Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քաղաքական 9 ուժերի տնտեսական ծրագրերը

Քաղաքական 9 ուժերի տնտեսական ծրագրերը
29.03.2017 | 19:37

Ի՞նչ տնտեսական ու սոցիալական ծրագրերով են հանդես գալիս առաջիկա ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերը:


«Ելք» դաշինք
Դաշինքը հաղթանակի դեպքում կիրագործի Հայաստանը բարձր տեխնոլոգիական-արդյունաբերական (ռազմարդյունաբերական) երկիր դարձնելու ծրագիրը: Այն ենթադրում է մասնավորապես, հետևյալը. 150 և ավելի աշխատող ունեցող ՏՏ ոլորտի ընկերությունները կազատվեն շահութահարկից: Բանակի գնումները կլինեն միայն հայաստանյան արտադրողներից:
Այլընտրանքային էներգետիկայի ոլորտի ընկերությունները, Էլեկտրոմոբիլների ներկրումը և վաճառքը կազատվեն ԱԱՀ-ից և մաքսատուրքից:
Էլեկտրաէներգիայի և գազի սակագները 10-15 տոկոսով կնվազեցվեն:
Տարեկան մինչև 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները կհարկվեն շրջանառության հարկով:
Մինչև 20 քմ ՓՄՁ կրպակների համար կսահմանվի հաստատագրված վճար:
Մաքսազերծման հսկիչ գները կվերացվեն և մաքսազերծման հիմքում կդրվեն հաշիվ ապրանքագրերը:
«Ելք» դաշինքը խոստանում է առնվազն 20 տոկոսով կավելացնել բյուջետային հիմնարկների աշխատավարձերը և կենսաթոշակները, դադարեցնել ԱԱՀ սահմանին գանձելու պրակտիկան, վերացնել արհեստական մենաշնորհները, կչեղարկի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:


«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
Դաշինքը պատրաստվում է անզիջում պայքար մղել կոռուպցիայի, մենաշնորհների և ստվերի դեմ, որի արդյունքում բյուջետային եկամուտները կավելանան 600 միլիոնից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլարով:
Դաշինքը կվերացնի մենաշնորհները և օլիգոպոլիաները, այդ թվում՝ պետական իշխանությունը տարանջատելով բիզնեսից:
Իրանի հետ կբանակցի գազի ներմուծման նոր պայմանագրի կնքման շուրջ՝ ռուսական գազի ներմուծումից կախվածությունը փոքրացնելու և բնագավառում մենաշնորհը վերացնելու նպատակով:
Սփյուռքի տնօրինած կապիտալը (տարբեր հաշվարկներով՝ 440-450 մլրդ դոլար) Հայաստանի տնտեսություն կուղղորդեն «Հայաստան սուվերեն ներդրումային հիմնադրամի» միջոցով:
Կուսակցությունը խոստանում է նվազագույն աշխատավարձը 5 տարում կրկնապատկել մինչև 111 000 դրամ, միջին աշխատավարձը հասցնել 259 000 դրամի, իսկ միջին կենսաթոշակը հասցնել առնվազն 73000 դրամի: Երեխաների ծնունդի միանվագ նպաստը սահմանել 1,5 միլիոն դրամ, երրորդ և չորրորդ երեխաների համար՝ 2 միլիոն, իսկ հինգերորդից սկսած՝ 3 միլիոն դրամ:


«Հայկական վերածնունդ» կուսակցություն
Կուսակցությունը խոստանում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմին, ավանդների ամբողջական վերադարձ` ներառյալ ավանդատուների ժառանգներին ավանդների փոխհատուցում, մինչև 18 մլն դրամ տարեկան ապրանքաշրջանառություն ունեցող ձեռնարկություններին և անհատ ձեռնարկատերերին՝ 3 տարով հարկերից ազատում, շքեղության հարկի կիրառում, որի արդյունքում հարուստներն ավելի շատ պետք է վճարեն, քան անապահովները:
«Հայկական վերածնունդը» խոստանում է բանկային համակարգում վարկավորման տոկոսադրույքների կտրուկ կրճատում, հիփոթեքային վարկավորման դեպքում կանխավճարի վերացում, առնվազն 20-30 տարվա վարկավորման մեխանիզմների ապահովում:
Կուսակցությունն առաջարկում է առողջապահության ոլորտում պետպատվերի համակարգը փոխարինել հասցեական գումարային սերտիֆիկատներով: Յուրաքանչյուր ամուսնացող զույգին պետական բյուջեից միանվագ տրամադրել 500000 դրամ աջակցություն, ավելի քան 200000 հաշմանդամների թոշակների բարձրացում և ինդեքսավորում:
ՀՎԿ-ն խոստանում է նվազագույն աշխատավարձը առաջիկա տարիների ընթացքում հասցնել 100000 դրամի, կենսաթոշակները հասցնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին, ՀՀ մարզերում ձևավորել անվճար մանկապարտեզների ցանց:


«Ծառուկյան» դաշինք
Դաշինքը խոստանում է միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին, այն բարձրացնել 25 հազար դրամով, 2018-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ:
Առաջիկա երեք տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն ազատել հարկերից, առաջիկա հինգ տարիներին մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից:
Դաշինքն առաջարկում է գյուղատնտեսական վարկերի տոկոսը սահմանել մինչև 3-5 %: Դաշինքը խոստանում է սառեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը, էապես իջեցնել գազի սակագինը, կտրուկ իջեցնել էլէներգիայի սակագինը, մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված, «հսկիչների» կիրառումը, առողջապահական ոլորտում արմատապես փոխել պետական պատվերի տրամադրման համակարգը՝ սոցիալապես անապահով խավերին տրամադրել իրենց հասանելիք սերտիֆիկատը, պետական պատվերի համակարգը ամբողջությամբ սերտիֆիկացնել:


ՀԱԿ-ՀԺԿ դաշինք
Դաշինքը առաջարկում է ազատ և հավասար մրցակցություն հաստատելու, մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով՝ ընկերությունների համար սահմանել շուկայում ունեցած մասնաբաժնի առավելագույնը 33 տոկոսի շեմ, հարկատեսակների թիվը 15-ից իջեցնել 6 (շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, տեղական հարկ, ինչպես նաև մաքսատուրք): Շրջանառության հարկը կարող է կիրառվել միայն որպես փոխարինող հարկ: Դաշինքն առաջարկում է շահութահարկի, եկամտահարկի և ավելացված արժեքի հարկերի դրույքաչափերը սահմանել 15 տոկոս, վերացնել ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանին, մաքսատուրքը հաշվարկել բացառապես հաշիվ- ապրանքագրում (ինվոյսում) նշված գնի հիման վրա։
Դաշինքը խոստանում է ինովացիոն բիզնեսը ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար, հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով, գազի ու էլէներգիայի սակագները նվազեցնել 25 տոկոսով, առնվազն երկու անգամ նվազեցնել երթևեկության կանոնների խախտման համար գանձվող տուգանքները, զրոյացնել գյուղացիական վարկերի տույժ- տուգանքները, մշակել «Նաիրիտի» վերագործարկման նոր ծրագիր:


ՀՀԿ
ՀՀԿ-ի տնտեսական քաղաքականության օրակարգի առաջին հորիզոնականում են լինելու մակրոտնտեսական կայունության հետագա ամրապնդումը, ներդրումային միջավայրի բարելավումն ու նոր ներդրումների ներգրավումը, տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովումն ու հովանավորչության վերացումը:
ՀՀԿ-ի նպատակն է օտարերկրյա ներդրումների` ներկայիս անբավարար մակարդակի կտրուկ աճի ապահովումը։ ՀՀԿ-ի առաջիկա քայլերից են իրատեսական ներդրումային ծրագրերի իրականացմանը նպաստելու նպատակով ներդրումային հիմնադրամի ստեղծումը, Հայաստանում «պետություն-մասնավոր» գործընկերության արդյունավետ մոդելի ներկայացումը:
ՀՀԿ-ն նպատակ է դրել նեղ ուղղվածությամբ արտահանող տնտեսությունից անցում կատարել դեպի դիվերսիֆիկացված, արտահանման խթանման ենթակառուցվածքներով ապահովված, արտաքին, առաջին հերթին՝ հարևան շուկաների պահանջարկին արագ արձագանքող տնտեսություն:


ՀԿԿ
ՀԿԿ-ն խոստանում է մերժել ոչ արդյունավետ ազատական տնտեսական քաղաքականությունը, որը հանգեցրել է սոցիալական բևեռացման: Կոմկուսը կիրականացնի հարկային ճնշման իջեցման քաղաքականություն, որը կնպաստի կոռուպցիայի նվազմանը: Կոմկուսը խոստանում է մեծացնել պետության մասնաբաժինը տնտեսության մեջ, վարել արդյունավետ մոբիլիզացիոն քաղաքականություն և հասնել ՀՆԱ 7-8- տոկոսանոց աճի:
ՀԿԿ-ն գներն ու սակագները կհամադրի բնակչության գնողունակության հետ, կհասնի նրան, որ կոմունալ ծախսերը չանցնեն բնակչության եկամուտների 10-15 տոկոսից:
ՀԿԿ-ն խոստանում է բանկերում քաղաքացիների ավանդագրված գումարները վերածել շահավետ բաժնեմասերի՝ ներդրումներ կատարելու համար:
ՀԿԿ-ն առաջարկում է գյուղացիներին երկարաժամկետ վարկեր տալ 2-3 տոկոսադրույքով, գյուղացու աշխատանքը հաշվել որպես աշխատանքային ստաժ, սուբսիդավորել գյուղմթերքների արտադրությունը:
ՀԿԿ-ն հանդես է գալիս անուղակի հարկերի շարունակական և աստիճանական նվազման օգտին:


ՕՐՕ դաշինք
Դաշինքը խոստանում է վերացնել արհեստական մենաշնորհների արատավոր համակարգը, փոքր բիզնեսի համար տրամադրել հարկային արձակուրդ՝ 5 տարի ժամկետով, ավելացված արժեքի հարկը սահմանել 18 տոկոս, բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհների ասֆալտե ծածկույթի հանդեպ ներկայացվող պահանջները, տասնապատկել բնությանը վնաս հասցնելու համար սահմանված տուգանքները:
Դաշինքը իշխանության գալու դեպքում կկիրառի գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորում մինչև 50 % չափով, կտարանջատի բիզնեսն ու իշխանությունը:


ՀՅԴ
ՀՅԴ-ն խոստանում է ապահովել տնտեսական աճի և ստեղծված տնտեսական արդյունքի արդար բաշխումը հասարակության բոլոր անդամների միջև, ստեղծել առողջապահական ապահովագրության այնպիսի համակարգ, որ մեր որևէ հայրենակից զուրկ չլինի բուժում ստանալու հնարավորությունից. որևէ մեկը չպետք է տառապի կամ մահանա, քանի որ դեղի կամ բժշկի փող չունի, ստեղծել արդար պայմաններ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար, ուժեղացնել մենաշնորհների և անբարեխիղճ մրցակության դեմ պայքարը՝ խստացնելով մրցակցության համար պատիժների համակարգը և երաշխավորելով ազատ մուտքը շուկա, թեթևացնել տեսչական բեռը, գիտակցել, որ տեսչական ստուգումները պետք է ուղղված լինեն միայն անբարեխիղճ տնտեսավարողների դեմ և չպետք է մահակ դառնան բարեխիղճ ձեռնարկությունների գլխին, վերանայել բնական մենաշնորհների կողմից տրամադրվող ծառայությունների գները:

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ