Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստանին ու նրա ժողովուրդներին պատերա՞զմ են հայտարարել

Ռուսաստանին ու նրա ժողովուրդներին պատերա՞զմ են հայտարարել
07.04.2017 | 12:29

Աշխարհը ցավակցում է Ռուսաստանին ու Սանկտ Պետերբուրգին: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մետրոյում ապրիլի 3-ին կատարված ֆաշիստաբարո ահաբեկչությունը 14 մարդու կյանք խլեց, տասնյակ մարդիկ վիրավոր են և գտնվում են հիվանդանոցներում: Ապրիլի 3-ից Հյուսիսային Պալմիրայում եռօրյա սուգ է հայտարարված: Ապրիլի 4-ի դրությամբ, տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացած չորս կանանց ինքնությունը նույնիսկ պարզված չէր:

Զոհերն ու տուժածները տարբեր ազգությունների մարդիկ են՝ ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, թաթարներ, հայեր, տաջիկներ, ուզբեկներ, օսեր, նույնիսկ մեկ ադրբեջանցի... Զոհերն ավելի շատ կարող էին լինել, բայց իրեն հերոսաբար է դրսևորել մետրոպոլիտենի գնացքի մեքենավարը: Նա պայթյունից հետո կարողացել է գնացքը բառիս բուն իմաստով քարշ տալով հասցնել հաջորդ կայարան, որտեղ, անտեսելով ցավն ու խուճապը, մարդիկ սկսել են օգնություն ցուցաբերել տուժածներին: Պատերազմական ակտ՝ այլ կերպ պետք չէ բնորոշել կատարվածը: Եվ պետք չէ նաև դա կապել այն բանի հետ, որ Սիրիայում ու Իրաքում Ռուսաստանը հանդես է գալիս որպես տխրահռչակ «Իսլամական պետության» ¥ԻՊ¤ ահաբեկիչների դեմ պայքարող գլխավոր ուժերից մեկը: Ի վերջո, եթե որևէ մեկը չգիտե, ասեմ, որ ԻՊ-ի ահաբեկիչների ամենաառաջին «բջիջները» Ռուսաստանում իրենց մասին հայտարարել էին Սիրիայում հակաահաբեկչական պատերազմին Ռուսաստանի մասնակցությունն սկսվելուց դեռ մեկ տարի առաջ: Մեկ տարի: Ահաբեկիչները սպառնում էին անգամ ձախողել Սոչիի 2014 թ. ձմեռային օլիմպիական խաղերը, իսկ Կատարի Էմիրը և Սաուդյան Արաբիայի արքայազններից մեկը փորձեցին «այդ թեմայով» շանտաժել Մոսկվային: Բացի այդ, դեռ 2013 թ. ԻՊ-ի ահաբեկիչները հայտարարեցին, թե իրենք տարածքային պահանջներ ունեն Ռուսաստանից թե՛ Կովկասի, թե՛ Պովոլժիեի, թե՛ նույնիսկ Սիբիրի առնչությամբ:


Ահաբեկչական ակտեր Պիտերում կամ քաղաքի մատույցներում առաջ էլ են եղել՝ 90-ականներին: Այն ժամանակ հետքերը բացահայտորեն Չեչնիա էին տանում: Այն ժամանակ ահաբեկչական ակտերը ցնցում էին ամբողջ Ռուսաստանը, և մի պահ դա արդեն համարյա չէր զարմացնում: Հիմա այլ հարց է. բոլորը նկատել են, որ Պիտերի ահաբեկչությանը կարծես «նախորդել են» մի քանի նշանակալի միջադեպեր: Առաջինը դարձյալ Չեչնիայի հետ է կապվում, երբ մի խումբ ահաբեկիչներ գրոհեցին Ռուսաստանի ազգային գվարդիայի զորանոցի վրա՝ փորձելով տիրանալ զինապահեստներին: Բայց հարձակվողները ֆիզիկապես ոչնչացվեցին, թեև մարտում զոհվեց նաև հինգ ազգային գվարդիական: Այդ ահաբեկչական ակտի պատասխանատվությունն էլ հենց ստանձնեց ԻՊ-ը: Երկրորդը հանցագործ Նավալնու արարքն էր, որը կարողացավ համացանցի միջոցով մոտ հինգ հազար երիտասարդների «ոտքի հանել» Մոսկվայում և ՌԴ մի շարք այլ քաղաքներում «կոռուպցիայի դեմ պայքարի» նշանաբանով: Եվ արդեն հայտնի է, որ նա խոստացել էր 10-հազարական եվրո վճարել ակտի յուրաքանչյուր մասնակցի: Իհարկե, բթամիտների ու առավել ընչաքաղցների ձերբակալություններից հետո միստր Նավալնին ¥իսկ նա հանրահայտ միջազգային խաբեբա Բրաուդերի ոչ պակաս հայտնի գործընկերն է¤ կտրականապես հրաժարվեց, թե ինքը որևէ մեկին որևէ բան է խոստացել: Երրորդը, այսպես կոչված, «չհամակարգված ընդդիմության» շաբաթօրյա և կիրակնօրյա «բողոքի զբոսանքներն» են Մոսկվայում և Պիտերում, ընդ որում, Պիտերում «բողոքի զբոսանքները» հիմնավորվում էին նրանով, թե որոշում է ընդունվել նշանավոր Իսաակիևյան տաճարը վերադարձնել Ռուս ուղղափառ եկեղեցուն:
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ հիմար բան էր պիտերյան բողոքների «պատճառը», բերեմ մեկ օրինակ: Ասենք, Երևանի Սբ Սարգիս եկեղեցին ԽՍՀՄ-ի օրոք վերածված լիներ թանգարանի, իսկ անկախությունից հետո իշխանությունները որոշում ընդունեին Սբ Սարգիսը վերադարձնել Հայ առաքելական եկեղեցուն, և համաձայն չեղողներն սկսեին իրենց «բողոքներն» ու «բողոքի զբոսանքները»: Հիմա հասկանալի՞ է, թե ինչի համար է ՌԴ-ի ներսում որոշ ուժերի պետք Իսաակիևյան տաճարի պատրվակը, որի իսկական նպատակը շարքային քաղաքացիների համախմբումն է իշխանությունների որոշման դեմ հանդես գալու համար:
Բայց որ «բողոքի զբոսանքներից» անմիջապես հետո տեղի կունենա այդ լկտի արարքը, մեծ հաշվով, անսպասելի էր:

ՈՒ թեև ապրիլի 4-ի դրությամբ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի շտապել ստանձնել պատասխանատվությունը, այդուամենայնիվ, հետաքննությունն սկսվել է և ընթանում է: Չեմ կարծում, թե իրական հանգամանքները շուտ կբացահայտվեն, իսկ եթե բացահայտվեն էլ, ապա, համոզված եմ, ահաբեկչական գործողության պատվիրատուներին գտնելու նկատառումով քննչական մարմինները դեռ երկար ժամանակ տեղեկություններ չեն տարածի ո՛չ քննության ընթացքի, ո՛չ էլ կասկածյալների ցուցակի մասին:
Այս կապակցությամբ հատկանշական է, որ ահաբեկչական ակտից անմիջապես հետո սոցցանցերն ակտիվացան: ՈՒ հիմա անհասկանալի է, թե ինչ էր դա, հետաքննությանն օգնելո՞ւ, թե՞ քննիչներին կեղծ հետքերով տանելու փորձ: Մինչդեռ իրադրությունը լուրջ է: Չէ՞ որ պետք է երկու ահաբեկչական ակտ եղած լիներ, ոչ թե մեկ: ԱԴԾ-ի Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի վարչությունը հայտարարել է, որ մետրոյի «Ապստամբության հրապարակ» կայարանում վնասազերծվել է մեկ պայթուցիկ սարք: Սոցցանցում հրապարակվել է ինքնաշեն ռումբի լուսանկար: Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Ապստամբության հրապարակ» կայարանում վնասազերծված պայթուցիկ սարքի հզորությունը եղել է մոտավորապես մեկ կիլոգրամ տրոտիլի համարժեքով՝ հաղորդել է Ռուսաստանի «Նորություններ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններում աշխատող աղբյուրը: «Ռումբը, որ կարողացել են վնասազերծել, համարժեք է եղել մեկ կիլոգրամ տրոտիլի, հաստատ տնայնագործական եղանակով է պատրաստված եղել, որպիսիք հաճախ են օգտագործում ինչպես ահաբեկիչները, այնպես էլ պարզապես օրինազանց քաղաքացիները»,- գործակալությանն ասել է աղբյուրը:


Դժվար է ասել, թե ինչպես է հաջողվել «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում կատարված պայթյունը: Ինչո՞ւ եմ վերը գրել, թե ահաբեկչական ակտի ենթադրյալ կատարողների մասին սոցցանցերում տարբեր տեղեկությունների ի հայտ գալը կարող էր նաև հետաքննությունը տանել կեղծ հետքով: Դատեք ինքներդ. սկզբում հաղորդվեց, թե քննչական մարմինները հայտնաբերել են Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուն կատարած ենթադրյալ մահապարտին: Աղբյուրի տվյալների համաձայն, մահապարտը, ենթադրաբար, Ղրղզստանից է, ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն, մոտ է եղել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ: «Вконтакте» սոցցանցի խմբերից մեկում հրապարակվել է տեղեկություն, թե մահապարտը, իբր, ղրղզստանցի Աքբարժոն Աքրամժանի Ջալիլովն է, 1995 թ. ծնված: Այդ մարդու մասին բաց տվյալներ չկան: Գրառմանը կից հրապարակվել է նույնիսկ ենթադրյալ ահաբեկչի լուսանկարը: Միաժամանակ տեղեկություն տարածվեց նաև այն մասին, թե Ղազախստանի քաղաքացի ոմն Մաքսիմ Արիշև (այլ աղբյուրների համաձայն՝ Ջելյալով), որը, իբր, ապրում է Սանկտ Պետերբուրգում և սովորում տեղի տեխնիկումում, նույնպես ահաբեկչական ակտի մահապարտ կատարող է: Հենց նրա լուսանկարն է տարածել Պետերբուրգի TV5 ալիքը: Սակայն այդ տեղեկության պաշտոնական հաստատում չի եղել և չկա: Ավելի ուշ տեղեկություն շրջանառվեց այն մասին, թե հիշատակված Արիշևը՝ պետերբուրգցի ուսանողը, հնարավոր է ինքն էլ տուժած լինի ահաբեկչական ակտից: BK-ի կորած մարդկանց որոնման խմբերից մեկում հրապարակվել է մի գրառում, որտեղ մերձավորները օգնություն են խնդրում գտնելու Արիշևին, որի հետ ահաբեկչական ակտի պահից կապ չկա:


Դեպքը, երևի, լրջորեն անհանգստացրեց ոչ միայն Ռուսաստանի ղեկավարությանը, այլև ԱՄՆ-ի և Բելառուսի իշխանություններին: Դիտարկենք փաստերը. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԴԾ Սանկտ Պետերբուրգի վարչությունում խորհրդակցություն է անցկացնում քաղաքի մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունի առիթով՝ հաղորդեց նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Պուտինը եկել է ԱԴԾ Պետերբուրգի վարչություն, ուր ԱԴԾ-ի, ՆԳՆ-ի, ԱԻՆ-ի և Ռուսաստանի ազգային գվարդիայի ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացնում այսօր մետրոյում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։ Նախագահը լսում է հատուկ ծառայությունների զեկույցները»,- ասաց նա ապրիլի 3-ի ուշ գիշերը։ Հայտնի է նաև, որ նախագահի հետ է եղել նաև առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։ Այս հաղորդումից 11 րոպե անց տեղեկություն տարածեցին, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն էլ է եկել Սանկտ Պետերբուրգ` մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունի վայր։ «Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահն անձամբ ինքն է համակարգում օպերատիվ-քննչական խմբի աշխատանքը, նա նաև մի շարք ցուցումներ տվեց դեպքի վայրի մանրամասն զննման առնչությամբ»,- ասվում էր ՌՔԿ հաղորդման մեջ։ Բաստրիկինը լսեց նաև օպերատիվ-քննչական խմբի ղեկավարների զեկույցները նախնական քննչական գործողությունների արդյունքների մասին և ցուցումներ տվեց։ Բելառուս քննիչները մեկնել են Պետերբուրգ՝ ողբերգության հետաքննության գործում օգնելու իրենց ռուս գործընկերներին։ «Սանկտ Պետերբուրգ են գործուղվել Բելառուսի քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի մի խումբ քննիչներ ու քրեագետներ»,- հաղորդել են OHT հեռուստաալիքի եթերում։ Խումբը Ռուսաստան է գործուղվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ՝ հաղորդում է «Նորություններ» լրատվական գործակալությունը։ «Մեզ հանգիստ չեն թողնի»,- Բելառուսի նախագահի խոսքերն են հաղորդում լրատվամիջոցները։ Այնուհետև Կրեմլի մամուլի քարտուղար Պեսկովը խոստովանեց, որ «դիվանագիտական ուղիներով կապեր են եղել» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թե ինչ են խոսել, բնականաբար, չի ասվում։ Սակայն հայտնի է, որ Սպիտակ տունը ևս օգնություն է առաջարկել Պիտերի ահաբեկչական ակտի հետաքննության գործում։
Անձամբ ես չեմ շտապի հետևություններ ու ենթադրություններ անել, հիպոթեզներ ու վարկածներ առաջ քաշել, նույնիսկ եթե որևէ մեկը մինչև այս նյութի հրապարակման պահը ստանձնի Պիտերի ահաբեկչական ակտի պատասխանատվությունը։ Ախր շատ լավ եմ հիշում այն հրապարակային տվյալները, որ լրատվամիջոցներին էին փոխանցում ահաբեկիչների հարձակումների ենթարկված մյուս երկրների` Թուրքիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի քննչական մարմինները։ Լավ եմ հիշում նաև այն, որ փոխանցված հրապարակային տվյալները ահաբեկչական ակտերի մասին հաճախ ոչ միայն պարզություն չէին մտցնում իրադրությունում, այլև ավելի էին խճճում այն, մի շարք նոր հարցեր էին ծնում։

Իսկ հիմա պարզ է մի բան. Սանկտ Պետերբուրգի մետրոյի ահաբեկչական ակտը, անշուշտ, պետք է դիտարկել ոչ թե առանձին, այլ այն բոլոր իրադարձությունների շղթայում, որոնց մասին ես գրել եմ մինչ այս։ Զուր չէ, որ «Արտակարգ թողարկում Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստածրագրի եթերում ապրիլի 3-ի երեկոյան մի քանի փորձագետներ տարակուսանք էին հայտնում այն առնչությամբ, թե, ի վերջո, «ում հետքի» վրա դուրս կգան Ռուսաստանի քննչական կոմիտեն ու նրա քննիչները։ Որտեղ է «ավելի տաք» հիմա։ Պատասխանը պարզ է՝ Սիրիա և Նովոռուսիա։ Ո՞Ւմ ականջներն են առայժմ երևում այդ երկու տարածաշրջանների հարցում։ Այստեղ էլ է պատասխանը պարզ. Սիրիայի հարցում` Թուրքիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի, Նովոռուսիայի հարցում` ՈՒկրաինայի, Թուրքիայի և ԱՄՆ-ի։ Այնպես որ, ռուս քննիչները պետք է որոնեն ահաբեկչական ակտի ոչ միայն կատարողներին, այլև նրանց, որոնց ձեռնտու է եղել հարված հասցնել Պիտերին, որն այնքան թանկ է անձամբ Վլադիմիր Պուտինի համար։ Եվ նրանց, որոնց պետք էր, որ Ռուսաստանը լրջագույն զիջումների գնա միջազգային քաղաքականության ծայրաստիճան էական հարցերում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ