«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հինգերորդ տուրի հերոսներն էլ մենք ենք՝ հայերս

Հինգերորդ տուրի հերոսներն էլ մենք ենք՝ հայերս
28.03.2017 | 12:09

2018 թ. աշխարհի առաջնության եվրոպական թևի հինգերորդ տուրում Բելգիայի ընտրանու ունեցած հարաբերական անհաջողությունից հետո պարտություն չճաշակած ընտրանիները մնացին երկուսը՝ շվեյցարացիներինն ու գերմանացիներինը: Անակնկալ մատուցած մրցակցությունների մասով մեկն արդեն հիշատակեցինք, մյուսը Բուլղարիա-Հոլանդիա դիմակայությունը եղավ: Տուրի հանդիպումներին մեր այսանգամյա արձագանքը սեղմ վիճակագրության տեսքով կլինի, որովհետև խմբայիններում դեռ բավական ջրեր են հոսելու, սակայն Հայաստանի ընտրանու մրցելույթին, բնականաբար, չենք կարող անդրադառնալ անհոգի արձագանքողի սառցե հայացքով, որովհետև, որքան էլ անկողմնակալությունը պահպանենք, միևնույն է, մերը մնում է մերը, ու դույզն-ինչ տագնապ չունենք, որ վերնագրում ամփոփված մտքի մեջ ոմանք կարող են տեսնել տեղային հայրենասիրության դրսևորումներ:

ԿԵՑՑԵ՛Ք, ՏՂԱՆԵ՛Ր
ՈՒ քանի որ վերնագրում արտահայտված մտքի առնչությամբ, որպես սույն նյութի հեղինակ, դույզն-ինչ անհանգստություն չունենք տրվելիք հնարավոր որակումների ու դրանց նույնքան հնարավոր շահարկումների վերաբերյալ, անքթիթ շարունակեմ միտքս՝ ասելով՝ կեցցե՛ք, տղանե՛ր: Կեցցե՛ք, որ կարողանում եք տրամադրություն բարձրացնել, կեցցե՛ք, որ հավաքականության հատկանիշներ եք դրսևորում, կեցցե՛ք, որ խաղում եք անմնացորդ նվիրումով, ու բնավ էլ անհանգստություն չկա, որ խմբայինում մեր երազած տեղում չեք: Մի քիչ շուտ, մի քիչ ուշ դա էլ իրականություն կդառնա, ու մի անհանգստացեք՝ մենք սպասող մարդու տեսակ ենք: Մենք համբերատար կարող ենք սպասել ձեր ողնաշարվելուն, մեզ թևաթափ կարող է անել միայն հեռանկարի բացակայությունը, իսկ դուք ձեր այս վերջին երկու խաղով ապացուցում եք, որ շատ էլ լավ գիտեք ձեզնից պահանջվելիքը: Հարցը միայն այս վերջին վեց միավորները չեն, թեպետ փաստն ինքնին հաճելի է: Հարցը պատասխանատվության այն մեծ զգացումն է, որով դուք դուրս եք գալիս դաշտ: Ֆուտբոլ է, ամեն ինչ էլ կարող է լինել: Հաղթանակն էլ, պարտությունն էլ մարդուս համար են: Վերջինս թեպետ ցանկալի չէ, սակայն բոլոր դեպքերում, երբեմն կարելի է և զիջել, սակայն պայմանով՝ չասեն, թե գեղ վառեցինք, շորահոտ էլ չեկավ:


Ղազախների հետ հաղթական 2:0-ն հարկավ սիրտ շոյող հաշիվ է: Դե հիմա թող գնան ու մտածեն, թե մասնավորապես իրենց գլխից մեծ ինչեր էին բռնում, երբ ասում էին, թե Մխիթարյանի՞ կարգի ֆուտբոլիստների հետ են իրենք հանդիպել: Նախ՝ Մխիթարյանի տրամաչափի գոնե կեսի մակարդակի ֆուտբոլիստ պիտի լինել նման հայտարարություն անելու համար և, երկրորդ, Մխիթարյանին գտած ֆուտբոլիստ են համարում Անգլիայի նման առաջնությունում, ու այս պարզ ճշմարտության գոնե մակերեսի վրա գտնվող ճշմարտությանը պիտի նույնքան գոնե հասու լինել հետագայում ականջներով ծափ չտալու համար:
Ինչևէ: Հենրիխ Մխիթարյան+Արաս Օզբիլիս ¥գոլերի հեղինակներն են¤+թիմային ոգի+պատվարժանության մեծ զգացում ունեցող Արթուր Պետրոսյան իր գլխավորած մարզչական ուղեղ ունեցող կազմով՝ ահա հաջողության այն գումարելիները, որոնք ապահովեցին մարզասերներիս տոնական բարձր տրամադրությունը, ու դրա համար, կրկին ու կրկին, կեցցե՛ք, տղաներ:


Մեր տղաների խաղի այս ամփոփումն ուզում եմ եզրափակել մի մեջբերումով, որ արվել էր նախորդ տուրի հաղթական հանդիպումից հետո, որտեղ շատ ավելի առարկայականն ու կենսականը դրանում հնչած եզրակացությունն է. «Սա մեր առաջին երեք միավորն էր չորս հանդիպումներում: Ինչ խոսք, որ տխուր վիճակագրություն է, սակայն շատ ավելի կարևորը կոտրված ոգու հետբերումն էր, սեփական ուժերի նկատմամբ հավատով լցվելը: Մնացածը ժամանակի հետ լուծվող խնդիրներ են, որը հետևողական գործելու արդյունքում, ուշ թե շուտ, տալու է իր պտուղները: Իսկ ոմանց չէր խանգարի իմանալ, որ հավաքականին խանգարողը թիմի երկրպագուն չէ: Եթե կարողանանք այս տարրական իմացությունն ընկալել, մարզչին իր որոշումներում ու անելիքներում չխանգարել, քթներս մեզ անհասու գործերի մեջ չխրել, ամեն ինչ լավ կլինի»:

A ԽՈՒՄԲ
Լյուքսեմբուրգ-Ֆրանսիա և Շվեդիա-Բելառուս դիմակայություններում կասկած չէր հարուցում թե՛ ֆրանսիացիների, թե՛ շվեդների հաղթանակը: Առաջինն արտագնայում 3:1 հաշվով գերազանցեց Լյուքսեմբուրգի ընտրանուն, երկրորդը սեփական հարկի տակ չորս անպատասխան գնդակ ուղարկեց բելառուսների դարպասը: Այս խմբում իրականում շատ ավելի ինտրիգային էր ներկայանում Բուլղարիա-Հոլանդիա մրցակցությունը: Տանտերերը հաղթանակ են տոնել 2:0 հաշվով ու ինը միավորով երրորդ հորիզոնականում են: Խմբայինը 13 միավորով գլխավորում են ֆրանսիացիները, նրանցից երեք միավորով հետ են շվեդները:

B ԽՈՒՄԲ
Սեփական հարկի տակ լատվիացիների նկատմամբ հաղթանակը թեպետ նվազագույն հաշվով էր, այդուհանդերձ Շվեյցարիայի ընտրանին ապահովեց բաղձալի երեք միավորն ու խմբային առաջատարությունը, ինչը նշանակում էր, որ հետապնդողի ու հասնողի դերում դարձյալ պորտուգալացիներն էին լինելու:
Հունգարացիների հետ Եվրոպայի գործող չեմպիոնների մրցակցությունում մարզասերը գոլառատ հանդիպումի բոլոր սպասումներն ուներ՝ նկատի ունենալով նաև Եվրոպայի վերջին առաջնությունում այս երկուսի գոլառատ հանդիպումը: Սպասումներն արդարացան, սակայն միայն հյուրընկալող կողմի մակարդակով: Պորտուգալացիները հաղթել են երեք անպատասխան գնդակի առավելությամբ (Ռոնալդուն հեղինակել է դուբլ) ու տասներկու միավորով հետապնդում են մինչև այժմ պարտություն չճաշակած շվեյցարացիներին: Երրորդ հորիզոնականում յոթ միավոր ունեցող հունգարացիներն են: Խմբային Անդորրա-Ֆարերյան կղզիներ դիմակայությունն ավարտվել է առանց դարպասների գրավման:

C ԽՈՒՄԲ
Չեմ կարծում, թե Ադրբեջան-Գերմանիա դիմակայության ելքի առնչությամբ որևէ մեկը կարող էր պատրանքներ ունենալ, եթե պնչները բան չուներ քաշած կամ երակները բենզին չէր լցրել: Հետևաբար ամբողջ հարցն այն էր, թե գերմանացիները քանի գոլ են մտադիր բարձելու ադրբեջանցիների փափուկ ուսերին: Համենայն դեպս, 1:4-ը վերջիններիս համար այնքան էլ ցավագին հաշիվ չպիտի դիտվի, եթե նկատի առնենք կողմերի ունեցած քաշային տարբերությունը:
Սան Մարինո-Չեխիա մրցակցության առնչությամբ էլ իրերի վիճակը գրեթե նույնն էր, ինչ առաջին դիմակայության պարագայում: 0:6 հաշիվը նույնպես զարգացումների տրամաբանական շարքից էր, իսկ, այ, Հյուսիսային Իռլանդիա-Նորվեգիա առճակատումը ցույց էր տալու, թե խմբայինում ով է հաջորդելու Գերմանիայի ընտրանուն: Հարկ է նկատել, որ տանտերերը խնդիրը բավական դյուրությամբ լուծեցին (2:0) ու տասը միավորով երկրորդ հորիզոնականում են՝ չեխերից առաջ լինելով երկու միավորով:

D ԽՈՒՄԲ
Իռլանդիա-ՈՒելս դիմակայությունն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Ավստրիացիները սեփական հարկի տակ գերազանցեցին մոլդովացիներին (2:0), իսկ վրացիները 1:3 հաշվով զիջեցին հյուր ժամանած սերբերին: Այս ամենի արդյունքում այստեղ 11-ական միավորով առաջատարները Սերբիայի ու Իռլանդիայի ընտրանիներն են, ՈՒելսն ու Ավստրիան ունեն յոթական միավոր:

E ԽՈՒՄԲ
Մերոնց մրցելույթի մասին արդեն խոսել ենք: Ինչ վերաբերում է խմբային առաջատարի ելույթին, լեհերը Չեռնոգորիայից վերադարձան երեք միավոր վաստակած (2:1)՝ ավելի ամրապնդելով իրենց առանց այն էլ ամուր դիրքերը: Խմբային մյուս՝ Ռումինիա-Դանիա դիմակայությունում արձանագրվեց գոլազուրկ ոչ-ոքի, ու դա ավելի քան պատեհ էր մեր հավաքականի համար, որը թեպետ ռումինացիների պես ունի վեց միավոր, սակայն երկրորդ-երրորդ հորիզոնականներում գտնվող չեռնոգորցիներից ու դանիացիներից հետ է ընդամենը մեկ միավորով: Այնպես որ, այստեղ կենացները գնալով քաղցրանում են:

F ԽՈՒՄԲ
Անգլիա-Լիտվա մրցակցությունում մառախլապատ Ալբիոնի ներկայացուցիչները բավական հեշտությամբ ապահովեցին իրենց համար հաղթական 2:0 հաշիվն ու 13 միավորով շարունակում են վստահաբար գլխավորել խմբայինը:
Մալթա-Սլովակիա դիմակայությունում միանշանակ ուժեղ էին հյուրերը՝ 1:3: Նրանք 9 միավորով երկրորդ հորիզոնականում են, իսկ ահա իրենց անվերջ գրոհների համար վերջապես վարձահատույց եղան շոտլանդացիները՝ հանդիպման վերջին րոպեներին գրավելով Սլովենիայի դարպասը, ինչն էլ նրանց հնարավորություն տվեց մնալու եզրափակիչ տանող ուղեգրերի համար պայքարողների ցուցակում, թեպետ դրա համար դեռ շատ պիտի քրտնեն:

G ԽՈՒՄԲ
Տուրից հետո արդեն 13 միավորով այստեղ շարունակվում է իսպանացիների ու իտալացիների երկիշխանությունը: Առաջինները 4:1 հաշվով պարտության մատնեցին իսրայելցիներին, իտալացիները երկու անպատասխան գնդակի առավելությամբ գերազանցեցին ալբանացիներին: Ի դեպ, նորից խուլիգանական վարքագծով աչքի են ընկել ալբանացիների երկրպագուները՝ մարզադաշտ նետելով ճայթռուկներ, ինչի պատճառով հանդիպման մրցավարը հարկադրված է եղել երկրորդ խաղակեսի սկզբին ութ րոպեի չափով ընդհատել հանդիպումը: Ի դեմս ալբանացի երկրպագուների, Եվրոպան ակնհայտորեն տևական ժամանակով «ձեռք» է բերել անկառավարելի հանդիսատեսի, ու, ամենայն հավանականությամբ, նրանց ոտնձգությունները անպատիժ չեն մնա՝ հավաքականի համար ծանր հետևանքներով: Լիխտենշտայն-Մակեդոնիա դիմակայությունում ուժեղ կողմը եղել են հյուրերը՝ 0:3: Երրորդ հորիզոնականում են 9 միավոր ունեցող իսրայելցիները:

H ԽՈՒՄԲ
Բելգիա-Հունաստան դիմակայությունն ունեցավ բավական անսպասելի ավարտ: Չլիներ վերջին րոպեներին հյուրերի դարպասի գրավումը, մինչ այդ միավոր չկորցրած, չորս խաղից հետո գնդակների 21:1 հարաբերակցություն ունեցող Բելգիայի ընտրանին դաշտից կհեռանար գլխիկոր, ու սա այն դեպքում, երբ հույները հանդիպման 65-րդ րոպեից հետո մնացել էին տասը, իսկ փոխհատուցված ժամանակում՝ նաև ինը հոգով: Բոլոր դեպքերում, հույները վաստակած 11 միավորով երկրորդ հորիզոնականում են ու մեկ միավորով առաջ են նույն օրը Ջիբրալթարի ընտրանուն ընդունած ու 5:0 խոշոր հաշվով հաղթած Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականից: Կիպրոս-Էստոնիա դիմակայությունում գրանցվել է 0:0:

I ԽՈՒՄԲ
Անդրեյ Շևչենկոյի գլխավորությամբ ՈՒկրաինայի ընտրանին առաջին պարտությունը կրեց ներկայիս ընտրականում՝ խորվաթներին հնարավորություն տալով միանձնյա գլխավորելու խմբայինը՝ 1:0: Տասը միավորով երկրորդ հորիզոնական տեղափոխվեց արտագնայում 2:1 հաշվով Կոսովոյին պարտության մատնած Իսլանդիան, իսկ սեփական հարկի տակ ֆիններին պարտության մատնած թուրքերը (2:0) ութ միավորով հավասարվեցին ուկրաինացիներին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ