Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մահ իմացյալից դեպի իմաստազուրկ անմահություն

Մահ իմացյալից դեպի  իմաստազուրկ անմահություն
31.03.2017 | 10:47

ՑՈՒԳՑՎԱՆԳ


Ընդամենը կանցնի 48 ժամ, և ընտրատեղամասերը կրնկակոխ կբացեն իրենց դռները, նախ` հաստատակամ-անկաշառների, ապա ընտրակաշառվածների և, վերջապես, ընտրվողների առաջ։ Անկեղծ ասած, ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր վարկանիշային ընտրվող նախապես ի մի բերի իր կողմից կաշառվածներին և ժամ առ ժամ առաջնորդի նրանց դեպի քվեախցիկներ։ Խիղճը վաճառելու։ Այնինչ ապրիլի 2-ը խնկարկելի օր է։ Մեկ տարի առաջ հանրապետությունն ու հայությունը պրկված էին Հայկ Նահապետի աղեղի պես։ Իսկ մեր սրտերը Արցախի նռան նման գերհասունացել և պատրաստ էին պայթման։ (Ով չի տեսել, չի համտեսել նուռը արցախյան, նա իր կյանքում կորցրել է անդարձ մի բան)։ Բոթը հուրհրան կայծակի պես փայլատակեց երկրով մեկ, զի պարզ դարձավ, որ Հայք աշխարհի հյուսիսային սահմաններում պատերազմ է սանձազերծվել, և հայոց բանակը հանկարծակիի է եկել, բայց և այնպես Հայքը հաղթեց մահ իմացյալի ասպետների նահատակմամբ։
Արժանի լինենք կայծակնային հերոսամարտի զինվորների և սպաների խնկոսկի հիշատակին։
Ընտրախցիկում ապավինենք ներքին անաղարտ ձայնին։ Ամե՛ն։

ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՇՆՈՐՀԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐՏԵ՞Ղ Է ՇՈԳԵՔԱՐՇԸ


Նախ քննարկենք տնտեսական գերհարցը, այնուհետև անցնենք բարոյահոգեբանական մի թնջուկի փետրահանմանը և ավարտենք հանդիպումը մշակութային մի իրազեկմամբ։ (Սակայն մի բան հուշեմ իմ պատվանուն ընթերցողներին, առհասարակ ողջ ընտրող Հայաստանին` պաղատում եմ, որ պահպանեք նախընտրական քարոզչաթերթիկները և դրանց հանգուցային կետերն անգիր սերտեք։ Սերտեք անգիր, և պահանջեք դրանց ամպրոպաձայն հրովարտակումը գալիք ԱԺ-ում։ Զորօրինակ, եթե Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հայտավորվի օվալաձև դահլիճում, ապա դաշինքի երկու դեմքերը` Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը և Ստեփան Կարենի Դեմիրճյանը նախ պետք է առաջ մղեն նախընտրական ներքոնշյալ խոստումները։ Նախ` «Պետական բյուջե վերադարձնել 1991-ից սկսած ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները»։ Եվ հետո` «Վերացնել մենաշնորհները սննդամթերքի, վառելիքի և լայն սպառման այլ ապրանքների շուկաներում, ընկերությունների համար սահմանելով շուկայում ունեցած մասնաբաժնի առավելագույնը 33 տոկոս շեմ»։ Այնուհետև` «Ներկա ավազապետական համակարգի փոխարեն պետք է կառուցվի նոր` շնորհապետական (մերիտոկրատիկ) հասարակարգ։ Դա այն հասարակարգն է, որում մարդիկ գնահատվում են ըստ շնորհի, արժանիքի և վաստակի»։ Դե այս պահին ո՞նց չգոչեմ աշխարհով մեկ` դուք ասացիք: (Սույնը վերաբերում է ԱԺ-ում հանգրվանող անխտիր բոլոր ուժերին)։ Այո՜, նրանք պետք է լինեն օվալաձև դահլիճում ամեն օր և յուրաքանչյուր ժամ և նախընտրական հենց այն խոստումներով, որոնցով մեկ ամիս շարունակ յուղել են ընտրողների սիրտն ու գլուխը, պետք է արդեն դաղեն իշխանության կրունկը։ Ամեն։ Այժմ նախաքննենք տնտեսական ավետիսը։ «Հայաստանի ներդրողների ակումբ», անուն գերխոստումներից, խոստումներ տեղին-սպասված։ Աշխարհի ամենահարուստ հայ և ՀԷՑ-ի տիրակալ Սամվել Կարապետյանն է կանգնել գործի գլուխ։ Նրան թև ու թիկունք են «Նոր ոգի» 14-րդ վարչապետը, մեծահարուստ այլ հայորդիներ, որոնք կարծես թե ցանկանում են երկրի շրջադարձված տնտեսակարգը դարձի բերել։ Շատ հուզիչ, նաև համոզիչ է տիար Կարեն Կարապետյանի խոսք-նշանաբանը. «Մենք դրանով կփոխենք մթնոլորտը»։ Կեցցեք, սակայն չմոռանանք, որ մթնոլորտի փոփոխությունը պետք է զգալի լինի օր առ օր, և ժողովուրդը նշյալ փոփոխությունը պետք է զգա ոչ ավելի, ոչ էլ պակաս յուր մաշկի վրա։ Կարծես թե վերոնշյալ ակումբը ձեռնոց է նետում ներհայաստանյան թողարկման քրեապաթոլոգիկ օլիգարխիային, որի առանձին անդամ-դուրսպրծուկներ, կասկած չկա, դարձյալ կհանգրվանեն խորհրդարանի` այնքա՜ն բաներ հիշող բազկաթոռների վրա։ Մի խոսքով, 3,2 մլրդ դոլար գումար է «ներխուժում» ՀՀ։ Դրա ո՞ր մասն է ներդրվելու, մասնավորապես, այն պետականակերտիչ ծրագրերում, որոնք «Իրատեսի» էջերում տարիներ շարունակ (ի դեպ` վերջին 3 վարչապետների գահակալության տարիներին) առաջարկում են տիարք Վահան Համազասպյանը, Ստյոպա Խոյեցյանը, Գեղամ Քյուրումյանը և ձեր հեզ ծառան։ Այս ամենից զատ, արդյոք 3-րդ հանրապետության 2-րդ գլխավոր որոմը` այն է` վարչաբյուրոկրատիան, չի՞ դարանակալի ակումբի վարագույրների հետևում։ Միով բանիվ, «Հայաստանի ներդրողների ակումբը», իր ցանկացած նախաձեռնությամբ և յուրաքանչյուր մտահղացմամբ, պետք է քայլ առ քայլ ամորձատի քրեաօլիգարխիային և վարչաբյուրոկրատիային։ Հակառակ պարագայում երկիրը կշարունակի սմքել ու կապանքվել և վերջնականապես քաղաքականացվել։ Այո՜, այո՜, արմատական բարեփոխումները եթե վերածվեն հերթական աճպարարության, ապա, ինչ խոսք, մեզ մի անելիք կմնա. տնով-տեղով, տոհմով ու ավանդույթներով... իջնել ընդհատակ, այսինքն` ապրել երկրում, բայց իշխանություններից անկախ։ Այսպես, մենք կբարձրանանք սարերը, մենք կխորասուզվենք կիրճերը և կթողնենք իշխանախմբերին լիասիրտ ըմբոշխնել սեփական մենիշխանությունը։

Հարկավ նկատել եք, որ որքան մոտենում է ընտրության օրը, նույնքան առաջադիմում են «Եհովայի վկաներ» աղանդի մունետիկները, որոնք մայրաքաղաքի բանուկ վայրում քարոզում են, ապականում են, այլասերում են։ Բայց հյուսիսից մի փրկչական շունչ էլ փչեց. մարտի 3-ին ՌԴ արդարադատության նախարարությունը կասեցրեց «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեությունը, զի, ըստ նրա, վերջինս Ռուսիայում իրականացնում է ծայրահեղական ակտիվ գործունեություն։ ՌԴ արդարադատության նախարարությունը միաժամանակ դիմել է ՌԴ գերագույն դատարանին` սույն կասեցումը հաստատելու առաջարկով։ Դատական նիստը նշանակված է ապրիլի 5-ին։ Բնավ գաղտնիք չէ, որ նախաձեռնությունը հրապարակ է իջել Կրեմլից, ձեռամբ աշխարհաքաղաքական խաղադրույքների թիվ 1 խաղարկու երևելի Վլադիմիրի։ (ՀՀԿ-ի նոր ոգիները ի՞նչ են մտորում այս ամենի մասին)։
Ի դեպ, առողջապահական համաշխարհային տվյալների համաձայն, եհովականների շրջանում հոգեկան շեղում ունեցողների գլխաքանակը բազմապատիկ գերազանցում է ոչ աղանդավոր բնակչության մեջ առկա հոգեգարների թվաքանակը։ «Եհովայի վկաներ» աղանդի «մայր հայրենիք» ԱՄՆ-ի հրապարակած տվյալների համաձայն, եթե բարեպաշտ ամերիկյան հասարակությունում յուրաքանչյուր 1000 մարդուց հոգեգար է 10-ը, ապա եհովականների հասարակարգում յուրաքանչյուր հազարյակում հոգեխանգարված են ուղիղ 100-ը։
Ի դեպ, համաշխարհային պատմության անձ-աղետներից մեկը` գերխելագար-գերմարդ Ադոլֆ Հիտլերը ևս եհովականներին համարում էր ծայրահեղականներ և կենաց-մահու պայքար էր մղում նրանց դեմ։ Միով բանիվ, մեզ ահեղ մարտեր են սպասում առաջիկա մայիս հաղթական ամսին։ Այն է` վերակառուցենք հանրապետության տնտեսությունը` persona non grata հայտարարելով հայոց տնաբույս քրեաօլիգարխիային, աղանդավորական այլևայլ մտագարների և, վերջապես, նվիրաբերված և ՀՀ պետական բյուջեն գերանհեթեթ մի օրենքի (այն է` օրենք պետական գնումների մասին) անեծքի ներքո տառացիորեն թլպատող վարչական բյուրոկրատիային։

ԱԼԵԳՈՐԻԿ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ


Քնարական դադար է` արձակ իմաստասիրությամբ։ Հողմաղացը խոր քնի մեջ երազ տեսավ, երազում էլ հանդիպեց մաեստրո Երվանդ Քոչարին, կերպարվեստի այս զարմանալի հրաբուխին։ Քոչարը մեր ներկա օրերը այսպես քարագրեց. «Առաջնորդին ժողովուրդն է առաջնորդում, իսկ եթե նա չի հասկանում այդ, ժողովուրդը նրան կործանում է»։ Առաջնորդներ և «վոժդիկներ», ուշքի եկեք, հետո մորեմեկ կանգնեք հայելու առջև, մանրազնին տվեք-առեք և, ի վերջո, խոստովանեք` դուք իսկապե՞ս հայոց ազգի շնորհապետական միակ դեմքն եք, ասել է թե` առաջնորդն եք, թե՞ ուղղակի (սա ամոթ չէ ասելը) խամրած-թմրած մի «վոժդիկ» եք, քանզի այսօր ասպարեզում նորհայկական չկան Նժդեհ ու Մյասնիկյան։ Սակայն բավ է, մշակութամերձ մի եղելությամբ եզրափակենք հողմաղացի պտույտները։
Երևանի «Մոսկվայի պուրակում», նշանավոր դրամատիկական թատրոնի դրկիցությամբ, տեղակայվեց մոռացության մատնված մաեստրո Քոչարի «Ալեգորիա» (նախնական, խորհրդային անվանումը` «Բանվորն ու կոլտնտեսականը») երկֆիգուր հուշարձանը։ Անշուշտ, խիստ ուրախալի է, որ Քոչարի կերտվածքն է ճաշակ և ըմբռնում մշակում Երևանի կենտրոնում, չէ՞ որ այսօր մեր մայր ոստանում գեղարվեստական ճաշակը կամ «անհայտ բացակայող է», կամ էլ ռաբիսի հաղթարշավի մատաղացուն։
Բանվորն ու կոլտնտեսականը կանգնած են մեջք մեջքի, աջ ձեռքերը անկենդան (թերևս, մի քիչ պաթետիկ դիրքով) վեր պարզած, ասես երկնային մանանայի սպասման մեջ։ Կինը կոլտնտեսականն է, այրը` բանվորը։ Եվ ասացեք, պաղատում եմ, կա՞ թեկուզ աննշան կասկած, որ հանճարը (նշյալ դեպքում` Երվանդ Քոչարը) տեսնում է երկրի գլխին գալիքն առնվազն կես դար հեռվից։ Մաեստրոն ժամանակին տեսել է մեր օրերի նորանկախական-այլաբանական Հայաստանը, որտեղ ընկույզը լոբու չափ էր, իսկ լոբին էլ` գարեհատի։ Երկրի բանվորն ու գյուղացին էլ, պաթետիկ-անկենդան դիրք ընդունած, զննում են շրջակայքը հայացքով անբիծ, մի քիչ էլ ցնորական։
Մի խոսքով, «մահ իմացյալը» մեր մատաղ արյան գինն է, տխմար անմահությունը` մեր անցյալի և ներկայի քավությունը։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ


Վաղը լռության համապետական օրն է։ Վաղը նաև պահքի օր է։ ՈՒրեմն լռենք, մտորենք և հուսանք, որ, այնուամենայնիվ, 2017-ի խորհրդարանը ծառայելու է իր վեհ կոչմանը։
Լռենք, զի տարվա մեջ մեկ օրվա լռությունը շատ անպատասխան հարցերի մասին մեր ցավն ու տագնապը կհասցնի առ լյառն Մասիս։ Մտորենք, քանզի 25 տարի դատել ենք` տրված մեր անսանձ կրքերին, և ժամանակն է, որ խորհրդարանի ճանապարհը հենց լռության օրը իսպառ մոռանան մականունակիր սպառողներն ու դրածո-քաղբրածո հացկատակները։
Զինչե՜ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ