Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լույսի վրեժը

Լույսի վրեժը
02.04.2017 | 18:18


«Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի...»

Ապրիլին մեզ փրկած հրեշտակներին խնկարկելով


Քեզ հավատամ, խոստովանիմ,
Անմահական սուրբ Տիրամեր,
Քու տաճարին էրկրպագիմ,
Շատ պատվական սուրբ Տիրամեր:


-Շա՛ն քած, մի օր կհասնեմ Էրիվան, մարդուդ ու քեզ կգտնեմ, թուլիդ նկարները կդնեմ դեմներդ, հետներդ մի լավ քեֆ կքաշեմ ու վերջում էրկուսիդ էլ կփրթեմ:


Գովամ քումպեթ բանձըր սարեն,
Լուս կբխա մարմար քարեն,
Է՛ն է մըզի փրկի չարեն,
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:


-Ձե՛նդ, ա՛յ լիրբ, էրեխուցս հեռո՛ւ: Ձեռ ես առնո՞ւմ: Գիտե՞ս թուլիդ ինչ եմ արել: Էրեխուս օրորոցին մոտ չգաս, կգյուլեմ:
Արթնացավ սառը քրտինքը ճակատին, ամեն անգամվա պես: Լույսը քիչ-քիչ սկսել էր ճեղքել խավարը ու մութ երկնքում նկարել մոտալուտ լուսաբացի նախանշանները:
Սովորական դարձած սարսափով կինը սպասում էր, որ լրիվ արթնանա, նետվի դեպի նորածնի օրորոցը, համոզվի, որ երեխան տեղում է, որ չի անհետացել, կարգավորի խռխռոցից խլացած շնչառությունը, ամեն օրվա նման սեփական անճարության մաղձը թափի իր ու կողքի սենյակում հերթապահողների գլխին, հետո դուրս գա բակ:
-Արա՛, էս մարդը խելքը լրիվ հետ ա տվել: Ամեն գիշեր էս նույն պատմությունն ա: Ու սենց՝ իրեք ամիս,- նորեկ զինվորի ականջին ամենագետի ինքնաբավությամբ քչփչած նեղճակատ ազերին՝ վրայից մաքրելով մեծավորի աքացիների հետքերը:
-Իրեք ամի՜ս: Բա ինչի՞ց ա սկսվել:
-Դե էս պատերազմից, էլի՛: Մի հատ հայ կար: Գերի, էլի՛: Հենց սկզբից աչքի տակ էր առել: Ոչ մեկին չէր թողում մատով կպնեն: Բերում, ոտ ու ձեռը կապած քցում էր գետնին ու աչքի առաջ մյուս հայերին մշակում: Դե գիտես, էլի՛, ջիհադի ձևերով: Էդ տղու էրեսին նայողը կմտածեր՝ մամայի բալա ա, տեղում տակը կլցնի կամ շան նման կվնգստա: Բայց դրա հեչ պետքն էլ չէր, սառը նայում էր, աչքն էլ չէր ճտում:
-Բա դրա՞ն ոնց ձեռ չէր տալի:
-Պահել էր մեծ կայֆի համար: Դուրն էկել էր, ուզում էր հետը խաղար: Դե՜, էն մեր ձևերով, էլի: Որոշել էր ձեռից առած հեռախոսի վիդեոն միացնի, մերն էր մի տեսակ աղոթք երգում՝ սպիտակ լաչակը գլխին, իրանց սրբի նկարի դեմը, ու էդ երգի տակ էլ սրտի ուզածի չափ շինի, հետո սկսի մանր-մանր փրթել:
-Բա հետո՞:
-Էլ ի՞նչ հետո: Որ սաղից պրծավ, մի քանի օր քաշեց էդ ամեն ինչը, սրան բերեց ներս, խնդմնդալով հեռախոսը դրեց դեմն ու վիդեոն միացրեց: Մերը հանգի՜ստ երգում էր: Խելառ-անտեր, խաբար կա՞ր վրեն, թե ինչ օրի ա իրա թուլեն: Բայց սիրուն կնիկ էր, հա՜: Ու էս վիդեոյի վրա առաջին անգամ էս տղու դեմքին երակ խաղաց: Շեֆը տեսավ, գոհ մնաց, հասկացավ, որ գտել ա թուլ տեղը ու մի կարգին կուրախանա: Ու էն պահին, որ ուզում էր գործի անցնի, էս տղու էրեսին մի հատ բեսամթ պայծառ լույս խաղաց, ու էսի հանգավ: Ըտենց կայֆալո՞մ: Շեֆը որոշել էր՝ ջիհադի սաղ օյինները սրա գլխին խաղա, ու էսի սենց ձեռով-ոտով, մաս-մաքուր մեռներ-պրծնե՞ր: Ջոկում ե՞ս՝ ինչ էղավ: Սկզբում մտածեց, թե ձև ա բռնել, հասավ վրեն, սկսեց քացով տալ, բերանն ու աչքերը բացել, բայց հասկացավ, որ իսկականից մեռել ա, չկա՛: Մեռած տեղը արունլվիկ արեց, հետո նկարեց էդ ամեն ինչը, որ իբր տանի Էրիվան, մորը ցույց տա: Էլի սիրտը չհովացավ:


-Էդ օրվանից ա՞ գժվել:
-Մենակ էդ չի: Դրանից մի օր հետո իմացավ, որ հենց էդ հայի մեռնելու պահերին տղա ա ունեցել: Քեֆ-ուրախություն սարքեց: Ասինք՝ էդ ա, խելքի էկավ, հային մոռացավ: Բայց մեծ օյինը հետո էր սկսվելու:
-Ի՞նչ օյին:
-Դե էս, էլի՛, որ ամեն գիշեր հոգեկանի պես վեր ա թռնում, գոռում-քֆրտում, կնկան քցում քացու տակ:
-Կնի՞կն ինչ կապ ունի:
-Լսի, ա՛յ բութ թալիշ: Հա՜, սրա ականջը որ ընկավ, թե թալիշ ես, օր-արև չես ունենա:
-Է՞դ ինչ կապ ունի:
-Մեկը կար, էլի թալիշ: Խղճով ղզիկ էր: Հասկացել էր, որ էդ տղու վրա աչք ա դրել ու շատ կտանջի, որոշել էր դրան սպաներ-պրծցներ: Էսի իմացավ, տեղում գյուլեց: Ընենց որ, ձեր ազգի վրա ատամ ունի:
-Հա՜, բայց ասիր ու չասիր, ինչի՞ց ա, որ գիշերները գժվում ա:
-Ուրեմն լսի՛: Հենց տղու ծնվելն իմացավ, քեֆ-ուրախությունը սարքեց, դե՜ պարզ ա, լուլ հարբավ ու զենքը հանեց սկսեց անկապ կրակել: Մոտիկները մի կերպ հանգստացրին, քաշին-տարան քնելու: Մի կես ժամ չէր անցել, էսօրվա պես վեր թռավ քնից ու... դե մնացածը տեսար, էլի՛: Մի քանի օրից կնկան ու էրեխուն բերեց զորամաս: Ամեն գիշեր նույն պատմությունը: Հետո ըստեղի կնանիք դրա կնկան բռնցրել հարցուփորձ էին արել: Ու ի՜նչ էին իմացել. էս հայ տղու մերը ամեն գիշեր, հենց շեֆը աչքը կպցնում ա, գալիս էրազին սկսում ա էն վիդեոյի երգը երգել: Հետն էլ սրա էրեխուն առնում ա գիրկն ու սիրուն-սիրուն ժպտում: Էսի գժվում վրա ա պրծնում, ուզում ա խեղդի էդ կնկան, բայց հենց մոտիկանում ա, էսի չքվում ա: Էրազում ինչ անում-չի անում, զարթնելուց հետո էլ մի վախտ չի ջոկում, որ էլ քնած չի: Հոգեկանի պես հասնում ա տղու օրորոցին, հետո կնկան ա առնում քացու տակ: Թե որ կնկա վրա չի հանգստանում, մի էրկու քացի էլ մեզ ա հասցնում: Տեսար, էլի: Կամ էլ բախտներս բերում ա՝ քֆուր-քյաֆարով ենք պրծնում: Ու ըսենց ամեն գիշեր: Հա՜, համ էլ որ կնիկը սկսել ա գնալ-գալ էս գյուղացիքի տուն, կնանիքին պրիզնատ ա էկէլ, որ մարդը էդ դեպքերի վրա տղամարդկությունից ընկել ա, լրիվ՝ զրո: Դրա համար էլ գազազում քացու տակ ա առնում էդ հարիֆին:


-Դե ասա՝ լրիվ գիժ ա կպել:
-Դու սրա գժությունը Սիրիայում չես տեսել: Բայց դրանց հետ գործը պրծնում- հանգստանում էր: Իսկ էս հայի պահով կայֆալոմ էղավ: Ու մերն էլ որ դարձավ գիշերվա էրազ, էլ ոչ մի րոպե խելքը տեղը չի բերում:
Դուռը թափով բացվեց, աղմկոտ հևքով ներս ընկավ սառը օդի դիմհարումներում իրեն մի կերպ վերագտած մեծավորն ու քշեց ուղիղ ննջարան:
-Էրեխուն կողքս կդնես գիշերը, օրորոցի մեջ չմնա:
-Լա՛վ,- առարկելու համարձակություն չունեցավ կինը, թեև սարսափով պատկերացրեց, թե ինչ կարող է պատահել բարուրում քնած երեխայի հետ մղձավանջի մեջ գալարվող գազանի կողքին:
Մինչև կմթներ, տղամարդը սովորականի պես հարբեց, ափիոնի ամենօրյա չափաբաժինը լցրեց երակները, ձեռքի հետ խփեց-ջարդեց մի քանի աթոռ, ոտքի տակ գցեց արյունլվա արեց իր քունը հսկողներից մեկ-երկուսին ու գնաց պառկելու: Կինը բարուրը դրել էր իրենց լայն մահճակալին: Թեև ամուսինը իր վրա չէր էլ նայում, ինքը շարունակում էր քնել նրա կողքին՝ նույն անկողնում: Նորածնին իրենց արանքում տեղավորելուց հետո որոշել էր սպասել՝ մինչև ամուսինը խոր քուն մտնի: Հետո երեխային կվերադարձնի օրորոց ու ինքն էլ կփորձի քնել՝ քանի դեռ ամեն օրվա պես չի հայտնվել երազի կինը:
Ամուսնու խռմփոցը չուշացավ: Կինն աթոռին նետեց գիշերանոցի վրայից փաթաթած շալն ու նստեց մահճակալի եզրին՝ դժվարությամբ հաղթահարելով աչքերին իջնող քունը: Ապահովության համար մի քիչ էլ կսպասի, հետո երեխային կհեռացնի անկանխատեսելի հորից:


Գովամ զքու օսկի խաչեր,
Քու դուռ գիկան մատաղ խոչեր,
Ըխտավորներ՝ ճերմակ մանչեր,
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:
Ճերմակազգեստ հայուհին եկել-նստել էր մահճակալի եզրին, այս անգամ չէր մոտեցել երեխայի օրորոցին: Երգը մեղմաձայն հոսում-լցվում էր բնազդախեղդ ենթագիտակցության շերտերը: Քնի ու արթնության արանքում տարուբերվող գազանը արջաթաթի նմանվող ափերը պարզեց առաջ ու օղակ արած՝ սեղմեց կնոջ կոկորդի շուրջ:


Կիսաքուն կինը վայրկենապես սթափվեց, փորձեց ազատել կոկորդն ու հոր մարմնի ծանրության տակ ջղաձգվող նորածնին: Ամուսնու անասնական մռնչոցն ու կնոջ ճչալու թույլ փորձերը, իհարկե, լսելի էին հարևան սենյակում: Բայց խելքը գցած մեծավորի քունը հսկողները, քթների տակ խնդմնդալով, այդ ամենը համարեցին սեռական անկատարությունից ձերբազատվելու հուսադրող նշան:


Հայուհուն խեղդելուց հետո ազերին բութ երանությամբ փռվեց բարուրի վրա, որոշ ժամանակ անշարժացավ այդ դիրքում, հետո շրջվեց մյուս կողքին ու քնեց մինչև լուսաբաց: Անցնցում լուսաբացներին խորթացած հսկիչները գոհացան ալլահից՝ օրվա խաղաղ սկզբի համար:
Արևի թույլ ճառագայթների խաղը հասավ մեծավորի աչքունքին: Կիսարթուն երանության մեջ նա շոշափեց կողքին դրված բարուրը: Փափուկ շորերի վրայով սահող մատներին դիպավ անբնական մի սառնություն: Մինչև կհասցներ լիովին հաղթահարել քունը, վերապրեց երազի ուրուին խեղդելու հաճույքը: Բայց մեկ-երկու վայրկյան անց մատների տակ որոշակիացող սառնությունը խայթեց նրան: Վեր թռավ, գիրկն առավ բարուրված դին ու քարացավ: Իսկ մահճակալի կողքին կնոջ անշնճացած մարմինն էր:


Մի ձեռքով բարուրը գրկած՝ մյուսով պատյանից հանեց ատրճանակն ու սկսեց անկանոն կրակել: Հսկիչների տասնյակն իրար անցավ. լուսաբացի թվացյալ խաղաղությունը հօդս էր ցնդում: Ցաքուցրիվ բառերից ու անասնական կաղկանձից հասկացան, որ մեծավորը լրիվ է ցնդել: Մնում էր ամուր կողպել նրա ննջարանի դուռը, հետո զեկուցել ամենավերևներին: Հրամայվեց զանգել գժանոց ու սպասել փամփուշտների սպառվելուն:
Երբ էլ ոչ մի փամփուշտ չէր մնացել, հոգեբուժարանից կանչված ավտոմեքենայի մոտ սպասող սանիտարները, զսպաշապիկը թևների տակ, մտան ննջասենյակ: Հայհոյանքի տուտը բռնած խելագարի ձեռք ու ոտքը կոպտորեն ոլորեցին, թմրադեղ սրսկեցին, զսպաշապիկը հագցրին ու մտցրին խենթանոցի մեքենայի մութ խցիկը:
Կիսախավարի մեջ՝ թմրադեղի թանձրացող գոլորշիներում, խելագարը նկատեց սանիտարների՝ իրեն ուղղված անասնակերպ-դաժան հայացքները՝ մոտալուտ խրախճանքի վատ քողարկված սպասումով: Իսկ մեքենայի մութ խցիկի ճաղապատ լուսամուտից թափանցող արևաշողերի մեջ ուրվագծվեց ճերմակաշղարշ դեմքը:


Գովամ զքու նըխշուն յօդեն,
Չըմ հեռանա ես քու մոտեն,
Չըմ կշտանա անուշ հոտեն
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:
-Ու էս հլը վերջը չի: Դու չես թողի, որ հեշտ մեռնեմ,- ցնցվող շրթունքների արանքից վայեց սպանդանոց քշվող կենդանին:
Իսկ ականջները թմբկահարող գվվոցի միջից ղողանջեց բազմաձայն դարձած «Տիրամոր գովքը».
Խոյլի Վարդան գովաց քըզի,
Դո՛ւ էր շնորհք տվի մըզի,
Թըղ պահապան էղնի ձըզի՝
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

[1] Տիրամոր գովք, խոսք՝ Խոյլի Վարդանի, երաժշտությունը՝ Աստղիկ Ստամբոլցյանի:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ