Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հերմինե Նաղդալյան. Հնարավոր է զարգանալ միայն պաշտպանված լինելով, որ առավելագույնս պաշտպանված կդարձնի կայուն զարգացումը

Հերմինե Նաղդալյան. Հնարավոր է զարգանալ միայն պաշտպանված լինելով, որ առավելագույնս պաշտպանված կդարձնի կայուն զարգացումը
29.03.2017 | 19:14

Տնտեսական շրջայց

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ:

-ԱԺ ընտրություններին մնացել է 3 օր: Թվում է՝ ընտրարշավի ընթացքում բոլոր հայտարարություններն արվել են, չե՞ք կարծում, որ քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերում թելադրողը քաղաքական նպատակահարմարությունն է՝ պոպուլիզմը, որ պահանջում է ընտրողին դուր գալ:
-Դա ոչ միայն ես եմ կարծում, դա արձանագրում են ընտրողները: Ընդունում եմ, որ ընտրություններից առաջ քաղաքական բոլոր ուժերը մի նպատակ ունեն՝ դուր գալ ընտրողին և ստանալ նրա ձայնը՝ տալով խոստումներ, որոնց կատարման-չկատարման մասին բացարձակապես չեն մտահոգվում: Գուցե այն պատճառով, որ հաղթելու հույս չունեն ու ոչ ոք չի հարցնի՝ խոստանում էիք՝ ի՞նչ եղավ, դե արեք: Չանվանենք դա պոպուլիզմ, որովհետև իր հիմքում պոպուլիզմը լատիներեն populus-ժողովուրդ բառից է և նշանակում է քաղաքական դիրքորոշում կամ հռետորաբանության ոճ, որ դիմում է ժողովրդի կարիքներին՝ ի հակակշիռ էլիտաների կարիքների: Պոպուլիստները այս կամ այն կերպ արտահայտում են ժողովրդի կարիքները, բայց արտահայտել չի նշանակում շահարկել: Իսկ հիմա իսկապես շահարկման շրջան է՝ այլ կերպ հնչող խոստումների զգալի մասը չես անվանի: Ստացվում է տպավորություն, որ բոլորն ուզում են ու գիտեն՝ ինչպես Հայաստանը մեկ տարում, մեկ ամսում, եղել են նաև մեկ օրում փոխելու խոստումներ, իսկ ՀՀԿ-ն չի ուզում: Սա ընդամենը դեմագոգիա է, նախընտրական անպատասխանատվություն, ոչ ավելին: Այսօր ընտրարշավին մասնակցող համարյա բոլոր կուսակցությունները ներկայացված են եղել խորհրդարանում և հնարավորություններ ունեցել են տնտեսության հեղափոխական վերափոխման գոնե մեկ-երկու առաջարկ ու ծրագիր ներկայացնել քննարկման: Ինչո՞ւ չեն արել: Թե՞ հայրենիքն ու ժողովրդին սիրում են միայն ընտրություններից առաջ:
-Որոշ կուսակցություններ ներկայացնում են տնտեսագիտական հաշվարկներ, աղյուսակներ ու թվեր, ՀՀԿ-ն՝ ոչ, ինչո՞ւ:
-Որքան տեղյակ եմ նախընտրական ծրագրերին, միայն Հրանտ Բագրատյանն է «Ազատ դեմոկրատների» համար ընդարձակ ծրագիր գրել, մյուսների ծրագրերը կարճ-կոնկրետ են, որպես կանոն՝ առանց հիմնավորումների՝ միայն դեկլարացիաներ, առանց խոստումների իրականացման մեխանիզմներ նշելու, իսկ ՀՀԿ-ն չի խոստանում, ՀՀԿ-ն գործում է: Միայն խիստ կողմնակալ գնահատականի դեպքում է հնարավոր ասել, որ վերջին կես տարում երկրում չեն եղել փոփոխություններ: Ակնհայտ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության աշխատանքի արդյունքում տնտեսությունը տեղից շարժվում է՝ այդ վկայեցին նաև մի քանի օր առաջ հրապարակված տնտեսական աճի մասին տվյալները, որ գերազանցում են նախատեսվածը: Տնտեսության համար, վստահ եմ, բեկումնային ազդեցություն կունենա և իրական արդյունքներ կտա հայտնի հայ և այլազգի գործարարների կողմից օրերս հիմնադրված «Հայաստանի ներդրողների ակումբը» որպես Հայաստանի այսօրվա կառավարության նկատմամբ իրական վստահություն տածող, աջակցություն ապահովող: Իսկ դա նշանակում է, որ լինելու են նոր ներդրումներ, նշանակում է նոր աշխատատեղեր: Դա ինքնին տնտեսությունը վերականգնելու հիմք է, որը նշանակում է կենսամակարդակի փոփոխություն, գնողունակության բարձրացում, նոր պահանջարկի ստեղծում՝ նոր ծառայությունների ու նոր արտադրության: ՀՀԿ-ն, կրկնում եմ, իբրև իշխող ուժ, որ պատասխանատվություն է կրում իր որոշումների ու քաղաքականության համար, չի կարող մրցակից կուսակցությունների նման իրեն թույլ տալ շռայլ ու կատարման տեսակետից խիստ կասկածելի խոստումներ:
-Նույնիսկ ՀԿԿ-ն հայտարարում է, որ հաղթելու դեպքում կվերաբացվեն գործարաններն ու հազարավոր աշխատատեղեր կստեղծվեն: Որքանո՞վ են ռեալ ՀԿԿ-ի ու մյուս կուսակցությունների արդյունաբերության վերականգնման խոստումները:
-Արդյունաբերության վերականգնումը քայլ առ քայլ աշխատանք է՝ ամեն կոնկրետ գործարան ունի իր առանձնահատկությունը, պիտի ունենա իր բիզնես-ծրագիրը: Ի՞նչն ենք զարգացնում, որ ոլորտում, ի՞նչ ենք արտադրում, որտե՞ղ ենք սպառում: ՈՒնե՞նք որակյալ մասնագետներ: Մրցունա՞կ կլինի արտաքին շուկայում մեր արտադրանքը: Կա՞ արտահանման լոգիստիկա: Այս ու տասնյակ այլ հարցեր կան յուրաքանչյուր կոնկրետ գործարանի վերաբացման կամ նոր արտադրության գործարկման համար: ՈՒստի ավելի քան տեղին է ՀՀԿ-ի մոտեցումը, որը հիմնաքար է մեր ծրագրի մեջ՝ տնտեսական աճի երկարաժամկետ բարձր ցուցանիշներ ապահովելու գրավականներ ստեղծել:
-Ռեա՞լ է փոքր ու միջին ձեռնարկություններին հարկերից ազատելը:
-Բազմաթիվ ռեալ իրողություններ, որոնց մասին այսօր քար ծակող «նորարարության» տեսքով գրված է մի շարք կուսակցությունների ծրագրերում, արդեն վաղուց արվել են իշխանության կողմից: Օրինակ՝ մինչև 18 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողներն ընդհանրապես ազատված են բոլոր հարկերից: Իսկ տնտեսավարողներին աջակցելու նպատակով կառավարությունը տրամադրել է ԱԱՀ վճարումների հետաձգման արտոնություններ, որոնց համաձայն վերջին տարիներին միջինում շուրջ 12,2 մլրդ դրամի չափով վճարումներ են հետաձգվում: Վերջին հինգ տարիներին այդ արտոնությունից օգտվել է ավելի քան 1500 կազմակերպություն, ընդհանուր գումարը եթե չեմ սխալվում, ավելի քան 61 մլրդ դրամ է: Կարևոր արտոնություններ սահմանվեցին սահմանամերձ գոտու բնակավայրերում ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար և դա արդեն տալիս է իր շոշափելի արդյունքները այդ տարածքների բնակչության համար: Այլ խնդիր է, որ փոքր ու միջին ձեռնարկություններին կարելի է ու պետք է տրվի անհրաժեշտ օժանդակություն և տնտեսական խթաններ լինեն: Բայց տնտեսությունը այնքան փոխկապակցված մեխանիզմ է, որ հնարավոր չէ մի ճյուղը կամ մի ուղղությունը զարգացնել ու առաջ տանել, առանց հարակից ճյուղերի ու ուղղությունների հավասար զարգացման: Տնտեսության առողջացման ամբողջական ծրագրային գործողությունների տրամաբանությունն է նախընտրելի և դա է դրված ՀՀԿ-ի ծրագրի հիմքում:
-Իսկ վարկային տոկոսադրույքները կտրուկ իջեցնել, գյուղացուն 4-5 %-ով վարկ տրամադրելը ռեա՞լ է:
-Այս հարցի, ինչպես վարչապետ Կարեն Կարապետյանը կասեր, ախտորոշման հետ, երևի, բոլորս կհամաձայնենք և մեր խորհրդարանական գործունեության ընթացքում շատ ենք անդրադարձել դրան՝ ցանկանալով, բնականաբար, որ թե տնտեսավարողների, հատկապես գյուղացիական տնտեսությունների, թե սպառողների համար վարկի տոկոսները լինեն առավել մատչելի: Բայց մեր բանկային համակարգը, ի տարբերություն որոշ ոլորտների, բացարձակ մրցակցային է: Եթե չեմ սխալվում, մոտ երկու տասնյակ առևտրային բանկեր են վարկավորում իրականացնում և անթիվ-անհամար ունիվերսալ վարկային կազմակերպություններ: Բանկային ոլորտը երկրի տնտեսության առավել թափանցիկ ոլորտներից է, եթե չասենք ամենաթափանցիկը և շահութաբերության մակարդակն էլ հայտնի է, այսինքն` տոկոսադրույքների բարձրության պատճառը ռիսկայնությունն է և վարկային ռեսուրսների ներգրավման բարձր գինը: Այս խնդիրները ոչ տնտեսական միջոցներով չես լուծի, ուստի տպավորիչ խոստումներն անիրատեսական են և վստահաբար անիրագործելի են մնալու: Ինչ վերաբերում է գյուղվարկերին, արդեն բավական երկար ժամանակ է, որ կառավարությունը սուբսիդավորում է գյուղվարկերը և այս տարիներին տոկոսադրույքները անընդհատ իջնում են: Այլ հարց է, որ դա պիտի շարունակական լինի, որ գյուղացիները որոշ դեպքերում իրազեկված չեն և կարիք կա իրազեկման ուղղությամբ առավել մեծ աշխատանք կատարել: Իսկ ավելի արմատական լուծման ճանապարհը ավելի էժան վարկային ռեսուրսներ ներգրավելն է:
-Պոպուլի՞զմ, թե՞ ռեալ հաշվարկներ են կենսաթոշակները, աշխատավարձերը, նպաստները բարձրացնելու խոստումները:
- Անշուշտ, որքան բարեկեցիկ են ապրում երկրում ծերերը, հաշմանդամներն ու թոշակառուները, այնքան բարձր է պետության վարկանիշը, ու բնական է, որ թոշակառուների եկամուտների աճը ցանկալի է, սակայն պետք է հասկանալ դրա գինը:
Նախընտրական այս շրջանում բարձրաձայնվող առաջարկների մեջ կենսաթոշակի ավելացումը կտրուկ է՝ և դա բնական է, քանի որ այլ կերպ ցանկալի ազդեցություն ընտրողի վրա չի գործի: Իսկ դա նշանակում է, որ այդ քայլի բյուջետային բեռը կընկնի կամ հարկերի վրա՝ ստիպելով պետությանը ծանրացնել տնտեսավարողների բեռը հարկեր/ՀՆԱ ցուցանիշը էականորեն ավելացնելու համար, կամ պարտքի պերմանենտ ավելացման վրա, որը, ինչքան ես եմ հիշում, աշխարհում մեկ անգամ են արել՝ վերջին տարիներին Հունաստանում, որն ավարտվեց խոր ճգնաժամով և արդեն քանի տարի է ողջ երկրով դրա թթուն խմում են ու չեն կարողանում այդ վիճակից դուրս գալ:
-Իսկ աշխատավարձե՞րը:
- Նվազագույն աշխատավարձի սահմանումը սոցիալական քաղաքականության գործիք է, որը ուղղակի առնչություն ունի տնտեսության հետ և չպետք է խոչընդոտի արտադրության, աշխատանքի շուկայի և առհասարակ տնտեսության զարգացմանը: Սոցիալական քաղաքականության իմաստով նվազագույն աշխատավարձը համապատասխանում է նվազագույն կենսապահովման զամբյուղին՝ նվազագույն աշխատավարձը 2016-ին կազմել է 55,000.00 դրամ, որը համապատասխանում է առողջապահության նախարարության սահմանած նվազագույն կենսապահովման զամբյուղի արժեքին՝ 54 հազար դրամ և գերազանցում է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն կենսապահովման զամբյուղի արժեքը՝ 48,5 հազար դրամ: Իհարկե, նվազագույնը զամբյուղը, ցավում եմ, որ ցածր է, բայց ռեալ է ու կան բարձրացնելու հիմքեր: Նվազագույն աշխատավարձի բարձրացումը մինչև հարյուր հազար դրամ, իհարկե, հաճելի է լսել և կբերի նաև միջին աշխատավարձի բարձրացման, բայց դրա հետ մեկտեղ կբերի նաև բիզնեսի ծախսերի բարձրացման, մրցունակության կորստի, կնպաստի գործազրկության ավելացմանը, հատկապես երիտասարդության շրջանում: Աշխատավարձի` արտադրողականությունից արագ աճը, ըստ էության, լրացուցիչ գնաճ է առաջացնում, որի հետևանքով իրական գնողունակությունը չի փոխվում կամ նույնիսկ նվազում է: Դա կունենա նաև նեգատիվ բյուջետային ազդեցություն: Իմ խիստ մոտավոր հաշվարկներով՝ բյուջեի բեռը կկազմի ոչ պակաս, քան 270 միլիարդ դրամ՝ այդ թիվն ինքն իր մասին ամեն ինչ ասում է: Այս ամենից կարելի է եզրահանգել, որ նախընտրական պոպուլյար խոստումների աղբյուրները տեսանելի չեն, իսկ հետևանքները կարող են բացասական լինել:
Ներկայացնեմ ՀՀ կառավարության վերջին տարիներին այս ուղղությամբ կատարած աշխատանքները: Նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման ծրագիրը սկսվեց 2013-ին և նվազագույն ամսական աշխատավարձի չափը 32,5 հազար դրամից աստիճանաբար աճեց մինչև 55 հազար դրամ, այսինքն՝ 2013-2015-ին աճը կազմել է ավելի քան 60 %: 2014-ից հանրային ծառայության վարձատրության նոր համակարգ մշակվեց և ներդրվեց վարձատրության միասնական համակարգը, որտեղ բազային աշխատավարձը կապվեց նվազագույն աշխատավարձի հետ, դրա հիմքում դրվեց նվազագույն աշխատավարձի դինամիկ փոփոխվող չափը: Կառավարության միջնաժամկետ ծրագրերից երևում է, որ այդ գործընթացը շարունակական, աստիճանական և համաչափ է լինելու:
-Եթե ընտրությունը լիներ անվտանգության կամ առաջընթացի միջև, ո՞րը կընտրեիք:
-Ձեզ հարց տվեք՝ հնարավո՞ր է անվտանգություն առանց առաջընթացի կամ առաջընթաց՝ առանց անվտանգության: Հնարավոր է զարգանալ միայն պաշտպանված լինելով, որ առավելագույնս պաշտպանված կդարձնի կայուն զարգացումը։ ՀՀԿ-ն պատահաբար չի ընտրել իր կարգախոսը և իզուր են մեր մրցակիցները փորձում մեր կարգախոսի մեջ հակասություններ գտնել: Սպասվելիք 3,2 միլիարդ դոլարի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ ապահովելու են թե առաջընթացը, թե անվտանգությունը: ՈՒ ՀՀԿ-ն դա անելու է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ