Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեր կյանքը Քրիստոսի հետ թաքնված է Աստծո մեջ

Մեր կյանքը Քրիստոսի հետ թաքնված է Աստծո մեջ
04.04.2017 | 09:32

Փիլիպե քաղաքը համաշխարհային ճանաչում ստացավ ոչ այն պատճառով, որ կրում է մակեդոնացի թագավոր Փիլիպոսի` Ալեքսանդր Մեծի հոր անունը, այլ որ կապվում է Պողոսի առաքելական գործունեության հետ: Քաղաքի անունը պատմության մեջ կմնա ոչ թե հռոմեական լեգեոնների մղած ճակատամարտով, այլ նամակով, որ հատուկ հանձնարարությամբ Պողոս առաքյալը նրան է հղում մ. թ. ա. 1-ին դարում: Այս նամակը Պողոսը գրել է Հռոմում` մոտ 63 թվին: Սկզբում քաղաքը կոչվում էր «Փոքր շատրվաններ» անունով, քանի որ գտնվում էր բազմաթիվ աղբյուրների մոտ:


Փիլիպոս 2-րդ Մակեդոնացին մ. թ. ա. 4-րդ դարում ընդարձակում է քաղաքը և այն ամրացնում` տալով իր անունը: Հռոմեական կայսրության ծավալմանը զուգընթաց Փիլիպեն դառնում է հռոմեական գաղութ: Փիլիպեի եկեղեցու հիմնադրման պատմությունը, որի համար պարտական ենք Ղուկասի «Գործք առաքելոց»-ին (գլ. 16), միևնույն ժամանակ և՛ դրամատիկ է, և՛ ցնցող: Պողոսի` փիլիպեցիներին ուղղված նամակը եղբայրական բարեկամության մեծ նամակ է: Այն առատ է քրիստոնեական սիրով, հավատով, բարի խորհրդով և հրաշալի տրամադրությամբ: Այն որակվում է իբրև Պողոսի գրած նամակներից ամենաերջանիկը: Քրիստոնեական համայնքի կազմավորման առաջին օրերից մինչև այս նամակը գրելը հոգևոր կյանքի հաղորդությունն այստեղ կատարյալ է: Այս նամակը մեզ նաև հնարավորություն է տալիս ըմբռնելու առաքյալի անձնավորության մի շարք գծեր: Այստեղ համարյա կարելի է խոսել հոգևոր ինքնակենսագրության մասին: Նրա բնավորության ամբողջ հարստությունը աչքի է զարնում, հատկապես մեղմությունն ու նույն հավատքն ունեցող եղբայրների ու քույրերի հանդեպ ջերմ համակրանքը: Մինչդեռ կորնթացիներին ուղղված նամակը մեզ մասնակից է դարձնում ներքին այն խռովություններին և հուզումներին, որ նրան պատճառում է Եկեղեցու հոգևոր վիճակը:


Փիլիպեցիներին ուղղված նամակն արտացոլում է հռոմեական բանտում գտնվող մարդու բացառիկ ու զարմանալի հոգևոր ուժը: Միևնույն ժամանակ այն մեզ ցույց է տալիս նաև աշակերտ ու ծառա Պողոսի և նրա Տիրոջ` Հիսուս Քրիստոսի միջև մտերիմ և իրական հաղորդությունը: Այս նամակում արտահայտիչ կերպով տեսնում ենք, թե Պողոսն ինչպես է դրսևորում անշահախնդիր ու սիրով լի հոգի, հանդարտ քաջություն, լուռ ուրախություն և հատկապես հույս: Փիլիպեցիներին հասցեագրված նամակը, ինչպես արևմտյան աստվածաբաններից մեկը նշում է, մի բանտարկյալ մարդու նամակ է` ուղղված խաչի ներքո գտնվող Եկեղեցուն:
Քրիստոսին նվիրյալ մի մարդ, որ մարտ է մղում, հավատքի մարտ: Հիսուս Քրիստոսի ծառան, որ մեկ Վարդապետ և մեկ Տեր է ընդունում և աշխարհի առջև հաստատում է այդ տիրապետությունը, բայց նաև անմիջապես հարձակման է ենթարկվում այդ աշխարհի կողմից:
Փիլիպեցիներին ուղղված նամակը շղթայակապ ծեր մարտիկի նամակ է՝ ուղղված երիտասարդ մարտնչող Եկեղեցուն, որը մարտական մկրտություն է ստանում: Սա մարդասիրական հրաշալի նամակ է, որտեղ քարոզչի զգացմունքները երբեմն-երբեմն հորդում են` ցուցադրելով նրա ուրախություններն ու անհանգստությունները: Բայց դա նաև կտակ է. ունի վերջին լուրի նշանակություն, գրված է մի մարդու կողմից, ով գիտի, որ մահը մոտ է և մի վերջին անգամ ցանկանում է յուրայիններին տեղյակ դարձնել միակ կարևոր իրողությանը, թե պաշտպանենք նույն մարտը, որը ինքն է պաշտպանել և դեռ պաշտպանում է:


Բանտը, հալածանքը նրա համար նորություն չեն: Փիլիպեցիները տեսել են, թե առաքյալն ինչպես է գործել իրենց մեջ: Տեսել են պայքարելիս, չարչարվելիս: Ծնվող Եկեղեցին, ի սկզբանե, ունեցել է նրա հավատքի հաղթական զորությունն ու առաջ բերող հակասությունը, վտանգները: Այս ամենի իմացությունն ամենևին չի սառեցրել նրա եռանդը, այլ ընդհակառակը: Փիլիպեցիների եկեղեցին միակն է, որից ստացել է անձնական նվիրատվություններ, և միայն այս փաստը շատ բան է ասում նրանց փոխադարձ մտերմիկ և վստահելի կապերի մասին: Գրված լինելով մահվան եզրին, այս նամակն ամբողջությամբ հարություն առած և հաղթանակած Քրիստոսի նշանի ներքո է, որտեղից էլ բխում են հատկանշական խաղաղությունը և ուրախությունը:


Աստված միջամտել է մարդկության` Հիսուս Քրիստոսով պատմությանը: Մեր փոխարեն է Հիսուսն արել այն ամենը, ինչի համար մենք էինք պատասխանատու: Մեզ համար է հնազանդվել ընդհուպ մինչև մահ: Մեզ համար է տանջվել ու քավել մեր՝ մահկանացու մարդկանց մեղքերը: Եվ հարություն է առել` երկնային փառքի հասցնելով նաև մեր մարդկությունը: Այդ օրվանից Հիսուս Քրիստոսի մահը դառնում է մեր մահը, նրա քավությունը` մեր քավությունը, նրա հաղթանակը` մեր հաղթանակը: Նրա հետ, նրանով մենք իշխում ենք: Նրա մեջ ապրում ենք նոր կյանքով, որն այլևս մարդու կյանք չէ, այլ Աստծո: Հենց սա նկատի ունի Պողոս առաքյալը, երբ հայտարարում է, որ մեր կյանքը Քրիստոսի հետ թաքնված է Աստծո մեջ (Կողոս. 3.1-4): Նրա համար, ով ապրում է Քրիստոսի մեջ, այսինքն` նրա նկատմամբ հավատի, թողությունը, ազատագրումը, թագավորությունը արդիական իրողություններ են: Ամեն ինչ մարդուն տրված է: Խոսքը հավատալու և ապրելու մասին է: Հավատքի կյանքը մեզ դնում է Աստծու թագավորության իրողության մեջ, Թագավորություն, որն այսկողմնայինի համեմատ այնկողմնային չէ, գալիք չէ անցյալի կամ ներկայի համեմատ, այլ կյանքի մեկ ուրիշ հարթություն` Աստծու, հավիտենական կյանքի հարթությունը, կյանք, որը Հիսուս Քրիստոսով մեզ համար դառնում է մատչելի: Պողոս առաքյալը դիմում է իր եկեղեցիներին, իբրև այնպիսի եկեղեցիների, որոնք Քրիստոսի մեջ են, որոնք ապրում են հավատքի այդ կյանքը: Հավատքի կյանքը պատճառաբանում է նրանց հույսը, հիմնավորում նրանց սպասումը: Եվ արդ, Հիսուս Քրիստոսի գալստյան օրվա վերջնական սպասումը ուղղություն է տալիս նրանց փոխհարաբերություններին. բարոյական ու հասարակական ողջ կյանքին:

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ