«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Տարվա բոլոր եղանակներին Հայաստանը կարող է դառնալ լողալու և արևահարվելու սիրահար զբոսաշրջիկների հանգրվան»

«Տարվա բոլոր եղանակներին Հայաստանը կարող է դառնալ լողալու և արևահարվելու սիրահար զբոսաշրջիկների հանգրվան»
11.04.2017 | 11:52

Այդ նպատակին հասնելու համար ամբողջ երկրով մեկ` մեծից փոքր, պետք է գիտակցենք դրա հույժ կարևորությունը, անկախ նրանից, մենք գործնականում անմիջականորե՞ն ենք առնչվում արտերկրից ժամանող զբոսաշրջիկի հետ, թե՞ ոչ:
Զբոսաշրջիկների թվի զգալի ավելացման խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն կազմակերպված, նախապես պլանավորված ուղերթերի շատացմամբ և պայմանների բարելավմամբ, այլև մասնավոր այցելություններին առնչվող բարենպաստ միջավայրի ապահովմամբ և առկա տհաճ գործոնների վերացմամբ:


Դիտարկենք դրանցից մի քանիսը:
Սպասարկման առումով օդակայանում կարծես ամեն բան նորմալ է, բայց նոր ժամանող և երկրին անծանոթ մարդուն կարող է մոտենալ օտար լեզվի կցկտուր գիտելիքներով, առանց արտահագուստի, քաղաքի և շրջակայքի իմացությամբ «ամենագետ» վարորդ, որ պատրաստ է նրան հասցնելու ցանկացած վայր՝ ակնկալելով ինչ-որ գումար՝ հաճախ արտարժույթով: Այդ գումարի չափի և Հայաստանում մատուցված նմանատիպ ծառայության անհամապատասխանության մասին զբոսաշրջիկը կարող է իմանալ ուշացումով, ինչը հաճախ վատ հետք է թողնում նրա պատկերացրած հայի կերպարի վրա: Ցավոք, այսօր Հայաստանում ամեն ոք կարող է դառնալ տաքսու վարորդ, հաճախ դրսևորելով ոչ բարեկիրթ վարքագիծ: Միգուցե արտերկրից ժամանող հյուրերին սպասարկել ցանկացող վարորդների համար կազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, և նրանց տրվի հատուկ վկայական: Այդպիսի վարորդները իրենց արտահագուստով և տարբերանշանով պետք է զանազանվեն մյուսներից:


Մասնավոր զբոսաշրջիկի համար անչափ կարևոր են ոչ միայն մատչելի հյուրանոցը կամ սենյակը, այլև մատչելի որակյալ սնունդը և հատկապես հայկականը: Որքան էլ զարմանալի է, սակայն աշխարհի շատ երկրներում հայտնի հայկական խոհանոցի հետքն անգամ չեք գտնի Երևանի (և ոչ միայն) արագ սննդի կետերում: Ինչո՞ւ է զբոսաշրջությանը նպաստող արագ սննդի ասպարեզը անուշադրության մատնված։ Գրեթե բոլոր արագ սննդի կետերում գովազդում և մատուցում են հիմնականում օտար կերակրատեսակներ՝ լահմաջո, շաուրմա, խաչապուրի, խինկալի, չեբուրեկի, պոնչիկ, պիցցա, սենդվիչ, հոթ-դոգ, բուրգերներ և տարատեսակ արաբական, պարսկական, թուրքական նորամուծություններ: Սրանք իրենց որակական հատկանիշներով հիմնականում չեն համապատասխանում չափորոշիչներին և թողնված են վաճառողների խղճի վրա:


Զբոսաշրջիկի մեջ այցելած երկիրը կամ քաղաքը տպավորվում է նաև փողոցներում վաճառվող արագ սննդի տեսականիով: Բեռլինում դա կարող է լինել տապակած հավի ճտով կամ նրբերշիկով բրդուճը, Փարիզում՝ բոված շագանակը և այլն: Ասում են` իսկական պիցցան պետք է համտեսել Իտալիայում, իսկ խինկալին՝ Թիֆլիսում: Սակայն, օրինակ վերցնելու համար կարելի է և չհեռանալ Հայաստանից. Արցախում հյուրերը շատ տպավորվում են, մասնավորաբար, ժինգյալով հացից: Կարծում եմ` խոհարարական մշակույթի հարուստ ավանդույթներ ունեցող մեր ազգի համար, հատկապես անկախ պետականության պայմաններում, մեծ պահանջարկ ունեցող արագ սննդի վաճառակետերում առաջացած բարձիթողի վիճակը բոլորիս անտարբերության, անհեռատեսության, օտարամոլության և, թող ներվի ասել, պատվախնդրության բացակայության պատճառով է:
Մենք շատ հաճախ տեղին և անտեղի հպարտանում ենք հայկական լավաշով՝ համարելով այն քաղաքակրթական հայտնագործություն և ազգային արժեք, որի նպատակային օգտագործումը կարող է հեղափոխիչ ազդեցություն ունենալ արագ սննդի կետերում: Օրինակ, մի՞թե դժվար է կազմակերպել լավաշով փաթաթված տարբեր լցոններով տոլմաների, տարբեր հավելումներով ձվածեղների, պանրի տեսականիների կամ պարզապես կարագ ու ջեմի վաճառքը, իսկ պլաստիկե սպասքով մատուցվեն հարիսա, քեշկեք, թանապուր, կաթնով և այլն: Տոլմայի փառատոնը շատ ազգային և հաճելի միջոցառում է, սակայն այն չպետք է ավարտվի տարվա մեջ մի քանի օրվա շրջանակում: Այդ տոնը կարող ենք պահպանել ամեն օր մեր փողոցներում և մարդաշատ վայրերում:


Վերջին տարիներին Երևանի միջին կարգի սննդի օբյեկտների ցանկում առաջին տեղում են հայտնվել «Գենացվալե»-ների, վրացական և կովկասյան խոհանոց կոչվող մի մեծ ցանց, ուր անգամ աշխատանքի են հրավիրված վրացի խոհարարներ: Եթե Վրաստանում փառաբանում են իրենց ազգային խոհանոցը և օտարներին հյուրասիրում են վրացական ճաշատեսակներ, իսկ այցելուները գոհունակությամբ հեռանում են կրկին Վրաստան գալու ակնկալիքով, շատ լավ է, ապրեն իրենք: Բայց դա ինչո՞ւ են կրկնօրինակում Հայաստանում, երևի այդպես ավելի հե՞շտ է, թե՞ հայ խոհարարները թերագնահատում են մեր խոհանոցը, այդպիսով կողմնորոշելով հյուրերին հաջորդ անգամ գնալու Վրաստան: Այդպիսի օբյեկտների ցանցը, կարծում եմ, չի նպաստում Հայաստանում զբոսաշրջության աճին: Ավելին, այդ օբյեկտներում աշխատողները հիմնականում անտեղյակ են, որ հայերը կովկասյան ժողովուրդ չեն, հետևաբար կովկասյան խոհանոցը, ինչպես ներկայացվում է մեզ մոտ, ամենևին էլ հայկական չէ:


Այս խնդիրների մասնագիտական վերլուծմանը, կարծում եմ, կարող են իրենց նպաստը բերել մեր բոլոր արհեստավարժ, հայրենասեր խոհարարները, մասնավորաբար «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն:
Տարիներ շարունակ խոսվում է Երևանում և ողջ հանրապետությունում զուգարանների անմխիթար և անպատվաբեր վիճակի մասին, ինչը լուրջ խոչընդոտ է զբոսաշրջության զարգացման համար, սակայն բարելավման տեմպերը գոհացուցիչ չեն: Երևանի շատ գետնանցումներ կոյուղատար են հիշեցնում, իսկ անգամ բանուկ մայրուղիների վրա չկան նորմալ գործող զուգարաններ: Այդպես էլ ճանապարհային բենզա-գազալցակայաններին կից զուգարանները չդարձան զբոսաշրջիկների համար նախընտրելի կանգառ: Կառավարության հանձնարարականը այդ հարցով, ցավոք, իրականություն չդարձավ: Զանգվածային այցելության կամ ժամանակավոր կանգառի բոլոր վայրերում, լինեն դրանք ճարտարապետական կամ բնության հուշարձանների տարածք, թե պարզապես բնությամբ սքանչանալու որևէ դիտահրապարակ, պետք է խրախուսվի տարբեր վաճառակետերի ու անպայման նրանց կից հարմարավետ զուգարանների առկայությունը, ազատելով նրանց որոշակի հարկերից: Այդպես է քաղաքակիրթ բոլոր երկրներում և այդպես պետք է լինի մեր երկրում: Կարծում եմ` նման ճանապարհով կարող ենք լուծել նաև մաքրության խնդիրը, օրինակ, Չարենցավանի ճանապարհին` խոշտանգված հուշարձանի տարածքում, Գառնու ճանապարհին` Չարենցի կամարի մոտ, Զանգակատուն գյուղ չհասած՝ աղբյուրի մոտ, Ազատ գետի ձորում և այլուր:


Ճանապարհային երթևեկության նշանները և տեղանունների ցուցանակները, եթե Երևանում լրացման կարիք ունեն, ապա քաղաքից դուրս դրանք հազվադեպ են պատահում, իսկ հեռավոր շրջաններում դրանց առկայությունը կարող է զարմացնել և անգամ ուրախություն պարգևել: Տեղանքի կողմնորոշման հարցում այժմ կարելի է օգտվել նաև համացանցից, որն ավելի է ընդգծում մեր անփութությունը և անհարգալից վերաբերմունքը հյուրերի հանդեպ:
Օտար զբոսաշրջիկը Հայաստանում ամենուրեք հայկական շունչը պետք է զգա, լինի հյուրանոցում, փողոցում, տրանսպորտում, սրճարանում կամ որևէ հասարակական վայրում: Ցավոք, միշտ չէ, որ այդպես է: Մասնավորաբար, ամենուրեք գովազդվող հայկական գորգերը մեր հյուրանոցներում գրեթե չեն երևում: Առաջին անգամ Հայաստան եկողը որտե՞ղ պետք է զգա հայկական գորգի գրավչությունը, եթե ոչ հյուրանոցում:
Զբոսաշրջիկները գրեթե չեն օգտվում քաղաքային տրանսպորտից, և դա ինչ-որ առումով առայժմ լավ է, որովհետև այն տհաճ է անգամ մեզ համար, իսկ միջքաղաքային ավտոբուսները չունեն կայուն չվացուցակ: Հայաստանյան տրանսպորտում ուղևորները կարծես ժամանակավոր գերի լինեն վարորդին: Մեքենան վարում են իրենց քմահաճույքով, չեն պահպանում չվերթերի ժամանակացույցը, որպես կանոն սափրված չեն, ղեկին նստած ծխում են, քանի որ «շատ նյարդային գործ են անում» և ստիպում են բոլորին լսելու, իրեն հավանաբար առույգ պահող, իսկ ուղևորներին տհաճություն պատճառող, անորակ երաժշտություն: Այս մասին շատ է ասվել, սակայն տրանսպորտային միջոցների կառավարման մարմինները լուրջ մոտեցում, ցավոք, այդպես էլ հանդես չեն բերում:


Քանի որ արտերկրից ժամանող զբոսաշրջիկների զգալի մասը սփյուռքահայ է, դա մեզ ավելի է պարտավորեցնում բծախնդրորեն պահպանելու անաղարտ հայերենը ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքում և ոչ միայն անմիջականորեն նրանց հետ հաղորդակցվելիս: Հաճախ հեռուստատեսությամբ և հասարակական վայրերում հայերեն խոսքում հնչում են բառեր, որոնք, ոմանց կարծիքով, «միջազգային» են և պետք է հասկանալի լինեն բոլորին, իսկ իրականում դա ամենևին էլ այդպես չէ, մանավանդ երբ կան այդ բառերի իմաստալից հայերեն համարժեքները: Էլ չենք ասում, երբ առօրյա խոսակցության մեջ օգտագործում ենք ռուսերեն, անգամ թուրքերեն բազում բառեր ու ժարգոնային արտահայտություններ: Գովազդային վահանակների վրա ամենուրեք կարելի է տեսնել տարրական անգրագիտություն, հայատառ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն բառեր, որոնք անպատվաբեր են մեզ համար՝ հայոց պետականության առկայության պայմաններում: Այս ամենը հայ զբոսաշրջիկի համար երբեմն զարմանալի է, երբեմն` ծիծաղելի, իսկ ավելի հաճախ` տխրեցնող ու վանող: Այսպես չի կարելի թողնել: Բոլորս, սկսած կրպակի սեփականատիրոջից մինչև լեզվի տեսչության պետ, պետք է մտածենք այս խնդիրների շուրջ, որոնց նկատմամբ աններելիորեն անտարբեր ենք եղել տարիներ շարունակ:


Զբոսաշրջային ինդուստրիան երկրի մի շարք բնագավառների արտադրության աճի խթանման, մարդկային ռեսուրսների տարաբնույթ օգտագործման մի կազմակերպված համակարգ է, որը էկոլոգիապես ամենամաքուր, ամենաեկամտաբեր, երկրի ճանաչելիությունը ապահովող ամենապատվաբեր ոլորտներից մեկն է: Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները բավարարելու ցանկացած զբոսաշրջիկի նախընտրելի ժամանցի ձևերը, սակայն, ցավոք, այսօր դա բավարար կերպով իրականացնել հնարավոր չէ:
Դեռևս 60 տարի առաջ ԽՍՀՄ-ում ստեղծված «Ինտուրիստ» կազմակերպության` Հայաստանում արտերկրի զբոսաշրջիկներին մատուցած ծառայությունների բնույթը գրեթե չի փոխվել: Կարծես անկախության 25 տարիներն անհետևանք են եղել. հիմնականում նույն երթուղիներն են, նույն քարոզը, նույն մեթոդաբանությունը: Անբավարար առաջընթացի պատճառաբանության համար միշտ լսում ենք նույն անպտուղ հիմնավորումները, ինչպիսիք են` մենք ծով չունենք, ձմեռը անբարենպաստ է, Սևանը միայն երկու ամիս է հրապուրիչ և այլն:
Այսօր ժամանակն է դրսևորելու նոր մտածելակերպ, նոր գործելաոճ, քանի որ զբոսաշրջության ինդուստրիայի զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ անհատ ձեռներեցները հաստատ կնպաստեն դրան՝ ելնելով իրենց իսկ շահերից:
Կարծում եմ` նախ և առաջ ՀՀ կառավարության հանձնարարականով, մեր բոլոր քաղաքները և նշանակալի գյուղերը պետք է ունենան իրենց ինքնատիպ խորհրդանշանները (գերբը)՝ ոչ մի կերպ չկրկնելով միմյանց և սահմանի մյուս կողմում գտնվող հայտնի պատմական հայկական բնակավայրերինը: Դրանք պետք է տեսանելի լինեն ամենուրեք՝ սկսած բնակավայրի մուտքը ազդարարող վահանակից վերջացրած հուշանվերային տարբերակներով բոլոր վաճառակետերում:


Հայաստանի բոլոր բնակավայրերի, հոգևոր ու կրթամշակութային կենտրոնների կառավարիչները զբոսաշրջության պետական կոմիտե պետք է ներկայացնեն տարեկան ժամանակացույց՝ տվյալ վայրում անցկացվող բոլոր միջոցառումների մասին (մշակութային, ծիսական, հոգևոր, ազգագրական, մարզական ու կրթական բնույթի և այլն): Կոմիտեն, տարբեր վայրերի առավել շատ մարդկային ընդգրկվածությամբ միջոցառումները, հնարավորության սահմանում, ցանկալի է, որ վերաբաշխի ժամանակային առումով և տա համապատասխան հանձնարարականներ ինչպես միջոցառումների կազմակերպիչներին, այնպես էլ զբոսաշրջային կազմակերպություններին: Կոմիտեն իր համացանցային կայքի միջոցով պետք է ապահովի հստակ տեղեկատվություն՝ Հայաստանում տարվա ընթացքում իրականացվող, զբոսաշրջիկներին հետաքրքիր բոլոր միջոցառումների մասին:
Առաջիկա տարիներին զբոսաշրջային ուղերթերին հարակից և ազգագրական արժեք ներկայացնող տարաբնույթ արհեստանոցներ, արվեստանոցներ, ինչպես նաև գինու կամ այլ ըմպելիքների, լավաշի, հայկական քաղցրավենիքների արտադրամասեր ու խոհանոցներ, որոնք կարող են գրավիչ կերպով իրականացնել հյուրերին հետաքրքրող բացատրություններ իրենց գործի բնույթի, ինչպես նաև արտադրանքի վերաբերյալ՝ ստանալով համապատասխան հոնորար կամ վաճառքի հնարավորություն, պետք է ընդգրկվեն զբոսաշրջային ծրագրերում: Շատ վայրերում, եթե դրանք չկան, կարող են ստեղծվել հիմա՝ հենց այդ նպատակին ծառայելու առումով՝ նախապես համաձայնեցնելով զբոսաշրջային գործակալությունների հետ:
Եթե զբոսաշրջությանը մոտենանք բիզնեսի կանոններով, ապա գործի ընդլայնման համար կարևոր է հաշվի առնել պահանջարկը՝ այսպես ասած «հարավ այցելող» զբոսաշրջիկների առաջնային ցանկությունները: Դա լողալու, արևահարվելու և զվարճանքի վայրերի միատեղված ապահովումն է: Եթե դրանց ավելացվի նաև առողջարարական բնույթի (ֆիզիոթերապևտիկ, ատամնաբուժական և այլն) ծառայությունների մատուցումը, ապա նման զբոսաշրջիկների ցանկությունների ոլորտը կամբողջանա: Սակայն այսօր նմանատիպ ցանկություններով մարդիկ, որոնք հիմնականում երիտասարդ և միջին տարիքի են, պարզապես չեն այցելում Հայաստան: Մեզանում տարածված է այն կարծիքը, որ մենք ծով չունենալու պատճառով չենք կարող նմանատիպ զբոսաշրջիկների ընդունել: Սակայն միջերկրածովյան հանգրվաններում դիտարկումները ցույց են տալիս, որ Եվրոպայից և ընդհանրապես զարգացած Արևմուտքից այցելող հանգստացողների զգալի մասը նախընտրում է քլորացված և ավելի հարմարավետ լողավազանները, քան ծովը: Ինչպես ասում են, կարևորը արևն ու լողալու հնարավորությունն են: Հետևաբար ժամանակն է, որ Հայաստանում ձեռնամուխ լինենք ստեղծելու համալիր հանգրվաններ` զբոսաշրջիկների «հարավային հոսքի» պահանջներից ելնելով:


Տարվա բոլոր եղանակներին Հայաստանը կարող է դառնալ լողալու և արևահարվելու սիրահար զբոսաշրջիկների հանգրվան: Դրա իրականացման համար չպետք է ապավինել սոսկ բնության ընձեռած բարենպաստ եղանակային պայմաններին: Դիտարկենք, օրինակ, Սևանա լճի ափամերձ գոտին: Չնայած, ըստ վիճակագրության տվյալների, տարվա ընթացքում այստեղ զգալիորեն շատ են արևային օրերը, ջուրը հրապուրում է երկու ամսից ոչ ավելի: Սևանի ափամերձ տարածքներում, բնական լողափերին կից պետք է կառուցվի, օրինակ, ապակեծածկ բուրգերի մի շարան՝ փակ լողավազաններ, որոնք կլցվեն Սևանի ջրով: Բուրգերի ներսում արևային մարտկոցների միջոցով ամբողջ տարվա ընթացքում կապահովվեն համապատասխան ջերմային պայմաններ և արևահարվելու հնարավորություն: Ապակեծածկ բուրգ-լողավազաններն ունեն մի շարք առավելություններ սովորական լողավազանների համեմատ: Նախ, լինելով թափանցիկ, դրանք հնարավորություն են տալիս ներսում գտնվողին վայելելու Սևանի բնության հրաշքը: Բնության մեջ գտնվելու զգացողությունը հաղորդում է դրական էներգիա, մանավանդ երբ լողում ես Սևանի ջրում` նայելով դիմացի ձյունաճերմակ սարերին: Ապակե բուրգ-լողավազանները ոչ միայն Սևանի նոր այցեքարտը՝ բրենդը կդառնան, այլև մագնիսի պես Հայաստան կբերեն լողալու սիրահարներին տարվա բոլոր եղանակներին: Ինչպես պնդում են բուրգերի առեղծվածային հատկություններն ուսումնասիրող գիտնականները, նոր բուրգերը նույնպես ներսում գտնվող մարդկանց կփոխանցեն տիեզերական ներուժը:


Առաջիկա տարիներին, երբ իրականություն կդառնա Եղվարդի, Խոսրովի արգելոցի ջրամբարների կառուցումը, Մարմարիկի և բոլոր մյուս հայտնի ու անհայտ ջրամբարների ափերին ցանկալի է, որ կառուցվեն ապակեպատ յուրօրինակ լողավազաններ՝ զբոսաշրջային բոլոր ենթակառուցվածքներով:
Հայաստանի բնության գողտրիկ անկյուններում, լճերի առափնյա պատմական հուշարձանների մերձակայքում, ինքնատիպ լուծումներով և լողավազանային տեխնիկական նորագույն հնարավորություններով և հարակից սպասարկումներով հանգրվանները կարճ ժամանակամիջոցում կդառնան արտերկրից երիտասարդ, միջին սերնդի, ինչպես նաև ընտանեկան զբոսաշրջության փնտրված կենտրոններ: Միայն լողալու նպատակով Հայաստանից դուրս գնացող զբոսաշրջիկների զգալի մասը, մրցունակ պայմանների ապահովման դեպքում, չի հեռանա երկրից:


Մեր փոքրիկ հողակտորի վրա կարճ ժամանակամիջոցում կարելի է անցնել բնակլիմայական գրեթե բոլոր գոտիներով, բացառությամբ արևադարձային անտառների: Դա տպավորիչ է հատկապես գարնանն ու աշնանը, օրինակ, Արարատյան դաշտից դեպի Արագած բարձրանալիս, ինչը մենք չենք կարողանում հարկ եղած ձևով ներկայացնել: Եթե Ամբերդում և Քարի լճի մոտ կառուցվեն զբոսաշրջիկների կարճաժամկետ (մեկից մինչև երկու ժամվա) ընդունման և հյուրասիրման հանգրվաններ, ու ճանապարհն էլ դառնա առաջնակարգ, ապա դեպի Արագած բարձրացող երթուղին կդառնա ամենափնտրվածներից մեկը: Ընդհանրապես Հայաստանի, այդ թվում` Արցախի գեղատեսիլ և տեսարժան բոլոր վայրերում հնարավորինս շատ պետք է լինեն զբոսաշրջային կարճաժամկետ հանգրվաններ՝ հեռավոր ուղերթերն ավելի գրավիչ և հաճելի դարձնելու համար:


Ցանկալի է, որ յուրաքանչյուր բնակավայր (քաղաք, թե գյուղ) առանձնանա իր որոշակի արտադրական, արհեստագործական, գյուղատնտեսական, մշակութային ուղղվածությամբ, և այդ ամենը հետաքրքիր ձևով, տեսանելի վայրերում ներկայացվի քաղաք այցելող կամ պարզապես այդտեղով անցնող զբոսաշրջիկին: Ամեն բնակավայր պետք է հպարտանա իր սիրելի, առանձնահատուկ արտադրատեսակով և ուտեստով: Բոլոր գյուղերն ու քաղաքները պետք է մրցակցեն միմյանց հետ իրենց ինքնատիպությամբ՝ չկրկնելով մյուսների յուրահատկությունները: Դա կարող է տեսանելի դառնալ, օրինակ, բնակավայրի «կահավորմամբ»` ճարտարապետական փոքր կառույցների, ծաղկահարդարման, բակերի ձևավորման ինքնատիպությամբ և այլն, և այլն: Այդ ամենի համար պետք է պատվախնդիր լինեն նախ համայնքապետերը, ճարտարապետներն ու մարզպետները և, իհարկե, իր բնակավայրը սիրող, իր բարեկեցությամբ շահագրգիռ յուրաքանչյուր անձ:
Հայաստանը, որպես քաղաքակրթության օրրանում գտնվող երկիր, բոլոր ժամանակներում ունեցել է բաղնիքներ: Քոչվոր, եկվոր ցեղերը, յուրացնելով հայկական, հունական, բյուզանդական կենցաղի թերևս ամենակարևոր՝ լոգանքի մշակույթը, այսօր ամբողջ աշխարհին ներկայացնում են «թուրքական բաղնիքը», որպես իրենց մշակութային ձեռքբերում՝ զբոսաշրջիկներին հրապուրելով նրա ընձեռած առողջարարական տարաբնույթ ծառայություններով: Կարծում եմ` պետք է վերականգնել Հայաստանի բաղնիքների ցանցը՝ դրանցում ներառելով նաև հյուսիսային երկրներին բնորոշ շոգեբաղնիքը: Այդպիսով կունենանք նոր որակի, ժամանակակից հայկական բաղնիքներ, որոնց առկայությունը գրավիչ կդառնա նաև զբոսաշրջային հանգրվաններում:


Հայաստանը, պատմաճարտարապետական ընդհանրական բնույթի ճամփորդական ուղերթերից զատ, հնարավորություն ունի աշխարհին ներկայանալու նոր, բազմաբնույթ առաջարկություններով, այդ թվում` փոխներգործուն (ինտերակտիվ) մեթոդների կիրառմամբ՝ բոլոր տարիքային խմբերի մարդկանց համար: Առաջարկվող զբոսաշրջային փաթեթները մասնավորաբար կարող են լինել նպատակային, օրինակ` «Հայաստանի լեռներում» (քայլարշավներ, լեռնամագլցում), «Հոգևոր Հայաստան», «Երաժշտական Հայաստան», «Թատերական Հայաստան», «Ձկնորսություն Հայաստանում», «Որսորդություն Հայաստանում», «Հայաստանի բուսական աշխարհը», «Հանգիստ Սևանի ափին», «Հայաստանի ջրվեժներն ու լճերը», «Նկարչական Հայաստան», «Ծիսական Հայաստան», «Ձմեռային Հայաստան», «Հայաստանի վանքերն ու ամրոցները», «Առողջարանային Հայաստան», «Հայկական ընտանիքներում», «Հայաստան և Արցախ», «Արցախի վանքերն ու ամրոցները» և այլն: Նշված փաթեթների անունները ինքնին հուշում են զբոսաշրջիկների նախասիրությունների շրջանակը, և մեզ մնում է միայն խելամիտ կերպով դրանք կազմակերպել: Հոդվածի շրջանակից դուրս է ներկայացնել վերոհիշյալ փաթեթների բազում երթուղիները, դրանց առանձնահատկությունները և արդյունավետ կազմակերպման եղանակները:


Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները, զբոսաշրջային ինդուստրիայի նորովի, նպատակասլաց, սրտացավ կազմակերպման դեպքում, ընդունելու երկրի բնակչությանը հավասար և ավելի զբոսաշրջիկների:


Նորայր ԽՐԻՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3829

Մեկնաբանություններ