Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աղոթքը սանդարամետական դևերի հալածիչ է

Աղոթքը սանդարամետական դևերի հալածիչ է
04.04.2017 | 10:32

Սբ Գրիգոր Նարեկացու հայրը` Խոսրով Անձևացին, եղել է նշանավոր հոգևորական և համարվել «այր համեստ և գիտնավոր», թեև իր կյանքի վերջնամասում Անանիա Մոկացի կաթողիկոսի հետ ունեցած անհաշտության պատճառով ենթարկվել է բանադրության և մեղադրվել թոնդրակյաններին հարելու մեջ։ Այնուամենայնիվ, Խոսրով Անձևացու միջոցով մեզ հասել են մեկնություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն նաև պատմական դիտանկյունից. լուսաբանում են տասներորդ դարում գործող ծիսական արարողակարգերը։ Մեզ հասած նրա հայտնի մեկնություններից են հայ եկեղեցու պատարագի մեկնությունը և «Մեկնություն ժամակարգության» աշխատությունը։


Խոսրով Անձևացին նաև գրել է աղոթքի մասին, որը հոգեշահ խորհուրդներ է պարունակում քրիստոնյայի համար և մարդու աղոթական կյանքին արթնություն պարգևում։ Նա ասում է` աղոթքն ամրության պարիսպ է, հաստատության սյուն, հավատքի հիմք, հուսո խարիսխ, առ Աստված ելնելու սանդուղք։ Աղոթքը պարծանքների պսակ է, փրկության պատճառ, բարիքների առիթ, համբերության մարզիչ, աստվածպաշտության ծանոթություն, Սուրբ Հոգուն հրավիրող, ինչպես վկայում է աղոթքով այս ամենը գտած ու պայծառացած Կոռնելիոսը (Գործք 10.1-33)։
Աղոթքը սանդարամետական դևերի հալածիչ է, Բելիարին ջախջախող, բանսարկուին կործանող, նրա բոլոր արկածները խափանող և կորստյան ամոթ։ Եվ քանի որ սատանան գիտի, որ մարդն աղոթելիս շնորհ է ստանում Աստծուց, ուստի ջանում է աղոթքի ժամին ցնորել մարդկանց մտքերը, որպեսզի զրկի շնորհներից, որոնք մարդն ստանում է մաքուր մտքով աղոթելիս։ ՈՒստի և մենք, իմանալով այս, նրան հակառակ հանապազ ջանանք անզբաղ մնալ աղոթքում։ Եվ այն ժամին մեր սրտերը մաքրենք չարի բոլոր արկածներից և միշտ աղոթենք առանց բարկության և երկմտության։ Եվ մանավանդ սրտանց աղոթենք թշնամիների համար, որպեսզի մեր աղաչանքն էլ ընդունելի լինի Աստծուն։ Եվ հատկապես աղոթքի ժամին մեր հոգիներում ընդունենք Քրիստոսի սիրո հուրը` հարատև պաղատանքներով արթուն լինելով Նրա առջև, առօրյա հոգսերը թեթև համարելով հանուն մշտնջենավոր բարիքների վայելքի։
Պարտավոր ենք միմյանց համար աղոթել, օգնել և փրկել միմյանց մարմնի և հոգու վտանգներից։ Քանի որ եթե մարտընկերները զգուշացնում են ոչ միայն սեփական անձի, այլև ընկերոջ համար, և մեռնում նաև ուրիշների համար, որչափ առավել ևս մենք ենք պարտավոր հոգևոր պատերազմում աղոթքներով և բազում բարեխոսություններով միմյանց օգնական լինել, ինչպես սովորեցինք գլխավոր առաքյալներ Պողոսից, Հովհաննեսից և Հակոբոսից։ Քանզի ասում է, թե միմյանց համար աղոթեցեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը խիստ զորավոր է օգնելու համար (Հակ. 5.16), իսկ Պողոսն ասում է, թե զգույշ լինենք միմյանց համար, սիրո և բարի գործերի հորդորներով (Երբ. 10.24)։

Եվ դարձյալ, թե ամենայն աղոթքներով և աղաչանքներով ամեն ժամ աղոթեցեք հոգով և նույնի մեջ տքնեցեք ամենայն ժուժկալությամբ և աղաչանքներով բոլոր սրբերի համար (Եփես. 6.18)։ Այսինքն` նաև բոլոր քրիստոնյաների, և ավելացրեց, թե նաև ինձ համար։ Եվ եթե Պողոսն աշակերտների աղոթքների կարիքն ուներ, որչափ առավել ևս մենք կարիք ունենք միմյանց համար աղոթելու, և մենք, ուրիշների համար աղոթելով, ուրիշների աղոթքները կշահենք մեզ համար։
Իսկ Հովհաննեսը ոչ միայն աղոթքների պարտավորեցրեց մեզ, այլև մահվան` ասելով, թե Հիսուսն իր կյանքը դրեց մեզ համար, մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար դնել մեր կյանքը (Ա Հովհ. 3.16)։ Եվ եթե պետք է մեզ մեռնել ամենքի համար, ինչպես ասում է առաքյալը, ապա առավել ևս պետք է աղոթել ամենքի համար։ Քանզի Նա, Ով աղոթքների վարդապետն է և ընդունիչը, հրամայում է ամենքի Հորն աղոթել ո՛չ հատուկ անձի համար, այլ բոլորի` «Հայր մեր» ասելով. քանզի սուրբ Ավազանով որդիացանք Նրան։ Եվ արդ, այսպես հայցում է բոլոր եղբայրների համար` «մենք և մեզ» և ոչ երբեք «իմ և ինձ» ասելով, և մենք այսպես ճշմարիտ խաղաղություն խնդրենք։

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ