Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թուրքական «Գորշ գայլերի» ախորժակը վերաբերում է նաև Ռուսաստանին, ոչ միայն հայ ժողովրդին ու նրա պատմական հողերին

Թուրքական «Գորշ գայլերի» ախորժակը  վերաբերում է նաև Ռուսաստանին, ոչ միայն  հայ ժողովրդին ու նրա պատմական հողերին
31.03.2017 | 10:06

Զարմանալի բաներ են տեղի ունենում 2017-ի մարտին: Ռուսաստանի Դաշնությունում լայնամասշտաբ տոնախմբություններ եղան Ռուսաստանին Ղրիմի վերամիավորման առթիվ՝ սկսած Սախալինից և վերջացրած ծայր արևմտյան Կալինինգրադի մարզով: Ինքնըստինքյան հասկանալի է, որ Ղրիմում էլ տոնեցին, նույնիսկ հրո ճարակ դարձած Նովոռուսիայում: Եվ դա բնական է, անբնական է այն, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը Ղրիմի վերամիավորման (պատկերավոր ասած՝ «ռուսական միացման») թեմային նվիրելով մի ամբողջ երգ, Արցախյան խնդրի հարցում շարունակում է ծոր տալով ձայնակցել ԱՄՆ-ին ու Թուրքիա-Ադրբեջան զույգին:


Ռուսաստանի տարբեր հեռուստաալիքներով շարունակ կարելի է տեսնել Թուրքիայի գծով երիտասարդ փորձագետ, արևելագիտական հետազոտությունների, միջազգային հարաբերությունների և հրապարակային դիվանագիտության կենտրոնի տնօրեն Վլադիմիր Ավատկովին, որը զգուշորեն, բայց հաստատակամ «հող է շոշափում», թե ի՜նչ լավ կլինի, եթե Հայաստանը «մտերմանա» Թուրքիայի հետ: Ես հասկանում եմ, դե, քանի որ մարտի 16-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինքը հարցազրույցում նման հեռանկարը հնարավոր համարեց, վերապահելով, որ եթե Երևանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերելու նրանց, և Մոսկվայում շատ կցանկանային, որ ԵԱՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բաց լինի մարդկանց, ապրանքների ու սպասարկումների ազատ տեղաշարժի համար, ապա, պարզ բան է, ռուս փորձագետները չեն կարող ընդառաջ չգնալ իրենց ԱԳՆ-ին: Բայց չէ՞ որ հասկանալի է նաև այն, որ Լավրովի այդ հայտարարությունները, ինչպես և Ավատկովի հապշտապ «առաջարկությունը» (թե ո՜ւխ, ի՜նչ լավ կլինի, եթե, հաշվի առնելով այն, որ Թուրքիան սկսում է ամրապնդել գործակցությունը Ռուսաստանի հետ, Հայաստանը համաձայնի «թուրքերի հետ սիրախաղին», ուրեմն, «կարելի է սկսել երկրորդական կարգի խնդիրներից, օրինակ, տնտեսությունից»՝ ԵԱՏՄ շրջանակներում) կարող էին առաջ գալ միայն որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև մարտի 15-ին կայացած բանակցությունների կողմնակի արդյունք:
Լավրովին ու Ավատկովին կրկնում են նաև այլ հեղինակավոր քաղաքագետներ, ընդ որում, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Եվ այս երկրորդը ևս զարմանալի չէ, քանի որ բխում է այն ուժերից, որոնք հայ հասարակությանը վաղուց են ապացուցել իրենց անսքող սերը թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ: Դե ի՞նչ կարող ես անել, մարդիկ սիրում են իրենց թուրք-հրեական կապերը: Ընթերցողները կարող են հարց տալ. այստեղ ի՞նչ կապ ունեն Ռուսաստանին Ղրիմի վերամիավորման երրորդ տարեդարձին նվիրված տոնախմբությունները և այն, հանուն ինչի ոգորում են հայ ազգի դավաճանները: Դա հետո ի հայտ կգա, ընդ որում, «դավաճաններ» բնորոշումը վերաբերում է ոչ միայն այն բլոկի ներկայացուցիչներին, որը բացահայտորեն կոչ է անում կապիտուլյացիայի գնով եղբայրանալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և մեր թշնամիների հետ ապրել «հաշտ ու խաղաղ»: Հիմա շատերն են «համակված» թուրքերի ու ադրբեջանցիների հանդեպ սիրով. դա երևում է անգամ Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հիմար հակաքաղաքականությունից, և ի՜նչ հետևողականությամբ են նրանք ուղղակի երբեմն պատճենում ադրբեջանական համացանցային կայքերի հրապարակումները:


Առայժմ, սակայն, վերադառնանք Հայաստանի և Թուրքիայի միջև սիրո ռուսաստանյան քարոզիչներին: Ահա բազմահմուտ և սովորաբար զգուշավոր փորձագետ, Մոսկվայի հանրային իրավունքի ուսումնասիրման կենտրոնի նախագահ Աժդար Կուրտովն այս օրերին հանդես է գալիս բացահայտ հորդորներով, թող որ ոչ այնպես, ինչպես Ավատկովը: Խոսում է բացառապես այն մասին, թե «ռուսական քաղաքականության հասցեին հարձակումները Հայաստանում եղել են, կան և կլինեն, և Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցման ներկա իրադրությունը բավական հարմար է նման կարգի քննադատության համար», սակայն, չգիտես ինչու, նույնպես չի տեսնում այն, ինչ պիտի տեսնեին, առաջին հերթին, հենց Ռուսաստանի քաղաքացիները, առավել ևս փորձագետները: Թերևս, մեկ անգամ ևս ընդգծեմ՝ Կուրտովին հանդիմանելու տեղ չկա. Հայաստանի վերաբերմամբ նա անաչառ է, երբ ասում է. «Հայաստանում Թուրքիային առնչվող ցանկացած իրադարձություն պատմական հիշողության պատճառով զգուշավոր է ընդունվում, գնահատվում է իբրև Երևանի շահերի ոտնահարման փորձ: Հայերը, իհարկե, հիմքեր ունեն Թուրքիան համարելու վտանգավոր արտաքին ուժ»: Սակայն, պարոն Կուրտով, մի՞թե դա միայն «հայերի հիվանդությունն» է: Մի՞թե Սիրիայում ու Իրանում, արաբական որոշ երկրներում, Հունաստանում ու Կիպրոսում և այսպես շարունակ, հարյուր միլիոնավոր մարդիկ նույն երկյուղները չունեն, ինչ հայերը: Եթե Կուրտովը կամ բոլոր թուրքագետ փորձագետները այդ հարցին ի պատասխան առարկեն, ապա անձամբ ես կծիծաղեմ նրանց բոլորի երեսին:


Այլ բան, որ Կուրտովը բացարձակապես իրավացի է ուրիշ հարցում. «Մոսկվան շատ շահեր ունի աշխարհում, որոնք նա պետք է իրացնի: Այս իմաստով պետք է փոխհամաձայնության գալ, քանի որ ՌԴ-ն, մի կողմից, սերտորեն գործակցում է Հայաստանի հետ, մյուս կողմից, կարիք ունի զարգացնելու հարաբերությունները Եվրամիության, ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ»: Դե, ինչ, պարոնայք ռուսաստանցիներ, ահա առճակատում է հասունանում ԵՄ շատ ակտիվ անդամ Նիդերլանդների և Թուրքիայի միջև, ի՞նչ են այնտեղ՝ Մոսկվայում, մտածում այդ առթիվ: Եվ ի՞նչ կասեք ԵՄ մեկ այլ անդամի՝ Բուլղարիայի, և նույն Թուրքիայի հարաբերություններում վերջերս բացված թարախային պալարի հաշվով: Սոֆիան, իհարկե, ինքն էլ է իրեն «քաղաքական պոռնիկի» նման պահում, ինչի ապացույցն է Բուլղարիայի նախկին ղեկավարության վերաբերմունքը ռուսական «Հարավային հոսք» գազամատակարարման նախագծի նկատմամբ: Բայց այսօր Բուլղարիան, վերջապես, ամբողջ ձայնով մեղադրում է Թուրքիային այն բանում, ինչ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ճնշմամբ չէր համարձակվում նույնիսկ խոստովանել, այն է՝ Անկարան ավելի քան 30 տարի ակտիվորեն միջամտել է Բուլղարիայի ներքին գործերին: Իսկ ահա թե ինչ է գրում իտալական ազդեցիկ «La Stampa» թերթը. «Անկարան Եվրոպայի իր սփյուռքի շրջանում վերականգնում է նոր օսմանյան ինքնությունը»: Եվ ո՞վ է ասում (ոչ թե Ավատկովներին ու Կուրտովներին, այլ ուղիղ հենց Պուտիններին ու Լավրովներին), որ Թուրքիան նույնպիսի քաղաքականություն չի վարում Սիրիայի և Իրանի, առավել ևս, Անդրկովկասի ու Հյուսիսային Կովկասի նկատմամբ:
Հետաքրքիր է, մի՞թե Պուտինի աշխատակազմում և Ռուսաստանի ԱԳՆ-ում «չեն նկատել», որ մարտի 10-ին Մոսկվայում Թուրքիայի նախագահ Էրդողանի բանակցություններից հետո թուրքերը հանկարծակի դադարեցրին ուղիղ հաղորդակցությունը Ղրիմի հետ: Իսկ ահա մարտի 18-ին Թուրքիան, ինչպես և, ասենք, ինչ-որ նեոնացիստական Լիտվա նույնպես, ՌԴ-ին Ղրիմի վերամիավորման երրորդ տարեդարձի առթիվ հանդես եկավ հակառուսական հայտարարությամբ: Այս բանը Մոսկվայում, հուսով եմ, պարզապես չեն կարող անուշադրության մատնել, դրա հետ մեկտեղ նաև «ձեռք կքաշեն» Հայաստանից ու հայերից՝ Թուրքիային «սիրահարվելու» իրենց առաջարկություններով ու հորդորներով հանդերձ: Ալո՜, Պուտիններ ու Լավրովներ, ես հասկանում եմ, որ մարտի 18-ը շաբաթ օր էր, և Ռուսաստանում տոն էր: Իսկ ահա թուրքերը շարունակում են ապրել իրենց «նեոօսմանյան նույնականության» պահանջներով, որը Ռուսաստանին էլ է վերաբերում: Այո, այո, թուրքական «Գորշ գայլերի» ախորժակը վերաբերում է նաև Ռուսաստանին, ոչ միայն հայ ժողովրդին ու նրա պատմական հողերին:

Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ «Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի Ինքնավար Հանրապետության բռնանվաճման երրորդ տարելիցի կապակցությամբ»՝ հաղորդում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը: Կարդացեք, ուսումնասիրեք, պարոնայք Պուտին ու Լավրով: Դա ձեզ համար շատ ավելի վատ է, քան Սիրիայում Սու-24 ինքնաթիռի և Մի-8 ուղղաթիռի ոչնչացումը: «Ղրիմի բռնանվաճումը միջազգային իրավունքի նորմերի բացահայտ խախտում է: Թուրքիան վերստին հայտարարում է, որ չի ընդունում թերակղզու բռնակցումը, որն իրականացվել է 2014 թվականի մարտի 16-ի ապօրինի հանրաքվեի արդյունքների հիման վրա»,- ասվում է թուրքական արտքաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: Թուրքական ԱԳՆ-ում ընդգծել են, որ Անկարան ճանաչում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: «Անկարան կշարունակի ուշադրությամբ հետևել Ղրիմում տեղի ունեցող գործընթացներին և պաշտպանել ղրիմցի թաթարների իրավունքներն ու շահերը, որոնք պատմականորեն բնակվում են թերակղզում»,- նշվում է Անկարայի հայտարարության մեջ, որն արդեն առաջին անգամ չէ, որ Կիևի նեոբանդերական, բացահայտորեն ֆաշիստական վարչախմբի «փաստաբանի» կեցվածք է ընդունում:
Ես մի բացահայտ հարց ուղղեմ Ռուսաստանի ղեկավարին, որովհետև միայն ինքնասիրահարված և քաղաքականապես կույր պետք է լինել՝ Թուրքիայի ներկա իշխանությունների հետ «փոխվստահություն» խաղալու համար: Դուք, ի՞նչ է, լրջորեն հավատում եք ամեն տեսակի Ավատկովներին և ինչ-որ տեղ «տեսնում եք», թե Անկարան «հեռանում է Արևմուտքի՞ց»: Բայց դա անմտություն է, Կրեմլի և Ռուսաստանի ԱԳՆ-ի հարգելի իշխանավոր պարոնայք: Սիրիայի հարցով երկու ձախողված նիստը Աստանայում (փետրվարի 16-ին և վերջերս՝ մարտին) Թուրքիայի ջանքերի պտուղն է՝ Արևմուտքի ու Իսրայելի քաղաքականության լիակատար հունում, որի սուր ծայրն ուղղված է նաև թե՛ Ռուսաստանի, թե՛ Մերձավոր Արևելքում նրա շահերի դեմ: Եվ հետո, թե՛ դուք, թե՛ ձեր իրանցի գործընկերները ահա արդեն, առնվազն 2014 թ. աշնանից, ջանադրաբար ընդգծում եք Իրաքի և Սիրիայի ճգնաժամերի հարթմանը մոտեցումների միատեսակությունը: Այսպես անսացեք գոնե այն բանին, ինչ խոստովանում է ձեր ռուսաստանցի, բայց ամերիկամետ փորձագետը՝ բարձրագույն տնտեսագիտական դպրոցի (ԲՏԴ) ավագ դասախոս Լեոնիդ Իսաևը. «Թուրքիայի և սիրիական ընդդիմության համար (կարդա՝ ԱՄՆ-ի և Իսրայելի համար-խմբ.) «Հըզբոլլահի» ջոկատների և մյուս շիական ոչ սիրիական (օրինակ՝ աֆղանական և իրաքյան) զորամիավորումների դուրսբերումը կարգավորման առանցքային հարցերից մեկն է»: Այդ նույն Իսաևը, որը ևս ռուսական տարբեր հեռուստաալիքներով բազմիցս հանդես է եկել թե՛ Սիրիային, թե՛ Նովոռուսիային առնչվող մի ամբողջ շարք հակառուսական հայտարարություններով, այնուհետև ազդարարում է. «Թուրքերի համար լիբանանյան «Հըզբոլլահը» ահաբեկչական կառույց է, որը Սիրիայում պաշտպանում է շիական Իրանի շահերը, իսկ սիրիական սուննիների համար ցանկացած օտարերկրյա շիական խմբավորում զավթիչ է: Անկարան ու ընդդիմադիրները «Հըզբոլլահի» ակտիվության նվազումը համարում են ապառազմականացման գործընթացի մաս»:


Նկատում եք, չէ՞, Իսաևի խոսքերը հիշեցնում են ԱՄՆ-ի Պենտագոնի «ճուռակակռինչ» գեներալների և Իսրայելի ամենամոլի սիոնիստների հռետորաբանությունը: Ո՞ր հիմքով են Թուրքիայի այդ իբր «չափավոր իսլամիստները» լիբանանյան «Աստծո կուսակցությունը» (իսկ «Հըզբոլլահը» հենց այդպես էլ թարգմանվում է) համարում ահաբեկչական կազմակերպություն, եթե այն զբաղված է միայն ազատագրական պատերազմով Հարավային Լիբանանում, պաղեստինյան դիմադրությանն օգնության ցուցաբերումով, իսկ հիմա՝ Սիրիայի հայրենական պատերազմին մասնակցությամբ: Ավելին, ինչ հորս ցավին պիտի այսպես համարեն իբր ռուսաստանյան փորձագետները՝ թեկուզ և Ռուսաստանի քաղաքական հանրության շրջանում թուրքական (իսկ իրականում ամերիկա-իսրայելական) շահերի պաշտպանները: Ես սովոր եմ հաշվի առնելու իրողությունները, այդ թվում՝ ոչ միայն բացահայտ աշխարհառազմավարական, այլև այն իրողությունները, որոնց մասին պարկեշտ, իրազեկ մարդկանց շրջանում պարզապես ընդունված չէ շատ տարածվել: Եվ ես հասկանում եմ, որ երբ Իրանի կասպյան ռազմածովային նավատորմի ռազմանավերը բարեկամական այցով մեկնում են (մարտի 13-ին) Մախաչկալա, իսկ նավատորմի գլխավոր հրամանատար, կապիտան Շեյդայը իր ռուս պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ ասում է, որ իրանական ռազմանավերի ռուսական նավահանգիստ մտնելու նպատակը խաղաղության և հանգստության հիմքի վրա «բարյացակամ և կառուցողական գործակցությունն» է, ապա դա Ռուսաստանի և Իրանի զինվորական շրջանակների միջև տարբեր կարգի պայմանավորվածությունների էությունն է: Իրանի, ոչ թե Թուրքիայի: Եվ ես հասկանում եմ, որ երբ մարտի 15-ին ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային հրապարակավ հայտարարում է, թե Համադանի մերձակա «Շահիդ նոժե» իրանական ավիաբազայի օգտագործման հարցում Ռուսաստանի ու Իրանի միջև ոչ մի տարաձայնություն չկա, և երկու երկրները շարունակում են սերտորեն համագործակցել Սիրիայում ահաբեկչության դեմ մղվող պայքարում, «Մերձավոր Արևելքում գործողությունների հարցում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը շարունակվում է, և մենք որևէ տարաձայնություն չունենք դրանում», ապա դա Ռուսաստանի և Իրանի արդեն ոչ միայն զինվորականների, այլև արտգործնախարարությունների պայմանավորվածությունների արգասիք է:


(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ