Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փայլատակեց՝ հեղված Սուրբ Հոգու զորությամբ և լույսով

Փայլատակեց՝ հեղված Սուրբ Հոգու զորությամբ և լույսով
31.03.2017 | 00:01

Նոր կտակարանում հավերժացել է մի երիտասարդի անուն, որն արձանագրված է Պողոս առաքյալի նամակներից մեկի անվամբ: Առաքյալի գրած նամակի շնորհիվ համայն քրիստոնյա աշխարհը ճանաչելու է այդ անձին, ում Սուրբ Հոգին ընտրել էր որպես գործակից առաքյալներին, թեև տակավին երիտասարդ տարիք ուներ: Նա քրիստոնեական բազմադարյան պատմության մեջ կհիշվի իբրև մի բարեպաշտ ու նվիրյալ քրիստոնյա երիտասարդ, որն իր կյանքի վկայությամբ կարող է իրավամբ ծառայել որպես օրինակ ներկայիս բազմաթիվ երիտասարդների համար, որոնց մեծամասնությունը ցավալիորեն ընդօրինակում և արժևորում է ժամանակավոր փայլատակող, այսպես կոչված, աստղերին, որոնք երկնքից ցած ընկնող աստղերից չեն տարբերվում:


Այնուամենայնիվ հավերժության մեջ հիշվում են նրանք, որոնց Աստված է նկատում և հիշում, ինչպիսի մեկն էլ Տիմոթեոսն էր: Պողոսը երիտասարդ Տիմոթեոսին հանդիպել և նրա հետ ծանոթացել է քարոզչական առաջին ճանապարհորդության ժամանակ: Վերջինս ծագումով Փոքր Ասիայի Դերբե և Լյուստրա քաղաքներից էր: Այս երկրորդ քաղաքը կարևոր կենտրոն էր, գտնվում էր Պիսիդիայի Անտիոքը Դերբեի հետ կապող հռոմեական ճանապարհի վրա, Փոքր Ասիայի հարավում: Հռոմեական գաղութ էր: Համարյա անհնարին է որոշել այստեղ ապրող ազգաբնակչության ճշգրիտ ծագումը:


Տիմոթեոսի հայրը հույն էր: Նա, հետևաբար, պետք է, որ օգտված լիներ հելլենական մշակույթից: Սակայն Ավետարանն ընդունելու գործում վճռական եղավ ավելի շուտ մայրական` հրեական ծագումը:
Մայրը` Լոդիան, և տատը` Եվնիկեն, նրան դաստիարակեցին Հին կտակարանի գրքերի ավանդույթով: Պողոսն այցելեց նրա հայրենի քաղաք, երբ Տիմոթեոսը դեռևս պատանի էր, իսկ վերջինս տեսավ, թե առաքյալը, հանկարծ, ինչպես արժանացավ հեթանոս բնակչության առանձնահատուկ հարգանքին:
Անշուշտ, նրան լսել է մեծ հետաքրքրությամբ: Տեսել է հրաշք կատարելիս և լսել հավատափոխության նրա կանչը, բայց և տեսել է քարկոծված, համարյա սպանված սանձազերծ ամբոխի ձեռամբ: Տեսել է, նմանապես, թե նա, այնուամենայնիվ, ինչպես է բարձրացել տեղից ու վերադարձել քաղաք և հաջորդ օրը շարունակել ճանապարհորդությունը:
Հավատափոխ հավատացյալների մեջ, որոնց թողել էր Լյուստրայում, նաև պատանի Տիմոթեոսն էր, ով դառնալու էր առաքյալի մերձավոր ու թանկ գործընկերներից մեկը:
Քարոզչական երկրորդ ճանապարհորդության ժամանակ Պողոսը մի նոր այցելություն կատարեց Լյուստրա և Տիմոթեոսին վերցրեց իբրև ուղեկից: Այս ընտրությունը թելադրված էր այն հանգամանքով, որ առաքյալը մեծ հարգանք էր տածում երիտասարդի նկատմամբ, հարգանք, որը կիսում էր նաև Լյուստրայի և Իկոնիայի եկեղեցին: Մյուս կողմից էլ, նրան հատկապես հետաքրքրում էր երիտասարդի քարոզչական ձիրքը:


Հրեաների և հրեական կրոն տարածողների թյուրիմացություններից ու զրպարտություններից խուսափելու նպատակով Պողոսը թլպատել տվեց Տիմոթեոսին, այնուհետև եկեղեցու խորհրդով նրան կարգեց երեց: Այս պահից սկսած մինչև առաքյալի մահը Տիմոթեոսը կլինի իր մեծ բարեկամի` հեթանոսների առաքյալի հավատարիմ ուղեկիցն ու սիրած գործընկերը: Նրանք միասին կկտրեն-կանցնեն Ասիան ու Եվրոպան` հայտարարելու Ավետարանը: Միասին կայցելեն Փիլիպե, Թեսաղոնիկե և Բերիա: Կարճ ժամանակ Տիմոթեոսը չի ուղեկցի առաքյալին, սակայն նրան կմիանա Աթենքում, որտեղից Թեսաղոնիկեի եկեղեցու անդամներին կտանի նրա ստորագրած մի ուղերձը:
Առաքյալին կրկին կմիանա Կորնթոսում: Դարձյալ միասին` նրանք կգնան Երուսաղեմ և Անտիոք: Քարոզչական երրորդ ճանապարհորդության ժամանակ, Տիմոթեոսի ուղեկցությամբ, Պողոսն ավելի քան երկու տարի կանցկացնի Եփեսոսում: Այս ընթացքում Տիմոթեոսին Կորնթոս քաղաքում կհանձնարարվի շատ նուրբ մի առաքելություն: Այնուհետև Պողոսի հետ նա կայցելի Հունաստան, նրան կուղեկցի Երուսաղեմ, որտեղ առաքյալը կձերբակալվի: Բանտարկության երկու տարիների ընթացքում Տիմոթեոսը Պողոսի հետ կմնա Հռոմում: Նրա ազատվելուց հետո կգնա Ասիա` զբաղվելու Եփեսոսի եկեղեցու գործերով: Քիչ ժամանակ հետո կստանա առաջին նամակը, որում առաքյալը հրահանգներ է տալիս հովվական իր գործի վերաբերյալ: Երկրորդ նամակը նրան կհասնի կարճ ժամանակ անց` տեղեկացնելով, որ Պողոսը կրկին բանտարկված է և սպասում է անխուսափելի մահապատժի: Այս նամակից Տիմոթեոսն իմանում է, որ առաքյալն ուզում է իրեն վերստին տեսնել, որպեսզի հոգևոր պայքարի վերջին փուլերում օգտվի երիտասարդ բարեկամի ու գործընկերոջ սփոփանքներից:


Տիմոթեոսի առաքելությունը Եփեսոսում եղել է դժվարին: Քաղաքը հին աշխարհի ամենակարևոր մայրաքաղաքներից մեկն էր: Այստեղ էին հատվում փոխադրամիջոցների և առևտրական ճանապարհների մեծ առանցքները: Այստեղ կողք կողքի հանդիպում էին հունական մտքի նշանավոր ներկայացուցիչները, այստեղ կատարում էին նաև հեթանոսական ծագում ունեցող ամեն տեսակի արարողություններ: Եփեսոսը, մասնավորապես, մեծ Դիանայի պաշտամունքի վայրն էր, և նրա սրբարանը կանոնավորապես դեպի իրեն էր ձգում հունական և Արևելյան աշխարհի բոլոր անկյուններից եկող բազմաթիվ ուխտավորների, որոնք այստեղ էին բերում նյութական անսահման հարստություններ:
Բացի հեթանոսական ազդեցությունից, Եփեսոսի քրիստոնյաները ենթարկվում էին նաև իրենց մեջ առկա հրեական կրոն տարածող հոսանքների ճնշմանը: Այն, որ Տիմոթեոսին հանձնարարված էր հովվական նման առաքելություն, պերճախոս վկայություն է նրա նկատմամբ Պողոսի ունեցած հարգանքի: Այսուհանդերձ, բնույթով նա ավելի շուտ զուսպ է, որը բացատրվում է երիտասարդ տարիքով կամ էլ թույլ առողջությամբ: Մեծ սխալ կլիներ նրան համարել ամուր համոզմունքներից զուրկ ամոթխած անձնավորություն: Կարելի է, ավելի շուտ, մտածել, որ մեծ առաքյալին երիտասարդ հավատափոխի ու բարեկամի հետ կապող խոր զգացմունքը բացատրվում է ոչ միայն վերջինիս գրավիչ անձով, այլև ուժեղ բնավորությամբ:
Այնուամենայնիվ, առաքելությունը, որի համար կանչվել էր, նրա առաջ դնում էր շատ բարդ խնդիրներով լի դաշտ: Լիովին վստահելով նրան ու նշանակելով հովիվ, Պողոսը չի մոռանում նրան ուղղել թանկարժեք խուրհուրդներ ու խրատներ: Մենք չգիտենք, թե Տիմոթեոսը, արդյոք, կարողացե՞լ է ընթացք տալ Պողոսի հրավերին և գնալ Հռոմ: Ավանդության համաձայն, կյանքի ու գործունեության մնացած մասը նա անցկացրել է Եփեսոսում` գուցե թե Հովհաննեսի ենթակայությամբ: Արդ, Տիմոթեոսը Հին աշխարհի այն երիտասարդներից էր, որն արտահայտեց իր կատարյալ նվիրումը Աստծուն՝ անձնվիրաբար ծառայելով Քրիստոսի նորաստեղծ եկեղեցուն, որը փրկության տապանն է մահվան իշխանության ներքո գտնվող այս աշխարհում: Տիմոթեոսը համաշխարհային պատմության մեջ մնաց իբրև աստվածային նախախնամության ընտրած երիտասարդներից մեկը, որ փայլատակեց՝ հեղված Սուրբ Հոգու զորությամբ և լույսով:

Պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ