Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քարոզարշավ. օր քսաներեքերրորդ. «Ծառուկյան» դաշինքի երկվությունը

Քարոզարշավ. օր քսաներեքերրորդ. «Ծառուկյան» դաշինքի երկվությունը
28.03.2017 | 14:08

Եթե անտեղյակ մեկը հետևի Հայաստանի քարոզարշավին, նրան կարող է թվալ, որ «Ծառուկյան» դաշինքում լուրջ հակասություններ կան, որովհետև միանգամայն տարբեր շեշտադրումներով ու օրակարգերով են խոսում Գագիկ Ծառուկյանն ու մյուսները` Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ: Ծառուկյանը հնարավորինս ապաքաղաքականացնում է քարոզարշավը, Զոհրաբյանը «քարը քարի վրա» չի թողում` բոլոր մահացու մեղքերում պատասխանատու համարելով իշխանություններին և բացառելով կոալիցիան ՀՀԿ-ի հետ: Բայց անձնակենտրոն, մեկ մարդու կողմից ֆինանսավորվող կուսակցություններում նման բան լինել չի կարող, ու տրամաբանական է թվում, որ Ծառուկյանը մնում է ստվերում, երբ խնդիր է ունենում իշխանությունների հետ` «մարտի» հանելով Նաիրա Զոհրաբյանին: Երեկ վերջինս, Միքայել Մելքումյանի ընկերակցությամբ, եղել է Գառնիում և Նոր Նորքի 4-րդ զանգվածում: Նաիրան ասել է, որ իրենց դաշինքը մտածում է միայն հաղթանակի մասին. «Դա բացառված ա, Հանրապետական կուսակցության հետ ոչ մի կոալիցիա երբեք, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը քայքայեց երկիրը: Իրանց հիմնական մրցակիցը «Ծառուկյան դաշինքն» ա, քաղաքական այլ մրցակից իրական իրանք չունեն: Մի հատ իրանց կարգախոսը նայեք՝ «Անվտանգություն և առաջընթաց»: Այո՛, աղքատության առաջընթաց կա, այո՛, գործազրկության առաջընթաց կա, այո՛, արտագաղթի առաջընթացը ստախանովյան տեմպերով կա: Եթե դա են նկատի ունեցել, ուրեմն, այս՛, առաջընթաց կա»: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարն անուններ չի տվել, սակայն խիստ քննադատել է նաև «Ելք» դաշինքին: «Ժողովուրդ ջան, մեկ էլ իշխանական պրաբիրկաներում աճացրած տարբեր ընդդիմադիր գազեր կան, որոնք հասկացել են, որ իրանց համար ելք արդեն չկա, որոնք տարածում են, որ ընտրություններից հետո «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա ա գնալու էս իշխանության հետ»,-ասել է նա:

Իհարկե, Նաիրա Զոհրաբյանի ասածներին պետք է վերապահումով մոտենալ, որովհետև հենց վաղը Ծառուկյանը կարող է մեղադրել լրագրողներին ու ժողովրդին` իրենց մտքերը խեղաթյուրելու համար:
Այնուամենայնիվ, հենց նույն օրը Նաիրա Զոհրաբյանը ստացել է «Ելք»-ի հակահարվածը: «Բարգավաճ Հայաստանը» «Հանրապետական 2-ն» է»,-Արարատում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Դաշինքում կարծում են, որ իրենք են այս ընտրություններին մասնակից միակ ընդդիմադիր ուժը` վերջին օրերին հավասարապես քննադատելով թե իշխանություններին, թե՛ «Ծառուկյան» դաշինքին: Ինքնին հասկանալի է, որ այս մարտավարությունը նպատակ ունի «Ելքի» շուրջ կոնսոլիդացնել ընդդիմադիր էլեկտորատը:


Սակայն ամենազավեշտալի իրավիճակում հայտնվել է ՕՐՕ դաշինքը: ՕՐՕ-ում քաղաքականացնում են Ջրառատի դեպքերը, հետո պարզվում է, որ համագյուղացիները հաշտվել են: ՕՐՕ-ն պնդում է, որ Էջնիածնում ահաբեկել են իրենց մարդուն, հետո պարզվում է, որ գործ ունենք սուտ մատնության հետ: Դաշինքի եռյակը երեկվա ասուլիսում պնդել է, որ Սամվել Բաբայանը քաղկալանավոր է, սակայն վերջինիս փաստաբանն ասել է, թե Բաբայանն իրեն առայԺմ քաղկալանավոր չի համարում: Երեկվա ասուլիսում Վարդան Օսկանյանն իր թվերի մասին է խոսել, ըստ որի, «Ծառուկյան» դաշինքն է առաջատար, իսկ ՕՐՕ դաշինքը ծանր կշիռ ունի։
ՕՐՕ-ն, անխնա քննադատության ենթարկելով ՀՀԿ-ին, խիստ բարեհաճ է «Ծառուկյան» դաշինքի հանդեպ:

Ազատ դեմոկրատների վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը, հակառակը, չի հավատում Ծառուկյանի թիմի հաղթանակին: «Առաջիկա ընտրություններում վարկանիշային ընտրակարգը տհաճ անակնկալ կմատուցի Ծառուկյան դաշինքին»,- համոզված է Հրանտ Բագրատյանը։ Ըստ նրա՝ վարկանիշային ընտրակարգի շնորհիվ նժարը կթեքվի Հանրապետականի կողմը։ «Ընտրակաշառք երկու տեղն էլ կա, բայց պետք է հաշվի առնել ռեյտինգայինի ֆակտորը, կա «թաղի տղու ֆակտորը»։
Ի դեպ, հրապարակային մակարդակում հակասություն է նկատվում նաև ԱԴԿ առաջնորդների ելույթներում: Եթե Խաչատուր Քոքոբելյանը կամ Ստեփան Սաֆարյանը պնդում են, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում անելիք չունի, ապա Բագրատյանը կարծում է, թե ԵԱՏՄ-ի հետ բանակցելու խնդիր չկա:


Իսկ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը կարծում է, թե իրենցից բացի բոլորը ստախոս են: Անկեղծ ասած, հասարակությունն այդ կարծիքին է բոլոր քաղաքական ուժերի մասին:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 2887

Մեկնաբանություններ