Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Դբա լավը» արտահայտությունը Լոռվա տարածաշրջանի ֆոլկ նկարագիրն ու լոռեցու հեգնական վերաբերմունքն է աշխարհին»

«Դբա լավը» արտահայտությունը Լոռվա տարածաշրջանի ֆոլկ նկարագիրն ու լոռեցու հեգնական վերաբերմունքն է աշխարհին»
31.03.2017 | 10:32

«Իրատեսի» հյուրը երիտասարդ կինոռեժիսոր, Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ВГИК) 5-րդ կուրսի ուսանող ԱՐՋ-ԱՍՊԵՏ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆՆ է:

«ՕՐՎԱ ՄԵՋ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ ԵՍ ԼԻՆԵԼ ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻ՝ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՎ ՔՈ ՀԱՅՐԱԿԱՆ ՕՋԱԽ»


-Ասպետ, օրեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին քո նկարած երեք կարճամետրաժ ֆիլմերը՝ «Մի՛ գողացիր», «Ամնեզիա» և «Աղուհաց» (ռուսերեն վերնագիրը՝ «Блудный сын»): Առաջին երկուսը ես ընկալեցի իբրև կինոաշխատանք, մասնագիտական փորձարարություն, որոնք առանձնապես կապ չունեն հայկական իրականության հետ: Իսկ «Աղուհացը» և՛ բովանդակությամբ, և՛ կինեմատոգրաֆիստական լուծումներով մոտ էր ազգայինին: Ինչպե՞ս է լինում, որ մոսկովյան կինոկրթություն ստացող մասնագետը, այնուամենայնիվ, հաջողում է ազգային նյութին ձեռք մեկնելիս:
-Առաջին երկու ֆիլմերը արևմտյան ձևաչափով են արվել: Դրանցում երևում է իմ ձեռք բերած փորձը: Ես մեծ ապագա եմ տեսնում և՛ ժանրի, և՛ այդ ուղղության համար առհասարակ, երկու ֆիլմերն էլ մոտ են մեր ժամանակներին ու պահանջված են միշտ: Դրանք համամարդկային հետաքրքրության թեմաներ են, որ ծաղկում են մեգապոլիսյան իրականության մեջ, ուրբանիզացիայի այժմյան պայմաններում: «Աղուհացը» նկարել եմ Հայաստանում: Այն հայ և ոչ միայն հայ հանդիսատեսին է հոգեհարազատ, որովհետև իմ մասին է: Շատ դժվար ու պատասխանատու աշխատանք է, երբ դու նկարելիս ինքդ քեզ հաշիվ ես տալիս քո արածի մասին: Դա ինչ-որ տեղ ինքնակենսագրական ֆիլմ է՝ իտալական նեոռեալիզմի ոճով արված: Հիմնականում ոչ պրոֆեսիոնալ դերասաններ են նկարահանվել ֆիլմում, որոնց ես ճանաչել եմ դեռ վաղ մանկուց: Դրանք իմ հորեղբայրներն են, մեր համագյուղացիները, որոնք երեխա ժամանակվանից ասել են, որ ես ռեժիսոր չեմ դառնա, կդառնամ ընդամենը խուլիգան: Անցյալ տարի ես այդ մարդկանց՝ պրոֆեսիոնալ դերասանների հետ, նկարեցի իմ ֆիլմում:
-Հիմա նրանք հրաժարվե՞լ են իրենց խոսքից:
-Ոմանք՝ այո, ոմանք՝ ոչ, որովհետև ես նրանց համար մնացել եմ նույն ամբարտավան Ասպետը: Բայց նրանք ինձ սիրում են, ես էլ՝ իրենց: Եվ այդ ամենի արդյունքը այն ֆիլմն է, որը նկարել եմ: Ես մանկուց նրանց դիտել եմ որպես հետաքրքիր կերպարներ՝ սկսած իմ հորեղբայր Ալբերտից, որը տասը տարի չէր եղել Հայաստանում: Նա եղել է Հունաստանում, Կիպրոսում, Ռուսաստանում, իմ ֆիլմի հերոսի նման կորած է եղել և հայտնվել է 2012 թվականին: Անառակ որդու վերադարձը աստվածաշնչյան թեմա է, իհարկե, բայց իրական կյանքից այնքան էլ հեռու չէ: Լոռիում շատ մարդիկ կան, որ գտնվում են դրսում, և ոչ ոք չգիտի, թե ինչով են զբաղված:
-Ցավոք, Հայաստանը անառակ որդիների բնօրրան է դարձել: Ինքդ քեզ համարո՞ւմ ես նրանցից մեկը, որ կարող է երբևէ կորչել որևէ մեգապոլիսում, թե՞ անառակ որդու պատմությունը քո անձի հետ չի առնչվում:
-Անառակ որդի լինելու հարցում նշանակություն չունի, թե որտեղ ես գտնվում՝ քո երկրի սահմաններից նե՞րս, թե՞ դուրս: Օրվա մեջ մի քանի անգամ կարող ես լինել անառակ որդի՝ վերադառնալով քո հայրական օջախ: Դա ընդհանրապես կապ չունի երկրից դուրս գալու պարագայի, անգամ ազգային որակների հետ: Դա արժեքային համակարգերի բախում է, ուրբանիզացիայի հետևանք, որը մեր ազգին, ինչպես և հարավային մյուս ազգերին շատ բնորոշ է այսօր: Լինելով մեգապոլիսի հինգ տարվա բնակիչ՝ ես կարող եմ սա միանշանակ վկայել: Մոսկովյան իմ շրջապատում տարբեր ազգերի շատ ներկայացուցիչներ կան: Եվ այս պայմաններում ամենակարևորը քո արմատից, քո տեսակից, քո արժեհամակարգից չկտրվելն է: Այդ պատասխանատվությունը չի կարելի թերագնահատել: Սա է «Աղուհաց» ֆիլմի ասելիքը, որի վերնագիրը ռուսերեն չի թարգմանվում: Աղուհացի խորհուրդը մեր հողին, մեր Լոռվա ձորին է բնորոշ:

«ՀԱՑ ԲԵՐՈՂ» ԱՐԹՈՒՐԻ ՍԻՐՏԸ ԿԱՆԳՆԵՑ՝ ՇԱՏ ԲԱՐԻ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ»


-«Հաց բերող» Արթուրի մահը քեզ համար չի՞ սասանել աղուհացի խորհրդի ավանդական ընկալումները:
-Ո՛չ, չի սասանել, ընդհակառակը՝ ամրապնդել է: Ես կարծում եմ՝ յուրաքանչուր հայ և առհասարակ նորմալ մարդ, լսելով այդ լուրը, պիտի մեծ ցավ ապրի, քանզի «Հաց բերող» Արթուրի սիրտը կանգնեց՝ շատ բարի լինելու պատճառով: Իմ օպերատորը` Մուհամեդը, որը դաղստանցի է, նույնպես մեծ զարմանք ու ցավ ապրեց: Արթուրի խնդիրը ո՛չ քաղաքական էր, ո՛չ կուսակցական և ո՛չ էլ պետական. նա եկավ ու հիշեցրեց, որ մարդ լինելը մեր երկրում ամենակարևոր հատկանիշն է, մի բան, որ մենք, թերևս, ուզում ենք մոռանալ: Իր հերոսական, խենթ ու ըմբոստ քայլերով` այդ տարիքում և այդ վիճակում, ինձ ու իմ սերնդին ստիպեց ավելի համառ լինել և չհանդուրժել անարդարությունը: Նա մի ասպետ էր` մերօրյա, և պիտի դառնա քրիստոնյա մարդու խորհրդանիշ: Առհասարակ կինեմատոգրաֆի մեջ հանդիսատեսի համար համակրելի են այն հերոսները, որոնք հասարակության համար անբացատրելի հավակնոտ քայլերի են պատրաստ: ՈՒ եթե նույնիսկ մեր իշխանությունը ժամանակին չբարձրաձայնեց իր վերաբերմունքի մասին, դրա ներկայացուցիչներից շատ շատերը, համոզված եմ, գիշերները չեն կարողանում քնել, նույնիսկ նրանք, որ «Հաց բերողի» արարքը դատապարտել են, հոգու խորքում համակրում են նրան ու ցավում կատարվածի համար: Մարդը մի կյանք է ապրում, ու ինչպես իմ սիրելի գրող Հրանտ Մաթևոսյանն է ասել իր հայտնի «Ծառերը» գործում. «Ակոփին ձին է քացի տվել, Օսեփը հանդում մրսել, եկել-մեռել է, Եսայուն ջուրը տարավ, Ավետիքին` ծերությունը, ձերոնք մի հերոսական, մի կարմիր, մի շրխկան մահ չեն ունեցել… ՈՒ սրանց բոլորի գլխին իրենց Օհանես հերը` հարյուր չգիտեմ քանի տարեկան: Ծառերի պես կան, ոտի վրա փտում են: Աշխարհի ոչ չարն են հասկանում, ոչ բարին…»: Մեր Արթուրը աշխարհի չարն ու բարին հասկանում էր ու կարմիր մահով գնաց ու հավերժ կմնա մեր սրտերում, իսկ ոմանք թող փտեն ծառերի պես:

«ԵՐԻՏԱՍԱՐԴ, ԽԵՆԹ ՈՒ ԽԵԼԱՌ ԿԱԶՄՈՎ ՍԿՍԵԼՈՒ ԵՆՔ «ԴԲԱ ԼԱՎԸ» ԿԻՆՈՆԱԽԱԳԻԾԸ»


-Ազգային արմատներից քո կտրված չլինելու փաստը մի նոր կինոարձանագրություն պիտի ստանա ապագա ֆիլմումդ, որի վերնագիրը նույնպես ոչ հայկական միջավայրում ընկալելի չի լինի, անշուշտ: Զուտ լոռեցիական «Դբա լավը» (ռուսերեն թարգմանությամբ՝ «Խ սցփՔպՎց») բառակապակցությամբ ես վերնագրելու նոր, լիամետրաժ ֆիլմդ: Ինչպե՞ս հասունացավ այս ֆիլմի գաղափարը, ի՞նչ փուլում է գտնվում այդ աշխատանքը:
-Դա իմ դիպլոմային աշխատանքն է լինելու: Նույնիսկ մտածում եմ չթարգմանել ֆիլմի վերնագիրը: «Դբա լավը» արտահայտությունն ինձ համար ընդամենը Լոռու մարզ տանող ճանապարհի ցուցանակին գրված բառակապակցություն չէ: Ես դա լսել եմ մանկուց: Երբ լոռեցիները կենաց են ասում, վերջակետ են դնում այդ արտահայտությամբ: «Դբա լավը» արտահայտությունը Լոռվա տարածաշրջանի ֆոլկ նկարագիրն ու լոռեցու հեգնական վերաբերմունքն է աշխարհին: Դա բարոյական կոդեքս է, որ կա Լոռվա ձորում: Ֆիլմիս հերոսները գյուղացի տղերք են, որոնք չեն կորցրել իրենց սկզբունքներն ու հավակնությունները: Թումանյանական, հրանտմաթևոսյանական աշխարհի ժամանակակից կերպարներ են, որոնք չեն փոխվել ու չեն փոխվելու գլոբալիզացիայի, արևմտյան, արևելյան արժեքների պարտադրանքների պատճառով: Սկզբունքի համար նրանք հասնում են Մոսկվա: Այստեղ նույնիսկ առաջնային չէ ազգային թեման: Համամարդկային համատեքստում ներկայացվելու է մարդու այն տեսակը, որն ապրում է սարերում, իր հողին կպած, և դրանով արդեն ամուր է, հաստատուն: Մոսկվայում հինգ տարի գտնվելով՝ ես գիտակցել ու հասկացել եմ, թե ինչ ունեմ, ինչ եմ ստացել Լոռուց, իմ հող ու ջրից, իմ հորից, իմ պապերից, առհասարակ լոռեցիներից: Լոռին Հայաստանի մի փոքր մասն է ընդամենը, բայց որոշակի առանձնահատկություններ ունի: Բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ ապրում ենք մի բուռ երկրում, բայց Լոռին ունի իր համն ու հոտը: Սա ես չէ, որ պիտի ասեմ, վկա՝ Թումանյանը, Հրանտ Մաթևոսյանը: Ես ընդամենը մի երիտասարդ ռեժիսոր եմ, որը փորձելու է սինեմատոգրաֆի լեզվով փոխանցել այն, ինչ սուբյեկտիվորեն ապրել, զգացել է այդ ձորերում ու սարերում:
-Ֆիլմի դերասանական կազմի մասին ի՞նչ կասես:
-Շատ ինտերնացիոնալ, խայտաբղետ դերասանական կազմ է ընդգրկված ֆիլմում: Մոսկվայում հաստատված են Վիկտոր Սուխորուկովը, Միխայիլ Գորևոյը, Հայաստանում՝ երիտասարդ, ոչ շատ հայտնի դերասաններ, կան նաև հայտնի ու ոչ հայտնի վրացի դերասաններ, որոնց անունները դեռ չեմ ուզում տալ՝ ինտրիգը ձգելու նկատառումներով:
-Ե՞րբ և որտե՞ղ կցուցադրվի «Դբա լավը» ֆիլմն առաջին անգամ:
-«Աղուհաց» ֆիլմն ընդունվել է «Կինոտավր», «Սուրբ Աննա», Վենետիկի և Բեռլինի միջազգային կինոփառատոներում: «Ամնեզիան» ընդգրկված է եղել Նյու Յորքի և Օտտավայի կինոփառատոներում: «Մի՛ գողացիր» ֆիլմը Չեխիայում, Վրաստանում, Իտալիայում ստացել է փառատոնային առաջին մրցանակներ: Այս ֆիլմի ճակատագիրը նույնպես կապվում է կինոփառատոների հետ: Բայց այն տարբերվում է իմ կարճամետրաժ ֆիլմերից, ունի կոմերցիոն հեռանկար: Բայց քանի որ այն փորձարարական է, մենք ունենք հովանավորների, աջակից ընկերների խնդիր՝ համատեղ արտադրություն իրականացնելու համար: Մոսկվայում ու Թբիլիսիում ինձ շատ ավելի ջերմ ընդունեցին, քան այստեղ՝ Հայաստանում: Չգիտեմ՝ ինչու: Կարող է՝ կապված էր մեր ընտրությունների շրջանի հետ. ես ապաքաղաքական մարդ եմ: Այնուամենայնիվ, մենք մեր պրոֆեսիոնալիզմի ու էնտուզիազմի վրա մեծ հույս ենք դրել, և մեր երիտասարդ, խենթ ու խելառ կազմով սկսելու ենք «Դբա լավը» կինոնախագիծը: Սկսելու ենք Մոսկվայից, որովհետև այնտեղ ես լիովին նախապատրաստել եմ աշխատանքների մեկնարկը: Հետո Թբիլիսիում ենք նկարահանելու, ավելի ուշ՝ Լոռվա ձորում:
-Ֆիլմն ավարտելու ժամկետները նախանշվա՞ծ են:
-Այո՛: Ֆիլմը պատրաստ կլինի 2017 թվականի վերջին: Ես ցանկանում եմ, որ իմ սերնդի ներկայացուցիչները շատ ֆիլմեր դիտեն ու շատ աշխատեն: Որովհետև մեր տարածաշրջանում, և ոչ միայն այստեղ, մարտունակ լինելու համար մենք ընդամենը պետք է լինենք պրոֆեսիոնալ: Այստեղ ազգային նկարագրի ու գեների խնդիրը չէ, այլ մեր պատրաստվածության աստիճանի: Կինոն մի բնագավառ է, որում հինգ տարին մեկ փոփոխություն է կատարվում: Կինոն փոխվում է իր կառուցվածքով, իր մեխանիզմով, ու այդ փոփոխություններին անտեղյակ լինելը թույլ չի տալիս մարդկանց պատկերացնել, թե ինչ կարելի է անել կինոյում, և թե ինչ կտա դա մեզ՝ մեր տարածաշրջանում որոշակի դիրքի հասնելու համար: Նույն իտալացիները, ֆրանսիացիները, անգամ վրացիներն ունեն որոշակի ձեռագիր կինոյում: Ինձ թվում է, որ մեր՝ հայերիս ժամանակը նոր է գալիս այս առումով: Խորհրդային ժամանակաշրջանից հետո մենք կարող ենք ընդամենը համարձակ քայլ անել, ու աշխարհը մեզ կընդունի այնպիսին, ինչպիսին կանք: Շատերի համար Հայաստանը՝ իր կոլորիտով, իր առանձնահատկություններով, մի զարմանալի և նոր աշխարհ է, որը դեռ լիովին բացահայտված չէ: Հայկական կինոյի լեզվով մենք ընդամենը կարողացել ենք շատ մոտավոր, չնչին պատկերացում ստեղծել դրսի մարդկանց աչքում մեր մասին: Աշխարհում տեղյակ չեն, թե ինչ է Հայաստանը: Սակայն Հայաստանը շատ համընդհանրական ընկալման տարածք է: Մեր երկրում կարելի է նկարել ցանկացած բանի մասին, ցույց տալ ցանկացած պատմություն ու միջավայր, որովհետև մենք ունենք այնպիսի բնություն, այնպիսի հարստություն, որ դրանով կարող ենք գրավել աշխարհը: Հայաստանը կարող է անգամ Հոլիվուդի մասնաճյուղը դառնալ: Բայց, չգիտես ինչու, մենք մեր այդ ունեցածը չենք գնահատում: Վստահ եմ՝ գալու է այդ օրը, որ հասկանալու և գնահատելու ենք այն, ինչ մերն է: ՈՒ ես անձամբ լինելու եմ դրա ականատեսը: Դա ստացվելու է, դա անելու է իմ սերունդը: Որովհետև մենք ազատագրված ենք այն բարդույթներից, որոնք ունեցել են խորհրդային հասարակարգում ապրած մեր հայրերն ու մայրերը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ