ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
07.04.2017 | 12:58

(սկիզբը` այստեղ)

-Մարքսը ասալ ա՝ էս աշխարհը ըսենց եկալ ա, ըսենց էլ քինալ ա,- խորհրդային տարիներին գործարանում արտադրական պրակտիկա անցկացնող ուսանողներիս բացատրում էր ղարաբաղցի ուստա Աբոն:
-ՈՒստա,- փորձեց առարկել մեր գերազանցիկ ուսանողներից մեկը,- ես Մարքսի բոլոր աշխատությունները կարդացել եմ, բայց նման մտքի չեմ հանդիպել:
-Էդ մինը «ուստնի» (բանավոր) ա ասալ:
Այս պատմությունը ես հիշեցի, երբ 2017 թվականի ապրիլի 3-ին հայ ժողովուրդը տոնում էր իր անկախ երկրի 25-ամյա պատմության խորհրդարանական ընտրություններում տարած հերթական հաղթանակը, էյֆորիայի մեջ էր: Իհարկե, այս ընտրություններում հպարտանալու բաներ շատ ունեցանք, կարող ենք փաստել, որ տեխնիկայի առումով ընտրությունները կազմակերպված էին գերազանց ձևով, որն անմիջապես գնահատվեց և արժանացավ արտասահմանյան դիտորդների ու լրատվամիջոցների ուշադրությանը: ՀՀԿ կարկառուն գործիչներ Աշոտյանն ու Շարմազանովն էլ էին հայկական հեռուստալսարանի առաջ հետաքրքիր մտքեր արտահայտում: Դատելով նրանց ինքնագոհ դեմքերից ու բռավո կեցվածքից` կարելի էր ենթադրել, որ նրանք, ճիշտ է մի քիչ թաքնված ձևով, բայց լիովին կատարել են ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու իրենց տված խոստումը՝ պատգամավորական որոշ տեղեր զիջելով ընդդիմադիր քաղաքական ուժերին:
Բովանդակային առումով, ցավոք, մենք առաջ չենք գնացել, բոլորովին չենք փոխվել, ամեն ինչ դարձյալ գնաց ընտրակեղծիքների սովորական դարձած հունով, բայց ավելի լավ կազմակերպված ձևերով ու նորարարությամբ: Միայն չքավորության շեմին կանգնած մեր քաղաքացիները գիտեն, թե մասշտաբային ինչ նախնական ու նախապատրաստական ընտրակաշառքային աշխատանքներ են կատարվել՝ մինչև գործը մատնահետքերին ու ընտրախցիկներին հասցնելը, ամեն ինչ տպավորիչ ու համոզիչ էր:


Ընտրությունների արդյունքների մասին խոսելն այսօր կարող է համարվել ավելորդ զվարճանք, 25 տարի շարունակ, սեփական դիրքերը անսասան պահելու համար, մեր իշխանությունները նույն բանն են անում՝ տարբեր ձևերով ու հնարքներով մշտապես կեղծելով ընտրությունները՝ առանց մտածելու հնարավոր հետևանքների ու, հատկապես, անխափան գործող բումերանգային հայտնի էֆեկտի մասին, որոնք, առաջին հերթին, իրենց բացասական ազդեցությունն են թողնելու երկրի տնտեսական զարգացման ու բազմաթիվ այն անիրականանալի խոստումների ճակատագրի վրա, որոնք քարոզարշավի օրերին թափվում էին մարդկանց գլխին ինչպես առատության եղջյուրից:
Կասկածից վեր է, որ նման ընտրությունները մեծ վնաս են հասցնելու Հայաստանին, հայ ժողովրդին ու Հայ դատի խնդիրներին, դրա համար կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ բնույթի տարբեր պատճառներ.
ա) անգործության է մատնվում պետության կառավարման համակարգում կադրային ճիշտ քաղաքականություն վարելու համար նախատեսված ընտրական մեխանիզմը,
բ) շարքից դուրս է գալիս հասարակական հարաբերությունները կայուն հավասարակշռության մեջ պահելու համար աշխատող բացասական հետադարձ կապի համակարգը, ինչը կարևորագույն տեխնոլոգիական պայման է երկրի դինամիկ զարգացումն ապահովելու համար՝ հեռու ներքին խժդժություններից կամ գունավոր հեղափոխություններից,
գ) ընտրակաշառքի ինստիտուտը նախադրյալներ է ստեղծում, որ երկրի ներսում ծնվի ու զարգանա բարոյալքված ու այլասերված քաղաքացիների մի հսկայածավալ զանգված, որոնց համար պետք է մտածել ոչ թե նոր աշխատատեղեր ստեղծելու, այլ նրանց արտադրություններից հեռու պահելու մասին:


Բարոյական արժանիքներից զուրկ մարդկանց, հատկապես երիտասարդությանը, հնարավոր չէ վերադաստիարակել ու ներգրավել ժամանակակից արտադրական պրոցեսների մեջ, նման աշխատողներից կարելի է սպասել միայն գողության, անորակ աշխատանքի, վնասարարության տարբեր դրսևորումներ, քայքայիչ գործունեություն ու բացասական այլ երևույթներ, որոնք կարող են իրենց ամենաանմիջական ազդեցությունը թողնել արտադրությունների վրա՝ գցելով արտադրվող արտադրանքի որակը, բարձրացնելով ինքնարժեքն ու իջեցնելով սպառողական հատկանիշները:
Ընտրակաշառքներին կամա, թե ակամա զոհ դարձած բանվորների ու ինժեներների ստեղծած արտադրանքը չի կարող ունենալ մրցակցային այն առավելությունները, որոնք խիստ կարևոր ու որոշիչ են միջազգային շուկաներում սեփական դիրքերը պահելու ու պահպանելու տեսակետից, միջազգային շուկաները նման բարոյազուրկ արտադրողների արտադրանքի կարիքը չունեն, չեն կարող ունենալ (այս ամենը մենք ցույց կտանք հետագայում՝ քննարկելով պլանային տնտեսության ու ժամանակակից ճկուն տեխնոլոգիական արտադրությունների կազմակերպման առանձնահատկությունները, որտեղ առաջին պլան են մղվում աշխատող մարդկանց ոչ այնքան մասնագիտական որակները, որքան մարդկային-քաղաքացիական հատկանիշները):
Ամերիկյան, ճապոնական ու զարգացած այլ երկրների ֆիրմաներում հատուկ ուշադրություն է դարձվում դրանց վրա, մինչև գործի վերցնելը գործատուն ամենայն բծախնդրությամբ պետք է ուսումնասիրի պոտենցիալ աշխատողի կերպարը՝ այն սկսելով մարդկանց ազգային ու տոհմագրական պատմություններից:


Խորհրդային տարիներին ևս պահանջվում էր, որ պետական պաշտոնյաներն ու նրանց ծնողները ունենան անբասիր կենսագրություն՝ առանց դատվածության, կոռուպցիոն գործերի ու կասկածելի գործարքների:
Ամերիկայում NASA-ի կազմակերպություններում աշխատանքի վերցնելու համար հատուկ ֆիլտրեր են օգտագործվում, բացառվում է, օրինակ, որ աշխատանքի ընդունեն թուլամորթ, անազնիվ, կոռուպցիոն անցյալ ունեցող, նաև իմպոտենտ տղամարդկանց: Անսկզբունքայնությունը, անազնվությունը, աչքածակությունը, ագահությունն ու մարդկային մյուս բացասական հատկությունները բավական են, որ դրանց կրողները չընդունվեն գործարար համայնքի կողմից, կապիտալիստական ազատ շուկայական հարաբերությունների համար դա սովորական շարքային երևույթ է:
«Կոմս Մոնտե Քրիստո» վեպում մարսելցի առևտրական Պիեռ Մորելը որոշել էր ինքնասպան լինել՝ սնանկանալու պատճառով, որպեսզի հետագայում գործարար աշխարհում փրկեր որդու՝ Մաքսիմիլիանի պատիվն ու համբավը: Իսկ ի՞նչ անուն տաս մեր այն հայրերին, մայրերին կամ զավակներին, ովքեր ընտրակաշառքների ցուցակների մեջ են ներգրավվում՝ իրենց հետ ընդգրկելով նաև իրենց ընտանիքի անդամներին ու մի քիչ էլ հպարտանում դրանով՝ հանցավոր գործելակերպը դարձնելով աշխատաոճ ու արտադրական նորմ:


Ամերիկայից արդեն լուրեր կան, որ հայաստանցիներին գործի ընդունելիս հետևյալ անհարմար հարցն են տալիս.
-Իսկ Դուք ո՞ր կուսակցության օգտին եք քվեարկել ու որքա՞ն կաշառք եք դրա համար ստացել:
Փորձեք թաքցնել կամ արդարանալ, չի ստացվի, որովհետև այդ լուրերն արդեն Ամերիկա են հասել՝ ձեզնից մի քիչ շուտ: Տվյալ հարցի պատասխանից է կախված՝ աշխատանքի կվերցնե՞ն, ասենք, հիվանդապահների կամ դայակների կարգավիճակում: Հայկական ընտրությունները միշտ էլ ունեցել են իրենց ազգային առանձնահատկությունները, հայկական իշխանական էլիտայի ձևավորման ժամանակ կարևոր տեղ է հատկացվում ընտրակաշառքի ինստիտուտի արդյունավետ աշխատանքի կազմակերպմանն ու կոնսպիրացիայի բարձրացմանը: Ապագա պատգամավորները մարդկանց ձայները գնում են չնչին գումարներով՝ նրանց հնարավորություն տալով մասնակցելու ազատ կամքի արտահայտության դեմոկրատական բոլոր պրոցեդուրաներին՝ առանց ֆիզիկական բռնություններ կիրառելու՝ բավարարվելով միայն բարոյական բնույթի բռնություններով, որոնք շատ արագ կոնսերվացվում են մինչև հաջորդ ընտրությունները: Այս դատապարտելի հասարակական երևույթը քննադատում են իշխանությունները, ընդդիմադիր քաղաքական ուժերը, շարքային քաղաքացիները, նույնիսկ ընտրակաշառքի դիմաց իրենց խիղճն ու պատիվը վաճառքի հանածները:
Կաշառակերության ու կոռուպցիայի վրա հիմնված հասարակական հարաբերությունները դարձել են հետխորհրդային երկրների կարևոր առանձնահատկություններից մեկը, նման իրողությունները խոչընդոտում են երկրների բնականոն զարգացմանն ու կարող են խիստ բացասական երևույթների պատճառ դառնալ:


Այս համատեքստում կարելի է դիտարկել (բացի մուսուլմանական վարկածից) նաև Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին կազմակերպված ահաբեկչությունը: Կոռումպացված երկրներում հնարավոր են. մարդիկ չարացած են, պատրաստ են դիմելու ցանկացած գարշելի քայլի, որպեսզի բարձրացնեն իրենց բողոքի ձայնը, նաև այդ ճանապարհով պայքարեն, որ ինչ-որ կերպ կարողանան դուրս գալ ստեղծված ծանր իրավիճակից, պաշտպանել իրենց ընտանիքի անդամների, խոշոր հաշվով, նաև ազգի շահերը: Համապատասխան ելք չգտնելով՝ մեկը կարող է ինքնասպան լինել, մյուսը դիմում է ծայրահեղ քայլի՝ ահաբեկչության:
Հետաքրքիր է, ո՞վ է պատասխան տալու Սանկտ Պետերբուրգի մետրոյում զոհված 14 անմեղ քաղաքացիների ու տասնյակ վիրավորների համար: Իհարկե, դրա անուղղակի մեղավորների շարքին պետք է դասվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այդ ահաբեկչությունը, առաջին հերթին, կազմակերպված էր նրանց վարչակարգի դեմ:


«Սասնա ծռերի» գործողությունները ևս ուղղված էին երկրի իշխանությունների դեմ:
Համամիտ եմ՝ պետք է մեղադրել «Սասնա ծռերին», պետք է մեղադրել Սանկտ Պետերբուրգի մետրոյի ուղղակի ահաբեկիչներին, կանխավ մեղադրել հաջորդ բոլոր ահաբեկիչներին, բայց երբեք չպետք է մոռանալ, որ դրանց պատճառահետևանքային կապերի հիմքերում դրված է հետգորբաչովյան երկրների իշխանական համակարգերի հանցավոր գործելակերպը. հետխորհրդային ոչ մի երկրում այդպես էլ չստեղծվեցին ու չիրագործվեցին այնպիսի ազգային ծրագրեր, որոնք թույլ տային տնտեսական մեկ համակարգից սահուն անցում կատարել տնտեսական նոր համակարգի: Ամեն ինչ թողնվել է ինքնահոսի, բախտի քմահաճույքին, ոչ մի խելամիտ ծրագիր չի մշակվում, չի քննարկվում ու չի գործում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ու հետխորհրդային մյուս երկրներում: Մեր վարչապետի հայտարարած 500 նոր ծրագրերը՝ 3-միլիարդանոց ներդրումներով հանդերձ, դարձյալ արժանահավատ չեն, ունեն սոսկ նախընտրական ընդգծվածություն ու ծառայեցին նախանշված նպատակներին:
Հաղթահարված է հերթական ընտրարգելքը, հիմա կարելի է հինգ տարի արջի քուն մտնել, դրա համար բավարար ժամանակ կա, հետո դուրս կգան ասպարեզ ու նոր, ավելի տպավորիչ խոստումներ կտան: Բայց մարդկանց մեջ հիմա այլ տրամադրություններ են տիրում, դրանք ճամպրուկային տրամադրություններ են, պետք է փնտրել ու ելք գտնել, այսպես շարունակել չի կարելի. ի՞նչ անել, ո՞ւր գնալ: Ռուսաստանում արդեն վտանգավոր է, մետրոներ են պայթեցնում, Ամերիկա գնալը դժվար է՝ Թրամփը միգրանտների առջև սահմանափակումներ է դրել: Ի՞նչ անել: Կվկայակոչեմ գնդապետ Վասիլյանի զինվորներից մեկի հիշարժան պատմությունը:


1942 թվականին Կովկասյան ռազմաճակատում դաժան մարտեր էին ընթանում: Վասիլյանը, առանց գլխավոր հրամանատարի հրամանի, անձնական նախաձեռնությամբ որոշում է գերմանացիներից ազատագրել ծովափնյա բնակավայրերից մեկը, ինչը նրան հաջողվում է: Այդ գիշեր խորհրդային զինվորները (հիմնականում հայեր ու ռուսներ) անցկացրին տներում: Առավոտյան պարզվեց, որ գերմանացիները շրջապատել են Վասիլյանի գունդը՝ փրկվելու ոչ մի շանս չտալով: Վասիլյանը բոլորին շարքի է կանգնեցնում, կարգադրություններ անում ու դիմում հայերեն.
-Հայե՛ր, փրկվեք՝ ով ինչպես կարող է,- շրջվում է և կրակում իրեն մոտեցող գերմանական տանկի վրա՝ մնալով դրա տակ:


Երեք տարի նրա մոտ ծառայել էինք, բայց հայերեն մի բառ անգամ նրանից չէինք լսել,- պատմությունն այդպես ավարտեց հմուտ ու համարձակ հայ գնդապետի նախկին զինվորը: Հեռու եմ այն մտքից, թե մենք ենք հայտնվել նման անելանելի իրավիճակում, ու ստիպված ենք կրկնելու գնդապետ Վասիլյանի խոսքերը.
-Հայե՛ր, փրկվեք՝ ով ինչպես կարող է:
Այդ ժամանակները, սակայն, վաղ, թե ուշ, անպայման կգան, եթե մեր իշխանությունները շարունակեն այսպես... ընտրության գործիքակազմը լիարժեքորեն օգտագործել միայն սեփական դիրքերը պահելու համար ու փրկության ոչ մի հույս չթողնել շարքային քաղաքացիների ու նրանց ընտանիքների համար:
Մեր ազգային շահերից է բխում, որ Հայաստանում օր առաջ պատշաճ կարգուկանոն հաստատվի, մասսայական ներգաղթ կազմակերպվի հատկապես Ռուսաստանի հայության համար, որտեղ գործը արդեն հասել է մետրոների պայթեցմանը, ոչ ոք չգիտի, թե ինչով դրանք կավարտվեն, ինչպես դրանք «կպարզվեն» ու կմեկնաբանվեն:
Մեկ անգամ նման երևույթի հետ հայերս արդեն առնչվել ենք, երբ 1976 թվականին Մոսկվայում մետրո պայթեցվեց, որի մեղքը գցեցին Զատիկյանի ու նրա խմբի վրա: Զատիկյանի խմբին Մոսկվայում դատեցին, բոլորին գնդակահարեցին, ու հետագայում, արդեն Գորբաչովի օրոք, պարզվեց, որ Մոսկվայի մետրոյի պայթեցումը իրականացրել էին լեհ ազգայնականները, որ Զատիկյանի խումբը նրանց հետ ընդհանրապես կապ չէր ունեցել:


Հայաստանում ու Հայաստանի շուրջ ստեղծված դրությունն այնպիսին է, որ այս իրավիճակից դուրս գալու խելամիտ ելք է պետք գտնել, որքան շուտ, այնքան լավ: Մեծ անհեռատեսություն կլինի մտածել, թե առաջիկա հինգ տարում ամեն ինչ ինքնաբերաբար կկարգավորվի, ու Հայաստանի գործերը «դբա լավը» կգնան: Ներկայիս ներքաղաքական զարգացումները միայն խորացնելու են Հայաստանի տնտեսական ու քաղաքական ճգնաժամերը: Այդ բացասական պրոցեսների զարգացումը կասեցնելու համար ճիշտ կլիներ, որ մեր երկրում ստեղծվեր արտակուսակցական, արտագերատեսչական, արտախորհրդարանական մի պետական արտակարգ հանձնաժողով (հնարավոր է ՀՀ նախագահի անմիջական նախաձեռնությամբ)՝ Հայաստանի ու սփյուռքի գիտնականների ու արդյունաբերողների լայն մասնակցությամբ, որի վրա դրվեր երկրի զարգացման ազգային ծրագրի ստեղծումն ու այդ ծրագրի պրակտիկ իրագործումը՝ Հայաստանում ու սփյուռքում՝ որպես հակակշիռ ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական ծրագրերի:


Հույս ունեմ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սվիններով չի ընդունի իմ այս նախաձեռնությունն ու կհաշտվի այն մտքի հետ, որ երկրի գործերը կարգավորելու իր ճշմարտությունից բացի, գոյություն ունեն բազմաթիվ այլընտրանքային, գիտականորեն հիմնավորված ճշմարտություններ, որոնք պետք է աշխատեն Հայաստանի տնտեսական զարգացման ու հայ ժողովրդի բարգավաճման համար:
Համաշխարհային պրակտիկան ու մեր 14 վարչապետների գործունեությունը ցույց են տալիս, որ նման ճգնաժամային իրավիճակներում չի կարելի աշխատել միայն մեկ ուղղությամբ՝ շեշտը դնելով դեպքերի ու իրադարձությունների զարգացման հաջորդականության սկզբունքի կիրառման վրա:


Տնտեսական զարգացումների հիմքում պետք է դրվի տարբեր կամ նույն ծրագրերը զուգահեռաբար առաջ տանելու սկզբունքը՝ զարգացման տրամաբանությունը տանելով մրցակցային անզիջում պայքարի ճանապարհով: Այս մոտեցումը լավագույնս կիրառվել է Ճապոնիայում, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրելուց հետո այդ երկիրը հայտնվել էր կրախի առաջ, ամեն ինչ պետք էր սկսել զրոյից՝ Ամերիկայի օկուպացիայի պայմաններում: Ինչպե՞ս վարվեց Ճապոնիայի կառավարությունը, ու ինչպե՞ս հաջողվեց 15-20 տարում դառնալ ինքնաբավ երկիր, իսկ 30 տարի անց դառնալ աշխարհի տեխնոլոգիապես ամենազարգացած երկիրը, աշխարհի թիվ 2-րդ ու 3-րդ էկոնոմիկան: Շատ պարզ: Ճապոնացիները որոշեցին հույսները չդնել առանձին վարչապետների կախարդական փայտիկների, կրակոտ ճարտարախոսությունների ու խորամանկ ժպիտների վրա, մշակեցին իրենց երկրի զարգացման ազգային ծրագիրը, որը ստացավ «National» անվանումը (1992-94 թվականներին նման մի ծրագիր ստեղծելու վրա էր աշխատում հայ գիտնականների խումբը՝ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի գլխավորությամբ, որի ծրագրային դրույթներն ու առաջարկությունները կտրականապես մերժեց ԼՏՊ-ն: Հիմա, երկու տասնամյակ անց, ԼՏՊ-ին արժե հիշեցնել, որ հայ ժողովուրդը երբեք չի ընդունի «Խաղաղություն» կոչվող նրա պարտվողական ծրագիրը: Այդ են վկայում նրա ստացած ձայների չնչին տոկոսները, որոնք, առանց Ստեփան Դեմիրճյանի մասնակցության, հավանաբար, հավասար կլինեին զրոյի¤: «National» ծրագիրը իրականացնելու համար Ճապոնիայում միանգամից ստեղծվեցին մի քանի խոշոր կորպորացիաներ («Toshiba», «Mitsubishi», «Hitachi»), որոնք պարտավոր էին աշխատել զուգահեռաբար՝ արտադրելով նույն ապրանքատեսակները (կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ, հախճապակեղեն, նավեր ու այն ամենը, ինչը պետք էր ներքին ու արտաքին շուկաների համար): Հետագայում Ճապոնիայում ստեղծվեցին բազմաթիվ այլ խոշոր ընկերություններ, որոնց ընդհանուր տարեկան հասույթը անցել է 4 տրիլիոն դոլարը: Նշենք, որ մինչ այդ Ճապոնիան թույլ երկիր էր՝ հայտնի իր անորակ ապրանքներով: Տնտեսական ճգնաժամից դուրս գալու ճապոնական փորձը կարելի է օգտագործել նաև Հայաստանում՝ տարբեր մարզերում կամ տարածաշրջաններում իրականացվող «National» ծրագրերի տեսքով, տեսնենք, թե ում ծրագիրը ավելի իրատեսական կլինի, ով շուտ տեղ կհասնի ու ցույց կտա բաղձալի տնտեսական արդյունքը: Թե չէ ինչ է ստացվում. Հայաստանի կառավարությունը միայն առատ խոստումներ է տալիս, ինչ-որ բաներ է անում է, ինչ-որ բաներ չի անում ու, անհաջողության դեպքում, ամեն ինչ գցում է ներքին ու արտաքին հանգամանքների վրա: Այդ ներքին ու արտաքին հանգամանքները միշտ էլ լինելու են, դրանք պետք է ժամանակին հաշվարկել, ճիշտ ձևով գնահատել ու աշխատել այնպես, որ այդ հանգամանքները դառնան ոչ թե անհաղթահարելի խոչընդոտներ, այլ նպաստավոր պայմաններ: Իմ գիտնական ընկերների հետ ես ձեռնոց եմ նետում մեր վարչապետին ու առաջարկում եմ աշխատանքի բաժանում կատարել: Համաձայն եմ իմ գործերը ներդնելու Սպիտակի աղետի գոտում ու 2-3 տարում այն դարձնելու արդյունաբերական հզոր կենտրոն՝ բարգավաճ կյանքով ապրող տեղական ու ներգաղթած բնակչությամբ:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 4983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ