Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Շանթի» պատվերը կատարվա՞ծ է

«Շանթի» պատվերը կատարվա՞ծ է
29.03.2017 | 10:18

ԱԺ ընտրություններում քաղաքական կուսակցությունների ու դաշինքների վարկանիշի վերաբերյալ հերթական հարցման արդյունքներն է հրապարակել «Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը»:
Նրանց տվյալներով՝ «Ծառուկյան» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 22, ՀՀԿ-ի օգտին՝ 21 %-ը, «Ելք» դաշինքին կընտրի մասնակիցների 4, դաշնակցությանը՝ 2, ՕՐՕ-ին, ՀԱԿ-ՀԺԿ-ին՝ 1-ական %-ը, «Ազատ դեմոկրատներն» ու ՀԿԿ-ն ավելի քիչ ձայներ կհավաքեն։ «Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի» ղեկավար Վալերի Ֆյոդորովը լրագրողների հետ հանդիպմանը նաև կանխատեսումներ է արել. «Հաջորդ գումարման խորհրդարանում 4-5 քաղաքական ուժ կլինի: Այս ուժերը կարծես թե հնարավորություն չունեն առաջատարներին խանգարել, սակայն կարող են խորհրդարանում ոչ մեծ խմբակցություն ձևավորել և խաղալ առաջնորդող երկու ուժերի հակասությունների վրա»։ ՈՒսումնասիրության համաձայն՝ սոցիալ-տնտեսական վիճակից դժգոհ մարդկանց թիվը մեծ է՝ 82 %։ 65 %-ը համոզված է, որ երկիրը ճիշտ ուղով չի գնում։ «Հարցն այսպես է հնչում՝ ընդհանուր առմամբ մեր երկրում իրավիճակը լավանո՞ւմ է, վատանո՞ւմ, թե՞ մնում է նույնը։ Վերջին շաբաթների ընթացքում լավատեսների թիվը փոքրացել է, վատատեսներինը՝ մի փոքր աճել։ Նախընտրական ժամանակահատվածում բացասական գնահատականներն աճում են, իսկ դրականները, փաստորեն, մնում նույնը կամ պակասում»՝ եզրակացրել է Ֆյոդորովը։ Նրա խոսքով, մարդիկ կտրուկ փոփոխություններ են ակնկալում։ Ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 80 %-ը, սակայն, իրականում այդ թիվը կկազմի մոտ 65 %։ Հետազոտություններն ուշագրավ հակասություն են բացահայտել՝ չնայած ընտրողների գերակշիռ մեծամասնությունը դժգոհ է իշխանություններից, նրանցից շատերն ընտրելու են իշխանական ուժին:
Ինչո՞վ բացատրել «Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի» բացահայտած ֆենոմենը: Իրականում չկա ոչ մի ֆենոմեն: Հրապարակված տվյալները ոչ միայն համարժեք չեն իրական տեսակետներին, այլև դեմ են տրամաբանությանը:

Ստացվում է, որ Ծառուկյան դաշինքի ամբողջ ընտրարշավն աշխատել է իր դեմ, իսկ ՀՀԿ-ինը ընդամենը 2 % արդյունավետություն է ունեցել: ՀԿՈՒՀԿ-ն նաև տեղական նշանակության սխրանք է գործել՝ ուսումնասիրելով ռեյտինգայինների արդյունքները, որ չեն արել այլ սոցիոլոգներ, որ նույնպես հայկական ընտրություններով են զբաղվում: Վալերի Ֆյոդորովը և նրա գործընկերները պարզել են այն, ինչ Հայաստանում բոլորը գիտեին նախքան ընտրարշավը՝ ռեյտինգայինով ՀՀԿ-ն ապահովելու է իր ձայները: ՀԿՈՒՀԿ-ն նրան տվել է 44 %, 36 %` Ծառուկյան դաշինքին: Իհարկե, ապահովագրվելու համար հետընտրական անհամապատասխանությունից՝ Վալերի Ֆյոդորովը նշեց նաև, որ իրենց հարցերին դժվարացել է պատասխանել 23 %-ը, 22 %-ը հրաժարվել է պատասխանել: Թե ինչպես նրանց ձայները կբաշխվեն, ոչ ոք չի կարող ասել: Համենայն դեպս, Վալերի Ֆյոդորովի ներկայացրած թվերի ու տոկոսների խառնիճաղանջ պատկերից մնում է տպավորություն, որ հայ ընտրողը խիստ անհավասարակշիռ, շվար ու անհաստատ, իր կենսամակարդակի ու իր մտադրությունների հետ անհաշտ, անկազմակերպ արարած է, որ մտածում է մի բան, ցանկանում է մի ուրիշ բան, իսկ անում երրորդը: Եթե անի:


Այլապես չէր լինի պատկեր, որ ՀՀԿ-ն հակառակ սկանդալների քարոզարշավի ընթացքում 6 %- ով բարելավել է վարկանիշն ու ավելացրել համակիրների թիվը: Նույն կենտրոնի՝ մարտի 17-24-ի սոցհարցման ընթացքում՝ «ՈՒմ կտայիք ձեր ձայնը, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի» հարցին ՀՀԿ-ի օգտին պատասխանել էր հարցվածների 39 %-ը, փետրվարի 22-26-ին՝ 33:


«Ծառուկյան» դաշինքի վարկանիշը նվազել է 4 %-ով. նրանց օգտին կքվեարկի հարցվածների 41 %-ը՝ նախկին 45-ի փոխարեն: «Ելք»-ի օգտին կքվեարկի հարցվածների 8 %-ը` նախկին 6-ի փոխարեն: ՀՅԴ-ի թիվն անփոփոխ է մնացել` 4 %: Ազատ դեմոկրատների օգտին կքվեարկի հարցվածների 1 %-ը՝ նախկին 2-ի փոխարեն, ՀՎԿ-ի օգտին` 3 %-ը, ՀԱԿ- ՀԺԿ-ի օգտին` 1 %ը՝ նախկին 2-ի փոխարեն, ՕՐՕ-ի` 3 % ը` նախկին 2 %-ի փոխարեն, ՀԿԿ-ին ձայն կտա հարցվածների 1 %-ը՝ նախկին 2 %-ի փոխարեն:
Հավելեմ, որ հարցումն իրականացվել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով, մասնակցել է 1600 մարդ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այս օրերին հրապարակվեց ևս մեկ հարցում՝ լիտվական KOG ինստիտուտի, պատվիրատուն Գագիկ Ծառուկյանն է: Նրանց տվյալներով՝ «Ծառուկյան» դաշինքն ընտրապայքարի առաջատարն է 40 %-ով: ՀՀԿ-ի օգտին պատրաստ է քվեարկել 19,4 %-ը, մյուս քաղաքական ուժերից քչերը կկարողանան հաղթահարել սահմանված շեմը։ Չնայած իշխող կուսակցությանը ձայն տալու պատրաստակամությանը՝ ընտրողները խիստ դժգոհ են երկրի սոցիալ-տնտեսական վիճակից՝ 87 %-ի կարծիքով` «երկրում սոցիալական արդարության մակարդակը զրոյական է կամ չափազանց ցածր»: Հակասական պատկերը առավել հակասական դարձնելու ցանկություն ունի «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան», որ ընտրությունների օրն էքզիտ-պոլ անցկացնելու։ Միանշանակ՝ ընտրողները կօգտվեն իրենց սահմանադրական իրավունքից և գաղտնի կպահեն՝ ո՞ւմ են ձայն տվել: Իսկ եթե դուք էլ խճճվում եք թվերի ու տոկոսների, հարցերի ու հարցումների մեջ, մի հուսահատվեք, ոչ հայկական, ոչ օտարերկրյա ոչ մի ուսումնասիրություն, որ հրապարակել է իր տվյալները, խնդիր չունի համարժեք գնահատել ու ներկայացնել նախընտրական իրավիճակը, նրանք արտահայտում են պատվիրատուի շահերը և փորձում են ուղղորդել ընտրողին իրենց ցանկացած ուղղությամբ: «Շանթ» հեռուստաընկերությունը «Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի» համար սոսկ անվանական պատվիրատու է, նրանց ուսումնասիրությունը հայ-ռուսական համատեղ նախընտրական նախագիծ է: Հիշեցնեմ նաև Վալերի Ֆյոդորովի մասնագիտական կարծիքը՝ ընտրողը սովորաբար ձայն է տալիս այն ուժին, որ հաղթանակի ամենամեծ շանսերն ունի, որովհետև չի սիրում պարտվել: Սա, թերևս, երեկվա ասուլիսի ամենակարևոր ուղերձն էր, ոչ թե թվերն ու տոկոսները:

Դիտվել է՝ 1306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ