«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Բարեփոխումների գործընթացում ընդգրկված է մեկը, որը լավ չի պատկերացնում առողջապահության համակարգը»

«Բարեփոխումների գործընթացում ընդգրկված է մեկը, որը լավ չի պատկերացնում առողջապահության համակարգը»
14.04.2017 | 09:56

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի վերջին ասուլիսը զայրացրել է ոչ միայն բժշկական կենտրոնների ղեկավարներին, այլև բուժաշխատողներին: Նախարարը հայտարարել էր. «Կենտրոնները, որոնք գերակատարել են պետպատվերը, եզակի չեն: Պարզապես կան կենտրոններ, որոնք կարգապահությանը հետևում են, և կան կենտրոններ, որոնք այսպես են մտածում՝ մենք կնկարենք, փող կտան՝ լավ, իսկ եթե չտան՝ աղմուկ կբարձրացնենք, և այդ ժամանակ կտան»: Այլ կերպ ասած, նախարարը բուժաշխատողների մեծ բանակին մեղադրել է թվանկարչության մեջ: Բնական է, որ այս մոտեցումը չէր կարող անարձագանք մնալ: Այս և խնդրին առնչվող այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Ալֆա-Բետա» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր ՊԵՏՐՈՍ ԱՆԱՆԻԿՅԱՆԻ հետ:

-Մարդը, որ զբաղեցնում է պետական բարձր պաշտոն, համակարգելով ամբողջ առողջապահությունը, իրավունք չունի մերկապարանոց հայտարարություններ անելու և բժշկական հիմնարկներին մեղադրելու թվեր նկարելու մեջ: Գուցե պարոն նախարարը նկարչությունից խոսելով, խոսում է իր անձնական փորձի՞ց, գուցե նա այդպե՞ս է վարվել «Վարդանանց» բժշկական կենտրոնում: Մեր բժշկական կենտրոնը պատրաստ է հաշվետու լինելու և ապացուցելու պետպատվերով սպասարկված բոլոր դեպքերը: Ի դեպ, պետպատվերի գերակատարումը բուժհիմնարկների կողմից գլխավորապես առաջացել է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բուժհետազոտություններից և բուժումից: Այս ֆոնին այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ առողջապահության նախարարը չի պատկերացնում, թե ինչպես և ինչ հիմքերի վրա է իրականացվում պետպատվերը: Նշեմ, որ այն իրականացվում է միայն հաշվառված պետական վաուչերի (պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով սպասարկում) և լիազորված բժշկական հաստատությունների ուղեգրերի հիման վրա: Այսինքն, սա նշանակում է, որ պետպատվերի սպասարկման թվեր նկարելը անհնար է: Ցավոք, առաջին դեպքը չէ, որ առողջապահության գործող նախարարն իրեն թույլ է տալիս էթիկայից դուրս արտահայտություններ: Ներկա իրավիճակում միայն կարելի է ափսոսանք հայտնել, որ վարչապետի և նրա կաբինետի կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացում ընդգրկված է մեկը, որը լավ չի պատկերացնում առողջապահության համակարգը և դրանով իսկ ավելի շատ խնդիրներ է ստեղծում, օրինակ՝ պոլիկլինիկական ծառայությունները վճարովի դարձնելը:
-Վերջերս առողջապահության նախարարության կայքէջում տեղադրված է այն կլինիկաների ցանկը, որոնք 2017-ին աշխատելու են պետպատվերով: Մի շարք բժշկական կենտրոնների ղեկավարներ զարմացած են, որ այդ ցանկը ինչպես հայտնվեց էջում, այնպես էլ անհետացավ: Ըստ Ձեզ, ինչո՞վ է սա պայմանավորված: Եվ եթե խոսեցիք «Վարդանանց» կենտրոնից, ապա հետաքրքիր է իմանալ՝ պետպատվեր այս տարի հատկացվելո՞ւ է:
-Այո, իսկապես այդպիսի խնդիր կա. նախարարության կայքէջից երեք օր հետո այդ տեղեկատվությունը վերացավ: Ինչ վերաբերում է «Վարդանանց» կենտրոնին, ապա, այո, այն ընդգրկված է պետպատվերի տրամադրման ցանկում, և, կարծեմ, գումարը 136 մլն դրամ է: Ի դեպ, ցանկում ընդգրկված է նաև «Նորմեդ» բժշկական կենտրոնը: Ըստ ներկայացվածի, «Նորմեդը» պետպատվերի ծառայությունը զինակոչիկների համար իրականացնելու է ավելի ցածր գներով՝: Կուզենայի հավատալ, որ այդ որոշումը նշված հիմնավորմամբ է ընդունված և ոչ թե նրանով, որ «Նորմեդի» սեփականատիրոջ ազգանունը Ալթունյան է:
-Պարոն Անանիկյան, բայց և այնպես, նախարարը պետպատվերի մասին խոսելիս օրինակ բերեց Մեծ Բրիտանիայի փորձը, հիշեցնելով, որ տեղի բնակիչները ստիպված են ամիսներով հերթագրվել անվճար բուժում ստանալու համար: Հայաստանում նման բան չկա: Չե՞ք կարծում, որ սա անհերքելի փաստ է:
-Ոչ, չեմ կարծում: Մեծ Բրիտանիայի առողջապահությունը գործում է ազգային առողջապահության ծառայության ծրագրի հիման վրա, ըստ որի, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բուժօգնությունը անվճար է բոլոր բնակիչների համար: Այդ երկրում գործում է բժշկական օգնության երկու մոտեցում. առաջին՝ 24 ժամվա ընթացքում պետք է ցուցաբերվի բուժօգնություն, եթե խոսքը առաջին բուժօգնության մասին է: Երկրորդ՝ այն հիվանդներին, որոնց պետք է նեղմասնագիտական օգնություն, հերթագրում են, որի ժամկետը 18 շաբաթից չպետք է անցնի: Հիմա, երբ խոսում ենք Մեծ Բրիտանիայի օրինակից, պետք է նաև համեմատության մեջ այն դիտարկել: Հայաստանում պետպատվերով սպասարկվող հիվանդների թիվը 600 հազար է: Ի դեպ, այս թիվը պաշտոնապես ներկայացրել է նախարարը: Մեծ Բրիտանիայում բնակիչների թիվը 64 մլն 716 հազար է, որոնք իրավունք ունեն օգտվելու պետպատվերից: Սրանք 2016-ի ցուցանիշներն են: Իհարկե, եթե Մեծ Բրիտանիայում հիվանդը չի ուզում հերթագրվել, կարող է ստանալ վճարովի բուժօգնություն մասնավոր կլինիկաներում, որոնք աշխարհում համարվում են ամենաթանկը: Հիմա եկեք համեմատենք Հայաստանի կլինիկաների ծառայության գները Մեծ Բրիտանիայի կլինիկաների հետ: Մեծ Բրիտանիայի մասնավոր կլինիկաներում, օրինակ, MRT-ի գինը դրամային փոխարժեքով 160-180 հազար դրամ է, Հայաստանի կլինիկաներում՝ 75 հազար դրամ: Հիմա համեմատեք Հայաստանի և Մեծ Բրիտանիայի բնակիչների աշխատավարձերի չափը, թեև, կարծում եմ, սա այն դեպքն է, որ ավելի լավ է չհամեմատենք:


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ