Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվրամիության մռայլ, առնվազն չհուսադրող հեռանկարը խնդրի դեռ սոսկ մի կողմն է

Եվրամիության մռայլ, առնվազն չհուսադրող հեռանկարը խնդրի դեռ սոսկ մի կողմն է
28.03.2017 | 11:57

Օրերս առիթ ունեցա լսելու և դիտելու «Յութուբում» զետեղված մի տեսանյութ, որը ներկայացնում էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի ելույթը, որով նա հանդես է եկել բոլորովին վերջերս, նախընտրական այս շրջանում: Դրա ընթացքում պարոն Քոքոբելյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ իրենք ազատ են և դեմոկրատ…
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած այս քաղաքական ուժը, որի հետ կամ որի միջոցով ընտրություններին մասնակցում են նաև «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Ստյոպա Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը, իր ծրագրով նախատեսել և բացեիբաց հայտարարում է, որ մտադիր են ու կարող են փոխել Հայաստանի զարգացման ուղղությունը դեպի Եվրամիություն:


«Այո, մենք կարող ենք, մենք կարող ենք Հայաստանի զարգացման ուղղությունը փոխել,- իր հիշյալ ելույթում ասաց Խ. Քոքոբելյանը:- Չկան փրկիչներ, մենք էլ փրկիչներ չենք, բայց մենք կարող ենք, փոխելով Հայաստանի զարգացման ուղղությունը դեպի եվրոպական մեծ ընտանիք, Հայաստանում ապահովել այն ամենը, ինչ երազում է մեզնից յուրաքանչյուրը և ցանկացած հայ»:
Փրկիչներ չկան, իսկ կործանիչներ կա՞ն… Պատկերացնում եք, չէ՞, ինչ լավ, բարձր ու գեղեցիկ, նույնիսկ կարելի է ասել վեհաշուք է հնչում` «դեպի եվրոպական մեծ ընտանիք»… Մարդ քիչ է մնում նույնիսկ, հայի համար սրբազան այդ «ընտանիք» բառը լսելով, ընտանիքի ջերմություն զգա և այդ ջերմությունից նվաղի…
Բայց մեկ էլ հանկարծ հիշում ենք` եվրոպական այդ «մեծ ընտանիքը», որպեսզի թույլ տա իր գրկում հայտնվես, մի շարք պայմաններ ու պահանջներ է առաջադրում` քաղաքականից ու տնտեսականից սկսած, մինչև արժեհամակարգային կողմնորոշումներին վերաբերողներ: Ինչպես, օրինակ, այլասերվածների ամուսնությունների օրինականացում, այսինքն` գրանցում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում, մարդու իրավունքների և ազատությունների (այդ թվում նաև` սեփական մարմնի հետ ըստ ցանկության վարվելու) բացարձակացում կամ գրեթե բացարձակացում և այլն, որոնք, մեղմ ասած, անհարիր են մեր ազգային ու քրիստոնեական արժեհամակարգին:


Հայաստանի զարգացման ուղղությունը դեպի եվրոպական մեծ ընտանիք փոխելու պարագայում, ինչը նպատակադրվել է իրականացնել «Ազատ դեմոկրատները», Հայաստանում ապահովվելու են նաև միասեռականների, այլասերվածների այն լայն իրավունքներն ու ազատությունները, որոնք նրանք այսօր չունեն: Մեր կյանք է մտնելու նաև յուվենալ արդարադատությունը, որը հանգեցնելու է ամուսնալուծությունների կտրուկ ու հսկայական աճի, նաև թույլ է տալու երեխաներին ընտանիքներից խլել, ինչպես նաև միասեռական զույգերի կողմից այդ երեխաների որդեգրում: Սա հաստատ այն ամենի մեջ չի մտնում, ինչը, Քոքոբելյանի խոսքերով, երազում են մեզնից յուրաքանչյուրը և ցանկացած հայ:
Կարծում ենք, պարոն Քոքոբելյանին, նրա կուսակիցներին ու համախոհ քաղաքական գործիչներին, որոնցից միայն երեքի անունը վերևում նշեցինք, շատ լավ էլ հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների առնվազն 99,9 տոկոսը դեմ է լինելու դեպի «եվրոպական մեծ ընտանիք» գնալուն, եթե իմանա, որ նրա գրկում հայտնվելու գինը լինելու է այն, ինչի մասին վերը նշեցինք: Բայց դե հո միամի՞տ չեն, որ բարձրաձայնեն այդ մասին, ընտրողներին վանեն իրենցից, հիմա ժամանակը չէ, երբ ժամանակը գա, այսինքն` երբ, իրենց հաշվով, իրենք արդեն ընտրված լինեն, կասեն…


Եվ այդ ժամանակ արդեն բնավ կարևոր չէ, որ ընտրողները դեմ կլինեն, չեն ցանկանա, որ «Ազատ դեմոկրատները» և արևմտամետ մյուս քաղաքական ուժերը Հայաստանը տանեն դեպի «եվրոպական մեծ ընտանիք»: Նրանց ցանկությունն ու կամքն այդ ժամանակ արդեն ո՞վ է հաշվի առնելու: Այն, որ ընտրվելուց հետո արդեն պետության ու ժողովրդի համար այդ բախտորոշ ընտրությունը կատարելու հարցում ժողովրդի կամ քվեարկողների կարծիքը հաշվի չեն առնելու, երևակայության արդյունք չէ, այլ ունի հիմք, պարզ երևում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագրից:


Վերոնշյալ ծրագրում, քանի որ «Ազատ դեմոկրատները» միտք ունի Հայաստանը տանելու դեպի եվրոպական մեծ ընտանիք և ՆԱՏՕ, Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և ՀԱՊԿ-ը, ըստ էության, ներկայացված են իբրև Հայաստանի համար չարիքներ: Նախընտրական ծրագրի` «Մենք կարող ենք ապահովել ինքնիշխան, ժողովրդավար և արդիական Հայաստան» գլխի կամ բաժնի 7-րդ կետում պարզ գրված է. «Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին պետք է դադարեցվի, քանզի այն ոչ միայն տնտեսական զարգացման ու անվտանգության ամրապնդման խոստացված արդյունքները չի բերել ու չի կարող բերել, այլև վատթարացրել է Հայաստանի ցուցանիշները բոլոր բնագավառներում՝ մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից մինչև տնտեսություն»:
Բոլոր բնագավառներում Հայաստանի ցուցանիշները վատթարացնելու վերաբերյալ գրվածը, իհարկե, կեղծիք է և իրականության մանիպուլյացիա, որին առաջիկայում համապատասխան փաստարկներով դեռ կանդրադառնանք: Բայց մինչ այդ այլ հարց է առաջանում՝ ի՞նչ է, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իշխանության գալու դեպքում ի՞նքն է որոշելու, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ չի լինելու, դառնալու է Եվրամիության անդամ:
Պարզվում է` այո, հիշյալ կուսակցությունը մեր պետության և այստեղ ապրողների համար այդ բախտորոշ ընտրությունը կատարելու համար իր ծրագրով ամենևին չի նախատեսել հանրաքվե ու դրա միջոցով ժողովրդի` ընտրական իրավունք ունեցող հատվածի կամարտահայտությունը հաշվի առնել: Բայց չէ՞ որ, ի տարբերություն ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժերի, իրենք իրենց ազատ և դեմոկրատ են հայտարարում, ո՜ւր մնացին նրանց հռչակած ազատն ու դեմոկրատը։
Բոլորովին այլ խնդիր է, որ Եվրամիությունը նույնիսկ իրեն անդամակցելու համար առաջադրած վերոնշյալ ստորացուցիչ պայմանների կամ պահանջների կատարումից հետո էլ Հայաստանն այժմ և տեսանելի ապագայում չի ընդունելու իր շարքերը, քանի որ մեր երկիրը չի բավարարում ու մոտ ապագայում այն տնտեսական և այլ պահանջներին ու պայմաններին, այն բազմաթիվ ցուցանիշներին, որոնց բավարարումն անհրաժեշտ է Եվրամիությանն անդամակցելու համար:


Օրինակ, Հայաստանն այժմ և տեսանելի ապագայում չի կարող Եվրամիության անդամ լինել նաև իր ունեցած գործազրկության մեծ ցուցանիշի պատճառով. Եվրամիությունը գործազուրկների մեծ բանակ ունեցող երկրներն իր կազմում չի ընդգրկում: Տնտեսագետները գործազրկությունը նորմալ կամ բնական մակարդակի վրա են համարում, եթե այն մեր կարգի երկրներում 7 տոկոսը չի գերազանցում, մինչդեռ մեզանում, ինչպես հայտնի է, պաշտոնական թիվը 18 տոկոսի սահմաններում է, ոչ պաշտոնական փորձագիտական գնահատականներով` դրա կրկնակին է:
Մի պահ, սակայն, համարենք, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը սխալվում է, իրենց ուժերը լավ չի գնահատել կամ ավելորդ համեստություն է անում: Այսինքն` «Ազատ դեմոկրատները» գրեթե փրկչի կարողություններ ունի և մոտ ապագայում բոլոր տնտեսական, սոցիալական ցուցանիշների առումով Հայաստանը կարող է այնպիսի վիճակի հասցնել, որ Եվրամիությունն ընդունելի համարի մեր երկրի մուտքն իր շարքեր: Այդ դեպքում, սակայն, եկեք մտածենք, թե նա ուր է ուզում տանել Հայաստանը, արդյոք Եվրամիությունն ա՞յն կառույցն է, որտեղ մեր պետությունն ու ժողովուրդը կարող են տնտեսական կայունություն, ապահովություն, անվտանգություն ու բարգավաճում գտնել։


Ի՞նչ է, պարոն Քոքոբելյանն ու նրա համախոհները մոռացե՞լ են, որ Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանն էլ Եվրամիության անդամ էին և են: Ի՞նչ վիճակում էր այդ երկրների տնտեսությունը ոչ վաղ անցյալում ու, թերևս, նաև հիմա։
Հայաստանյան արևմտամետ որոշ քաղաքական ուժեր վերջին ժամանակներում և այժմ էլ ԵԱՏՄ-ի առնչությամբ հաճախ Բելառուսի և Ղազախստանի անընդունելի վարքն են վկայակոչում ու շահարկում, բայց Եվրամիության այդ «մեծ ընտանիքի» կազմում չկա՞ն արդյոք ոչ թե սոսկ տարաձայնություններ, այլ լուրջ վեճեր, գժտություններ ու բաժանումներ: Ճիշտ է, այս վերջին բառն այժմ պետք է եզակի թվով օգտագործել` նկատի ունենալով Եվրամիությունից առայժմ միայն Մեծ Բրիտանիայի դուրս գալը, բայց առաջիկայում եվրոպական այդ կառույցից կարող են դուրս գալ նաև մի շարք այլ երկրներ, ինչը պարզապես հանգեցնելու է Եվրամիության փլուզման:
Վերջերս «Der Spiegel» գերմանական պարբերականը տեղեկացրել է, որ այս տարի կարող է սկսվել եվրագոտու փլուզումը:


Ընդգծենք, որ Եվրամիության փլուզումը կարող է սկսվել առավելապես քաղաքական պատճառներով: Ըստ պարբերականի, Մեծ Բրիտանիայի օրինակով այլ երկրներ նույնպես կարող են դուրս գալ եվրագոտուց։ Ընդ որում, այս մտավախություններն առավել ուժգնանում են Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Իտալիայում գալիք ընտրություններում պոպուլիստական (տվյալ պարագայում` զանգվածների աջակցությունը նվաճելուն ձգտող) ուժերի հաղթանակի հավանականության ֆոնին, որոնք կողմ են արտահայտվում ազգային արժույթներին վերադառնալուն և եվրոյից հրաժարվելուն։
Հիշյալ պարբերականի հրապարակման համաձայն, Եվրամիության փլուզումը գրեթե անխուսափելի կլինի, եթե Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակի Մարին լը Պենը: «Der Spiegel»-ը վկայակոչելով «Moody’s» վարկանիշային գործակալությանը, գրել է, որ ըստ նշված գործակալության, «եթե Ֆրանսիան դուրս գա Եվրամիությունից, ցնցումն անխուսափելի կլինի. եվրագոտին դժվար թե կարողանա հաղթահարել Frexit-ը»:


Ֆրանսիայի գլխավոր մրցակիցները նույնպես դենոմինացիայից խուսափելու համար ստիպված կլինեն դուրս գալ եվրագոտուց։ Ըստ «Der Spiegel»-ի, եվրագոտուց Իտալիայի հնարավոր հեռացումն է՛լ ավելի սարսափելի հետևանքներ կունենա։ Ընդ որում, իտալացիների մոտ կեսը հնարավոր է համարում Եվրամիությունից Իտալիայի դուրս գալու տարբերակը։
«Ազատ դեմոկրատների» քաղաքական թիմում հանդես եկողները` նշված կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը, Ստյոպա Սաֆարյանը, և այլք, ընտրողների հետ իրենց հանդիպումներում ու հրապարակային մյուս ելույթներում, որոնցում Եվրամիությունը, «եվրոպական մեծ ընտանիքը» գրեթե Էլդորադո են ներկայացնում, վերը նշվածի մասին, իհարկե, չեն խոսում: Չենք կարծում, թե դա անտեղյակությունից է, պարզապես իրենց և Արևմուտքի այն ուժերին, որոնց շահերն ու հետաքրքրություններն են այստեղ ներկայացնում, ձեռնտու չէ: Իսկ դա, պարոնայք և տիկնայք, մեղմ ասած, ազնիվ չէ։
Եվրամիության մռայլ, առնվազն չհուսադրող հեռանկարը խնդրի դեռ սոսկ մի կողմն է, եկեք պարզապես մի փոքր մտածենք ու տրամաբանենք. որպեսզի Հայաստանը «եվրոպական մեծ ընտանիք» մտնելով տնտեսական լուրջ աճ ունենա, անհրաժեշտ է, որ Եվրամիությունը կամ նշված միության առավել հարուստ երկրները Հայաստանում ներդրումներ կատարեն և Հայաստանից հատկապես պատրաստի արտադրանքի արտահանման աճ լինի:
Ընդ որում, շատ կարևոր է, թե այդ ներդրումները որ ոլորտներում, ինչ նպատակներով և ինչ պայմաններով են կատարվում: Ավելին. սոսկ ներդրումները, եթե դրանք ընդամենը վարկեր, դրամաշնորհներ ու դրանց սովորաբար ուղեկցող խորհրդատվություններ են, ամենևին բավարար չեն: Հայաստանը դրանցով այստեղ, իր ունեցած տեխնոլոգիաներով, գրեթե չի կարող կազմակերպել այնպիսի ապրանքների արտադրություն, որոնց մուտքը կթույլատրվի Եվրամիության երկրներ, ավելին` որոնք մրցունակ կլինեն Եվրամիության և աշխարհի այլ երկրներում: Հետևաբար անհրաժեշտ է, որ ֆինանսական ներդրումներից բացի, «եվրոպական մեծ ընտանիքը» կամ նրա անդամ տնտեսապես ու տեխնոլոգիապես հզոր երկրները մեզ նվիրեն կամ, հաշվի առնելով Եվրամիության կամ իրենց ֆինանսական հատկացումների պայմանները, դրանց համատեքստում մատչելի գներով վաճառեն նաև մրցունակ արտադրանք (ավտոմեքենաներ, փոքր ինքնաթիռներ, տրակտորներ, մոտոցիկլետներ, հեռուստացույցներ, սառնարաններ, օդորակիչներ և այլն, և այլն) արտադրելու տեխնոլոգիաներ, անհրաժեշտ սարքավորումներ ու հարահոսներ:


Է՞, կվաճառեն… Իրենց ինչի՞ն է պետք։ Վաճառեն, որ մեր արտադրանքները գնան նաև Եվրամիության երկրներ (որոնց մի մասն ինքն էլ տնտեսական լուրջ խնդիրներ ունի), նվազեցնե՞ն իրենց ապրանքների վաճառքի ծավալը, ավելացնե՞ն գործազուրկների առանց այն էլ մեծ բանակի թիվը։ Հո աննորմալ չե՞ն։ Եվրոպական չինովնիկներն այդքան մեր մասի՞ն են մտածում, գիշեր ու ցերեկ հայ ժողովրդի դարդուցավո՞վ են ապրում, գուցե ամեն գիշեր երազներում մե՞զ են տեսնում…
Վերը նշվածի առումով «Ազատ դեմոկրատներից» գրեթե չի տարբերվում նաև «Ելք» դաշինքը: Նրա ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնի բ) կետում սևով սպիտակի վրա գրված է. «Կսկսվեն բանակցություններ՝ ԵՄ-ի հետ Ասոցացման և խոր ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ»։ Իսկ գ) կետում գրված է. «Ելք» դաշինքը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին…»: Ծրագրի վերջում էլ գրված է, որ դաշինքն իր համար ծրագրային է համարում նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հռչակված դրույթները՝ «դրանցից բխող արժեքները և նպատակները»:
Ավելին. դաշինքի ծրագրի ե) կետում գրված է. «Աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման այլընտրանքներ գտնելու ուղղությամբ», ինչը, կարծում եմ, դժվար չէ հասկանալ, նշանակում է Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմից հանելու և ՆԱՏՕ մտցնելու նպատակադրում: Այլ խնդիր է, որ ՀԱՊԿ-ի կազմից թեկուզ մեծ դժվարությամբ դուրս գալուց հետո (արդեն իսկ բազմաթիվ պայմանագրեր են կնքված…), Հայաստանը ՆԱՏՕ-ի կողմից չի ընդգրկվի վերջինիս շարքերում` նշված կազմակերպության մի շարք պայմանների, պահանջների, չափանիշների չբավարարելու, այդ թվում նաև` Ադրբեջանի հետ դեռ չլուծված հակամարտության մեջ ընդգրկված լինելու պատճառով: Իսկ սա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է թշնամիներով շրջապատված տարածաշրջանում անվտանգության եղած համակարգը կորցնելով` նորը ձեռք չբերել, մեն-մենակ մնալ գայլերի ոհմակի դեմ:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2820

Մեկնաբանություններ