Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ամենավառ քարտը, որով ներկայանում ես, երաժշտությունն է»

«Ամենավառ քարտը, որով ներկայանում ես, երաժշտությունն է»
13.04.2017 | 17:15

Կոմպոզիտոր ՎԱՉԵ ՇԱՐԱՖՅԱՆԸ կարևորում է ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերի կատարումը, հանրայնացումը։ «Ցանկացած երկիր ունի իր մշակույթը, իր կոմպոզիտորներին, և կարևոր է, որ նրանց ստեղծագործությունները հնչեն, ստանան իրենց գնահատականը, տեղ գտնեն երաժշտական կյանքում»,- մեզ հետ զրույցում ասում է պարոն Շարաֆյանը։

Խոսելով ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի մասին՝ նա նկատում է, որ եթե երաժշտությունն ունի այն ուժը, որ պետք է հնչի, ուրեմն կգտնի իր կատարողին և ունկնդրին։
Այս առումով Շարաֆյանը կարևորեց այն աշխատանքը, որ կատարվում է հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում. «Ամեն մի երկիր պետք է պրոպագանդի իր մշակույթը, տեր կանգնի իր արվեստին, քանի որ դրանով ես ներկայանում աշխարհին։ Եվ ամենավառ քարտը, որով պետք է ներկայանաս, ըստ իս, երաժշտությունն է»։
Նշենք, որ հայազգի խոշորագույն կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը միջազգային ասպարեզում հայտնի է իր ավելի քան ութսուն ստեղծագործություններով, այդ թվում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, վոկալ-անսամբլային, ինչպես նաև «Աբգար Արքա» օպերան, «Երկրորդ լուսինը» բալետը, ֆիլմերի, թատերական ներկայացումների համար գրված երաժշտությունը։ Նրա հեղինակած երաժշտությունը հնչել է ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ամենահեղինակավոր դահլիճներում։ 2001 թվականից աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի կողմից ընտրվել է «The Silk Road Project»-ի պաշտոնական կոմպոզիտոր: 2002 թվականից համագործակցում է BMI երաժշտական միջազգային ընկերության հետ: Ձայնասկավառակները թողարկել են Շվեդիայի, ԱՄՆ-ի հեղինակավոր ստուդիաները:


Ի դեպ, Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում այս տարի առաջին անգամ կայացել է համագործակցություն Վաչե Շարաֆյանի հետ. հնչել են հատվածներ կոմպոզիտորի «Երկրորդ լուսինը» բալետից։
Նկատենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նաև ինքնատիպ մի հարթակ է ավագ և երիտասարդ սերունդների կոմպոզիտորների շփման համար։ Պարոն Շարաֆյանը նկատում է, որ այդ կապը մշտապես առկա է։ Նա եղել է Էդվարդ Միրզոյանի, Ավետ Տերտերյանի, Էդվարդ Բաղդասարյանը աշակերտը։ Այդ շփումն անփոխարինելի բան է, ինչը դառնում է քո մի մասը, և փորձում ես լինել ավանդույթների շարունակողը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ