«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Քրիստոնեական հավատքի պարադոքսը

Քրիստոնեական հավատքի պարադոքսը
07.04.2017 | 14:18

Զատկական տոնախմբության օրերին հատկապես մի զգացում ենք ապրում, որը կարելի է անվանել քրիստոնեական հավատքի հիմնական պարադոքսը՝ և՛ տխրության, և՛ ուրախության միավորում ՝ «Քանզի խաչով ուրախություն է աշխարհին»: Խաչով, այսինքն, տառապանքով, տանջանքներով ու մահով: Զատկական գիշերվա ցնծալի լույսին նախորդում է Ավագ շաբաթվա խավարը, Ավագ ուրբաթի տխրությունը՝ ներշնչված խաչի վրայից Քրիստոսի աղաղակով. «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ ինձ լքեցիր» [Մտթ. 27.46]: Քրիստոսի ուսմունքը ինքնին միշտ ներթափանցված է մի տեսակ երկվությամբ՝ «Աշխարհում պիտի նեղություն կրեք, բայց մի՛ վախեցեք՝ Ես հաղթեցի աշխարհին» [Հովհ. 16.33]:


Այս պարադոքսը հատկապես կարևոր է հասկանալ մեր օրերում, երբ կրոնական գաղափարները փորձում են արմատախիլ անել մարդկանց կյանքից ու գիտակցությունից: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ քրիստոնեական հավատքի հենց այդ պարադոքսն է գլխավոր պատճառն իր հանդեպ ատելության բոլոր նրանց, ովքեր փախչում են խաչից, այսինքն` անձնուրացության, ինքնակատարելագործման նեղ ճանապարհից, մշտական ներքին պայքարից:


Բոլոր ժամանակակից գաղափարախոսությունները հանուն մարդկային կյանքի բարեկեցության և արժևորման պայքարը տեսնում են մարդու հոգուց դուրս և պայքարի ծանրության կենտրոնը դիտում քաղաքական, տնտեսական և մարդկային հասարակության արտաքին այլ գործոնների մեջ: Պարզ ասած, տվյալ տեսությունների համաձայն, մարդը միշտ ներկայանում է որպես պատմական իրադարձությունների օբյեկտ, այլ ոչ թե սուբյեկտ: Այլ խոսքով, հիմնովին մերժվում են մարդկային ներքին կյանքը և պատմական գործընթացի համար նրա որոշիչ դերը: Քրիստոնեությունը ասում է՝ ամեն ինչ կախված է քեզնից, քո ներքին որոշումից, որը միայն դու կարող ես ընդունել և իրականացնել, աշխարհի ճակատագիրը ինչ-որ իմաստով կախված է քեզնից, քո ներքին ազատությունից, մաքրությունից, գեղեցկությունից, կատարելությունից: Ամեն բան այս աշխարհում խիստ անձնական է և, այսպիսով, պատմական գործընթացի կերտողը ներկայանում է անձնավորությունը: Քրիստոսը ոչ մի խոսք չասաց իր ժամանակի սոցիալական և քաղաքական խնդիրների մասին: Նրա կոչը միշտ ուղղված էր յուրաքանչյուրին, մարդկային անձին, սակայն և հնարավոր չէ ժխտել, որ պատմականորեն քրիստոնեությունը իրականացրեց բոլոր հեղափոխություններից ամենամեծը և հիմնավորը: Որովհետև Քրիստոսի՝ մարդու անձին վերաբերող ուսմունքը փոխեց հոգեբանությունը պետության, հասարակության, նաև վերջապես ամբողջ մշակույթի:


Իսկ հակաքրիստոնեական գաղափարախոսությունը իր տեսակետից պնդում է ոչ միայն այն, որ պատմության մեջ անձից ոչինչ չի կախված, այլ վերջին հաշվով ժխտում է այդ անձը, քանզի մարդը այդ տեսության համաձայն հանդիսանում է հասարակության արտադրանք և ոչ թե հակառակը: Դրա համար էլ նրա կյանքը ամբողջությամբ կախված է հասարակության համակարգից: Քրիստոնեությունն ասում է՝ փրկի՛ր ինքդ քեզ, և հազարավոր մարդիկ քո շուրջը կփրկվեն: Հակաքրիստոնեական հայացքը ասում է՝ դու քեզ չես փրկի, եթե նախապես չփոխվեն հասարակությունը և նրա ապրելակերպը: Այնտեղ, ըստ քրիստոնեության, աշխարհի փոխակերպումը կախված է անձից: Իսկ այստեղ, ըստ մատերիալիստական հայացքների, փոփոխությունը կախված է հասարակության արտաքին այլակերպումից: Այստեղից կարելի է եզրակացնել, որ քրիստոնեությունը կոչ է անում մարդու անձնական ազատության և պատասխանատվության, իսկ մատերիալիզմը ուզում է մարդուն մինչև վերջ, անմնացորդ ենթարկել-ձուլել կուսակցության, հասարակարգի, պետության հետ և այլն:


Եվ դարձյալ, կարելի է չընկնել ավելորդությունների մեջ և նայել մեր շուրջը, որպեսզի համոզվենք, թե ինչպիսի արյունալի քաոսի, անհեթեթության, ինչպիսի սարսափի ու տառապանքի մեջ գցեցին մարդկանց այն բոլոր գաղափարները, որոնք պնդում էին արտաքինի առաջնայնությունը ներքին կյանքի նկատմամբ, ենթակայացնելով մարդուն միշտ և ամեն ինչում անդեմ հասարակության համակարգին: Շատերին թվում է, որ կրոնը, հավատքը, քրիստոնեությունը կենտրոնացնելով մարդու ուշադրությունը իր ներաշխարհի վրա, այսպիսով հեռացնում է նրան շրջակա աշխարհի մասին հոգատարությունից: Բայց այդպես չէ:
Ժամանակին Դոստոևսկին ասաց, որ չկա և չի կարող լինել սեր մարդկության հանդեպ, եթե չես հավատում հոգու անմահությանը: Առաջին հայացքից այս հաստատումը կարող է թվալ վիճելի և աբսուրդ մի բան: Ի՞նչ կապ ունի այստեղ հոգու անմահությունը: Չէ՞ որ պետք է պայքարել հանուն ազատության, արդարության և բարեկեցության: Պետք չէ՞, ընդհակառակը, մոռանալ անմահության մասին, որպեսզի սիրենք մահկանացու մարդուն այս երկրի վրա: Դոստոևսկին պնդում է՝ եթե չկա անմահության նկատմամբ հավատք, ամեն ինչ վերջանում է ստրկությամբ և ատելությամբ: Եթե լավ մտածենք, իրապես քրիստոնեության ճշմարտությունը ակնհայտ է դառնում: Որովհետև, եթե չկա մարդու մեջ այդ հավիտենական, անմահ սկիզբը, այն, ինչ բարձրացնում է նրան նյութի նկատմամբ, ապա ի՞նչ է մնում սիրել նրա մեջ: Այսպես, ուրեմն, աշխարհը ուշ թե շուտ ստիպված կլինի վերադառնալ՝ ի ցավ սրտի, մեծ տառապանքների, արյան և արցունքների ճանապարհով Ավետարանի պարզ խոսքերին. «Աստծո Արքայությունը ձեր մեջ է» [Ղուկ. 17.21]: Եվ ամեն մարդ, ով դա հասկացել է և ապրում է ավետարանի այս ճշմարտությամբ, ի վերջո աշխարհի և մարդկության համար անում է անհամեմատ ավելին, քան անկապ ծրագրեր կազմողները հանուն մարդկանց ապագա երջանկության, ինչի համար անհրաժեշտ է զրկել ազատությունից և ստրուկ դարձնել գրեթե ամբողջ մարդկությունը:


Ահա այս ամենի մասին հիշեցնում և վկայում են մեզ զատկական օրերը: Քանզի հիշեցնում են մեզ Մարդու Որդու մասին, որը մարդկային հոգում փնտրում էր միայն Աստծո Արքայության հաղթանակի ցնծությունը և ահա հազարամյակների ընթացքում լցրեց ամբողջ աշխարհը իր վարդապետությամբ: Այսօր, ամենայն հավանականությամբ, մենք այս աշխարհում արդեն հասել ենք ձևական, արտաքին կյանքի սահմանին: Դրա համար առավել քան երբևէ ավելի ուժգին են հնչում առանձին մարդկանց կոչերը՝ վերադառնալ ներքին մարդուն, հավիտենականին, անմահականին: Կարիք չկա նշել անունները բազմաթիվ նշանավոր գործիչների, գրողների, հոգևորականների, որոնք իրենց արիությամբ, ստեղծագործությամբ կանչում են մեզ այն ճշմարիտին, որը միայն կարող է մեզ դուրս բերել սուտ, անդեմ գաղափարախոսությունների փակուղուց, և այդ ճշմարիտի անունը՝ հավատքն է առ Աստված:


Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆ
Սիսիանի տարածաշրջանի Դարբաս գյուղի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1984

Մեկնաբանություններ