Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նամակներ Նոր Ջուղայից-1

Նամակներ Նոր Ջուղայից-1
04.04.2017 | 10:39

(ուղեգրական նոթեր)

«ՉԻՆԱՑԻՆ», ՎՐԵԺՆ ՈՒ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍԵՆՅԱԿԸ


…Վերջապես կատարվում է շուրջ երկու տասնամյակի երազանքս` մեկնում եմ Նոր Ջուղա: Ոչ` խոշորությամբ Իրանի երրորդ քաղաք, ահռելի մեգապոլիս Սպահան, որը կլանել է Նոր Ջուղան ու վերածել կղզյակի: Ինձ համար այն, նախ, հինգ արմենոպոլիսներից և հայոց տնտեսական հանճարի ու բարերարության չորս օջախներից առաջինն է: Ես նրա մասին գիտեի, թերևս, ամեն ինչ, հասու բոլոր աղբյուրների հիման վրա ուսումնասիրել էի ավելի քան 400-ամյա պատմությունը, բազմիցս գրել Շվեդիայից մինչև Ավստրալիա, Ամերիկայից մինչ Չինաստան նրա աշխարհաշրջիկ վաճառականների մասին: Բայց վաղեմի ցանկությունս էր անձամբ տեսնել հայաքաղաքը, մտքի ու հոգու մատներով հպվել նրա բազմադար պատմությանը, ծանոթանալ նրա այսօրվա բնակիչների հետ: Ես եղել եմ տասնյակ երկրներում և, իհարկե, քանիցս կարող էի որպես զբոսաշրջիկ մեկնել, բայց այդ դեպքում ինչո՞վ էի տարբերվելու Սբ Ամենափրկիչ վանք այցելող հազարավոր օտարերկրացիներից ու տեղի մահմեդականներից: Դա ինձ պետք չէր, ինձ հարկավոր էր լինել այնտեղ, որտեղ ուզում եմ, տեսնել այն, ինչ ցանկանում եմ, իսկ դա անհնար էր առանց Նոր Ջուղայի հոգևոր և աշխարհիկ ղեկավարների համաձայնության: Եվ ահա ստացա Թեմական խորհրդի երկար սպասված պաշտոնական հրավերը: Բայց դա էլ ուներ նախապատմություն:


Արդեն երկար տարիներ ես ոչինչ չեմ ծրագրում, ունեմ նպատակներ ու ցանկություններ, որոնց իրականացումը վերապահել եմ Բարձրյալի անսահման և անիմանալի կամքին: Այդ կամքն էր, որ մեկ տարի առաջ Երևանում ինձ հանդիպեցրեց Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսում Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր Ժորժ Աբրահամյանի հետ: Ընկերական նեղ շրջանակում նա սրամիտ, թույլ ժպիտը դեմքին, բացսիրտ ու մատչելի անձնավորություն է, մատչելի` որովհետև զուրկ է մեր Ազգային ժողովի պատգամավորների ապուշական մեծամտությունից, և եթե ներսումդ կա ինտելեկտի ու հարգանքի նշույլ, ապա անհնար է նրա հետ չմտերմանալ: Սակայն հետո համոզվեցի, որ հայկական նեղլիկությունից դուրս նրա թույլ ժպիտն անհետանում էր, և վերածվում էր հոգսերի ու մտածմունքների բեռն ուսած մարդու: Այն ժամանակ իմանալով, որ մեր ժողովրդի տնտեսական մշակույթն եմ ուսումնասիրում ու երազում եմ այցելել Նոր Ջուղա, Ժ. Աբրահամյանն առաջարկեց հաջորդ օրն իսկ իր հետ մեկնել: Ի ցավ սրտի, հրաժարվեցի, որովհետև, նախ, «Հայոց տնտեսական ցեղասպանություն» գրքիս հրատարակմամբ էի զբաղված, և, երկրորդ, հայաստանյան իրականությունը մեր մեջ ձևավորել է կասկածամտության ու թերահավատության անսպան մտայնություն: Հարցը դրանով չփակվեց, Ժ. Աբրահամյանը երկու անգամ հորդորեց համապատասխան դիմումներ հղել Թեմական խորհրդին, և հասկացա, որ Վերինի կամքն է թելադրողը, իսկ ինձ մնում է ենթարկվել:


Ի վերջո, կար ևս մեկ բան. ունենք թաքնագրություններ, որոնք մեր ժողովրդի նման սփռված են աշխարհի տարբեր անկյուններում: Այդ գրությունների ընթերցման գաղտնաբառերից մեկը, իմ համոզմամբ, գտնվում էր Նոր Ջուղայում: Ես պետք է մեկնեի գաղտնաբառ որոնելու, գտնեի ինքս ինձ…

Այդ մարդուն նկատեցի դեռևս «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում, և չնկատելն անհնար էր: Դեղնամաշկ, նեղաչ չինացի էր, մարզական գլխարկի հետնամասից մեջքին իջնում էր մազահուսքը: Հետո նրան տեսա մեր օդանավում ու մտածեցի` է՜, ճիշտ է, Իրանն ու Չինաստանը միմյանց հետ լավ հարաբերություններ ունեն, բայց այս չինացին Թեհրան հասնելու այլ երթուղի չունե՞ր, որ Երևանով էր անցնում:
Իրանական ավիաընկերությունը նրբանկատորեն այնպես էր արել, որ ինքնաթիռի սրահում հայերս առանձնանանք: Կողքիս նստած էր թեհրանցի մի ջահել, առջևումս` գլխաշորով երիտասարդ մայրիկ` շիկահեր խոպոպիկներով իր 5-ամյա մանչուկի հետ: Թոռներիս նման հոլի պես պտտվող աշխույժ երեխա էր, և դա ինձ դուր էր գալիս:
Իրանի լեռների վրայով բավականին երկար թռչելով` մտածեցի մեր խեղճության մասին, որից ծնվում է առասպելասիրությունը: Հիշո՞ւմ եք հայտնի լեգենդը, թե ինչպես աշխարհն ստեղծելիս Աստված հողը մաղեց, բաժանեց զանազան ժողովուրդների, իսկ մնացած քարուքռը լցրեց մի տեղ և հայերին ասաց` սա էլ ձեզ, այստեղ ապրեք: Սա ազգային խեղճության հորինվածք է և ոչ ավելի, արդարամիտ Տերը բոլոր ժողովուրդներին հավասարապես էր բաժին հանել, մեզ էլ էր տվել բերրի դաշտավայրեր, լեռներ ու ծովեր, բայց մենք չկարողացանք պահել-պահպանել, ֆիզիկապես, հոգով ու մտոք վռվեցինք-մնացինք մի բուռ տարածքի մեջ ու որպես արդարացում` ինքնախաբե առասպելներ հորինեցինք…

Իմամ Խոմեյնիի անվան Թեհրանի օդանավակայանն ինձ հիշեցրեց խորհրդային տարիների «Զվարթնոցը»` անպաճույճ ու տնավարի, հարմարավետության պերճանքից զուրկ արևելյան ժխորոտ բազարը: ՈՒզած-չուզած համեմատում եմ ներկայիս «Զվարթնոցի» հետ, և ներսումս արթնանում է խեղճության սնապարծությունը: Բայց ընդամենը մեկ օր էր պետք հասկանալու համար, որ օդակայանը ցուցիչ չէ, երկու դարպասներն էլ չեն համապատասխանում երկրների էությանը, շքեղ մերը` մերին, իրենցը` իրենցին: Սա ասում եմ` մտաբերելով եվրոպական երկրները, որոնց օդակայանները համահունչ ու ներդաշնակ են այդ երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային, կենցաղավարական կերպարին:
Ելքի մոտ նկատում եմ 35-40 տարեկան մի պնդակազմ մարդու, ով գլխավերևում բռնել է իմ անուն-ազգանունով պաստառ: Շատ առտնին մեկմեկու բարևում ենք ու ծանոթանում: Անունը Վրեժ է, ազգանունը` Թորոսյան: Մոտենում ենք անցյալ դարի 60-ականների ֆրանս-իրանական նրա հիբրիդին: Տաքսի է, դռան վրա` Սպահանի Զայանդերուդ գետի Խաջու սքանչատես կամրջի պատկերով: Մեքենան ուղարկել էր Թեմական խորհուրդը, որպեսզի ինձ տեղ հասցնի: Թեհրանից մինչ Սպահանի պռունկ 420 կմ է, բայց եթե հաշվի առնենք, որ դեռ քաղաքի կենտրոն պիտի հասնենք` առնվազն 5 ժամ ճանապարհ ենք կտրելու:


Ղեկը վերցնելուն պես Վրեժն ասես ձուլվում է մեքենայի հետ, ամբողջանում: Ասում է, որ շատ է սիրում վարել, մեքենայից չի բաժանվում և քանիցս դրանով Հայաստան է եկել: Պատմում է իրանական զանազան-զարմանազան մրգերի, պտուղների, բանջարեղենի, վարազի արգելված որսի, Հայաստանի տեսարժան վայրերի մասին: Ես էլ իմ հերթին եմ ինչ-որ բաներից խոսում, և Վրեժը զարմանքը տարօրինակ ձևով է արտահայտում` ծպծպացնում է` ծը-ծը-ծը-ծը: Իսկ երբ պատմում եմ օդանավի չինացու մասին, բարձրաձայն ծիծաղում է և ասում.
-Էտի չինացի չի, էտի մեր տղոնցից է, անունը Սերոբ է, Երևան կապրի…
Քիչ է մնում ես ծպծպացնեմ:
Ճանապարհը վճարովի է, հեռավոր կերպով հիշեցնում է Գերմանիայի ու Ֆրանսիայի ավտոմայրուղիները: Մեծ ու փոքր բնակավայրերը մնում են աջ ու ահյակ կողմերում:
Մութն աննկատ վրա է տալիս:


Երբ անցնում ենք Ղումն ու Ղաշանը (մշտապես գործածելու եմ հայկական պատմական անվանաձևերը), ակամայից ընկնում եմ մտածմունքների մեջ: Գիշերվա խավարում մեքենայի կողքով անցնող տափաստաններից, լեռների ստորոտներից, կիրճերից ասես ականջիս են հասնում քաղցից, տապից, մտրակների շաչյունից մեռնող ազգակիցներիս հառաչանքները: Քանի՜-քանի անթաղ մեռել մնաց, որոնց ոսկորները քամին հողմացրիվ արեց` խառնելով դարերի փոշուն: Նրանք հում մետաքսի զոհերն էին:
Երեխա ժամանակ տեսել եմ հում մետաքս. գյուղի մեր պրպտուն հարևանն իր տան անկով գոմում դարակներ սարքեց, թթենու տերևներ փռեց ու վրան ինչ-որ տարօրինակ որդեր լցրեց: Որդերն ուտում էին տերևները` սպիտակ մազաչափ թել թողնելով: Ապա այդ թելով փաթաթվում էին այնքան, մինչև գլխովին անհետանում էին: Կոկոնի մեջ որդերը վերածվում էին թիթեռնիկների, պատյանը ծակում-թռչում` թողնելով «արտադրանքը»: (Սա իմ մանկական հուշն է, ո՞վ էր 60 տարի առաջ ինձ դրդում հետևելու այդ երկարատև գործընթացին): Ահա այդ «արտադրանքն» էին վերամշակում ու ստանում բնական մետաքս:
Շահ Աբաս I-ն էլ ուներ մեծաքանակ հում մետաքս, որն Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում խիստ բարձր գին ուներ: Այնտեղի հմուտ ջուլհակները դրանից բնական մետաքսե կտորեղեն էին ստանում` կրեպդեշին, կրեպ-շիֆոն, կրեպ-ժորժետ, որոնք պալատական բարձրաշխարհիկ խավի համար ծառայում էին որպես հագուստ-կապուստ: Սկզբում Շահ Աբասը փորձեց պարսիկ վաճառականների միջոցով իր անմշակ մետաքսն իրացնել, բայց չհաջողեց` քրիստոնյա Եվրոպան չընդունեց մուսուլման վաճառականներին: Այնժամ Շահը հասկացավ, որ իրեն հարկավոր են քրիստոնյա հպատակ, հմուտ վաճառականներ: Նրանք աչքի առաջ էին` հայերը, հինջուղայեցիները…


Ղևոնդ Ալիշանը Վենետիկի XVI դ. արխիվային թղթերն ուսումնասիրելիս 500 հայ վաճառականների հայտնաբերեց, որոնց գերակշիռ մեծամասնությունը հինջուղայեցիներ էին: 1512 թ. վաճառական Հակոբը` Մեղապարտ անվանյալ, տպագրեց «ՈՒրբաթագիրքը»: 1570-ից սկսած՝ ջուղայեցի վաճառականներն արդեն հանրահայտ էին ամբողջ Եվրոպայում, այնքան հայտնի, որ վենետիկցիները բոլոր հայերին անվանում էին ջուղայեցիներ, իսկ ֆրանսիացիները տարբերակում էին դնում հայերի ու ջուղայեցիների միջև, առաջիններին կոչելով՝ աղմենիեն, երկրորդներին՝ շոֆըլան։ Հենց այդ նույն թվականին Վենետիկում առաջինը բնակություն հաստատեց ջուղայեցի վաճառական Գայրին (Gayri)։ Վենետիկի Ռուգա Ջուֆայում (Ջուղայի փողոց) XVI դ. ապրում էին բազմաթիվ հայ վաճառականներ։ Նրանցից Հովհաննես Շահինշահն առաջինն էր, ում Իմաստուններն արտոնեցին Սբ Մարկոսի հրապարակի զանգակատան մոտ ունենալ panco՝ միայն վենետիկցիներին վերապահված վրան՝ ապրանքների վաճառքի համար։
Շահ Աբասը «լուծումը» գտավ: Պատերազմելով Թուրքիայի դեմ և մտադրվելով օսմաններին թողնել ավերված-այրված տարածք` նա 1603 թվականից սկսած իրականացրեց մեծ գաղթը` «մեծ սուրգունը»: Մեկ տարվա ընթացքում ութ անգամ դա արեց, Հայաստանը հայաթափեց, 100-150 հազար մարդ քշեց Պարսկաստան` իր հետևից թողնելով ավերակներ ու հրկիզված դաշտեր: Թե ճանապարհին որքանը կոտորվեց, որքանը խեղդվեց Արաքսում, միայն Աստծուն է հայտնի: Կարդացեք Առաքել Դավրիժեցու լալահառաչ ողբ-պատմությունը, և ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա:


Խնդիրն այլ էր հինջուղայեցիների պարագայում: Հասարակ մշակներին թողեցին Թավրիզի, Ղազվինի, Թեհրանի հարակից գյուղերում, իսկ վաճառականական, խոջայական գերդաստաններին և ձեռնհաս վարպետ-արհեստավորներին` շուրջ 15 հազար մարդու, քշեցին դեպի Սպահան: Այս ճանապարհին էլ ընտրություն կատարեցին, մի մասին թողեցին Փերիա ու Բուրվարի գավառներում, իսկ «ընտրյալներին»` բերեցին մայրաքաղաք: Շահ Աբասը Սպահանից հարավ, Զայանդերուդ գետի ափին հատկացրեց մոր կալվածապատկան տարածքները, թե` ձեզ համար քաղաք շինեք: 1605-ին կառուցեցին և անվանեցին Նոր Ջուղա` ի հուշ իրենց կորուսյալ հայրենաքաղաքի: Սկսվեց նոր դարաշրջան, հում մետաքսի զոհերի դարաշրջանը:
…Խորհրդածություններս ընդհատում և իրականություն է վերադարձնում Վրեժ Թորոսյանի ձայնը: Ասում է, թե 2016-ի Ապրիլյան քառօրյայի բոթն առնելուն պես պատրաստվում է անբաժան ավտոյով քշել-գնալ Արցախ: ՈՒսուցչուհի կինը թե` այ մարդ, ո՞ւր ես տուն-տեղ, ընտանիք թողնում-գնում, պատասխանում է. «Ինչ է, իրան-իրաքյան պատերազմում 28 ամիս կկռվեմ, հայրենիքիս համար չե՞մ կռվի»: Եվ ես իրեն հավատում եմ:


Կեսգիշերին մոտ հասնում ենք «Ջուլֆա» հյուրանոց, որին լույսերի մեջ ողողված Սբ Ամենափրկիչ վանքից բաժանում է մի նեղլիկ փողոց: Սիրտս տրոփում է:
Մինչ Վրեժը հյուրանոցի վարչականի հետ թղթաբանական հարցերն է կարգավորում, զանգահարում եմ ընկերոջս` Նիկիտ Միրզայանցին և հայտնում, որ ժամանել եմ: Նիկիտի անունը լսելով` մի կարճահասակ, ճերմակահեր հայ մարդ ծանոթանում է հետս: Գիշերային բարապան պարոն Տիգրանն է և, պարզվում է, Նիկիտի խնամին է:
Տիգրանն ինձ ուղեկցում է հյուրանոցի սենյակս ու բարի գիշեր մաղթելով հեռանում:
Խիստ տոթ է, օդ չկա շնչելու: Վարագույրը քաշում եմ, լուսամուտը բացում և… ճիշտ դիմացս տեսնում վանքի Սբ Հովսեփ Արեմաթացի եկեղեցու գմբեթն ու զանգակատունը:
Դա առաջին Նշանն էր:

Երևան-Նոր Ջուղա-Երևան
(շարունակելի)


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ