո ձևավորվեց ադվենտիստական եկեղեցին: Չնայած ադվենտիստները դրանք չեն ընդգրկում կանոնի մեջ, բայց Սուրբ գիրքը ուսումնասիրելով դրանց լույսի ներքո` փաստորեն Աստծո խոսքը ստորադասում են այդ մարգարեություններին:


Ադվենտիստական եկեղեցու դավանանքը հիմնականում նման է բողոքական եկեղեցու վարդապետությանը, տարբերությունները ակնհայտ են վախճանաբանական հարցերում, նրանք յուրահատուկ մոտեցում ունեն.
1. մարդու հոգու անմահության,
2. շաբաթի
3. Քրիստոսի երկրորդ գալստյան հարցերի շուրջ։
Նաև`
4. ծիսական մանր հարցերում անգամ ձգտում են ամեն բան հիմնավորել Հին կտակարանով:
1. Ադվենտիստները, հոգու անմահության մասին խոսելիս, տալիս են մահվան հետևյալ սահմանումը. «Մահը ոչնչացում չէ, այն քնած, անգիտակից վիճակ է, երբ անձը սպասում է հարության»: Նրանց հակադրվելու համար բավական է հիշել նորկտակարանյան միայն երկու դրվագ: Հիշենք հենց Հիսուսի պայծառակերպության տեսարանը, երբ Հիսուս խոսում էր Մովսեսի և Եղիայի հետ: Հայտնի է, որ Մովսեսը մահացել էր, և այդ ինչպիսի անգիտակից վիճակում էր նա գտնվում, որ խոսում էր Հիսուսի հետ: Իսկ Պողոս առաքյալը Փիլիպեցիներին ուղղված իր թղթում ասում է հետևյալը. «Քանի որ ինձ համար կյանքը Քրիստոս է, իսկ մեռնելը` շահ: Ապա չգիտեմ, թե որն ընտրեմ: Ճնշված եմ երկուսից էլ. մեկնել և Քրիստոսի հետ լինելը ավելի լավ եմ համարում, իսկ մնալ այս մարմնի մեջ` առավել կարևոր է ձեզ համար»: Ադվենտիստներն այս հատվածը փորձում են մեկնել իհարկե իրենց որդեգրած գաղափարների տեսանկյունից, բայց նրանց ջանքերը բնագրային լուրջ քննությամբ չեն հիմնավորվում:
2. Ադվենտիստներն ինչ-որ ծայրահեղ վերաբերմունք ունեն շաբաթ օրվա նկատմամբ, այն աստիճանի, որ շաբաթ օրը չպահողներին նրանք նույնացնում են հայտնության գազանի կնիքը ընդունողների հետ: Նրանց պնդմամբ, ըստ ավետարանների, շաբաթը Տիրոջ օրն է, սակայն, ըստ էության բոլոր օրերն են Տիրոջը, իսկ կիրակի օրը քրիստոնյաները կարևորում են, քանի որ.


ա) Հիսուս կիրակի օրը հարություն առավ,
բ) Լույսը առաջին օրը ստեղծվեց,
գ) Առաջին օրը ծնվեց եկեղեցին` վերնատանը, հոգեգալստյան օրը,
դ) Ըստ «Գործք առաքելոցի» 20. 6-7 համարների, Տրովադայում քրիստոնյաները հաղորդության սեղան էին բացել շաբաթվա առաջին օրը, այսինքն` կիրակի օրը:
ե) Ա Կորնթ.16.1-2 համարներում քրիստոնյաները շաբաթվա առաջին օրն էին հավաքվում հանգանակություն անելու` աղքատներին օգնելու համար:
3. Քրիստոսի երկրորդ գալստյան կամ վախճանաբանական հայացքները ադվենտիստների մոտ նույնպես յուրատիպ են:


1844 թ. Հիսուսը տեղափոխվեց երկնային սրբարան, և դրանով սկսվեց նրա ծառայության վերջին փուլը, որին հաջորդելու է Նրա երկրորդ գալուստը: Այդտեղ Հիսուս սկսել է քննական դատաստանը, և երկնային սրբարանն էլ երկրայինի նման մաքրվելու է Հիսուսի արյունով: Այդ քննության ընթացքում որոշվելու է, թե մեռածներից ովքեր են հարություն առնելու հարության օրը, այսինքն` ովքեր են այն հավատարիմները, որ անցնելու են երկինք և Հիսուսի հետ թագավորելու են ամբողջ հազարամյակի ընթացքում: Այդ հավատարիմներն ընտրվելու են ոչ միայն մեռելներից, այլև այդ պահին ապրողներից: Նրանք, ովքեր պահել են Աստծո պատվիրանները և պատրաստվել են դիմավորելու Հիսուսին, վերաբնակվելու են Աստծո հավիտենական թագավորության մեջ` առանց մահ ճաշակելու: Չմանրանալով նշենք նաև մի կարևոր հանգամանք. ադվենտիստների համար գրեթե նույնական ու համարժեք են Հռոմի պապն ու սատանան, քանի որ, նրանց համոզմամբ, առաջինը, որին համեմատում են հայտնության գազանի հետ, երկրորդի հլու կամակատարն է:
4. Ինչպես շաբաթ օրը սուրբ պահելու, այնպես էլ շատ այլ հարցերում ադվենտիստներին բնորոշ է ձգտումը հինկտակարանյան սկզբունքներին: Պողոս առաքյալը բացատրում է, որ օրենքը, որ աստվածատուր է և սուրբ ու բարի, ընդամենը ստվեր է, իսկ բուն մարմինը Քրիստոսն է, և չի կարելի առաջնորդվել ստվերով, երբ արդեն ներկա է բուն մարմինը:

Երեցկին Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ