Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Ռուսական ռազմարշավներ ականապատ դաշտերով»

«Ռուսական ռազմարշավներ ականապատ դաշտերով»
04.04.2017 | 10:15

Ռուսաստանյան լրատվամիջոցներում անսովոր չեն հեգնական, բայց, իհարկե, իրատեսական քաղաքական մեկնաբանությունները: Այդուհանդերձ, այդ իմաստով աչքի զարնեց «Завтра» թերթում տպագրված ընդարձակ վերլուծական մի հրապարակում, որի հեղինակն է ռուս ազգայնական քաղաքագետ Կոնստանտին Դուշենովը: Ներկայացնում ենք սոսկ երկու հատված այդ նյութից:

ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻԼԻՏԱՐԻԶՄԻ ՀԱՄԵՍՏ ՀՄԱՅՔԸ


Ռուսներն են գալիս… Արևմտյան ԶԼՄ-ները տագնապի մեջ են: Պաշտելի եվրոպական հասարակությունը տարակուսանքի մեջ է, ամերիկացի ռուսատյացները՝ կատաղության մոլուցքի: Եվ կա առիթը: Եգիպտոսը, ահա, իր տարածքն է տրամադրել հատուկ գործողությունների պուտինական ուժերը ծավալելու համար: Լիբիայում հայտնաբերվել է ռուսական հատուկ ծառայություն: Վտանգված են այն պանծալի ազատությունն ու դեմոկրատիան, որ լիբիական ժողովրդին նվիրաբերել էին «արնախում բռնապետ» Քադաֆիի սպանդի ազնվագույն կատարողները՝ բրիտանացի կոմանդոսների հետնաքարշությամբ, ֆրանսիացիների ու ամերիկացիների ռմբակոծությունների որոտների ներքո: Էլ չենք ասում Սիրիայի մասին՝ զարհուրելի է…


Պենտագոնի ու ՆԱՏՕ-ի խրոխտ ճուռակները համոզված են՝ համաշխարհային հանրությունը պետք է անհապաղ դրսևորի ազնվաբարո ռուսատյացության միասնական պոռթկում. չէ՞ որ սպառնալիքի տակ են Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երջանիկ ապագան ու բարգավաճումը: Մեկ էլ տեսար տարաբախտ ջիհադիստները, ազատասեր բեդվինները և առաջադեմ տուարեգները հայտնվեցին ռուսական դաժանագույն տոտալիտարիզմի ճիրաններում, որն ատելով ատում է քաղաքակիրթ մանկապիղծներին ու հանդուրժողական տրանսվեստիտներին, խրախուսում է քարանձավային մարդատյացությունը և միջնադարյան ընտանեկան արժեքները, կոչ է անում պաշտել ավանդական բարոյական իդեալներն ու բազմադարյան կրոնական սրբավայրերը: Ասացեք, խնդրեմ, էլ ի՞նչը կարող է ավելի սարսափելի ու գարշելի լինել իսկական ամերիկացի լիբերալի ու եվրոպացի դեմոկրատի համար:


Հա, չմոռանանք, եթե չգիտեք, իմացեք, Կրեմլը պատերազմ է նախապատրաստում: Աչք չես փակի, և շփացած ռուս ռազմամոլները հսկողության տակ կառնեն Միջերկրականի ողջ հսկայական ծովափերը։ Նրանց համար քիչ են սիրիական Հմեյմիմի և Տարտուսի ռազմաբազաները: Պուտինի ռմբակոծիչները և Շոյգուի սուզանավերը արդեն ուղղություն են վերցրել դեպի եգիպտական օդանավակայաններն ու լիբիական նավահանգիստները, որպեսզի հսկայական միջերկրածովյան աշխարհաշրջանից վերջնականապես չեզոքացնեն Պենտագոնի հարվածային ավիակիրների բարերար ազդեցությունը և անգլո-ֆրանսիական գորգային ռմբակոծությունների ոգևորիչ ներգործությունը:
Նման ռուսատյաց թեզիսներով է վերջին ժամանակներս Արևմուտքի համաշխարհային քարոզչական մեքենան փորձում սնուցել «միջազգային հասարակայնության» ուղեղը:

ՍՈՒԼԹԱՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ


«Աշխարհի ամենահզոր մարդուն», ինչպես վերջերս Պուտինին անվանել էին ամերիկյան Սի-Էն-Էնի համանուն հեռուստաֆիլմում, ոչ մի կերպ չեն թողնում հանգիստ մտածել: Հազիվ էին հրեա Նեթանյահուի հետևից փակվել կրեմլյան դռները, և, ա՜յ քեզ բան, մուտքի մոտ հայտնվեց թուրք Էրդողանը…


Ինձ համար էլ, ասում է նա, այսօր ծայրահեղ անհրաժեշտ է դաշինքը Ռուսաստանի հետ: Ես, ասում է, ԱՄՆ-ի վրա արդեն հույս չեմ դնում, Վաշինգտոնում այսօր ավելի շատ զբաղված են երկպառակչական պայքարով, քան արտաքին քաղաքականությամբ: Եկեք, շարունակում է, համատեղ գործենք Սիրիայում, հավերժ բարեկամ լինենք ու ռազմավարական դաշնակից… Ասում է, և գլխավորը, աչքերն այնքան ազնվատես են, անկեղծափայլ, որ քիչ է մնում հուզմունքից լացես:
Կատակը` կատակ, սակայն անաչառ լինենք. Էրդողանը մոսկովյան բանակցություններին մասնակցելու համար իր հետ բերել էր և՛ պաշտպանության նախարարին, և՛ հետախուզության ղեկավարին: ՈՒ լրագրողներին հայտարարեց. «Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության հիմնական տարրերը ներկայումս պաշտպանական-արդյունաբերական համալիրն ու էներգետիկան են: Շատ կարևոր է երկու երկրների ռազմական համագործակցությունը: Այս հարցը հանգամանորեն քննարկվեց նեղ շրջանակով մեր հանդիպման ընթացքում: Բացի այդ, մենք ռազմավարական նշանակություն ենք տալիս «Աքույու» ատոմակայանի շինարարությանը»:


Էներգետիկայի ասպարեզում մենք, իրոք, թուրքերի հետ մեծ ծրագրեր ունենք: Ատոմակայանի կառուցումը մեր մասնագետները կավարտեն 2023 թվականին: Նախագծի արժեքն արդեն տպավորիչ է՝ 24 միլիարդ դոլար: «Թուրքական հոսքի» մասին արդեն ասվել է ամեն ինչ: Իսկ ինչ վերաբերում է ռազմական համագործակցությանը, թեման այնքան էլ հասկանալի ու պարզ չէ: Թուրքերը, կարծես, ուզում են գնել մեր կԹԿ հ-400 նորագույն համալիրը և հետո մասնակցել «Իսլամական պետության» մայրաքաղաք Ռաքքայի գրավմանը, այսինքն, հետպատերազմյան Սիրիայում ստանալ առանձին «ազդեցության գոտի»:
Պուտինը պատասխանեց խուսափողաբար՝ Սիրիայում խիստ շատ են անորոշության գործոնները, քիչ չեն հակասությունները, և նրա տարածքային ամբողջականության սկզբունքը պարտադիր է արդյունքի հասնելու համար:


Ռուս-թուրքական համագործակցության իրական հեռանկարները ճիշտ գնահատելու համար պետք է հստակ հասկանալ, որ Թուրքիան ներկայումս հայտնվել է շատ ծանր իրավիճակում: Եվ հարցը դեռ այն չէ, որ վերջին տարում Էրդողանը հայհոյանքների մակարդակի իջեցրեց հարաբերությունները Եվրամիության ու գրեթե նույնքան էլ ԱՄՆ-ի հետ: Գլխավորը թերևս այն է, որ ռազմական առումով Թուրքիան գործնականում շրջափակված է:
Դատեք ինքներդ: Վերջին 2-3 տարում Ռուսաստանը Թուրքիայի սահմանների մոտ ստեղծել է «փակ մուտքի» երեք գոտի: Հաստատվելով այդ գոտիներում` Ռուսաստանի զինված ուժերը կարող են ցանկացած պահի շրջափակել Թուրքիայի ողջ ռազմական ակտիվությունը ոչ միայն Սև ու Միջերկրական ծովերի սահմանագծերում, այլև նրա ցամաքային սահմաններում:
2014 թվականից հետո Թուրքիայի հյուսիսային սահմանում Ղրիմը դարձել է առաջապահ ռուսական հզոր ամրոց, որը Մոսկվայի համար անկասելի ռազմական հեգեմոնիա է ապահովում ողջ սևծովյան ջրատարածությունում՝ Սևաստոպոլից մինչև Ստամբուլ, Բաթումից մինչև Կոնստանցա: Եվ այդ հեգեմոնիան այսօր այնքան ամուր է, որ Սև ծովում ակտիվությունը բարձրացնելու ՆԱՏՕ-ի ոչ մի նախաձեռնություն չի կարող այն խարխլել:
Իրենց հարավային սահմանում թուրքերը, ըստ էության, զրկվել են ձեռքերի ազատությունից Հմեյմիմում և Տարտուսում ռուսական ռազմաբազաների ծավալումից հետո: Այս բազաների միացյալ հզորությունն այնպիսին է, որ իր նշանառության տակ է առնում ոչ միայն արևելյան Միջերկրականը, այլև թուրքական պետության ամբողջ տարածքը:


Արևելքում ևս Թուրքիան շրջափակված է 102-րդ ռուսական ռազմաբազայի կողմից, որը տեղաբաշխված է հայկական Գյումրիում և, կԹԿ հ-300 համալիրների ու ԾՌչ-29 կործանիչների հետ մեկտեղ, ներառում է հարվածային ուղղաթիռների ստորաբաժանումը՝ Ռուսաստանի և Հայաստանի զորքերի միացյալ խմբավորմանն անմիջականորեն աջակցելու համար: Եվ եթե ռուսական ռազմաբազայի զինծառայողների թվաքանակը համեմատաբար մեծ չէ՝ մոտ 5 հազար մարդ, ապա Երևանի զինված ուժերը կազմում են 48 հազար: Սպառազինության մեջ մտնում են 110 (այլ տվյալներով՝ ավելի քան 200) տանկ, 47 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 335 խոշոր տրամաչափի հրետանափող, ինչպես նաև կԹԿ հ-300, ըցՍ Ծ2 համալիրներ և նույնիսկ «Իսկանդեր» օպերատիվ-տեխնիկական հրթիռահամալիրներ, որոնք Մոսկվան, Երևանից բացի, ոչ մեկի առայժմ չի տրամադրել:


Նշենք նաև, որ հայերը երբեք չեն մոռանում, թե ով իրականացրեց Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի սկզբին, երբ սրի քաշվեց 1,5 միլիոն խաղաղ բնակչություն՝ ծերեր, կանայք, երեխաներ…
Եթե այս ամենին ավելացնենք նաև, որ Արևմուտքում՝ Եվրոպայում, Թուրքիան սահմանակցում է Հունաստանի հետ, որի հետ արդեն 50 տարի գտնվում է գրեթե պատերազմական վիճակում (հենց այնպես հույները հեռատեսորեն Ռուսաստանից չգնեցին 12 կԹԿ հ-300 համալիր), ապա պատկերը վերջնական տեսք կընդունի:
Ինքնին հասկանալի է, որ Էրդողանին քմահաճության տեղ չի մնում: Մնում է միայն գալ Մոսկվա և պայմանավորվել այդ չարանենգ ռուսների հետ։


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ