Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քարոզարշավ. օր քսանչորսերորդ. Գագիկ Ծառուկյանի հակահարվածը Կարեն Կարապետյանի «իշխանափոխությանը»

Քարոզարշավ. օր քսանչորսերորդ. Գագիկ Ծառուկյանի հակահարվածը Կարեն Կարապետյանի «իշխանափոխությանը»
29.03.2017 | 10:09

Սոցիոլոգիան լուրջ գիտություն է, բայց` մի փոքր հեղինակազրկված: Նույնիսկ ԱՄՆ-ի պես ժողովրդավարական երկրում սոցիոլոգիական գրեթե բոլոր հարցումները հաղթանակ էին խոստանում Հիլարի Քլինթոնին, բայց նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը: Էլ չեմ ասում մեր տիպի երկրների մասին, որոնցում սոցիոլոգիան քարոզչության միջոց է, որով մանիպուլացվում է հանրային կարծիքը:

Եթե նույնիսկ ընդունենք, որ այս քարոզարշավի ընթացքում ինչ-որ մեկն անաչառ հարցում է անցկացրել, դա էլ չի արտացոլում հանրային կարծիքը, որովհետև ավտորիտար երկրներում մարդիկ, որպես կանոն, չեն բացահայտում իրենց քաղաքկան համակրանքըը:

Սրանով հանդերձ` երբ հեղինակավոր սոցիոլոգիական ծառայությունը հարցման թվեր է ներկայացնում, մենք մոտավորապես գլխի ենք ընկնում, թե ինչ է պլանավորել իշխանությունը, իհարկե, մի քիչ էլ մեր նման մահկանացուների տրամադրությունները հաշվի առնելով:
Խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակցությունն առաջադրված 9 կուսակցություններից ու կուսակցությունների դաշինքից ծավալվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի միջև: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) ղեկավար Վալերի Ֆյոդորովը: Հետազոտական կենտրոնը չափել է ոչ միայն կուսակցությունների վարկանիշները, այլ առանձին ընտրատարածքներում առաջադրված վարկանիշային թեկնածուների գումարային արդյունքները։ Այս դեպքում առաջատարը ՀՀԿ-ն է. հարցման արդյունքներով` ՀՀԿ-ն կողմնորոշված ընտրազանգվածի մեջ 44 տոկոս ձայն է հավաքում, «Ծառուկյան» դաշինքը՝ 36 տոկոս: Խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունեն նաև «Ելք» դաշինքը (6 տոկոս), «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» (5 տոկոս) և «Հայկական վերածնունդը» (4 տոկոս): Այս հարցումը որոշակիորեն ադեկվատ կարելի է համարել: Կրկնում եմ` ոչ թե այն առումով, որ մեր հասարակությունը հենց այսպես է մտածում, այլ այն պատճառով, որ եթե իշխանությունները նման ընտրական պատկեր ցույց տան, դժվար թե բանը հասնի հետընտրական ցնցումներին:


Չնայած, որ, օրինակ, «Ծառուկյան» դաշինքում այս թվերի հետ բացարձակապես համաձայն չեն, ու երեկ, Մարզահամերգային համալիրում ամփոփելով իրենց ընտրարշավը, խոսել են համոզիչ հաղթանակի մասին: Սակայն երեկվա հավաքի սենսացիոն հայտարարությունն արել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը հայտարարել է, որ ինքը չի դիմել արտասահմանցի իր գործընկերներին, բայց իրեն տեղեկացրել են, որ Հայաստանում 15 միլիարդ դոլարի ներդրում են անելու՝ իրենց դաշինքի հաղթելու դեպքում։ Իհարկե, տնտեսական առումով Ծառուկյանի հայտարարությունը միֆ է, բլեֆ, որովհետև ոչ մի խելագար նման գումար չի ներդնելու կոռումպացված երկրում, որը նաև ապրում է չավարտված պատերազմի ռեժիմում: Սակայն Ծառուկյանի ասածն ուշագրավ է քաղաքական առումով, որովհետև հաջորդում է «Հայաստանի ներդրողների ակումբի» ձևավորմանը, որը, ըստ էության, վարչապետ Կարեն Կարապետյանի իշխանական հայտն էր` ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «քավորությամբ»: Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, ընդդիմանում է Կարեն Կարապետյանի իշխանական նկրտումներին: Ուշագրավ է, որ, տվյալ պարագայում, Ծառուկյանի դեմքով հանդես է գալիս ոչ թե ընդդիմադիր կուսակցությունը, այլ` քրեաօլիգարխիան, որը վտանգ է տեսնում, որ Կարապետյանի շուրջ կապիտալի նոր բևեռի ստեղծումը մարտահրավեր է իր տնտեսա-քաղաքական հիմքերին:
Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանը չի տեսնելու ոչ Կարեն Կարապետյանի երեք, ոչ էլ Ծառուկյանի խոստացած տասնհինգ միլիարդի երեսը, ու առնվազն տգեղ է, որ քարոզարշավն ավարտվում է` ոչ թե ծրագրային, այլ «միլիարդային դոլարների» մրցակցության ֆոնին:


Երեկ քարոզարշավն ամփոփել է նաև ՕՐՕ դաշինքը` Ազատության հրապարակի հանրահավաք-երթով, որին մասնակցել է մոտ երկու հազար մարդ: Նման սահմանափակ հանրային ռեսուրսով դժվար է պատկերացնել այս դաշինքի խոստացած հետընտրական զադգացումները: Սակայն ՕՐՕ-ին բնորոշ է քաղաքական ադեկվատության բացակայությունը: Օրինակ, Վարդան Օսկանյանը երեկ ասել է, թե իրենց դաշինքի ընտրվելու դեպքում Հայաստանը վեց ամսում կդասվի աշխարհի տասնհինգ երկրների թվում՝ որպես ժողովրդավարական պետություն: Եվ սա ասում է մարդ, որի ԱԳ նախարար աշխատած տարիներին փակվել է Հայաստանի միակ անկախ հեռուստաընկերությունը: Կամ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ` վատագույն դեպքում իրենց դաշինքը զբաղեցնելու է երկրորդ տեղը: Սա այն դեպքում, երբ բոլոր սոցհարցումների համաձայն` ՕՐՕ-ն չի հաղթահարում անգամ խորհրդարանում հայտնվելու անցողիկության շեմը:


Նախկին վարչապետ, ԱԴԿ-ի վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը ոչ միայն ներդրումներ չի խոստանում, այլ մռայլ կանխատեսումներ է անում: Բագրատյանի կարծիքով, եթե արտագաղթը ներկա տեմպերով շարունակվի, էներգակիրների գներն ավելի կաճեն: «Թեկուզ և այն պատճառով, որ տարեկան 40 հազար մարդ մեկնում է և 40 հազար մարդ քիչ է գազ սպառում: Շուկան անընդհատ նեղանում է, էլ շուկա չի մնացել՝ 2 միլիոն մարդ»,-երեկ Գյումրիում պարզաբանել է Հրանտ Բագրատյանը:


«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը նույնպես սպառնում է փողոցով, եթե ընտրությունների արդյունքները կեղծվեն: Այս մասին երեկ հայտարարել է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը:
ՀՎԿ-ն պասիվ ու անբովանդակ քարոզարշավը փորձում է քողարկել արտաքին էֆեկտով: Երեկ Մալաթիա -Սեբաստիա համայնքում փոքրիկ երեխաները Արթուր Բաղդասարյանին դիմավորել են դհոլի հնչյունների ներքո, աղ ու հացով և աղավնիներով:
Սևանում ՀՅԴ ցուցակի առաջնորդ Արմեն Ռուստամյանն ասել է, թե ՀԱԿ-ը Լևոն Մկրտչյանի հրաժարականը պահանջում է, որովհետև իրենք գաղափարական հակառակորդնեդ են:
Թեմային երեկվա ասուլիսում անդրադարձել է նաև Արմեն Աշոտյանը: Հրապարակելով 114 տնօրենների ձայնագրությունները՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն թիրախավորել է միայն ՀՀԿ-ական տնօրեններին։ Այս մասին ասել է ՀՀԿ փոխնախագահը, ընդգծելով, որ այլ կուսակցություններ ներկայացնող տնօրեններ էլ կան: «Թիրախավորվել են միայն ՀՀԿ-ական տնօրենները, այսինքն, այստեղ օբյեկտիվության մասին խոսք լինել չի կարող: Սա ՀՀԿ-ի դեմ ուղղված միտումնավոր հակաքարոզչություն է»:


Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի պահանջին՝ զրկել ՀՀԿ-ին ընտրություններին մասնակցությունից, Աշոտյանն ասել է, որ դրա համար որևէ հիմք չկա: «Ավելի շատ լուրջ հիմքեր կան հասարակական կազմակերպությանը զրկելու դիտորդական գործունություն իրականացնելու իրավունքից, քան ՀՀԿ-ին զրկելու ընտրություններին մասնակցելուց»:
Մի քանի ժամ հետո ապացուցվեց, որ ՀՀԿ հրահանգով գործում է ոչ միայն կրթական համակարգը, այլ նաև` ԿԸՀ-ն:


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքի պահանջը՝ Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին հայցով դատարան դիմելու վերաբերյալ: Մուկուչյանը ճգնելու կարիք չի ունեցել. ՀՀԿ-ն այդ որոշման ձևակերպումն արդեն տվել էր:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ